23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի:
Սաղմոսի բնույթը Քրիստոսի հարությունն է և ամբողջ աշխարհի փրկագործությունը, աստվածավայելուչ փափկությունն ու հոգու ուրախությունը: Երբեմն վերաբերում է նաև գերության մեջ գտնվողին:
1. Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա, փախիցեն ատելիք նորա յերեսաց նորա:
Թող ելնի Աստված, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, ու նրան ատողները փախչեն իր առջևից:
Նախ արդարներն են ասում, թե մի ուշացի՛ր բազմել հայրական աթոռին, և ապա [են այդպես ասում] մահվան ժամանակ: Այսպես ասաց Մովսեսը տապանակը տանելիս: Թող ելնի Աստված, ինչպես որ նախորդ սաղմոսի մեջ հրամայեց, թե երբ քահանան դուրս է գալիս խորանից, թող օրհնի ժողովրդին՝ ասելով. «Աստված կողորմի քեզ և կօրհնի քեզ, ցո՛ւյց կտա քեզ երեսն իր» (հմմտ. Սղմ. 66:2), և կողորմի քեզ, ինչն էլ Դավիթը վերցրեց և դրեց իր օրհնության սկզբում, հատկապես ոգին, ինչը որ նույն խորհուրդն ունեն: Եվ նրա բոլոր թշնամիները թող ցրվեն. դևերը, խաչողները և եկեղեցուն հալածողները, և իրականանում է խոսքը, որ ասում է. «Անիծյալնե՛ր, գնացեք ինձնից հավիտենական կրակը» (Մատթ. 25:41):
2. Որպէս պակասէ ծուխ՝ պակասեսցին, որպէս հալի մոմ առաջի հրոյ, այնպէս կորիցեն մեղաւորք յերեսաց Աստուծոյ:
Ինչպես ծուխն է ցնդում, այնպես պիտի անհետանան նրանք. ինչպես մոմն է հալվում կրակի դիմաց, այնպես էլ մեղավորները պիտի կորչեն Աստծու երեսից:
Ինչպես ծուխն է ցնդում քամու առաջ, և մոմն էլ չի կարող մնալ կրակի առաջ, այդպես էլ պիտի կորչեն մեղավորները, և հատուցման օրը Աստծո աչքը բնավ չի տեսնելու նրանց, ինչպես որ թագավորի աչքը չի տեսնում մահապարտին:
3. Արդարք ուրախ եղիցին՝ և ցնծասցեն առաջի նորա, և զուարճասցին յուրախութեան իւրեանց:
Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առաջ և զվարճանան իրենց ուրախությամբ:
Առաքյալները և կանայք՝ Տիրոջ հարությամբ, և բոլոր սրբերն իրենց պսակներով և իրենց պսակողով, ըստ այս խոսքի, թե «ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. 16:22), քանզի հավիտենական է:
4. Օրհնեցէ՛ք զԱստուած և սաղմոս ասացէ՛ք անուան նորա. ճանապարհ արարէք այնմիկ, որ նստի ընդ արևմուտս. և Տէր է անուն նորա:
Օրհնեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցեք նրա անվանը, ճանապա՛րհ տվեք նրան, ով նստում է արևմուտքում. և Տեր է անունը նրա:
Օրհնեցե՛ք Հիսուսին, ճանապարհ տվե՛ք նրա կամքի իրագործման համար, քանզի ըստ նրա կամքի են ընթանալու առաքյալները՝ քարոզչությամբ: Ով նստում է արևմուտքում, այսինքն՝ արեգակը մտավ մեր բնության մեջ [որպես արևմուտք], և մեր մեջ հանգրվանեց իմանալի արեգակը: Նաև դժոխքի մասին են այդպես ասում, մինչև որ այնտեղ իջավ Տերը: Դարձյալ, աշխարհի վերջում, երբ այս արեգակն այլևս չլուսավորի, ճանապարհ պիտի բացենք մեր մեջ մեծ Արեգակի համար:
5. Ցնծասցեն առաջի նորա, և խռովեսցին յերեսաց նորա:
Թող մարդիկ ցնծան նրա առջև և թող խռովվեն նրա երեսից:
Թող ցնծան սրբերը և թող խռովվեն դևերն ու չարքերը, քանզի երևաց Տերը չարագործների առջև՝ վերացնելու նրանց հիշատակը երկրի երեսից:
6. Որ հայրն է որբոց և դատաւոր այրեաց, Աստուած ի տեղւոջ սրբութեան իւրում:
Որ հայրն է որբերի ու դատավորն այրիների՝ Աստված իր սուրբ բնակարանում:
Որբ էր մեր բնությունը հայր չունենալու պատճառով և այրի էր՝ Քրիստոս փեսային չունենալու պատճառով: Հայրը խոսեց իր հարսի՝ Որդու այրու հետ և տեսավ նրա դատը, և Որդին իր սրբերին ներկայացրեց Հորը՝ ասելով «Հայր մեր» աղոթքը: Աստված իր սուրբ բնակավայրում. որպեսզի չկարծեն, թե շարժվեց Աստված, այլ ամբողջվին մնաց այնտեղ և եկավ այստեղ կատարելապես:
7. Աստուած բնակեցուցանէ զմիակրօնս ի տան, և հանէ զկապեալս քաջութեամբ իւրով, սոյնպէս և զդառնացօղս, որ բնակեալ են ի գերեզմանս:
Աստված բնակեցնում է միակրոններին տան մեջ և իր քաջությամբ ազատում գերյալներին ու դառնացած գերեզմանաբնակներին:
Միակրոններին, այսինքն՝ միևնույն հավատքն ունեցողներին, նաև միակրոն է կոչում նրանց, ովքեր բոլորովին մերժում են հակառակությունը, և Աստված իր տան մեջ՝ եկեղեցում է բնակեցնում և վեր է բարձրացնում՝ իր քաջությամբ ազատելով գերիներին, ովքեր մարմնով կապված էին իրենց չար գործերին: Նույնպես նաև դառնացածներին, որոնց դժոխքում թողեց, այսինքն՝ դևերին և չափազանց չարերին, որ մարմնով գերեզմանում են բնակվում, իսկ հոգով դժոխքում են Աստծո հանդեպ մեռածները, որոնց աշխարհի վերջում փոխադրելու է այլ՝ առավել դաժան տանջանքների վայր: Դարձյալ՝ դժոխքից հանելու է կապված հոգիներին, ինչպես նաև դառնացածներին՝ Դադանին և Աբիրոնին, դառնացած անձանց և Մովսեսին, և բոլոր նրանց, ովքեր հոգով և մարմնով տանջանքների մեջ էին: Մարմնով գերեզմանում էին՝ այնտեղ, որտեղ դրվեցին, իսկ հոգով՝ դժոխքում, որոնց ազատեց Տերը՝ իջնելով դժոխք: Դարձյալ, նրանք, ովքեր անգիտության պատճառով սիրով կապված էին կուռքերի հետ, և դառնացողները՝ սպանողներն ու հերետիկոսները, ովքեր իրենց կամքով և գիտակցաբար դառնացրեցին Աստծուն, և առանց զղջալու գերեզման մտան, ապա հարություն են առնելու նորից տանջանքների ենթարկվելու համար:
8. Աստուած, ընդ ելանել քեզ առաջի ժողովրդեան քո. ընդ անցանել քեզ ընդ անապատ՝ երկիր շարժեցաւ:
Աստվա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջև, երբ անցար անապատով, ցնցվեց երկիրը:
Երբ ժողովուրդն անցնում էր Սինայի անապատով, ցնցվեց երկիրը, նույնպես, երբ արդարները դուրս բերվեցին դժոխքից, որ անապատ էր բարիների համար, հարության ժամանակ երկրաշարժ եղավ:
9. Քանզի և երկինք ցօղեսցին յերեսաց Աստուծոյ ի Սինէ՝ առաջի Աստուծոյ Իսրայէլի:
Եվ երկինքը ցող թափեց Սինայում՝ Աստծու շնորհիվ, Իսրայելի Աստծու առջև:
Ցողն այնտեղ մանանան էր, իսկ այստեղ՝ Սուրբ Հոգին, Հայր Աստծու անմերձենալի փառքը, իսկ Աստծու առջև, այսինքն՝ Քրիստոսի՝ վերնատանը, կենաց ցողն ու ավազանը, և հացն ու բաժակը մշտապես օրհնելով:
10. Անձրև կամաց պատրաստեցեր, Աստուած, ժառանգութեան քում. թէպէտ հիւանդացաւ, սակայն դու հաստատեցեր զնա, և գազանք քո բնակեսցեն ի նմա:
Ցանկալի անձրև պատրաստեցիր, Աստվա՛ծ, քո ժառանգության համար, որը թեև տկարացավ, բայց դու ոտքի կանգնեցրիր նրան: Եվ քո ժողովուրդը պիտի բնակվի նրա մեջ:
Ցանկալի անձրև տեղացրին ամպերը, որոնք էին. առաքյալները, մարգարեները, վարդապետները, քահանաները, սարկավագները, ովքեր Աստծո կամքի կատարողն էին: Թեև հիվանդացավ մեր բնությունը Ադամի պատճառով, սակայն դու քո գալստյամբ վերստին ամրապնդեցիր: Դարձյալ՝ հալածանքների պատճառով եկեղեցին հիվանդացավ, սակայն դու զորացրիր, երբ թագավորները քրիստոնյա դարձան: Գազաններն առաքյալներն են, որ մի կողմ թողնելով վայրենությունը, Պետրոս և Պողոս կոչվեցին, և բնակվում են եկեղեցում: Դարձյալ, այն անմարմիններին, որ Եզեկիելը տեսավ գազանների կերպարանքով, այստեղ են բնակվում, որովհետև այնտեղ, որտեղ Տերն է բնակվում, ինչո՞ւ չեն կարող նրանք բնակվել:
11. Պատրաստ արարեր քաղցրութեամբ քո աղքատի, Աստուած. Տէր տացէ զբան, ոյք աւետարանեն զօրութեամբ բազմաւ:
Աստվա՛ծ, քո քաղցրությամբ պատրաստություն տեսար աղքատի համար: Տերը պատգամ պիտի տա նրանց, ովքեր մեծ զորությամբ ավետիս են տալիս:
Սկզբում մեր աղքատ բնությանը մարգարեների միջոցով պատրաստեցիր, որ կորցրել էր պատգամը և հավասարվել անասուններին: Տերը պատգամ պիտի տա. Սուրբ Հոգու միջոցով հաղորդելով վերնատանը, ինչն ավետարանելու են առաքյալները՝ նշանների և շնորհի միջոցով:
12. Թագաւոր զօրութեանց սիրելւոյ, զգեղեցկութիւն տան քո բաժանեալ յաւարի. թէպէտ և ննջեսջիք ի մէջ վիճակաց:
Սիրելիիդ զորքերի թագավո՛ր, քո տան գեղեցկությունը մատնվեց ավարի: Թեկուզև ննջեք կալվածքների մեջ:
Թագավորը Քրիստոսն է, զորքերը՝ հրեշտակները, սիրելին՝ եկեղեցին, գեղեցկությունը՝ տաճարը, որ գեղեցկացավ Գոգի ավարից, ինչպես նաև Քրիստոսասեր թագավորներն ու զորքերը, որ զարդարում են եկեղեցին ավարով: Նաև Սուրբ Հոգու զանազան շնորհներն են եկեղեցու գեղեցկությունը: Թեև շնորհները բաժանվում են, սակայն Հոգին նույնն է: Ավար ասելով նկատի ունի առատ պարգևները: Նաև առաքյալները բաժանվեցին ամբողջ աշխարհով մեկ, թեև նրանք ննջեցին իրենց կալվածքների մեջ, սակայն դրանք իրենց անուններով կոչվեցին:
13. Թևք աղաւնւոյ արծաթապատ, և թիկնամէջք նորա ի գոյն ոսկւոյ:
Արծաթապատ թևերով և ոսկեգույն թիկնամեջով աղավնի կլինեք:
Այն տեսքով, որով իջավ Հորդանան՝ ցույց տալով իր արծաթապատ թևերը, այսինքն՝ մարգարեներին, և թիկնամեջը, այսինքն՝ առաքյալներին՝ առավել աստվածանման, իսկ թիկնամեջ է ասում առաքյալների անտեղյակությունը, որ չգիտեին և շատ բաներ ծածկված էր իրենցից, ինչպես Պողոսն էր, որ երրորդ երկինք տարվեց (տե՛ս Բ. Կորնթ. 12:2):
14. Ի գումարել երկնաւորին զթագաւորս ի վերայ նորա, ձիւնասցին ի Սաղմովն:
Երբ երկնավորը թագավորներին հավաքի այնտեղ, նրանք ձյան պես կթափվեն Սաղմոն լեռան վրա:
Երկնավոր Քրիստոսը առաքյալներին հավաքեց վերնատանը, և ապա՝ երկրի վրա, ինչպես նախ Գոգին՝ Երուսաղեմի վրա, և գազաններին, և ապա ավետարանիչներին, իսկ այժմ՝ թագավորներին՝ հրամայող դևերին և ցավերին: Ձյան պես կթափվեն, նախ այնտեղ սպիտակափայլ եղան մարմնով Գոգի ավարից, իսկ այստեղ՝ Սուրբ Հոգու պարգևների շնորհիվ, իսկ աշխարհի վերջում՝ հոգով և մարմնով, երբ արեգակի պես ծագելու են արդարները: Սաղմոնի վրա, այսինքն՝ Երուսաղեմի:
15. Լեառն Աստուծոյ լեառն պարարտ, լեառն մածեալ, և լեառն պարարտ. և զի՞նչ կարծէք լերինք հպարտացեալք:
Աստծու լեռը պարարտ լեռ է, հաստատուն լեռ և պարարտ լեռ: Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ եք նախանձում այն լեռանը:
Լեռը եկեղեցին է իր հաստատունությամբ, հաստատուն է լեռը, որտեղ հարյուրապատիկ, վաթսուն, երեսուն և ամեն կարգի պտուղ է տալիս (հմմտ. Մատթ. 13:8): Հաստատուն լեռ. հեղուկ էր մեր բնությունը՝ կաթի պես, մինչև որ ընդունեց Սուրբ Հոգուն որպես մակարդ և մածուն դարձավ, և անդամները միավորվեցին Տիրոջ գլխի հետ: Եվ պարարտ լեռ, երբ նահատակները աճեցին: Եվ ի՞նչ եք նախանձում. Սիմաքոսը տգեղ լեռներ դևերին է անվանում: Այլ օրինակներում այսպես է. Սաղմոն Աստծո լեռ, լեռ Բիշան, որ Հորդանանի արևմուտքում է գտնվում, ինչպես որ Սաղմոնը՝ Արևելքում, իսկ մեջտեղում Հորդանանն է: Սաղմոնը հատուցումն է, արդարների լույսը, ովքեր պահում են մկրտության շնորհները, իսկ Բիշանը խավար է կոչվում, ովքեր ավազանի լույսից խավարում են իրենց գործերի պատճառով:
16. Լեառն, ընդ որ հաճեցաւ Աստուած բնակել ի նմա. քանզի և Տէր իսկ բնակեսցէ ի նմա իսպառ:
Այն լեռանը, որտեղ բարեհաճեց բնակվել Աստված, և Տերն իսկ բնակվելու է այնտեղ հավիտյան:
Բնակվել եկեղեցում, քանզի Տերն իսկ կբնակվի խաչի մեջ, եկեղեցու և սրբերի, և քանի որ բարեհաճեց այնտեղ բնակվել, այլևս չի հեռանա, այլ բնակվեց, բնակվում է և կբնակվի, ինչպես որ մի այլ տեղում ասում է. «Այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա» (Սղմ. 131:14):
17. Կառք Աստուծոյ բիւրապատիկք, հազարք ուղղիչք, և Տէր ի նոսա ի Սինէ սրբութենէ իւրմէ:
Աստծու կառքերը բյուրապատիկ են՝ հազարավոր կառավարներով, որոնց մեջ է Տերն իր սուրբ Սինայից:
Ոչ միայն այն վեց հարյուր հազարը, որ ելան Եգիպտոսից նույնքան անմարմին կառքերով, այլև արդարներն անթիվ են՝ խաչին, եկեղեցուն և հրեշտակներին մոտ, և այդքանով էլ ուղղորդում են մարդկանց դեպի հավատքի գործերի և նրանց միջոցով պաշտվում է Տերը: Դարձյալ հազարավոր կառավարները վարդապետներն են, որ ուղղորդում են պաշտամունք մատուցելով և խրատելով: Դարձյալ հազարավոր կառավարներ, ըստ այնմ, թե. «Հազար-հազարավորներ պաշտում էին նրան» (Դանիել 8:10), և նրանց մեջ էր Տերը՝ լինելով անսահման: Սինայից, որն անմերձենալի է, անմերձենալի լույս, որտեղից խոնարհվում է Տերը:
18. Ել ի բարձունս` և գերեաց զգերութիւն. առ աւար, բաշխեաց պարգևս և ետ որդւոց մարդկան, քանզի թերահաւատից ևս բնակեալ եղիցի ի նմա:
Նա ելավ բորձունքներն ու գերեվարեց գերությունը. ավար առավ, պարգևներ բաշխեց ու տվեց մարդկանց որդիներին, որ թերահավատներն անգամ բնակվեն այնտեղ:
Ելավ բարձունքները, այսինքն՝ խաչի վրա և երկինք: Ելնելը իջնելն է ցույց տալիս, նախ իջավ, և ապա ելավ: Ավար առավ Հորից, երբ գերեվարեց գերիներին սատանայից, և այն Հոգին, որ Հորից է ելնում, բաշխեց գերիներին՝ չհիշելով առաջին թերահավատությունը: Դարձյալ ոչ թե բոլորովին անհավատներն են եկեղեցու մեջ, այլև թերահավատներն ու տգետները:
19. Տէր Աստուած օրհնեալ, օրհնեալ Տէր զօրհանապազ, առաջնորդեսցէ մեզ Աստուած փրկիչ մեր:
Օրհնյալ է Տեր Աստվածը, օրհնյալ է Տերն ամեն օր. Աստված, Փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ:
Ամեն օր պետք է օրհնաբանել այդքան բարիքներ տվողին՝ կրկնակի կյանքի և երկու աշխարհների համար. այն, որ եկավ և գալու է, և Սուրբ Հոգին, որ առաջնորդում է մեզ ամեն տեսակ բարիքների:
20. Աստուած մեր Աստուած կենարար, և ի Տեառնէ են ելք մահու:
Աստված մեր կենարար Աստվածն է, և Տիրոջ ձեռքում է ելքը մահվան:
Ով ասաց. «Ով հավատում է ինձ, կապրի» (Հովհ. 11:25): Տիրոջ ձեռքով են ելնում հոգիները դժոխքից և մահվանից:
21. Բայց սակայն Աստուած փշրեսցէ զգլուխ թշնամեաց մերոց. և զհերն կարճնովին, որ գնան յանօրէնութեան իւրեանց
Սակայն Աստված պիտի փշրի մեր թշնամիների գլուխը և կարճամազ պիտի պահի նրանց, ովքեր ընթանում են իրենց անօրինությամբ:
Թշնամիների գլուխը կռապաշտությունն է և նույնը Հորդանանի իշխանի [կռապաշտության] գլուխն է: Կարճամազ, այսինքն՝ մանրակրկիտ քննելով հատուցելու է, կարճամազ ասելով նկատի ունի նաև անխոտորությունը, որն այնպես կոտրվեց, որ հնարավոր չէր բժշկել: Կամ կարճամազ, այսինքն՝ արմատով, քանզի մեռելոտի գործեր է քննում:
22. Ասաց Տէր. ի խորոց անդնդոց դարձուցից, և ի միջոյ ժանեաց զայն ի դուրս կորզեցից:
Տերն ասաց. «Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ և ժանիքների միջից դուրս կորզեմ նրան:
Հոգիները՝ դժոխքից: Եվ ժանիքների միջից. երկու մասի է բաժանում. նրանք, որ դժոխքի փորում են, և նրանք, որ ժանիքների մեջ են, այսնքն՝ դեռ մարմնում են, և նրա կամքն են կատարում: Նրանց է դուրս կորզելու, ովքեր զղջում են, և ցանկանում է [ազատել] նրանց, ովքեր ժանիքների մեջ են գտնվում:
23. Որպէս թացցի ոտն քո յարեան, և լեզուք շանց քոց յարենէ թշնամեաց քոց:
Այնպես որ ոտքդ արյան մեջ թրջվի, և քո շների լեզուները թրջվեն թշնամիներիդ արյունից:
Երբ խաչը բարձրացավ, թրջվեց նրա ոտքը, նաև երբ տրորեց թշնամիներին որպես հնձան, ապա իր արյունը թափեց: Եվ շների լեզուները՝ հեթանոսների, հռոմեացիների՝ հրեաների արյունից:
24. Երևեցան գնացք քո, Աստուած, գնացք Աստուծոյ թագաւորին մերոյ սրբոյ:
Երևաց քո երթն, Աստվա՛ծ, Աստծու՝ մեր սուրբ թագավորի երթը:
Կուսությամբ ծնունդը, մեռելներից հարությունը՝ կնքված վեմով, դժոխք իջնելը, վերնատուն գալը, երկինք համբարձվելը Աստծունն էր և մեր թագավորինը:
25. Կանխեցին իշխանք, հանել զօրհնութիւն ի մէջ կուսանաց և գովչաց:
Իշխաններն առաջ անցան օրհնություն մատուցելու կույսերի և գովերգուների մեջ:
Առաքյալներն առաջ անցան օրհնություն մատուցելու կույսերի մեջ: Հնում մարգարեները կույս երգիչների հետ, իսկ նորում՝ առաքյալները բազում կույսերի և գովերգուների հետ:
26. Յեկեղեցիս օրհնեցէ՛ք զԱստուած, և զՏէր յաղբերացն Իսրայէլի:
Խմբովին օրհնեցե՛ք Աստծուն, Տիրոջը՝ Իսրայելի աղբյուրների կողմից:
Անձեռակերտին, իմանալիին, անքննելիին, այստեղ՝ մարմնով, իսկ այնտեղ՝ մտքով: Իսրայելի աղբյուրները մարգարեներն ու առաքյալներն են:
27. Անդ Բենիամին ի տղայութեան զարմանալի, իշխանք Յուդայ առաջնորդք նորա ՝ իշխանք Զաբուղոնի, և իշխանք Նեփթաղիմա:
Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը, Հուդայի երկրի առաջնորդ իշխանները և Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները:
Պողոսն էր զարմանահրաշ մանուկը, որին Սիմաքոսը բռնավոր [է թարգմանում], Թեոդիտոն՝ անկիրթ և խռովարար, որովհետև հալածող էր: Նաև՝ զարմացավ այն ձայնից, որ ասաց. «Ինչո՞ւ ես հալածում ինձ» (Գործք 9:4): Հուդայի իշխանները՝ Տիրոջ եղբայր Հակոբոսը և Հովսեփի եղբայր Կղեովպասն են, Զաբուղոնի իշխանները՝ Հովհաննեսն ու Հակոբոսը, Նեփթաղիմի իշխանները՝ Պետրոսն ու Անդրեասը, որոնք այդ տոհմերից էին:
28. Հրամայեա՛, Աստուած, զօրութեամբ քով, զօրացո՛ զայս, զոր հաստատեցեր ի մեզ:
Հրամայի՛ր, Աստվա՛ծ, քո զորությամբ, զորացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մեջ:
Առաքյալներն են ասում. հրամայի՛ր երկարել մեր ձեռքը բժշկությունների և նշանների համար: Ինչ հաստատեցիր մեր մեջ. այսինքն՝ քարոզչությունը:
29. Ի տաճարէ քումմէ յԵրուսաղեմէ, քեզ մատուսցեն թագաւորք զպատարագս:
Երուսաղեմի քո տաճարից թագավորները թող ընծաներ մատուցեն:
Եկեղեցում բոլոր թագավորները թող ընծաներ մատուցեն Աստծուն:
30. Սաստե՛ա ի գազան եղեգան, ի ժողովս զուարակաց, և ի դասս երնջոց:
Սաստիր եղեգնուտի գազանին՝ ցուլերի և երինջների երամակներով հանդերձ:
Եղեգնուտի գազանը դևերն են, որ տկարների մեջ են զորանում և բնակվում: Ցուլերի երամակներով, այսինքն՝ հրեաների առաջնորդներով հանդերձ: Երինջների երամակներով, այսինքն՝ նրանց կանանցով հանդերձ, քանզի քահանաները թողնելով օրենքի լուծը, կանանց հետ էին մեղկանում:
31. Խոտեսցին այնոքիկ, որ ընտրեալ են արծաթով, ցրուեա՛ զհեթանոսս և ոյք կամին ընդ պատերազմ:
Թող արհամարհվեն նրանք, ովքեր ընտրվել են արծաթով: Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին:
Հուդան և զինվորները, և նրանք, ովքեր ընտրվում են արծաթով՝ Աստծուց պիտի մերժվեն: Ցրի՛ր հեթանոսներին. հալածող թագավորներին, ովքեր պատերազմ են սիրում:
32. Եկեսցեն հրեշտակք յԵգիպտոսէ. հնդիկք յառաջագոյն ձեռնտու լիցին առ Աստուած:
Եգիպտոսից պատգամավորներ պիտի գան, և հնդիկներն ավելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն:
Մոգերը և եթովպացի ներքինին: Հնդիկներն ավելի առաջ ձեռք պիտի մեկնեն Թովմասի շնորհիվ, և նախ ներքինու միջոցով Աստծուն ձեռք մեկնեցին և ազատվեցին մահվանից:
33. Թագաւորութիւնք երկրի, օրհնեցէ՛ք զԱստուած, և սաղմոս ասացէք Տեառն:
Աշխարհի՛ թագավորներ, օրհնեցե՛ք Աստծուն, և սաղմո՛ս երգեցեք Տիրոջը:
Բոլոր սրբերը, որ հանուն Քրիստոսի հալածվեցին, քանզի նրանցն է արքայությունը:
34. Ճանապարհ արարէք այնմիկ, որ նստի յերկինս երկնից ընդ յարևելս:
Ճանապարհ բացեք նրա համար, որ նստում է երկինքների երկինքներում, արևելյան կողմում:
Նախ արևմուտքում էր Տերը և հոգ էր տանում, մինչև որ հավատացին, և ուղղվեցին դեպի արևելք և դարձան երկինքների երկինք՝ ունենալով Աստծուն: Նաև, որ նստում է Հոր աջ կողմում, ճանապարհ հարթեք և սպասեք նրա գալստյանը, որ մեծ փառքով գալու է արևելքից:
35. Ահա տացէ զձայն իւր ի ձայն զօրութեան. և տո՛ւք զփառս Տեառն:
Ահա նա ձայն պիտի տա, ձայնն իր զորության: Փառք տվեք Տիրոջը:
Սուրբ Հոգին նախ պիտի գա սաստիկ հողմով, որին փառք տվեք ինչպես Աստծուն:
36. Ի վերայ Իսրայէլի մեծ վայելչութիւն նորա. զօրութիւն նորա մինչև յամպս երկնից:
Նրա մեծ վայելչությունն Իսրայելի վրա է, իսկ զորությունը հասնում է մինչև երկնքի ամպերը:
Այնտեղ էր վայել գալ՝ Իսրայելի վրա, իսկ նրա զորությունը հասնում էր մինչև մարգարեները, ովքեր գիտեին և նրա գալստյան ավետիսն էին տալիս, ինչպես որ ասում է. «Սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա» (Հովել 2:27):
37. Սքանչելի է Աստուած ի վերայ սրբոց իւրոց, Աստուած Իսրայէլի:
Սքանչելի է Աստված իր սրբերի մեջ. նա Աստվածն է Իսրայելի:
Սուրբ Հոգին՝ առաքյալների մեջ, և օտար չէ, նա է Իսրայելի Աստվածը:
38. Նա տացէ զօրութիւն հաստատութիւն ժողովրդեան իւրոյ. օրհնել է Աստուած:
Իր ժողովրդին հաստատ զորություն պիտի տա. օրհնեալ է Աստված:
Հրաշագործությունների զորությունը, նեցուկն իր հավատացյալ ժողովրդին: Աստված է այսքան հրաշագործը, որ օրհնյալ է հավիտյան:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը