25 Նոյեմբեր, Բշ
Պատկերագրության մեջ Սամսոնի պատկերներում մակերեսի ձևի միջոցով շեշտվում է այն փաստը, որ նա ուժեղ մարդ է: Սակայն կան և այնպիսի դեպքեր, երբ չափերի տարբերությունները չեն կարող բացատրվել և դրա ամենազարմանալի օրինակը կարելի է համարել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի վրա փորագրված Քրիստոսի դիմապատկերը, որը փոքր է Գագիկի դիմապատկերից: Դա ակներևաբար սխալ է, մի սխալ, որը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ բոլոր դիմապատկերները փորագրվում էին տեղադրվելուց առաջ: Աղթամարի պատկերաշարքում շարժում քիչ կա նույնիսկ այնտեղ, որտեղ գործողություն է կատարվում: Այս պատկերաշարքի մեջ, Սամսոնի հարվածի դեմ փղշտացու ձեռքի շարժումն է միայն, որ ցուցաբերում է ռեալիստական մոտեցում: Հագուստները ներկայացված են ընդհանուր գծերով: Իրար ծածկող ծալքերը խիստ հարթեցված տեսք ունեն: Դրանք փորագրված են երկար, անընդմեջ գծերով, որոնք համարյա ուրվագծում են սրունքի ձևը: Այլ տեղերում ծալքերի միջև եղած տարածությունը ծածկված է կոր գծերի շարունակական հերթականությամբ, որը ստեղծում է գեղեցիկ զարդանախշի տպավորություն: Չնայած ոճավորմանը և կեցվածքների հավասարակշռությանը, դիմապատկերներից շատերը օժտված են մեծ կենսունակությամբ, որը մասամբ արդյունք է մշակման համարձակության, մասամբ էլ՝ նրանց մեծ, նշաձև աչքերով դեմքերի խիստ արտահայտության: Ս. Խաչ եկեղեցու կոմպոզիցիայում շեղում է նկատվում ինչպես ընդունված տիպարներից, այնպես էլ բիբլիական տեքստից: Երկու ձեռքով առյուծի երախը պատռելու փոխարեն «Նա ուլ ճեղքելու պես նրան ճեղքեց, ու ձեռքին մեջ բան չկար» (Դատավորներ 14:6): Սամսոնը փորձում է կենդանուն գլխատել դանակով, իսկ կորյունը, որը պիտի մռնչալով նրա դեմ ելներ, այստեղ խաղաղ նստած է Սամսոնի առաջ:
Ուշագրավ է Սամսոնի և առյուծի գուպարման դրվագը, որում լուսաբանելի է խորհրդաբանական հետևյալ զուգահեռը՝ Եղիշեի մեկնաբանությամբ. «հին առյուծ (սատանա)=Նոր Առյուծ՝ «կորիւն առիւծու», Սամսոն (Քրիստոս)»: Այս զուգահեռի առաջին երկու հակադիր բաղադրիչների մասին կարդում ենք Եղիշեի երկում. «Եւ անդ էր շնապէս մի յառիւծուց, գոչեաց և յարձակեցաւ ի վերայ նորա: Առիւծ առիւծոյ պատահեցաւ մինն հինաւուրց՝ լի չարութեամբ, և մինն այն, իսկ կորիւն առիւծու մատաղ աւուրց և լի երկնաւոր զօրութեամբն: Հին առիւծն գոչէր մեծաձայն՝ ահ արկանելով մատաղ կորեանն, իսկ նա զօրութեամբ մռնչէ՝ քամահրելով զանոյժ բանս և փափուկ մարմնով հեղձուցանէր: …Բազում գունդք դիւացն ընդ նմա եկեալ յօգնականութիւն եկին մտին յառիւծն գազանացեալ մռնչեաց ընդդէմ եօթնագիսակ մանկանն: Իսկ նա, իբրև զուխտաւոր քահանայ, զաջն ձեռն դնէր ի վերայ գլխոյն և զահեակն արկանէր զներքին կզակաւն, ի գիրկս իւր առեալ, հեղձուցանէր զեևակի սրտմտութիւնն և թմրեցուցեալ զանմահ չարութիւնն ընդ նմին և զշունչ գազանին քաղեալ հանէր… ոչ բրաւ ջախջախեալ և սրով հատեալ զգեղեցիկ բնութիւն առիւծոյն ոչ ապականէր, որ էր խորհուրդ բոլոր աշխարհիս»: Վկայաբերված հատվածով բացահայտվում է առաջին բաղադրիչի բազմաշերտ այլաբանությունը. դիվաբնակ առյուծը ոչ միայն չարիքը («զերևակի սրտմտութիւն») մարմնավորող սատանան է, այլև «խորհուրդը» «բոլոր աշխարհիս»: Եթե հին առյուծն, իբրև բացասական սկիզբ չարիքի (հմմտ. Ա Պետրոս 5:8. «Արթուն և պատրաստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա»), ապա երկատված, բայց բնությամբ չաղարտված Առյուծը տակավին ամբողջովին չապականված աշխարհի խորհրդանիշն է: Այսպիսով, հին առյուծը ներկայանում է որպես երկիմաստ խորհրդանշան: Երկրորդ զուգահեռի (Նոր Առյուծ=Սամսոն=Քրիստոս) բաղադրիչները, մեկնաբանական հայտնի զուգորդմամբ, նույնանում են: Սակայն արժեքաբանական այդ նույնացումը, ինչպես նախորդ դեպքում, լիակատար չէ: Այլաբանական զուգորդմամբ պայմանավորված այդ ընդհանրությունը իր տեղը զիջում է գոյաբանական տարբերությանը. «Անզէն Սամսոն յաղթեաց և սպան զառիւծն գազան: Զէն ի ջուրց զգեցաւ երկրորդ Ադամ (Քրիստոս), կապեաց ընկեաց զագս մարդկան: Սամսոն զմահ առիւծուն ոչ յայտնեաց ծնողաց իւրոց. Տէր մեր յայտ յանդիման քարոզեաց զբեկումն անմահ առիւծուն և մեզ տուաւ իշխանութիւն տկար մարմնով կոխել դաժանութիւն նորա»: Այս տողերը արձագանք-մեկնաբանումն են Քրիստոսի «Քաջալերեցարուք, զի ես յաղթեցի աշխարհի» (Հովհ. 16:33) խոսքի, որում «Աշխարհ»-ը խորհրդաբանորեն նույնանում է «հին առյուծ=սատանա» զուգահեռին: Ինչպես Սամսոնը հաղթեց առյուծին, այնպես էլ Քրիստոս՝ սատանային (որ անձնավորումն է «Աշխարհ աշխարհայինի»): «Հինկտակարանային Առյուծ՝ Սամսոն-Նորկտակարանային Առյուծ՝ Քրիստոս-առյուծ՝ սատանա» զուգահեռը դրսևորում է խորհրդանշանի իմաստային բազմաշերտությունը: Մի դեպքում Առյուծը անկատար (Սամսոն) ու կատարյալ (Քրիստոս) բարու, մյուս դեպքում չարի (սատանա-աշխարհ-աշխարհային) խորհրդանիշն է: Ըստ երևույթին խորհրդաբանական այս ընկալումն է ընկած ինչպես խաչելության պատկերագրության մեջ հանդիպող խաչյալ Քրիստոսի ոտքերի տակ, այնպես էլ վաղ քրիստոնեական դամբանաքարերի վրա առյուծի պատկերման հիմքում: Այն նոր Առյուծի՝ Քրիստոսի հին առյուծի՝ սատանայի նկատմամբ տարած հաղթանակի, ինչպես նաև՝ հարության խորհրդանիշն է:
Իմացաբանական նույնության և գոյաբանական տարբերության համատեղումը այլաբանական մեկնության կարևոր առանձնահատկությունն է: Այն արտահայտվում է, «Մեղուներ-առաքյալներ» զուգահեռով դրսևորվող պատկերում: Երկատված առյուծի մեջ մեղր պատրաստող մեղուները (Դատավորներ 14:8) նմանվում են առաքյալներին: Սակայն այդ նմանությունը ամենևին էլ չի ենթադրում կատարյալ նույնություն: Ինչպես մեղուներն են նորոգում առյուծին՝ նրա մեջ մեղր պատրաստելով, այնպես էլ առաքյալներն են, Ս. Հոգու մեղրով նորոգում «զմեռեալ առիւծն», որ, ինչպես տեսան, մեղավոր աշխարհի խորհրդապատկերն է: Այսօրինակ նմանությունն իր զուգորդական բնույթով իմացաբանական է: Սակայն վերջինս հավասար իրավունքով սահմանակցում է գոյաբանությունը, եթե մեղուները կարող են լոկ իրենց «զգավառին վայրօք ևեթ…շրջել» և «զառօրեայ» փոշի ծաղկանցն ի նիւթ» հավաքել, ապա առաքյալները, լինելով «անթևք և թևավորք՝ զհեռաստանն իբրև մօտաւորս մեղրագործեցին», այսինքն՝ որևէ վայրով չսահմանափակվելով, աշխարհի չորս ծագերը գնացին և «պատուական» ծաղկանց (Ս. Հոգու) մեղրով «զհին աշխարհս նորոգեցին»:
Սամսոնի յոթնագիսակը (մազերի յոթ մասի բաժանված լինելը) Եղիշեն նմանեցնում է արարչագործման պսակ հանդիսացող յոթերորդ օրվան: Սամոսնի յոթնագիսակը, իր խորհրդական թվով հայտանշումն է նաև Ս. Հոգու յոթ հատկանիշների: Յոթնագիսակի յուրաքանչյուր ճյուղը Ս. Հոգու «եօթնարփի» շնորհների խորհրդանիշն է. իմաստություն, բանականություն, խորհուրդ (խորհրդազգածություն), հզորություն, գիտություն, բարեպաշտություն, աստվածավախություն: Քանի դեռ այս շնորհները առկա են, մարդը կատարյալ է, սակայն երբ սրանցից որևէ մեկը բացակայում է, նա դիտվում է իբրև պակասավոր, խեղված, իսկ երբ բացակայում են բոլորը, վրա է հասնում հոգևոր մահը: Սամսոնի յոթնագիսակը նման է արարչական շաբաթին, որ ժամանակի նախասկիզբն է:
Կազմեց Գայանե Սուգիկյանը