23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած. սաղմոս Դավթի: Սա ավելի առաջ է երգել, քան թե նախորդ սաղմոսը, քանզի այնտեղ խոստովանում է մեղքերի բազմությունը, իսկ այստեղ պարծենում է անարատությամբ՝ ի շնորհիվ իր Տիրոջ: Հակառակ դեպքում ստացվում է, որ արեգակից էլ մաքուր է, ինչպես որ ասում է.
1. Դա՛տ արա ինձ Տէր՝ զի ես յամբծութեամբ իմում գնացի, ի Տէր յուսացայ՝ զի մի եղէց հիւանդ:
Դա՛տ արա ինձ, Տե՛ր, քանզի անբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար:
Այն դատավորը կարող է այսպես աղաչել, ով այդպիսին է: Որ չլինեմ տկար՝ մեղքի պատճառով: Տիրոջն է վայել ասել. «Ո՞վ կհանդիմանի ինձ» (Հովհ. 8:46):
2. Փորձեա՛ զիս Տէր քննեա՛ զիս. փորձեա՛ զերիկամունս իմ և զսիրտ իմ:
Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս:
Ոսկու պես քո դատաստանի բովով փորձելով՝ անսխալ դատաստանովդ կտեսնես, որ այդպես է: Երկամներն ու սիրտը ցանկություններն ու խորհուրդներն են:
3. Ողորմութիւն քո Տէր առաջի աչաց իմոց. և հաճոյ եղէց ճշմարտութեան քում:
Ողորմությունդ, Տե՛ր, աչքիս առջև է, և ճշմարտությունդ հաճելի է ինձ:
«Ողորմի՛ր ինձ»,- ասում է, և խնայի՛ր ինձ, քանզի հաճելի կլինեմ ճշմարիտ պսակողիդ, նաև՝ քո ողորմության վրա եմ հույսս դնում, այլ ոչ թե իմ գործերի:
4. Ո՛չ նստայց ես յաթոռս նանրաց. և ընդ անօրէնս ես ո՛չ մտից:
Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի և անօրենների մոտ ես չեմ գնա:
Թեև այստեղ նկատի ունի այլազգիների [այսինքն՝ կռապաշտների] հետ կենցաղավարելը, սակայն Տերն էլ [զգուշացնում է հեռու մնալ] փարիսեցիներից և դպիրներից:
5. Ատեցի ես զժողովս չարաց, և ընդ ամբարիշտս ես ո՛չ նստայց:
Չարագործների ամբոխը ես ատեցի և ամբարիշտների կողքին չեմ բազմի:
Դավիթը՝ հեթանոսներին, իսկ Տերը՝ հերձվածողներին:
6. Լուացայց սրբութեամբ զձեռս իմ. և շուրջ եղէց զսեղանով քո Տէր:
Սրբութեամբ կլվամ ձեռքերն իմ և սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՛ր:
Կլվամ մարդահաճության գործերից և սեղանիդ շուրջը կնստեմ պատարագ մատուցելու համար, այլ ոչ թե Սավուղի պես:
7. Լսել ինձ զձայն օրհնութեան քո, և պատմել զամենայն սքանչելիս քո:
Թող լսեմ քո օրհնության ձայնը և պատմեմ քո բոլոր հրաշալիքները:
Քահանաներից շատերը լսում էին (տե՛ս Գործք 6:7)՝ ականջները մաքուր պահելով:
8. Տէր սիրեցի զվայելչութիւն տան քոյ և զտեղի յարկի փառաց քոց:
Տե՛ր, սիրեցի քո տան վայելչությունը և քո փառքի բնակության վայրը:
Այսինքն՝ խորանի և բնակության վայրը՝ տապանակի արկղը, նաև եկեղեցին և վերնայինը, և ով այս ամենը սիրում է, ատում է հեթանոսներին և հերձվածողներին:
9. Մի՛ կորուսաներ ընդ ամբարիշտս զանձն իմ. և մի՛ ընդ արս արիւնահեղ զկեանս իմ:
Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ և ո՛չ էլ կյանքս՝ արյունահեղների հետ:
Հեթանոսների, Սավուղի և հերձվածողների հետ:
10. Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան են. և աջ նոցա լի է կաշառօք:
Որոնց ձեռքերն անօրինության մեջ են, և աջը նրանց լի է կաշառքով:
Նորից մեղանչում են ձեռքով՝ սպանությամբ և նրանց աջը կաշառքով լի աջ է:
11. Ես յամբծութեան իմում գնացի. փրկեա՛ զիս Տեր և ողորմեա ինձ:
Ես անբասիր ընթացա, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ:
Սավուղի առաջ անբասիր եղա:
12. Ոտն իմ կացցէ յուղղութեան. յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ:
Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ:
Իր վարքի մասին է ասում, որ այսուհետև Տիրոջ օգնությամբ է ուղղելու: Մեծ հավաքներում. Զատկին, Հոգեգալուստին, տաղավար տոներին: Դարձյալ՝ մեծ հավաքներում՝ սուրբ կաթողիկեում: Դավթի միջոցով օրհնվում են բոլոր ազգերն և լեզուները, նաև՝ երկնային եկեղեցու դռները բոլորի առջև բացվում են:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը