23 Դեկտեմբեր, Բշ
(Երկրորդ քարոզ)
«Սերը չի նախանձում...․ իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13.4-5)։
«Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթ․ 20․27)։
Սիրո հատկությունների շարքին անդրադառնալ շարունակելու համար ձեր ուշադրությունն եմ հրավիրում Զեբեդյան երկու առաքյալների դեմ նրանց առաքելակիցների ունեցած բարկության վրա:
Քրիստոս ավարտել էր Իր պտույտն ամբողջ Հրեաստանում և մի վերջին անգամ վերադառնում է Երուսաղեմ: Այդ ճամփորդությունից առաջ Նա շուրջն է հավաքում Իր բոլոր առաքյալներին, աշակերտներին ու հետևորդներին: «Ահավասիկ,- ասում է,- բարձրանում ենք Երուսաղեմ...», որտեղ Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետներին, մահվան պիտի դատապարտվի, հեթանոսների ձեռքը պիտի հանձնվի, պիտի նախատվի, ծեծվի և, վերջապես, խաչը պիտի հանվի:
Այդ ամենը, սակայն, միայն երեք օր պիտի տևի. պիտի տեղի ունենա փրկության զոհաբերությունը, և Նա Իր անձը որպես փրկագին պիտի տա «շատերի փոխարեն», որից հետո հաղթությունը պիտի վրա հասնի, և «երրորդ օրը հարություն պիտի առնի» (հմմտ. Մատթ. 21.17-19):
Եվ ինչպես որ քիչ առաջ պատմել էր նրանց՝ «Մարդու Որդին պիտի վերադառնա Իր Հոր փառքով՝ Իր հրեշտակների հետ միասին. և այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի» (հմմտ. Մատթ. 16.26):
Աշակերտների երևակայության առջև հառնում էր մի հրապուրիչ ու փառավոր հեռանկար. դա այնքա՜ն մեծ և հրաշալի հաղթանակի ու դրա արդյունքը եղող տիրապետության հաստատման հեռանկարն էր:
Մի՞թե իրենք անմասն պիտի մնային, իրե՛նք, որ ամեն ինչ թողել և Հիսուսին էին հետևել, իրե՛նք, որ Նրա անունով հրաշքներ էին գործել ու Նրա ընտրյալ առաքյալներն էին և նույնիսկ թույլ չէին տալիս, որ իրենցից բացի մեկ ուրիշը Հիսուսի անունով քարոզեր ու հրաշագործեր:
Հարկավ, նրանք այդ առանձնաշնորհումը պետք է վայելեին նաև Մեսիական «Արաքայության» մեջ: Բայց չէ՞ որ նրանք տեսել ու լսել էին, որ թագավորների պալատներում կա առաջին աստիճանի իշխան, երկրորդ կարգի իշխան... Արդյոք իրենց տասներկուսից ո՞ր մեկն էր առաջին աթոռը զբաղեցնելու: Ահա՛ այն մտորումը, որը գրավեց ճշմարտությանը դեռևս ոչ լիովին հաղորդ այդ հետևորդների սնափառ ուշադրությունը:
Մեզանում էլ քանի՜ քանի՜սը կան, որ ուզում են փրկության ու երանությունների արժանանալ, և փափագում են, որ իրենք էլ առաջին պտուղները հափշտակեն մեկը մյուսից, ամենամեծ պաշտոնյան իրե՛նք լինեն: Առաքյալների մեջ կային երկուսը՝ ամենակրակոտները, «Բաներեգես», այսինքն՝ «Որոտման որդիներ» կոչվածները, որոնք ամեն բանի առաջամարտիկն էին դառնում:
Նրանք ունեին մի ներքին կորով, որը կարիք ուներ չափավորության, և Քրիստոսի խաղաղավետ վարդապետությունները լավագույն սպեղանին էին նրանց համար: Նրանք, որ Զեբեդեոսի զավակները՝ Հակոբոսը և Հովհաննեսն էին, անձամբ չէին համարձակվում իրենց սրտի փառասիրական տենչը ներկայացնել Հիսուսին, ուստի դիմում են իրենց մոր միջնորդությանը:
