12 Հոկտեմբեր, Շբ
Ի կատարած իմաստության սաղմոս Դավթի: Այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկավ պատմեց Սավուղին, թե ահա Դավիթն Աքիմելիքի տանն է:
Դովեկը, որ Եսավի որդիների՝ եդոմայեցիների մոտից էր եկել Սավուղի մոտ և թլփատվել էր և հաճոյացել նրա առաջ, մատնում է Դավթին՝ ասելով, թե նա եկել է Աքիմելիքի մոտ և նրանից հաց ու սուր վերցրել և հարցրել Տիրոջից: Սավուղը բարկանում է և Դովեկին հրամայում կոտորել երեք հարյուր հինգ քահանայի, այդ ժամանակ Դավիթը երգում է և ասում.
1. Զի՞ պարծիցի ի չարութեան հզօր՝ զանօրէնութիւն. զօրհանապազ զանիրաւութիւն խորհեցաւ ի լեզուի իւրում:
Ինչո՞ւ է հզորը պարծենում չարությամբ և անօրենությամբ: Գիշեր-ցերեկ նա անիրավություն նյութեց իր լեզվով:
Որ իր համար նախատինք է և կորստյան պատճառ: Եվ ունի նորից՝ Եզեկիայի չարչարանքները, որով պարծենում էր Ռափսակը, իսկ այստեղ՝ Սավուղն ու Դովեկը: Հզորը՝ անօրինությամբ. անօրինությունը զենք է դարձրել, գիշեր-ցերեկ նյութելով իր լեզվով:
2. Որպէս ածելի սուր՝ սրեաց զնենգութիւն, սիրեաց զչարութիւն քան զբարութիւն. զանօրէնութիւն քան զխօսս արդարութեան:
Սուր ածելու նման նենգությունը սրեց: Բարությունից ավելի չարություն սիրեց և արդար խոսքից ավելի՝ անօրինություն:
Մատնիչ Դովեկը սրեց այն նենգությունը, որ ուներ Սավուղը Դավթի հանդեպ և սիրում էր այդ, ինչպես որ սատանան՝ անօրինությունը, արդար խոսքից առավել, որ քահանան ասաց, թե չեմ մեղանչել:
3. Սիրեաց նա զամենայն խօսս կործանման, և զլեզուս նենգաւորս:
Սիրեց նա ամեն տեսակ կործանարար խոսքեր և նենգ լեզուներ:
Նաև դրանով իրեն կործանեց: Եվ նենգ լեզուներ [ասելով նկատի ունի] Դովեկին և զիփացիներին:
4. Վասն այսորիկ Աստուած կործանեսցէ զնա իսպառ, խլեսցէ և հանցէ զնա յարկաց իւրոց, և զարմատս նորա յերկրէն կենդանեաց:
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, կխլի և կհանի նրան իր օթևանից, և նրա արմատները՝ ողջերի երկրից:
Սենեքերիմին, Սավուղին՝ թագավորությունից, որ սատանային է պատշաճում, և որ Քրիստոսը կործանեց օթևանից՝ խլելով իր տեղից, իսկ այստեղ՝ կախարդներից: Եվ նրա արմատները, որպեսզի այլևս ոչ ոք չլինի նրանց նման: Ողջերի երկրից, որտեղ կենդանի Աստվածն է պաշտվում:
5. Տեսցեն արդարք և երկիցեն, զնովաւ ծիծաղեսցին, և ասասցեն:
Արդարները կտեսնեն և կվախենան, կծաղրեն նրան ու կասեն.
Կտեսնեն նրա պատիժը և կվախենան, ինչպես որ առակում է ասվում, թե «Անզգամի պատիժը տեսնելով՝ անմեղն ավելի խելացի է դառնում» (Առակ. 19:25): Կծաղրեն նրան. հրեշտակները՝ սատանային, քանզի նրանց խաղալիքն է: Թեև Դավիթն այդպես չարեց, այլ սգաց նրա վրա, սակայն ոմանք կային, որ ասացին.
6. Այս այր է, որ ո՛չ արար զԱստուած իւր օգնական, այլ յուսացաւ սա ի բազում մեծութեան իւր, և զօրացաւ ի նանրութեան իւրում:
«Սա է այն մարդը, որն Աստծո օգնությանը չապավինեց, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր ունայնությամբ»:
Եզեկիան Սենեքերիմի համար ասաց, իսկ Դավիթը Գողիաթի, քանզի Գողիաթն իր զորության վրա հույս դրեց, իսկ Սենեքերիմը՝ իր զորքերի:
7. Այլ ես որպէս ձիթենի պտղալից ի տան Աստուծոյ. յուսացայ յողորմութիւն Աստուծոյ յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից:
Իսկ ես Աստծո տան պտղաբեր ձիթենու նման եմ. հավիտյան և հավիտյանս հավիտենից հույսս դրի Աստծո ողորմության վրա:
Ձիթենու պես են՝ առատ պտուղներով և տերևներով, քանզի այստեղ և այնտեղ փառավորված են բոլոր արդարները, մարգարեները, առաքյալները և սրբերը, որոնց ցանկանում է նմանվել և այդպես էլ եղավ:
8. Խոստովան եղէց քեզ Տէր յաւիտեան, զի արարեր, և համբերից անուան քում, զի քաղցր ես առաջի սրբոց քոց:
Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար և հույսս պիտի դնեմ քո անվան վրա, քանզի բարի ես սրբերիդ հանդեպ:
Որ իմ դատաստանը տեսար: Հույսս պիտի դնեմ քո անվան վրա, որովհետև երկայնամիտ ես կոչվում և մենք էլ պետք է համբերենք: Քանզի բարի ես սրբերիդ հանդեպ. ինչպես Դավթի, Եզեկիայի, Քրիստոսին հավատացողների, նաև ոչ սրբերի [հանդեպ], ինչը, սակայն, հայտնի չէ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը