Սերմնացանի առակը

Սերմնացանի առակը | Sermnacani Araky

Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկ 8։18):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այս խոսքերը Տեր Հիսուս Քրիստոս ասաց «Սերմնացանի առակը» պատմելուց ու մեկնելուց հետո, և այս առակն այն եզակի դեպքերից է, երբ Տերն Ինքն է մեկնում Իր խոսքը՝ առաքյալների և Ավետարանի ունկնդիրների համար բացահայտելով Արքայության խորհուրդները, ինչպես որ Մատթեոսի ավետարանում է ասվում (Մտթ․ 13։11)։

Այս հրաշալի առակը, որ հուսով եմ այսօր կվերընթերցեք տանը, մարդու հոգու, սրտի մասին է, այսինքն՝ անմիջականորեն մեզանից յուրաքանչյուրի։ Այն պրոցեսների, այն ազդեցությունների մասին է, որոնց մշտապես ենթարկվում է մարդու ներաշխարհը, և այն մասին, թե դրանք ինչպիսի արձագանքն են ստանում մեր կողմից։

Առատաձեռն ու Բարի Սերմնացանը՝ Տեր Հիսուս Քրիստոս, միշտ և այսօր էլ Եկեղեցու միջոցով շարունակում է Ավետարանի բարի սերմերը, փրկությանը լուրը ցանել ու տարածել ամենուր։

Նա գիտի, որ ճանապարհի եզերքը խորհրդանշող հոգիները, սատանայի ազդեցությանը դյուրությամբ տրվելով, պիտի թույլ տան իրենց հոգուց խլել այդ կենսատու սերմերը, սակայն, միևնույն է, ցանում է՝ հուսալով, որ կգտնվեն ոմանք, որ կպայքարեն ու թույլ չեն տա իրենցից խլել փրկության հույսը։

Նա գիտի, որ ապառաժը խորհրդանշող սրտերը նրանք են, որոնք մակերեսային են, խորը չեն, չեն աշխատում իրենց հոգևոր կյանքի վրա, որպեսզի իրենցում ընկած բարի սերմը արմատակալի և պտղաբերի, որպեսզի դիմանա փորձության հողմերին, բայց, միևնույն է, ցանում է՝ հուսալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք կաշխատեն իրենց սիրտն ու հոգին ապառաժից փխրուն ու պարարտ հողի վերածելու ուղղությամբ։

Նա գիտի, որ փշերը խորհրդանշող հոգիներում Ավետարանի սերմերը ամենայն հավանականությամբ պիտի խեղդվեն աշխարհի հոգսերի ու զվարճությունների մոլախոտերի ճնշումից, բայց և այնպես ցանում է՝ հուսալով, որ տվյալ մարդիկ կկարողանան բարի սերմը չարից զանազանել ու ավելի արժևորել և վերջինս արմատախիլ կանեն, որպեսզի չխանգարի առաջինի աճին։

Դե իսկ պարարտ հողը խորհրդանշողն էլ նրանք են, որոնք «բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկ․ 8։15):

Այս վերջինն իհարկե Աստծու հավատարիմներն ու երանելիներն են, որոնք Երկնային Արքայության մեջ գովասանքի պիտի արժանանան Բարի Սերմնացանի կողմից, և բնական է, որ յուրաքանչյուրս էլ կամենում է իրեն հենց այս շարքում տեսնել, սակայն չշտապենք, սիրելինե՛ր, որպեսզի չլինի թե հանկարծ մեզնից էլ վերցվի այն, ինչ կարծում ենք, թե ունենք։

«Վերցվի» բառը միգուցե սխալ ընկալվի և տրտունջի պատճառ հանդիսանա, թե՝ ինչո՞ւ է Աստված մեզնից վերցնում այն, ինչ ունենք։ Ուստի այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Աստված միշտ տալիս է, պարգևում է, շնորհում, իսկ կորցնողը, վատնողը միմիայն մենք ենք։ Այսինքն՝ երբ ինքներս մեր կամքով, մեր գործողություններով հրաժարվում ենք այն պարգևներից, որ ունենք, դեմ ենք գնում մեր Պարգևատուի, մեր Բարերարի սուրբ կամքին՝ կորցնում ենք մեզ տրվածը, և հենց այդտեղ է, որ «վերցվում է» մեզանից։ Եվ հենց սա է պատճառը, որ Տեր Հիսուս ասում է ուշադի՛ր եղեք, զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք լսում Իր Խոսքը՝ արդյո՞ք ուշադրությամբ, հոժարությամբ ու պատրաստակամությամբ, թե՞ կասկածանքով, անտարբերությամբ կամ դժկամությամբ և ինչ գործողություններ են հաջորդում դրան։

Եթե մի մարդ ընդունի իրեն պարգևված առողջ ու բարի սերմը և այն ցանելով՝ ուղղակի ձեռքերը ծալած սպասի, թե երբ է այն աճելու և իրեն պտուղ տալու, արդյո՞ք կհասնի արդյունքի և ի՞նչ կասենք մենք նման մարդու մասին։ Վստահաբար նրան տրված նկարագիրը դրական ածականներով չի լինելու։ Իսկ մի՞թե մենք այդ մարդուց շատ ենք տարբերվում, սիրելի՛ հավատացյալներ։ Մեր հոգևոր կյանքի հանդեպ ավելի՞ ուշադիր ենք, քան նա՝ իր սերմի։ Հողագործը գիտի, որ եթե անգամ մի օր չխնամի, չոռոգի, չմշակի, չմաքրի ու տարատեսակ վնասատուներից չպաշտպանի իր հողը, ապա կարող է մոռանալ առողջ ու առատ բերքի մասին։ Եվ եթե նրան կերակրողը միայն այդ հողն է, ապա նա ուղղակի սովի կմատնվի իր անգործության ու անփութության պատճառով։ Հիմա այս ամենը բերենք հոգևոր դաշտ և կտեսնենք, որ ավելի դաժան ու կործանարար սովի է մատնվում յուրաքանչյուր ոք, ով ամենօրյա խնամք չի ցուցաբերում իր հոգում ցանած ավետարանական սերմի հանդեպ։ Ինչպե՞ս պիտի ոռոգենք ու սնենք մեր հոգու հողը, եթե ամեն օր Աստծու կենարար Խոսքը չենք ընթերցում։ Ինչպես պիտի պաշտպանենք այն վնասատու թշնամուց, եթե ամեն օր չենք սովորում սուրբ հայրերի փորձից և չենք զինվում պահքի ու աղոթքի չարակործան սրով (հմմտ․ Եփես․ 6։11)։ Ինչպե՞ս պիտի պարարտացնենք այն, եթե մեր յուրաքանչյուր օրը լի չէ բարի, արդար և խոնարհ գործերով։

Սա հանցագործ անփութություն է մեր անմահ հոգու հանդեպ, սիրելինե՛ր։ Աստված ամեն ինչ արել է մեր փրկության համար, մեզ մնում է միայն մեր փոքրիկ քայլերով ընդառաջ գնալ Նրան, սակայն դրանում էլ ենք թերանում, որովհետև կրքերից ու մեղքերից տկարացած մարդու համար իսկապես դժվար է անգամ փոքրիկ քայլը դեպի սեփական փրկություն։ Անգամ երանելի Պողոս առաքյալն է ժամանակին խոստովանել․ «Ոչ թե այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ․․․․ ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում» (Հռոմ․ 7։15, 19)։ Սակայն սա ոչ մի դեպքում վերջնական վճիռ չէ և ինչպես տեսնում ենք կրկին սուրբ առաքյալի օրինակով՝ ամեն պահի կարելի է այն փոխել․ «Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլիպ․ 4։13), միայն թե դրա համար անկեղծ հավատ, արիություն ու աներեր կամք է անհրաժեշտ։

Այսօր աշխարհը վերածվել է «ծուռ հայելիների թագավորության», որտեղ ամեն բան խեղաթյուրված է, մատուցվում է գլխիվայր շրջված, և հոգևորապես անփույթ, անպաշտպան, անգետ ու անփորձ մարդը, որի գլխավոր առաջնորդն ու ուսուցիչը սեփական մեղավոր ես-ն է, իր նման տկար մեկն ու խառնաշփոթ տեղեկատվական դաշտը, դյուրությամբ կուլ է տալիս չարի հրամցրած ամեն կեղծը բոլոր ոլորտներում։ Այս հոգևոր կուրությունից ու խլությունից է զգուշացնում մեր Տերը, երբ խրատում է զգույշ լինել, թե ինչպես ենք լսում։ Որովհետև անգամ քրիստոնյային, որը ստացել է Ավետարանը, մկրտված է ու Եկեղեցու մաս է կազմում, հեշտությամբ կարելի է մոլորեցնել և կործանարար ճանապարհով տանել, ինչպես որ սուրբ Գրիգոր Նարեկացին էլ է ասում․ «Ինչո՞ւ որս եղար մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի: Ինչո՞ւ պատրանքների կարթով բռնվեցիր, ով դու, հաղորդակիցդ Կենդանարարի մարմնին», եթե նա պատշաճ արթնությամբ չի վարում իր հոգևոր կյանքը, եթե իրական վտանգի մեջ գտնվելու ու դրանից փրկվելու անհրաժեշտության գիտակցությունը բացակայում է նրանում կամ քնած է։ Իսկ այդքան անհրաժեշտ հոգևոր արթնությունը քրիստոնեական կարևորագույն առաքինություններից մեկն է, որ շնորհվում է Բարձրյալի կողմից ի պատասխան մարդու անդուլ ջանքերի։ Ուստի, գնացեք և ջանացե՛ք ձեր հոգու փրկության համար այնպես և առավել, ինչպես ձեր ժամանակավոր մարմնական կյանքի համար եք անում։ Ամեն օր կարդացե՛ք Աստծու Խոսքը, կարդացե՛ք հայրերի խրատները։ Մի՛ սկսեք և մի՛ ավարտեք ձեր օրն առանց աղոթքի, որովհետև ինչպե՞ս կարող եք ամեն օր չխոսել Աստծու հետ, եթե իսկապես սիրում եք Նրան։ Ինչպե՞ս կարող եք անտեսել Նրա պատվիրանները, խորամանկել՝ փորձելով շրջանցել դրանք, եթե իսկապես վստահում եք Արարիչ Աստծուն և գիտակցում, որ այդ պատվիրանները ձեր իսկ պաշտպանության, ձեր իսկ բժշկության համար են տրված և դրանք կատարելով՝ միայն ու միայն շահում են ձեր հոգիները։

Ես այսօր հոգևոր պայծառ տեսողություն, սուր լսողություն և մշտարթուն սթափություն եմ մաղթում բոլորիդ՝ աղոթելով և հուսալով, որ երբեմն-երբեմն ճանապարհի եզրի կամ ապառաժի ու մացառների վերածվելով անգամ կկարողանաք այնքան հավատ, ուժ և առ Աստված սեր գտնել ձեր հոգում, որ կստիպեք ձեզ սթափվել ու դարձի գալով՝ կրկին կդառնաք աստվածահաճո բերրի ու պարարտ հող։ Եվ քարոզս ավարտեմ սուրբ Գրիգոր Նարեկացու հոր՝ Խոսրով Անձևացու խոսքով․ «Այսպիսին են ցրված միտք ու զբաղված բարք ունեցողները, որոնց մեջ սպառվել է աստվածային Կտակարանների ունկնդրության սերը, որոնք շրջում են աշխարհում ինչպես կույրը: Քանզի կամ բնավ չեն ընթերցում և կամ ինչ որ ընթերցում են՝ ոչ թե սիրով ու փափագով, այլ՝ որպես հարկադիր մի բան և պարտքերի հատուցում: Քանզի ոչինչ ավելի ողորմելի չէ, քան Սուրբ Գրքի հանդեպ սիրո և աստվածային պատվիրանների վերծանության բաղձանքի սպառումը:

Եվ այս՝ ի՞նչ պատճառով: Որովհետև սերը սպառվեց, երկյուղը վերացավ, զարտուղի ընթացանք, սիրեցինք աշխարհը և այն, ինչ աշխարհում է, ընթացանք ոչնչի հետևից, կասեցվեցինք հույսից և ցանկացանք միայն առօրեականը, քանզի մարմին դարձանք: Եվ սիրեցինք մարմնավոր բաները և դրանց ետևից գնացինք՝ հեշտության, զբաղմունքների, ծուլության, նախանձի և ատելության և բոլոր մյուս չարիքների, փառքի, պատվի, իշխանասիրության և ագահության:

Այս պատճառով աղաչում եմ՝ արթնացե՛ք, արթնացե՛ք և առավել ևս թոթափվենք սատանայական մոլությունների արբեցությունից: Մի կողմ նետենք հրեական քողը (կեղծավորությունը) և լուսափայլ մտքո՛վ նայենք Աստծուն»․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

31.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․