23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած. սաղմոս Դավթի. հարության մասին:
Մինչև այժմ այսպիսի վերնագրի չէինք հանդիպել, սա նաև գերությունից վերադարձ է նշանակում, ինչպես որ Եզեկիայի մոտ [այլաբանորեն դա] մեռելներից հարություն է նշանակում (Եզեկ. 37: 1-14), նաև երբ տապանակը Սիոն բերվեց, բոլոր ազգերը հավաքվեցին պատարագ մատուցելու, այստեղ Դավիթը մարգարեացավ Քրիստոսի հարության և առաքյալների քարոզչության մասին:
1. Աղաղակեցէ՛ք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, և տո՛ւք զփառս օրհնութեան նորա:
Աղաղակեցե՛ք Աստծուն, բոլոր երկրներ, սաղմո՛ս երգեցեք նրա անվանը և օրհնության փառք տվեք նրան:
Աղաղակեցեք բոլոր երկրներ, այլ ոչ միայն Հրեաստանը, և սա նշանակում է, որ. «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրա» (Սղմ. 18:5): Սաղմոս երգեցե՛ք Քրիստոսին, և մատուցեք այն փառքը, ինչը վայել է, որ արարածները մատուցեն Արարչին:
2. Ասացէք Աստուծոյ, որպէս զի ահեղ են գործք քո, ի բազում զօրութեան քում ստեցին քեզ թշնամիք քո:
Ասացե՛ք Աստծուն. «Որքա՛ն ահեղ են քո գործերը. ի տես քո մեծ զորության քո թշնամիները ստեցին քո դեմ:
Խաչի ժամանակ, ինչի մասին Ամբակումի միջոցով ասաց. «Մի բան պիտի անեմ ես ձեր օրերին» (Ամբակ. 1:5): Ի տես քո մեծ զորության քո թշնամիները ստեցին քո դեմ. ինչ որ ցույց տվեց թշնամիներին [խաչի վրա], թշնամիները չխրատվեցին, այլ ստեցին և ասացին, թե աշակերտները գողացել են [Քրիստոսի մարմինը], նաև նրանք, ովքեր ի սրտե չհավատացին, գործերով ուրացան նրան:
3. Ամենայն երկիր երկիրպագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, և սաղմոս ասասցեն անուան քում:
Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անվանը սաղմոս ձոնի:
Ողջ աշխարհն այստեղ՝ իր կամքով, իսկ հակառակ դեպքում ակամա՝ հանդերձյալ կյանքում:
4. Եկա՛յք և տեսէք զգործս Աստուծոյ, որպէս զի ահեղ են խորհրդովք, քան զամենայն որդւոց մարդկան:
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, թե որքան ահեղ են խորհուրդներով՝ քան գործերը մարդկանց բոլոր որդիների:
Թեև կարծում եք, թե Քրիստոսը մարդ է, տեսե՛ք, թե որքան ահեղ են [գործերը], լի են ահով և խորհելու տեղիք են տալիս: Քան գործերը մարդկանց բոլոր որդիների, որոնցում երբեք նման բան չգտնվեց, քանզի բոլոր արարածներիս Ստեղծիչը Կույսի արգանդ մտավ և նաև մյուս բոլոր գործերը, որ մարդկանց որդիները չեն կարող մեկնաբանել, դրանք բոլորը նույն հրաշքներն են, ինչ հնում գործեց:
5. Ո դարձոյց զծովն ի ցամաք. և ընդ գետս անցցեն յոտանաւոք:
Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, և մարդիկ ոտքով անցան գետի միջոցով:
Չոր ոտքերով, և այստեղ էլ պատռեց մեղքերի ծովը և մեր բնությունն անցկացրեց կռապաշտության գետից, այդ պատճառով էլ չասաց, թե անցան, այլ՝ կանցնեն, ներկայումս էլ ոտքով տրորելով դևերին:
6. Անդ ուրախ եղիցուք մեք ի նա, որ տիրէն զօրութեամբ իւրով յաւիտենից:
Ահա պիտի ցնծանք նրանով, որ հավետ տիրում է իր զորությամբ:
Գերին ցանկանում է գալ այնտեղ, ուր դադար է առել Իսրայելը՝ Երիքովի արևելյան կողմը: Եվ մենք էլ՝ հանդերձյալում, երբ յուրաքանչյուր ոք հասկանա, որ նա հավետ տիրում է իր զորությամբ, այլ ոչ թե ստացած [զորությամբ]:
7. Աչք նորա ի հեթանոսս հային, ոյք դառնացուցին զնա՝ մի՛ բարձրասցին յանձինս իւրեանց:
Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն. թող նրանք չպարծենան իրենց հոգում:
Այդ ժամանակ դեպի իրեն դարձածներին գթությամբ կնայի, իսկ իրեն չհավատացածները և ամբարտավանները, ովքեր դառնացրին իրեն, թո՛ղ չբարձրանան ամպերով իր առաջ:
8. Օրհնեցէք հեթանոսք զԱստուած մեր, լսելի արարէք զձայն օրհնութեան նորա:
Օրհնեցե՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն և լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը:
Օրհնեցե՛ք, հեթանոսնե՛ր, որոնց նրա աչքերը նայում են նախքան հեթանոս լինելը: Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը. գործերով, և ոչ միայն խոսքով, այլև՝ Ավետարանի քարոզչությամբ:
9. Այն, որ ետ զանձն իմ ի կեանս, և ո՛չ ետ դողութիւն ոտից իմոց:
Նա իմ հոգին դարձրեց կյանքին և թույլ չտվեց, որ ոտքերս դողան:
Ինչպես որ Նաթանն ասաց. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի» (Բ Թագ. 12:14): Եվ նորից՝ գերին գերությունից վերադառնալով այսպես է ասում, և մեր բնությունն էլ, եթե հավատա ու դեպի իրեն դառնա, մահ չի տեսնի: Եվ թույլ չտվեց, որ ոտքերս դողան. ահավոր է նրա դատաստանը, որտեղ արդարը հազիվ պիտի փրկվի:
10. Փորձեցեր զմեզ, Աստուած, և քննեցեր, որպէս և քննի արծաթ:
Քննեցիր մեզ, Աստվա՛ծ, ու փորձեցիր, ինչպես արծաթն է փորձվում:
Գերությունն է փորձություն համարում, և կրկնում է՝ նկատի ունենալով հրեաներին և մեր բնությունը, քանզի արծաթ և ոսկի է մեր բնությունը՝ ըստ Աստծո պատկերի: Առաքյալներն ու եկեղեցին նույնպես ենթարկվեցին փորձությունների:
11. Իջուցեր զմեզ յորոգայթ, եդիր նեղութիւն ի թիկունս մեր. և անցուցեր զմարդիկ ի վերայ գլխոց մերոց:
Մեզ որոգայթի մեջ գցեցիր, նեղություն դրիր մեր թիկունքին և մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով:
Մեզ որոգայթի մեջ գցեցիր դևերի և բռնավորների կողմից, և մարդկանց անցկացրեցիր առաքյալների և քահանաների գլխի վրայով:
12. Անցաք մեք ընդ հուր և ընդ ջուր, և հաներ զմեզ ի հանգիստ:
Մենք անցանք հրի ու ջրի միջով, և դու մեզ անդորր տվիր:
Հրի միջով երեք մանուկներն անցան, իսկ ջրի միջով՝ Իսրայելը, ինչպես նաև գետերի և ծովերի միջով, և եկեղեցին նույնպես փորձությունների ենթարկվեց: Նաև, ինչպես հնոց՝ Հոգու հրի և մկրտության ջրի միջոցով, և հանգստություն գտանք մեղքերի բեռից:
13. Մտից ի տուն պատարագօք. տաց քեզ զուխտ իմ, զոր խոստացան քեզ շրթունք իմ, զոր բերան իմ խօսեցաւ ի նեղութեան:
Զոհաբերություններով պիտի մտնեմ տունը քո և քեզ պիտի մատուցեմ իմ ուխտերը, որ խոստացան քեզ իմ շրթունքները:
Գերին Երուսաղեմ պիտի մտնի զոհաբերություններով, ինչպես որ խոստացավ Բաբելոնում նեղության մեջ գտնվելու ժամանակ:
14. Զողջակէզս ուղղալիցս մատուցից քեզ խոյօք և խնկօք, և քեզ մատուցից զուարակս և նոխազս:
Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով և խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ:
Պարարտ, այսինքն՝ գեր և ճարպոտ, խոյերով և խնկերով՝ ըստ օրենքի, իսկ մենք եկեղեցուն և վերին Երուսաղեմին բանական պատարագ և հեթանոսների մանուկներին պիտի մատուցենք՝ հավատքի բերելով և նվիրելով Աստծուն:
15. Եկա՛յք լուարո՛ւք ինձ, և պատմեցից ձեզ ամենեքեան, ոյք երկնչիք յԱստուծոյ, զոր ինչ արար անձին իմոյ:
Եկե՛ք ու լսեցե՛ք ինձ, Աստծու բոլոր երկյուղածներ, որ ձեզ պատմեմ, թե ինչ արեց նա իմ անձի համար:
Եկե՛ք, ասում է, լսեցե՛ք, ոչինչ չեմ ավելացնում: Պարզ է, որ երկնային և երկրավոր բանականների խմբերի՝ սրբերի միջոցով է փառավորում՝ լսելով Աստծո բարերարությունների մասին, որ իր հանդեպ եղան, և որպես հորդոր իրենց, ասում է.
16. Առ նա բերանով իմով կարդացի. և բարձր արարից զնա լեզուաւ իմով:
Ես նրան դիմեցի իմ բերանով, և լեզվովս մեծարեցի նրան:
Ոչ թե պարգևներ եմ մատուցում, ասում է, այլ առանց զոհաբերության՝ բերանով դիմեցի և լեզվով մեծարեցի նրան, և ազատեց ինձ:
17. Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, միթէ լռէ՞ր ինձ Տէր:
Եթե սրտումս մեղք տեսնեի, Տերն ինձ չէր լսի:
Եթե սրտումս մեղանչեմ, մի՛ լսիր ինձ:
18. Վասն այսորիկ լուաւ Աստուած, և նայեցաւ ի ձայն խնդրուածաց իմոց:
Դրա համար Աստված լսեց ինձ և ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին:
Քանզի անմեղ եմ մնալու:
19. Օրհնեալ է Աստուած, որ ո՛չ ի բացեայ արար զաղօթս իմ, և ո՛չ զողորմութիւն իւր յինէն:
Օրհնեալ է Աստված, որ չվանեց աղոթքն իմ, ոչ էլ ողորմությունն իր՝ ինձնից:
Հրեշտակների ու սրբերի խնդրանքները, և ոչ էլ մեղանչողների զոհաբերությունները:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը