Նոյեմբերի 14-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի և Արևելյան դպրոցի աշակերտները, կրթահամալիրի 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում, ուխտի էին եկել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում աշակերտներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տեր Հայրը պատանի ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, Զորավոր անվան բացատրությունը և թե ինչ սրբություններ, ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը: Տեր Հայրն ուխտավորներին մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը և ասաց, որ իրենց հավատքի շնորհիվ նրանք կկարողանան ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ՝ Հայ ազգի և Հայոց եկեղեցու արժանի զավակը լինելով:
Այնուհետև ուխտավորները, կրթահամալիրի երգչախմբի մանկավարժ Մարինե Ոսկանյանի գլխավորությամբ, շարականներ և Սուրբ Պատարագից հատվածներ երգեցին: Երգչախմբի մանկավարժն ասաց, որ Զորավոր Ս. Աստվածածինն այն յոթ եկեղեցիներից մեկն է, որ կրթահամալիրի 30-ամյակին նվիրված սեբաստացիներն ուխտ են արել այցելել:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի տնօրեն Նառա Նիկողոսյանը, կարևորելով աշակերտների ուխտագնացությունը, նշեց, որ իրենց այսօրվա քայլը պատասխանն է այն բուռն քննարկումների, թե անհրաժե՞շտ է, որ աշակերտը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան անցնի: «Մեր կրթահամալիրում եկեղեցու պատմությունը միայն գրքով չի սահմանափակվում, եկեղեցու պատմությանը մեր աշակերտները հաղորդ են դառնում նաև եկեղեցում: Կարևոր է գիտելիքը գործունեության վերածել, որպեսզի այն նաև ուսուցում դառնա»,- հավելեց տիկին Նառան:
Պատանի ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու զորությանն ու օրհնությանը հաղորդ դարձած և հոգեպես զվարթացած վերադարձան իրենց ուսումնական առօրյային:
Կարինե Սուգիկյան