23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Դավթի, երբ Սավուղից հալածվելով երգեց այս, թեև նենգավոր չէր Դավիթը, սակայն մեծ երկյուղ էր կրում ահեղ դատաստանից, դա է պատճառը, որ բազում անգամներ խոսում է այդ մասին:
1. Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռէր յինէն, մի՛ երբէք լռեսցես յինէն. նմանիցեմ այնոցիկ, որ իջանեն ի գուբ:
Քեզ կանչեցի, Տե՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստվա՛ծ իմ. եթե երբևէ լուռ մնաս, կնմանվեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում:
Իմ պաղատանքները եթե անարձագանք թողնես, կնմանվեմ Սավուղին կամ դևերին, ովքեր գուբ են իջնում, այսինքն՝ գերեզման և դժոխք: Անարձագանք մի՛ թողնիր և մի՛ ասա, թե ժամը չէ, քանզի [կնմանվեմ նրանց], ում ողջ-ողջ գուբն են իջեցնում, ինչպես արեցին Երեմիային և Դանիելին: Եվ նորից, տե՛ս ինձ որպես գբի մեջ իջածի և խղճա՛ ինձ, քանի որ ողորմած ես, և չլինի թե հուսահատության մեջ ընկնեմ:
2. Լո՛ւր, Տէր, ձայնի խնդրուածոց իմոց՝ յաղաչել ինձ առ քեզ. ի համբառնալ ձեռաց իմոց ի տաճար սուրբ քո:
Լսի՛ր, Տեր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դեպի սուրբ տաճարդ պարզեմ:
Երկինք է ասում, քանզի ուր որ պարզում է ձեռքերը, այնտեղ են գտնվում սիրտն ու աղոթքները:
3. Մի՛ համարիր ընդ ամբարիշտս զանձն իմ. և մի՛ ընդ այնոսիկ՝ որ գործեն զանօրէնութիւն, կորուսաներ զիս:
Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ և մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրենություն են գործում:
Անհավատ հրեաների և հեթանոսների հետ, որոնք ձախակողմյան այծեր են:
4. Ոյք խօսէին զխաղաղութիւն ընդ ընկերս իւրեանց. և չարութիւն է ի սիրտս նոցա:
Որ հաշտության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց սրտերում չարություն կա:
Հրեաները Տիրոջ հետ և Սավուղը՝ Դավթի:
5. Տո՛ւր նոցա, Տէր, ըստ գործս նոցա. ըստ անօրէնութեան գնացից նոցա, հատո՛ նոցա:
Վարձատրի՛ր նրանց, Տե՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց:
Սա ըստ օրենքի է ասում, որ իրենց գործերի համեմատ հատուցում ստանան:
6. Ըստ գործոց ձեռաց նոցա հատո՛ նոցա՝ զհատուցումն նոցա նոցին:
Նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց:
Նրանց հետ թո՛ղ չբռնվեն նրանք, ովքեր իրենց անձերը Տիրոջն են հանձնել:
7. Ո՛չ իմացան նոքա զգործս Տեառն. և ո՛չ ի գործս ձեռաց նորա հայեցան. կործանեսցես զնոսա, և այլ մի՛ շինեսցին:
Նրանք ուշադրություն չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին: Դու կկործանես նրանց, և այլևս նրանք ոտքի չեն կանգնի:
Այն ամենն, ինչ արել էր, տեսավ, որ շատ բարի է: Եվ նա, ով մարդ է սպանում կամ չարիք գործում, Տիրոջ գործերն է խախտում: Կկործանի Սոդոմի պես և մեղքով կառուցվածը՝ ավազի պես: Ոտքի չեն կանգնի, ինչպես Սավուղի թագավորությունը ոտքի չկանգնեց և հրեաների Երուսաղեմը:
8. Օրհնեալ է Տէր՝ զի լուաւ ձայնի աղօթից իմոց. Տէր օգնական իմ և պաշտպան իմ:
Օրհնյալ է Տերը, քանզի լսեց ձայնն իմ աղոթքի: Տերն իմ օգնականն է ու պաշտպանը:
Հոգու ազդեցությամբ կատարվեցին նրա խնդրանքները և Տիրոջ մոտ լսելի եղան նրա աղոթքները:
9. Ի նա յուսացաւ սիրտ իմ. օգտեցաւ և զուարճացաւ մարմին իմ. և ես կամօք իմովք խոստովան եղէց նմա:
Նրա վրա դրեց իր հույսը սիրտն իմ, և մարմինս գոհացավ ու զվարճացավ. ես հոժարակամ պիտի փառաբանեմ նրան:
Երբ Հիսուսը ծնվեց ըստ մեր բնության, գոհացանք և զվարճացանք սրտով, քանզի նրա մարմնի անդամներ կոչվեցինք և նորոգվելու ենք ըստ նրա մարմնի փառքի: Ես հոժարակամ. այստեղ է դրսևորվում մեր հոժարակամությունը:
10. Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ, ապաւէն փրկութեան օծելոյ իւրոյ:
Տերը զորությունն է իմ ժողովրդի, ապավենն իր օծյալի փրկության:
Զորությունն է իր ժողովրդի ինչպես Եգիպտոսում և Կարմիր ծովում: Ապավեն, ինչպես իր օծյալ Դավթին: Քրիստոսն էլ զորացրեց իր ժողովրդին, որպեսզի չերկնչեն մարմինն սպանողներից: Ապավեն, որովհետև նա է փրկելու իր ժողովրդին, այսինքն՝ քրիստոնյաներին:
11. Փրկեա՛ զժողովուրդ քո. և օրհնեա՛ զժառանգութիւն քո. հովուեա՛ և բարձրացո՛ զնոսա մինչև յաւիտեան:
Փրկի՛ր քո ժողովրդին, և օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովվի՛ր ու հավետ բարձրացրո՛ւ նրանց:
Թագավորները և քահանաները պետք է աղոթեն իրենց ժողովրդի համար, ինչպես որ Մովսեսը պատվիրեց քահանային դուրս գալ վրանից:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը