Երեխային դաստիարակելով՝ ծնողները պատասխանատու են ոչ միայն իրենց, այլև այն հասարակության առջև, որում ապրում են: Արդյո՞ք այդ պատասխանատու առաքելության մեջ քրիստոնյա ծնողներն անում են ամեն ինչ, որ իրենց երեխաները ստանան այնպիսի դաստիարակություն, որը հիմնված է քրիստոնեական վարքի սկզբունքների վրա: Ըստ հայրաբանության՝ երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվել ոչ թե մանկության շրջանից, այլ երեխայի բեղմնավորման պահից, քանի որ այդ պահից է սկսվում նրա հոգևոր կյանքը: Օրինակ՝ Աստվածորդու մարդկային կյանքը սկսվեց այն պահից, երբ Գաբրիել հրեշտակապետը սբ. Մարիամին ավետեց Փրկչի ծնունդը, և նա պատասխանեց. «Ես Աստծու աղախինն եմ, թող քո ասածը լինի» (Ղուկ. 1:38): Նույնը կարելի է ասել յուրաքանչյուր երեխայի համար: Երեխայի ողջ էությունը, գոյությունը, կյանքն ամբողջովին միահյուսված է մոր կյանքին: Ինչ տեղի է ունենում մոր հետ, ազդում է երեխայի վրա և աստիճանաբար ձևավորում է նրան: Ուստի այն պահից, երբ կինը հղիանում է, պետք է գիտակցի, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում իր հետ, վճռորոշ դեր է խաղալու իր երեխայի համար: Այդ պատճառով եկեղեցու հայրերը հորդորում են հղի կանանց Աստվածաշունչ կարդալ, աղոթել, Սուրբ Պատարագի մասնակցել և հաճախակի հաղորդվել Քրիստոսի կենսատու Մարմնին ու Արյանը:
Այսօրվա կյանքը շատ հեռու է քրիստոնեական կյանքի նորմայից: Քրիստոնեական վարքի դրսևորումներից հնազանդությունը, պարկեշտությունն ու քաղաքավարությունը գլխիվայր շրջվել են: Որոշ ընտանիքներում երեխային դեռ փոքրուց վերաբերվում են որպես ընտանիքի «աստծու», բավարարում են նրա քմահաճույքները, ցանկությունները, շրջապատում են ամեն տեսակի խաղալիքներով, զվարճանքներով և հարմարավետություններով: Ծնողն ամեն ինչ անում է իր երեխայի համար, բացի ամենակարևորից՝ երեխային քրիստոնեաբար դաստիարակելուց: Աստծուց հեռացած աշխարհն ամեն ինչ անում է, որ երեխայի մոտ թուլանա պատմական հիշողությունը և զրկի նրան՝ քրիստոնեաբար ապրած մարդկանց կյանքից օրինակ վերցնելու հնարավորությունից: Իսկ պատմությունը կրկնվում է, և բոլորին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, ովքեր Աստծու դեմ են դուրս եկել, ու նրանց հետ, ովքեր, ապաշխարելով, փոխել են իրենց կյանքը և դեպի Աստված ընթացել:
Ծնողները, սովորաբար, քաղում են այն, ինչ սերմանել են: Իսկ եթե շրջանցել են քրիստոնեական դաստիարակությունը, ապա առաջինն իրենք են ճաշակելու այն պտուղների դառնությունը, որ իրենք են սերմանել: Այս պատմությունը դրա վառ օրինակներից մեկն է: «Երկու կին ջրհորից ջուր էին հանում, նրանց մոտեցավ երրորդը: Այնտեղ՝ քարի վրա, մի ծերունի էր նստել ու հանգստանում: Կանանցից մեկը մյուսին ասում է. «Իմ տղան ճարպիկ է և ուժեղ, ոչ ոք չի հասնի նրան»: «Իմ տղան էլ բլբուլի պես է երգում, ոչ ոք նման ձայն չունի»,- ասում է երկրորդ կինը: Իսկ երրորդը լռում էր: «Ի՞նչ կարող ես ասել քո որդու մասին»,- հարցրին նրան երկու կանայք: «Ի՞նչ ասեմ,- ասաց կինը,- նրա մեջ առանձնահատուկ ոչինչ չկա»: Կանայք ջրով լի դույլերը վերցրին և գնացին, իսկ ծերունին նրանց հետևից: Մի փոքր գնալուց հետո կանգ առան, որ հանգստանան, ձեռքներն ու մեջքները ցավում էին, ջուրը ցայտում էր: Այդ պահին դեպի իրենց վազեցին նրանց որդիները: Նրանցից մեկը թավալգլոր էր տալիս: Կանայք հիանում էին նրանով: Մյուսը երգում էր, կանայք լսում էին նրան: Իսկ երրորդ տղան վազեց մոր մոտ, վերցրեց ծանր դույլերը և առաջ շարժվեց: Կանայք հարցրին ծերունուն՝ ինչպիսի՞ն էին մեր որդիները: «Իսկ որտե՞ղ են նրանք,- պատասխանեց ծերունին,- ես միայն մեկին տեսա»:
Ծնողները չափազանց պատասխանատվությամբ պետք է մոտենան երեխաների դաստիարակության հարցին՝ չմոռանալով, որ իրենց ապագա կյանքն անքակտելիորեն կապված է իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքին: Երեխան բնական կերպով մարմնավորում է այն, ինչ տեսնում է ծնողների մեջ, ինչ նրանց կյանքի բովանդակությունն է: Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է, որ երեխաները մանկուց կրկնօրինակում են իրենց ծնողներին, և նրանց պետք է վերաբերվել ժամացույցի պես․ երբ թուլանում է զսպանակը, պետք է լարել այն, բայց ուշադիր և զգուշորեն, որպեսզի այն ավելորդ ջանքից չվնասվի. «Երեխային աստվածպաշտությունը պետք է տալ կաթի և ոչ թե չոր ու պինդ սննդի հետ: Չպետք է երեխայի հանդեպ ճնշում գործադրել կամ հրամայել նրան, այլ առաջին հերթին օրինակ ծառայել: Եթե տանը երեխան շրջապատված է սիրով, ապա եթե անգամ վատ միջավայր ընկնի և հեռանա տնից, մի որոշ ժամանակ անց, երբ տեսնի, որ այնտեղ, ուր ինքը գտնվում է, բացակայում է սերը, տուն կվերադառնա»:
Եթե ծնողներն անկեղծորեն սիրում են Աստծուն, ապա այդ սերը, անշուշտ, փոխանցվում է երեխային: Կարևորը, որ երեխան մեծանա սիրո մթնոլորտում, տեսնի այդ սիրո կոնկրետ դրսևորումները և որ իր ծնողների կյանքում Աստծու հանդեպ սերը զատված չէ այլ մարդկանց հանդեպ սիրուց: Սերը հնարավոր է սերմանել միայն սիրով: Մի անգամ տասնինը տարեկան աղջկա ծնողները գալիս են հայր Պորֆիրիոսի մոտ և ասում. «Հա՛յր, նա այնքան լավ աղջիկ էր, հաճախում էր եկեղեցի, բայց երբ դարձավ տասնինը տարեկան, վատ շրջապատ ընկավ և ապրում է մեղսալից ու անարգ կյանքով: Մենք հասկանում ենք, որ նման կյանքը կործանելու է իր հոգին, բայց կորցրել ենք նրա վրա ազդելու մեր բոլոր լծակները: Ի՞նչ անենք, որ փրկենք նրան»: Պատասխանը պարզ էր, կտրուկ և նույնիսկ մի փոքր ցնցող. «Դուք պետք է սուրբ դառնաք: Ձեր դստերը փրկելու միակ միջոցը ձեր սրբանալն է»:
Եթե ծնողը ցանկանում է, որ երեխայի մեջ սեր արթնանա դեպի հոգեշահ գրքերը, երաժշտությունը, արվեստը, բնությունը, ապա ինքը պետք է սիրի այդ, անիմաստ է միայն այդ մասին խոսելը: Եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան սիրի Աստծուն, ապա նախ ինքը պետք է սիրի Աստծուն: Զուր չի ասվել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ծնողները միշտ էլ որևէ ժառանգություն են թողնում իրենց երեխաներին, դա կարող է լինել հող, տներ, գումար, որոշ թանկարժեք իրեր: Շատ հաճախ երեխաները ծնողներից ժառանգում են նաև բնավորության գծեր, քայլվածք, հայացք, ժպիտ, ձայնի ինտոնացիա, ստեղծագործական շնորհներ, որոնց շնորհիվ ձևավորվում են մասնագիտությունների՝ ուսուցիչների, արվեստագետների, ճարտարապետների, բժիշկների, նկարիչների դինաստիաներ: Երբ ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները ժառանգեն իրենց նախնիների ազնվականությունը, պատիվը, քաջությունը, հերոսությունը կամ այլ առաքինություն, ապա անընդհատ շեշտում են այդ մասին՝ միևնույն ժամանակ իրենց մեջ ունենալով այդ առաքինությունները: Սա նման է լեզվի և խոսքի մշակույթի ժառանգությանը: Ծնողներն իրենց երեխաներին չեն սովորեցնում խոսել այն լեզվով, որով իրենք են խոսում, երեխաները պարզապես լսում են նրանց և սովորում խոսել:
Երեխայի՝ Աստծու հետ հանդիպումը տեղի է ունենում ծնողների միջոցով: Քանի որ ծնողները, հանդիպելով Աստծուն, ապրում են դրանով և սրբացնում այդ հանդիպումն իրենց կյանքով: Աստծու հետ հանդիպումը փոխում է մարդու կյանքը: Նա, ով հանդիպել է Աստծուն, և ով չի հանդիպել, տարբեր կերպ են արձագանքում ուրախություններին և փորձություններին, ձեռքբերումներին և կորուստներին, կյանքի դժվարություններին, անլուծելի իրավիճակներին, արտաքին և ներքին ճգնաժամերին: Եվ այս ընտանիքներում տարբեր իրավիճակների հանդեպ արձագանքները փոխանցվում են երեխաներին: Աստծով ապրող ընտանիքները կոնֆլիկտները լուծում են խոնարհությամբ և փոխզիջմամբ: Երեխան տեսնում է դա և զգում, նա կարող է ավելին զգալ ու հասկանալ, քան մեծահասակը: Իսկ Աստծուց հեռու ապրող ընտանիքներում երեխաները տրավմայի են ենթարկվում կա՛մ ծնողների վեճերից, կա՛մ նրանց՝ միմյանց հանդեպ անտարբերությունից: Երեխայի համար սիրո կամ հակակրանքի դասեր են ծնողների փոխհարաբերությունները: Սերը մեծ ուրախություն և ազատություն է, այնտեղ, ուր չկա ազատություն, չի կարող սեր լինել: Աստծու հետ հանդիպումն ուրախ և ազատ հանդիպում է, այն հրաշք է և՛ երեխայի, և՛ ծնողի համար:
Կազմեց Կարինե Սուգիկյանը