Սողոմեն՝ Քրիստոսի կին հետևորդներից մեկը, համարձակորեն դիմում է Նրան ու աղերսում է, որ Նրա՝ ապագայի այդ արքայական փառքի աթոռի երկու կողմերում նստեն իր երկու որդիները. «Մեկը՝ Քո աջ կողմում, և մյուսը՝ ձախ կողմում՝ Քո արքայության մեջ»:
Հայրական հանդիմանող մի ժպիտ հայտնվեց Քրիստոսի աստվածային դեմքի վրա, Նա ցավ զգաց նրանց այդքա՜ն անգիտակից ցանկությունների համար և դիմեց նրանց. «Չեք իմանում՝ ինչ եք խնդրում»,- ասաց Նա սաստելով: Ապա ավելացրեց. «Տեսնե՛նք, կկարողանա՞ք ըմպել տանջանքների այն դառը բաժակը, որը Ես պիտի խմեմ, կկարողանա՞ք մկրտվել այն արյան մեջ, որում Ես պիտի մկրտվեմ. միայն այդպիսո՛վ կարող եք արյան հաղթությանը մասնակից լինել»:
Այդ հանդուգն, բայց և անկեղծ երիտասարդներն ամենուրեք հետևել էին իրենց Վարդապետին ու այդժամ ևս իրենք իրենց պատրաստակամ համարեցին Նրան հետևելու հարցում, և իսկապես էլ հետևեցին: Հակոբոսն առաքյալներից ամենաառաջին նահատակվողը եղավ՝ գլխատվելով Երուսաղեմում, իսկ Հովհաննեսը Քրիստոսի համար մյուսներից ամենաշատը տառապեց իր երկար կյանքով, և Քրիստոսի ճշմարտության դարի սոսկալի հալածանքներին ականատես լինելով՝ առաքյալներից ամենավերջին ննջողը եղավ:
Սակայն այդ ամենը բավակա՞ն էր, որ նրանք ամենաառաջինը լինեին: Առաջնայնությունն անձնական արժանիքների մեջ է. նա՛ պետք է առաջինը լինի, ով ծառայելու արժանիքն ունի. ահա՛ սկզբունքը. «Որոնց տրված է դա անել...»:
Մյուս տասը առաքյալները ևս տակավին չէին հասկացել դա: Մի որդ սկսեց կրծել նրանց ներսը: Հապա իրե՞նք, միայն վերջին աթոռնե՞րը պիտի զբաղեցնեին: Ինչո՞ւ այդ երկուսը առաջագահ պիտի լինեին, ի՞նչ առավելություն ունեին իրենցից, ինչո՞ւ պիտի ավելի մեծարվեին ու սիրվեին:
Հակոբ նահապետի տասը որդիների արյունը եռաց նրանց սրտերում. վստահաբար հիշում եք Հովսեփ Գեղեցիկի պատմությունը: Կարծես թե նրանք էլ առաջին պատեհ առիթի ժամանակ պատրաստ էին սպանել և վաճառել այդ երազատես Հովսեփներին, որպեսզի երկնքում իրենց չզբաղեցրած աթոռները գոնե թե նրանք էլ չզբաղեցնեին:
Նախանձի մռայլ բակտերիան պիտի սողոսկեր նրանց հոգու խորքերը, եթե Քրիստոսի հոգու՝ մանրադիտակով «զինված» աչքերը չտեսնեին դա ու Նրա երկնային խոսքերի հականեխիչ բալասանը չպատվաստվեր նրանց:
Այդ տասը առաքյալները «սաստիկ բարկացան երկու եղբայրների վրա», սակայն Հիսուս հանդիմանեց նրանց՝ ընկերաբար նրանց ու նրանց միջոցով նաև ամբողջ գալիք մարդկությանը պատգամելով մեծագույն սկզբունքները:
Տիրապետելու փառատենչությունը տեղ չունի քրիստոնեության մեջ. այն տապալվեց՝ խաչի տակն անցնելով, արյան զոհաբերությունը լվաց, մաքրեց այն ու վերածնեց մարդկությանը՝ բոլորին հավասարապատիվ համարելով: «Ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր սպասավորը պիտի լինի, և ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի»:
Ինչո՞ւ նախանձել մեծին և առաջինին: Եթե նրանք ճշմարտապես մեծ ու ճշմարտապես առաջինն են, ուրեմն ձեզ համար սպասավորներ և ծառաներ են, նրանց «Հոր կողմից կարողություն է տրված» ձեզ ծառայելու, հետևաբար նրանց ունեցած առավելագույն քանքարը ձեզ համար պիտի գործածվի:
Իսկ եթե նրանք անարժան են այդ մեծությանն ու առաջնայնությանը և «իրենցն են փնտրում», ապա այդ պարագայում արդեն այդ զորությունը մի օր ինքնին կտապալվի ու կսպառվի: Նրանք այսօր մեկ հատիկ են, վաղը տասնապատիկ սերունդ պիտի ունենան, ու այդ սերունդների մեջ, ինչպես հողի տակ, պիտի անհետանան պահված քանքարները, և այդ սերունդները պիտի ձուլվեն ամբողջության մեջ, իսկ այդ ամբողջությունը դուք իսկ եք:
Ուրեմն ծաղրելի և պարսավելի չէ՞ նախանձելն այնպիսի մի բարիքի կամ մեծությանը, որը մերն է կամ մերը պիտի լինի ոչ միայն աստվածային նախախնամությամբ, այլ նաև հասարակական ու տնտեսական ամենապարզ օրենքներով:
«Մերն է» ասելով՝ նկատի ունեմ ոչ թե մեր «ես»-ին պատկանելիությունը, այլ ամբողջությանը՝ հանրությանը պատկանելը: «Ես»-ը չէ, որ կարևորություն ունի Աստծու և աշխարհի առջև, այլ այդ «ես»-երից կազմված հանրությունը, չնայած որ այդ «ես»-երից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր, մեկը զորավոր է, մյուսը՝ տկար, մեկը հարուստ է, իսկ մյուսը՝ աղքատ, մեկը գեղեցիկ է, մյուսը՝ տգեղ:
Ինչպես Սուրբ Գիրքը, այդպես էլ մարդկային հասարակությունների արձանագրած բոլոր պատմությունները բոլոր ազգերի մեջ առկա այդպիսի նկարագրեր են մատնացույց անում: Այդ եսասիրությունն ու նախանձը կարծես անասնական բնազդի դրսևորում են. չէ՞ որ այս աշխարհում յուրաքանչյուր անհատ առաջին հերթին ինքն իրեն է սիրում: Անհատականությունն արդեն ինքնին եսասիրության սկզբունքի վրա է հիմնված:
Քանի որ յուրաքանչյուր անհատ հարաբերություններ է հաստատում մեկ ուրիշ անհատի հետ՝ այդպիսով կազմելով ընկերակցություններ, այսինքն՝ ընտանիքներ, ցեղեր ու ազգեր, ուստի բնական հակումից ելնելով՝ ամեն ոք էլ ցանկական աչքով պիտի նայի իր ընկերոջ առավելություններին:
Քրիստոնեությունն ու քաղաքակրթությունը, սակայն, այդ անասնական հակումները բանականացրել՝ ազնվացրել են: «Ես»-ը, ինքն իրեն սիրելով, ոչ թե ուրիշի ունեցածը կործանելուն պիտի միտվի, այլ, համաձայն քրիստոնեության, ինքն էլ պիտի ձգտում ունենա ուրիշի ունեցածի չափով ձեռք բերելուն:
«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» սկզբունքի մեջ անհատականությունն իր բարձր ու վսեմ դիրքն ունի, և ուրիշի հաջողությանը ի պատասխան սեփական անհատականության զորացմանն է անհրաժեշտ զարկ տալ, չար նախանձի փոխարեն բարի նախանձախնդրությամբ գործել:
«Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը Ես եմ խմելու, կամ՝ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես մկրտվելու եմ»: Կարո՞ղ ենք հաղթահարել այդ դժվարությունն ու զոհաբերություն կատարել արյա՛ն մկրտությամբ. ահա՛ առաջին հարցումը, որը մենք պիտի ուղղենք մեր «ես»-ին:
Եթե ունակ ենք այդ բանական կորովը ցուցաբերել, ուրեմն երկրորդ հարցումն էլ ուղղենք արդեն մեր նախանձին. «Պատրա՞ստ ենք ծառայել»: Եթե կարող ենք, ուրեմն հավասարապես մեծ ենք, հաջող ու երջանիկ, ինչպես ուրիշները:
Ահա՛ պատասխաններ, որոնք մեզ ամենքիս է տալիս Սուրբ Գիրքը. մենք ամենքս էլ մեկ մարմնի անդամներն ենք, և այդ մարմնի անդամներն իրար են կապված առաձգական ու անբեկանելի ջիղով, որ «սեր» է կոչվում:
Ո՛չ ճկույթը թող գանգատվի, թե ինչու է փոքր մնացել, ո՛չ բազուկը թող հպարտանա իր մեծությամբ: Միայն ա՛յն անդամները թող ցավեն, որոնք ավելորդ են և մի օր էլ, շատ երկարելով, եղունգի նման պիտի կտրվեն ու դեն նետվեն:
Յուրաքանչյուր անդամ իր կարողության համեմատ, հանուն իր հասարակության մարմնի օգտի պիտի ջանա այդ սիրո ջիղը զորացնել: Այդ սերը չի սիրում նախանձ, չի սիրում եսասիրություն: «Սերը չի նախանձում...․ իրենը չի փնտրում». ահա՛ Պողոս առաքյալի՝ մեզ տված դասը:
Եսասիրությունն ու նախանձը, որոնց մասին խոսվեց Սուրբ Ավետարանի ընթերցումի մեջ, դժբախտաբար մեզանում նույնպես փոքր ծավալ չեն կազմում: Արդյոք կարիք կա՞ ասելու, որ դրանք մեզ պատկանող, մեր սեփական ախտերից են: Որքա՜ն աղետներ են գործել այդ չարաշուք մոլությունները անցյալում...
Սակայն չկարծենք, որ այդ մոլությունների՝ բազմաթիվ դարեր շարունակ մեզանում արմատացած լինելու պատճառով մենք չենք կարող դրանք ընկճել ու վերացնել: Եսասիրության դեմ, մեր նախանձի դեմ պետք է զոհողություն և ծառայելու պատրաստականություն կամ կարողություն ունենալ:
Եթե մենք չենք կարող մեծ գործեր անել, ուրեմն մեծագործին չնախանձենք, այլ ամենքս մեր ունեցածով գոհանանք ու այն գործածենք հանրության օգտի համար, Եկեղեցո՛ւ համար, ու այդպիսով մեր ունեցածը գործածած կլինենք մեր իսկ «ես»-ի համար, և այդ ամենի շնորհիվ էլ ի չիք կդառնան վերոնշյալ աղտեղի բարքերը:
Եթե մենք սիրում ենք հանրությանը՝ մեր ընկերներին, ուրեմն գիտենանք, որ այդ սիրո մեջ «ես» լինել չի կարող. «Սերը իրենը չի փնտրում»: Եթե իսկապես սիրում ենք մեր կրոնակիցներին ու հայրենակիցներին և նրանց մեզանից տարբեր «ես» չենք համարում՝ բառիս ծայրահեղ իմաստով, ուրեմն այդ սիրո մեջ ճի կարող նախանձ լինել, քանի որ մեր դիմացինի մեծությունն էլ, երջանկությունն էլ մերն են: «Սերը չի նախանձում». եթե մեկը մեծ է՝ մեր սպասավորն է, եթե առաջինն է՝ մեր ծառան է:
Եթե սիրում ենք, ուրեմն պետք է ուրախ լինենք, խնդանք մեր ընկերոջ հաջողությամբ ու երջանկությամբ, և ո՛չ թե խանդով, այսինքն՝ նախանձով լցվենք: Հետաքրքիր զուգադիպությամբ հայերենում «խնդալ»-ը և «խանդալ»-ը միևնույն արմատից առաջացած, սակայն հակասական նշանակություն ունեցող բառեր են, ու իրենց հակասականությամբ ասես ցույց են տալիս չարիքի դարմանը գտնելու ճանապարհը:
Մեկմեկու հաջողության «պատճառով» չարությամբ խանդով բորբոքվելը, այսինքն՝ նախանձելը, մեզ ստորացնում ու անասնականացնում է: Իսկ ահա մեկմեկու հաջողությամբ խնդալը, այսինքն՝ ուրախանալը, մեզ բարձրացնում է, իսկ այդ հաջողակներին և մեծերին էլ խոնարհեցնում ու մեզ սպասավորող պաշտոնյա է դարձնում:
Անշուշտ ամենքս էլ հիշում ենք Սավուղի նախանձը Դավթի դեմ: Որքա՜ն տիպիկ, գեղեցիկ նկարագրված ու հատկանշական պատմություն է Սավուղի և Դավթի հարաբերությունները նկարագրող այդ պատումը: Դավիթն իր պարսատիկով հսկա Գողիաթին զգետնելուց հետո իսրայելացի կույսերի շուրթերից գովեստի երգեր էր լսում, որոնցում երգվում էր, թե «Սավուղը սպանեց հազարներին, իսկ Դավիթը՝ բազմահազարներին»:
Դա շարժեց նույնիսկ Սավուղի՝ Իսրայելի ամենահարուստ, ամենաերջանիկ, ամենաառաջին մարդու նախանձը, և քիչ էր մնացել, որ նա, չար նախանձով մոլեգնած, գեղարդով խոցեր խեղճ պատանի հովվի սիրտը (Ա Թագ. 18.1-13):
Սակայն հալածված Դավիթը մեկ ուրիշ օր հանդիպում է Սավուղին, որը միայնակ, կարկաչահոս աղբյուրին կից մարգագետնի վրա քնած էր, իսկ գեղարդն էլ դրված էր մի կողմում՝ գետնի վրա, մյուս կողմում ջրի կուժն էր, նրա բոլոր թիկնապահներն էլ խոր քնի մեջ էին ընկղմված:
Սակայն երբ Դավթի թիկնապահը նրան խորհուրդ է տալիս սպանել այդ երդվյալ, նախանձոտ թշնամուն՝ ապահովություն ձեռք բերելու համար, վեհանձն Դավիթը հանդիմանում է նրան՝ ասելով. «Քավ լիցի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա»: Եվ միայն գեղարդն ու կուժն է վերցնում, ապա հեռանալով՝ արթնացնում է Սավուղին և այդպիսով իր աննախանձ սերն է ցույց տալիս (Ա Թագ. 26):
Աննախանձ սերն ավելի բարձր է, քան նույնիսկ փառավոր մեծությունը, և այդ սերն է, որ հովիվ Դավթին բարձրացնում ու դարձնում է հովիվ-թագավոր ու Փրկչի նախահայր, նախահայր և նախածնունդ Աստծու, այսինքն՝ սիրո, քանի որ Աստված սեր է:
Ուրեմն, սիրելի՛ ժողովուրդ, այս գեղեցիկ օրինակները թող ներգործեն մեզ վրա և թող մենք կամք ունենանք՝ գործադրելու այդ ներգործությունը: Սիրենք աննախանձաբար ու մեր «ես»-ը ձուլենք-միացնենք մյուսներին հանրությանը ծառայելու միջոցով, բոցավառվենք համբերատար և քաղցր սիրով:
«Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի». ահա՛ Քրիստոսի օրինակը, Որն Աստծու Որդի լինելով չեկավ ուրիշից ծառայություն ընդունելու, այլ՝ ուրիշներին ծառայելու. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր անձը տալու որպես փրկանք շատերի փոխարեն» (Մատթ. 20.28):
Այս խոսքերի մեջ շա՜տ պարզորոշ տեսանելի են այն երկու տեսակի դարմանները, որոնք ես առաջարկեցի ընդդեմ նախանձի ու եսասիրության. սեփական անձը մշտապես պատրաստ պահել և կարողունակ դարձնել «համբերատարություն» ցուցաբերելու և առանց հոգնելու, «քաղցրությամբ» ընկերոջն ու հանրությանը ծառայելու՝ կարողունակի հետ մրցելով՝ նրան նախանձելու և սեփական երջանկությունը նրա կործանման մեջ փնտրելու փոխարեն, ասել է թե՝ խնդալ՝ խանդալու փոխարեն:
Այլև անհրաժեշտ է անհատականությունը զորացնել և ուժ ու կամք ունենալ հանուն ընկերոջ, հանուն հանրության զոհողության գնալու համար, այսինքն՝ իրեն՝ այդ մեկ անդամը աշխատեցնել, հոգնեցնել, զոհել ու խաչել, որպեսզի ամբողջ մարմինը ձևավորվի ու երջանկանա:
Թող որ Ինքը՝ Աստված, Իր Որդու պատկերը դրոշմի մեր հոգիներում և Նրա համբերատար, քաղցր, աննախանձ ու ինքնազոհ սերն ունենալու կամքը շնորհի մեզ Իր փառքի և Եկեղեցու պայծառության համար:
Մաշտոց վրդ․ Փափազյան (Արմաշ), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ․ Պոլիս, 1905 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը