28 Դեկտեմբեր, Շբ
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող ամենաերկարատև պահեցողության՝ Մեծ պահքի շրջանում որոշ փոփոխություններ են տեղի ունենում եկեղեցում. փակվում է Սբ. Խորանի վարագույրը: Եկեղեցին դրախտի օրինակն է և Սբ. Խորանի վարագույրով փակվելը խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը: Երբ Աստված դուրս հանեց նրանց բերկրության դրախտից, հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները: Մեղքի պատճառով փակվեց մարդկանց առջև Երկնքի դուռը: Նախկինում Մեծ պահքի շրջանում փակվել է եկեղեցու դուռը, և հավատացյալները դռան առջև են աղոթել:
Մեծ պահքի ընթացքում փակ վարագույրով մատուցվող Սբ. Պատարագները հետևյալ տարբերություններն ունեն մյուս օրերին մատուցվող Սբ. Պատարագներից: Հրեշտակների փառաբանությունը խորհրդանշող քշոցների զվարթ հնչեղությունը դադարեցվում է:
Նշենք, որ Մեծ պահքի առաջին կիրակի օրվա Բուն բարեկենդանի նախօրեին՝ Կ. Պոլսի Սբ. ժողովին մասնակից 150 հայրապետների տոնի օրը, «Համբարձի» սաղմոսի երգեցողությունից հետո փակվում է Սբ. Սեղանի վարագույրը: Եվ պահոց շրջանում մինչ Սբ. Պատարագը, Ճաշու երեք ժամերգություններն են անցկացվում, այս ընթացքում պատարագիչ հոգևորականը, բարձրանալով Սբ. Խորան, զգեստավորվում է և «Առաջադրություն» համար նշխարի և գինու օրհնություն կատարում: Սբ. Պատարագի ընթացքում «Խորհուրդ խորին...» և «Բարեխօսութեան...» շարականները չեն երգվում և «Աշխարհագալոց» չի լինում: Ատյանում ժամօրհնողն արտասանում է «Տերունական աղոթք»-ը և սաղմոսերգությունը, որից հետո սարկավագը վարագույրի հետևից ձայնում է «Օրհնեա՛, Տեր»: Այնուհետև հաջորդում է ժամամուտը, հետո երգվում է Ճաշու շարականը և «Աղաղակեցեք...» սաղմոսը, Ավետարանի ընթերցումը և Սրբասացությունը: Սարկավագի՝ «Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան» ազդարարումից հետո, ժողովրդին չի փոխանցվում ողջույնը:
Մեծ պահոց շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Սբ. Պատարագի ժամանակ Սբ. Հաղորդություն, իսկ ավարտին՝ մաս չի տրվում: Սբ. Հաղորդություն և մաս տրվում է բոլոր բաց Պատարագների ժամանակ՝ Տերունի, սրբոց, մեռելոց և այլն: Մինչև Սբ. Զատիկ, Ավետարանը չի համբուրվում ի նշան նրա, որ Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ, ի տես ժողովրդի, Ավետարանը չի բարձրացվում:
Մեծ պահքի ընթացքում Տեառնընդառաջի, Ավետումն Սբ. Մարիամ Աստվածածնի, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապի և Ծաղկազարդի տոներին մատուցվում է բաց Պատարագ: Ավագ Հինգշաբթի օրը վարագույրը բացվում է «Հաւատամք»-ից հետո, իսկ Ավագ Շաբաթ օրը՝
Դանիելի մարգարեության ընթերցումից հետո, և այդուհետ մատուցվում են բաց Պատարագներ:
Պահքի շրջանում, մասնակից լինելով թե՛ անհատական և թե՛ ընդհանրական աղոթքներին, լավագույն առիթն ունենք քննելու մեր և Աստծո միջև եղած հարաբերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մեղքի պատճառով Երկնքի դուռը խորհրդանշող վարագույրի փակվելը կոչ է անում բոլորին ապաշխարության՝ գուցե նաև տխրություն պատճառելով: Բայց այս շինիչ տխրությունը պատրաստում է մեզ տոնելու մահվան դեմ հաղթանակի՝ Սբ. Հարության տոնը՝ Երկնքի դռան՝ վարագույրի բացվելով և Սբ. Հաղորդություն ճաշակելով: Միայն թե ինչպես Սբ. Գիրգոր Նարեկացին է ասում, չլինի թե ինքներս մեր ձեռքով, այսինքն՝ անզեղջ կյանքով, փակենք Երկինքը և վերելքի դուռը մեզ համար՝ որս դառնալով մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի:
Կազմեց Կարինե Սուգիկյանը