23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած. Սաղմոս Դավթի, երբ հիվանդացավ Եզեկիան և ոտքի կանգնեց հիվանդությունից, կատարվեց այս սաղմոսի մարգարեությունը: Նաև բանական միտքը գրքերում թագավոր է կոչվում:
1. Տէր ի զօրութեան քում ուրա՛խ եղիցի թագաւորն. ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:
Տե՛ր, զորությամբ քո պիտի ուրախանա թագավորը, և հույժ ցնծա քո փրկությամբ:
Եզեկիան հույժ ուրախացավ, և [մարդու] միտքն էլ ցնծում է, երբ նմանվում է Աստծուն:
2. Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա. և զկամս շրթանց նորա ոչ արգելեր ի նմանէ:
Նրա սրտի ուզածը տվեցիր նրան և նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր:
Ասում է, թե որդի խնդրեց և տրվեց Մանասեին:
3. Ժաման արարեր զնա յօրհնութիւն քաղցրութեան քոց. և եդիր ի գլուխ նորա պսակ ի քարէ պատուականէ:
Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան և թանկագին քարերով ընդելուզված պսակ դրիր նրա գլխին:
Հասցրեցիր, արժանացրեցիր այսպիսի օրհնությունների, քանզի Որդու՝ քաղցր պտղի միջոցով և թագավորության թանկագին քարերով պսակեցիր նրան:
4. Կեանս խնդրեաց ի քէն. և ետուր նմա ընդ երկայն աւուրս՝ յաւիտեանս յաւիտենից:
Կյանք խնդրեց քեզնից, և նրան տվիր երկար օրեր՝ հավիտյանս հավիտենից:
Տասնհինգ տարի տվեց Եզեկիային և միտք, որն անմահ է: Եվ նախաստեղծներն իրենց մտքի պատճառով անգիտաբար աստվածանալ ցանկանալով, չուրախացան, սակայն այդ ժամանակ Աստված ելավ, ինքը մարդացավ՝ աստվածացնելու համար մեր բնությունը: Երկար օրեր. մտքին է տրված Աստծո հետ միավորվել, այլ ոչ թե Եզեկիային:
5. Մեծ են փառք նորա ի փրկութեան քում զփառս և զմեծ վայելչութիւն դիցես ի վերայ նորա:
Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկությամբ, փառք ու պարծանք կդնես նրա վրա:
Կյանքի համար՝ փառք ու պատիվ, քանզի մարդ դարձավ Արեգակը և Բաբելոնից նրա համար ընծաներ բերեցին: Եվ Քրիստոսով է մեր փառքը:
6. Տացես զնա յօրհնութիւն յաւիտեանս յաւիտենից. և ուրա՛խ արասցես զնա յուրախութիւն երեսաց քոց:
Օրհնության մեջ կհաստատես նրան հավիտյանս հավիտենից, կուրախացնես նրան քո երեսի խնդությամբ:
Եզեկիայի պես ասենք. թող օրհնի քեզ Աստված: Եվ Հայրն էլ հավիտենական օրհնություն տվեց իր Որդուն և նրա անդամներին: Երբ եկեղեցին երևա Հոր առջև [կուրախացնի իր երեսի խնդությամբ], այստեղ ևս կուրախացնի բոլոր նրանց, ովքեր սուրբ սիրտ ունեն:
7. Թագաւոր յուսացաւ ի Տէր, յողորմութենէ բարձրելոյն նա մի՛ սասանեսցի:
Թագավորն իր հույսը դրեց Տիրոջ վրա, և Բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի:
Նկատի ունի Եզեկիային, ինչպես նաև հստակ միտքը, որ հոգու և մարմնի հետ չի շրջում, այլ՝ Տիրոջ ողորմության շնորհիվ ըստ խղճմտանքի է դատում հոգուն, մինչև որ սփաթվի և ինքն էլ անսասան է մնում:
8. Գտցի ձեռն քո ի վերայ թշնամեաց քոց. և աջ քո գտցէ զամենայն ատելիս քո:
Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրա, և աջդ հասնի բոլոր քեզ ատողներին:
Եզեկիա թագավորը հոգով աղոթեց, քանզի մտքով և շարժմամբ տրվել էր աղտեղություններին ու դիվական գործերին: Իսկ աջդ թող գտնի. երբ ձախը միաբանվում է աջի հետ, գտնում է բոլոր թշնամիներին և զգուշանում, կամ՝ չի հնազանդվում նրանց, այլ՝ կռվում է և հաղթում: Դարձյալ Հիսուսի աջը խաչի միջոցով մարդկային ազգին, որ մեղքի պատճառով թշնամացավ և կորստյան մատնվեց, նորից գտնում է որպես մոլորյալ ոչխարի՝ մեր ձախը աջ դարձնելով, իսկ ատելիներին՝ սիրելի:
9. Դիցես զնոսա որպէս հնոց ի հուր՝ ի ժամանակի երեսաց քոց:
Երբ դու երևաս, նրանց հրաբորբոք հնոց կդարձնես:
Նրանք, ովքեր ուրիշների համար հնոցում այրվելու և կորստյան մատնվելու պատճառ եղան, այսինքն՝ դևերը, հեթանոսներն ու չարերը, ապա երկրորդ գալստյան ժամանակ, երբ Տերը երևա իր բարկությամբ, նրանք պիտի այրվեն գեհենի հնոցներում:
10. Տէր բարկութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա. և հուր կերիցէ զնոսա:
Տերն իր զայրույթով կխռովի նրանց, և հուրը նրանց կլափի:
Քանզի Աստծո բարկությունը հրի միջոցով է հայտնի դառնալու:
11. Պտուղ նոցա յերկրէ կորիցէ, և զաւակ նոցա յորդւոց ի մարդկանէ:
Երկրից կկորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց:
Այսինքն՝ կենդանիների երկրից նրանց ամոթալի գործերը, որոնց պտուղն այստեղ է և նրանց որդիները չեն կոչվում մարդկանց որդիներ, այլ՝ սատանայի:
12. Խոտորեցան ի քէն չարութեամբ. խորհեցան խորհուրդ, զոր ոչ կարասցէն հաստատել:
Չարամտությամբ խոտորվեցին քեզնից, դավեր նյութեցին, բայց չեն կարող իրագործել դրանք:
Դևերը չարությամբ և հպարտությամբ մտածեցին տիրել մարդկանց հավիտյանս:
13. Արասցես զնոսա հալածեալս. ի մնացուածս քո պատրաստեսցես զերեսս նոցա:
Դու նրանց հալածական կանես, և նրանց երեսը կուղղես քո հավատարիմների կողմը:
Երբ նրանց ասի, թե գնացեք դեպի հավիտենական հուրը: Քո հավատարիմների կողմը. ինչպես որ Սենեքերիմի զորքը Երուսաղեմում կոտորվեց և ինքն էլ, որ պատրաստվում էր տուն գնալ, Տիրոջ բարկությունը վրա հասավ նրան և սպանվեց իր որդիների ձեռքով: Նույնպես նաև սատանան որոշ չափով Քրիստոսի և սրբերի կողմից այստեղ տանջվեց, իսկ Տիրոջ բարկության հիմնական մասը կրելու է այնտեղ, որտեղ մրուրը չի պակասի (Սղմ. 74:10):
14. Բարձր լեր Տէր ի զօրութեան քում. օրհնեսցուք, և սաղմոս ասասցուք զօրութեանց քոց:
Բա՛րձր եղիր, Տե՛ր, քո զորությամբ. օրհնենք և սաղմոս երգենք քո զորությանը:
Զորությունը Տիրոջ կատարած հրաշագործությունների մեջ է, որի շնորհիվ մեծանում է նրա փառքը: Օրհնենք և սաղմոս երգենք նրա զորությանը: Նորից բա՛րձր եղիր խաչի վրա և երկնքում, քանզի բոլորին դեպի քեզ կկանչես օրհներգությամբ և սաղմոսով:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը