Գրքեր

Սաթենիկ Սիմոնյան` Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի

- Հարգարժան Սաթենիկ, ո՞րն է Զորավոր տիկնանաց միության նպատակն ու առաքելությունը:

- Տիկնանց միությունը եկեղեցի հաճախող կանանց կողմից ստեղծված միություն է, որի նպատակը մարդկանց ու եկեղեցու միջեւ կապի ստեղծումն ու ամրապնդումն է: Հատուկ մոտեցում եւ ուշադրություն է պետք ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր շեղվել կամ հեռացել են եկեղեցուց, ու նպաստել, որ նրանք գան դեպի ճիշտ ուղի: Մեր բոլոր քայլերն ուղղված են եկեղեցու բուն նշանակության եւ պահպանման խնդիրներին, քանզի մարդկային մտքի նույնիսկ ամենաչնչին շեղվածությունն անպայման ունենում է իր հետեւանքները: Մեր նպատակը նաեւ մարդկանց եկեղեցական կյանքին հաղորդակից դարձնելն է` հետեւողական եւ սրտացավ վերաբերմունքի ու մոտեցման շնորհիվ: Երբեմն լինում են դեպքեր, երբ մարդն իրեն համարում է հավատացյալ, սակայն չի հաճախում եկեղեցի ու չի մասնակցում արարողություններին: Նաեւ պատահում է ճիշտ հակառակը, երբ եկեղեցի այցելողը հաճախ չի գիտակցում դրա բուն իմաստը: Այստեղից հետեւություն, որ պետք է նաեւ համախմբել եկեղեցի այցելողներին եւ կազմակերպել նրանց հոգեւոր կյանքն ու մոտեցնել հոգեւոր արժեքներին, եկեղեցու խորհրդին: Միության կազմակերպած յուրաքանչյուր միջոցառում, լինի դա մշակութային թե հոգեւոր, ծառայեցվում է հենց այս նպատակին: Ի դեպ նշեմ, որ թե Տիկնանց միության եւ թե Ծխական խորհրդի անդամները եւ հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ու մյուս հոգեւորականներն իրական նվիրյալներ են, համախմբված, սրտացավ, իրենց աշխատանքին մշտապես հետեւողական, ներելու, համբերելու եւ Աստծուն ապավինելու իմաստությամբ օժտված անձիք:

- Խոսենք կատարված աշխատանքների մասին, ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում միությունը:

- Ցավոք սրտի, մենք չունենք նախադեպեր, որպեսզի դրա հիման վրա կարողանանք կազմակերպել միության աշխատանքները, եւ այս պատճառով ամեն ինչ սկսում ու փորձում ենք մաքուր էջից: Արդեն մեկ տարի է, ինչ ստեղծվել է միությունը, եւ նշեմ, որ սկզբնական փուլում դժվարությունները շատ էին, ու այժմ էլ դեռ շարունակվում է վերջնական կազմավորման ընթացքը: Նախագծման շրջանում պարզ դարձան այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է կազմենք ու իրագործենք մեր ծրագրերը, դրանք են` բարեգործական, մշակութային, առողջապահական, իրավագիտական, խորհրդատվական, եւ այս ուղղություններով ստեղծվել են համապատասխան խմբեր: Օրինակ, կան մարդիկ, ովքեր շատ հաճախ առողջապահական կամ իրավաբանական խնդիրների հետ առնչվելու ժամանակ խճճվում ու չեն կարողանում կողմնորոշվել, թե ում դիմել եւ ինչից սկսել: Նման դեպքերում մեր աշխատախմբերը խորհրդատվության միջոցով նրանց կօգնեն արագ ու ճիշտ ընտրություն կատարել: Ի դեպ, մեր մասնագետները եկեղեցական համայնքի պատրաստակամ անձինք են: Ցանկանում եմ առանձնացնել բարեգործության ուղղությունը, քանզի այն առավել ընդգրկուն է եւ նախատեսում է այցելություններ ոչ միայն ծերանոցներ, մանկատներ, զինվորական հիվանդանոցներ, այլ նաեւ ուխտագնացությունների կազմակերպում անապահով ընտանիքների անդամների համար: Այս տարի նախատեսել ենք հիմնել նաեւ մանուկների եւ պատանիների միություն, թատերական խմբակ, որտեղ երեխաները հոգեւոր դաստիարակության հետ մեկտեղ կսովորեն հուլունքագործություն, հելունագործություն, նկարչություն եւ ձեռքի աշխատանքի այլ հմտություններ: Մենք նաեւ ունենք մի շարք ներգրավվածության ծրագրեր, քանզի եկեղեցին բաց կառույց է, ու յուրաքանչյուր անհատ կարող է դիմել մեր աջակցությանը` լինի հասարակ քաղաքացի, մտավորական թե հասարակական գործիչ: Այս նպատակով կազմակերպվում են հանդիպումներ քահանաների հետ՝ հարց ու պատասխանի տեսքով, եւ նրանք, ովքեր կունենան խնդրահարույց կամ անհասկանալի թվացող հարցեր, կապված հոգեւոր կյանքի հետ, կարող են դիմել եկեղեցի եւ ստանալ սպառիչ պատասխաններ` առողջ մթնոլորտի եւ քննարկման արդյունքում: Ինչպես ասում են, սերմն ընկնում է, իսկ աճեցնողն Աստվածն է: Ես միշտ հանգիստ եմ բոլոր հարցերում, քանզի տնօրինությունն Աստծունն է, Նրանից առավել ոչ ոք չի կարող մտահոգ լինել, քանի որ Նա է ստեղծել աշխարհը եւ հոգ է տանում մեր մասին: Աստված պահանջում է մեզանից կատարել մեր հասանելիքը, իսկ մնացյալն ինքը կհոգա, եւ եթե մարդ ունի շնորհ, ապա պետք է աշխատի իր ուժերի ներածին չափով:

- Նման նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, եւ յուրաքանչյուրս պետք է իր լուման ներդնի այս գործում…

- Իհարկե, յուրաքանչյուր նախաձեռնություն պահանջում է որոշակի ֆինանսավորում, եւ ցանկալի է, որ ունենանք հատուկ գումարային ֆոնդ, որի միջոցով կկարողանանք աջակցել ու հոգալ կարիքավոր մարդկանց խնդիրները եւ իրականացնել մեր նախագծերը: Ես նաեւ անչափ կարեւորում եմ «Ավետիք» ներեկեղեցական եւ միջեկեղեցական ամսագրի տպագրման աշխատանքների վերսկսումն ու շարունակումը, որը ներդրումների կարիք ունի: Կարծում եմ՝ եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձ պետք է իր փոքրիկ ներդրումն ունենա:

- Ինչի՞ց եք վախենում:

- Ես վախենում եմ իմ աշխատանքի մեջ թերանալուց, քանի որ ես պատասխանատվություն եմ ստանձնել եւ ցանկանում եմ բարձր մակարդակով այն իրականացնել:

- Երջանիկ մարդ համարո՞ւմ եք Ձեզ:

- Այո:

- Արածների՞, թե՞ չարածների համար եք ափսոսում:

- Իհարկե, չարածների համար եմ ափսոսում, քանզի արածներն արդեն ժամանակի գիրկն են անցել, ծառայել են իրենց նպատակին, թերեւս այսքանով կատարելով իրենց առաքելությունը: Պետք է նայել առաջ եւ նոր մտքեր իրագործել, ու նաեւ հաճելի զգացում է, երբ քո կատարածի գնահատականը գալիս է հաստատելու, որ ճիշտ ուղու վրա ես:

- Հանդիպել եք Աստծուն, երեք ամենակարեւոր բան, որ կխնդրեք…

- Առաջին հերթին կխնդրեմ ազգիս համար հոգեւոր առողջություն, իմ մերձավորներին՝ հոգու ներդաշնակություն, եւ երրորդ` ազգի բարգավաճում:

- Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:

- «Պառլամենտ» ամսագրի ընթերցողներին մաղթում եմ հոգեւոր հասունություն, քանզի այն մի ճանապարհ է, որը երբեք չի վերջանում ու չի սահմանափակվում: Հենց դա է իմաստավորում մարդու կյանքն ու նպաստում նրա կայացմանը, երջանկացնում ու լուսավորում նրա ուղին, որի արդյունքում հասկանում ես, որ չես շեղվել քո իրական ճանապարհից:

 

Աղբյուրը՝ Պառլամենտ ամսագիր

24.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․