23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև՝ Իդիթոմի մասին սաղմոս Դավթի: Իդիթոմը խորանի առաջնորդն էր, և երբ Դավիթը մեղանչեց, իրեն վերցրեց սա [այս սաղմոսը]՝ ասելով հոգուն, թե մի՛ հուսահատվիր:
1. Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն:
Միայն Աստծուն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկությունս:
Նկատի ունի նաև մակաբայեցիներին, որ Անտիոքոսի ժամանակ բոլորը հնազանդվեցին նրան: Իսկ Մատաթիան և իր որդիները և [Աստծո խոսքը] հաստատակամ բոլոր կատարողները միահամուռ ասում են. միայն Աստծուն հնազանդ եղիր, հոգի՛ իմ: Նաև Սուրբ Եկեղեցին է Քրիստոսին հնազանդ, որ ասում է.
2. Նա է Աստուած իմ և Փրկիչ իմ. ապաւէն իմ, զի մի՛ սասանեցայց առաւել:
Նա է Աստվածն իմ ու Փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ:
Աստվածն իմ և Հիսուսն իմ: Որ էլ չսասանվեմ, այսինքն՝ անսասան հավատքով մնալ, քանզի մարդ ենք:
3. Մինչև յե՞րբ յառնէք ի վերայ մարդոյ՝ սպանանել ամենեքեան, որպէս յորմոյ թիւրելոյ՝ և ի ցանկոյ մերժելոյ:
Մինչև ե՞րբ ամենքդ պիտի հարձակվեք մարդու վրա՝ կործանելու նրան թեքված պարսպի ու խախտված ցանկապատի պես:
Դևերը՝ Դավթի վրա, և մարդիկ [այսպես են ասում]՝ մեղքի մեջ ընկնելուց հետո: Պարսպի և ցանկապատի պես. պարիսպ և ցանկապատ ասելով նկատի ունի օրենքը, որից խոտորվեց պոռնկության պատճառով, ինչից դրդված էլ սպանեց Ուրիային: Նաև մեր բնությունը, որ շեղվեց Ադամի պատճառով, դևերի հարձակման առիթ հանդիսացավ: Ինչպես նաև հրեաները, Տիրոջը ստանալուց հետո հարձակվեցին հավատացյալ աշակերտների վրա, թե իբր մեռավ Տերը և հարություն չառավ:
4. Բայց միայն զպատիւ իմ խորհեցան մերժել յինէն. և ընթացան ի ծարաւս իւրեանց:
Նրանք ինձ պատվից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորվելով իրենց ծարավից:
Աստվածպաշտությունն է պատիվ կոչում, նաև երբ բանականությունը վերցվում է մարդկանցից, ինչպես անասունի, կուռքերին են պաշտում: Մյուս թարգմանիչները [պատիվն] այն արժանիքն են կոչում, որ մեղանչելու պատճառով զրկվում են Տիրոջ հետ հաղորդակցությունից: Տոչորվելով իրենց ծարավից, որով Ադամին սպանեցին:
5. Բերանօք իւրեանց օրհնէին, և սրտիւք անիծանէին:
Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում:
Քաղցրանալով մեղքի և կռապաշտության մեջ: Հրեաներն էլ Տիրոջն էին օրհնում, սակայն իրենց սրտերում շտապում էին անիծել:
6. Բայց սակայն Աստուծոյ հնազանդ լիցի անձն իմ, զի ի նմանէ է ինձ համբերութիւն:
Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն, քանզի նրանից է իմ համբերությունը:
Ըստ այնմ, որ ասաց. «Ով մինջև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. 10:22):
7. Նա է Աստուած իմ և փրկիչ իմ, ապաւէն իմ. զի մի՛ սասանեցայց:
Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ չսասանվեմ:
Նա է իմ Աստվածը, թեև մարդ եղավ:
8. Յաստուծոյ է զօրութիւն իմ և փառք իմ. Աստուած օգնութեան իմոյ, յոյս իմ է առ Աստուած:
Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ և Աստծո վրա է հույսն իմ:
Աստծուց է իմ զորությունը, որ Քրիստոսն է, և փառքը՝ Սուրբ Հոգին, որով աղաղակում ենք՝ աբբա Հայր:
9. Յուսացարո՛ւք ի նա ամենայն ժողովք ժողովրդոց. սփռեցէ՛ք առաջի նորա զսիրտս ձէր, զի Աստուած օգնական է մեր յաւիտեանս ժամանակաց:
Ձեր հույսը դրե՛ք նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ, բացե՛ք նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից:
Իր անձին խրատելուց հետո խրատում է նաև ամբողջ մարդկությանը, քանզի նա, ով նախ ինքն է կատարում, հետո նոր սովորեցնում, նա մեծ է կոչվելու երկնքի արքայությունում: Բացե՛ք սրտերը ձեր, մերկացրե՛ք խոստովանությամբ, քանզի Աստված մեր օգնականն է հավիտյանս հավիտենից, այլ ոչ թե միայն այս անցավոր կյանքում:
10. Սակայն ընդունայն են որդիք մարդկան, սուտ են որդիք մարդկան, ի կշիռս իւրեանց մեղանչէն, և ինքեանք յունայնութեան են ի միասին:
Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշիռների մեջ մեղանչում են և իրենք ամենքն էլ ունայնության մեջ են:
Հրեաները, որ պարծենում են Աբրահամով: Սուտ են որդիները մարդկանց. բանականների հեթանոս որդիները՝ ստություն պաշտելով: Իրենց կշիռների մեջ մեղանչում են. իրենք իրենց մտքում գիտակցում են, թե որն է արժանին, սակայն չեն կատարում, այլ մեծ և փոքր կշռելով՝ մեղանչում են: Նորից՝ կշիռը խաչն է, որով մեղանչեցին հրեաներն ու հեթանոսները և հավասարապես միավորվելով՝ խաչը հանեցին, այսպիսիները պետք է հուսահատվեն, այդ պատճառով էլ ասում է.
11. Մի՛ յուսայք յանիրաւութիւն, յափշտակութեան մի՛ ցանկայք. և մեծութիւն թե առուիւ գայցէ, մի՛ յօժարեսցին սիրտք ձեր:
Հույս մի՛ դրեք անիրավության վրա, հափշտակություն մի՛ ցանկանաք, եթե հարստությունը առվի պես իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան:
Մի՛ հուսացեք, թե կարող եք Տիրոջը խաչել: Հափշտակություն մի՛ ցանկանաք. հափշտակելով հավատացյալների ունեցվածքը և նրանց էլ տանելով ատյան: Եթե հարստությունը առվի պես իսկ հոսի. եթե արտաքուստ հոսի հարստությունը առվի և գետի պես, սրտով մի՛ ցանկացեք, որ ձեր տուն մտնի, քանզի անցավոր է և կործանման պատճառ:
12. Մի անգամ խօսեցաւ Աստուած, և երկուս զայս լուաք:
Մի անգամ խոսեց Աստված և երկու անգամ լսեցինք այս բանը:
Մի անգամ ինքը [խոսեց] և ոչ թե ուրիշը, իսկ երկու անգամը խոսքի տարածումն է [նշանակում]: Զորաբաբելին ասաց տաճարի կառուցման մասին, և ինքն էլ ասաց, թե քարը քարի վրա չպիտի մնա: Մեկ անգամ [խոսեց] Ադամի հետ, թե որ օրը որ ուտես, կմեռնես, հետևաբար, այստեղից ենթադրվում է, որ եթե չուտես կանմահանաս: Եվ Մովսեսի միջոցով ասաց, որ եթե [այսպես] անես՝ կապրես և հասկացնել տվեց, թե եթե չանես՝ կմեռնես: Նաև ասվում է, թե Դատաստանի ժամանակ նա [իր մոտ] եկածներին օրհնությամբ է կանչում, իսկ ձախակողմյանները հակառակը կլսեն: Սակայն, որ խոսքն ըստ կարգի լինի, պարզաբանում է՝ ասելով.
13. Յաստուծո է զօրութիւն, և քո, Տէր, ողորմութիւն. եւ դու հատուցանես իւրաքանչիւր ըստ գործս նոցա:
Աստծունն է զորությունը, և քոնն է, Տե՛ր, ողորմությունը, դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի:
Զորավոր ես, Տեր և ողորմած, և դու ես հատուցում, ըստ քո զորության կարող ես հատուցել, և ըստ ողորմության՝ քավել: Նաև Աստված մեկ անգամ հայտնվեց Դավթին և երկու բաների մասին խոսեց, նախ, որ նրա արմատից ելածը Աստված է և մարդ, ինչպես որ ասում է. «Նրա սերունդը հավիտյան կմնա» (Սաղմ. 88:37), ինչպես այստեղ է ասում, թե Աստծունն է զորությունը, և քոնն է, Տե՛ր, ողորմությունը, քանզի մեզ վշտակից դառնալով ողորմեցիր մեզ, ըստ Առաքյալի. «որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ» (Եբր. 2:17), այդ պատճառով էլ մարդ եղավ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը