25 Նոյեմբեր, Բշ
Եկեղեցում շապիկ կրում են բոլոր աստիճանավորները: Այն նվիրապետական բոլոր աստիճաններում էլ մնում է իբրև առաջին զգեստը, որի վրայից կրում են նվիրապետական հաջորդ աստիճանները խորհրդանշող հանդերձանքը:
Շապիկը Ահարոնի պատմուճանի օրինակն ունի: Այն երկար ու ճերմակ զգեստ է, ծածկում է ողջ մարմինը՝ ուսից մինչև գարշապար: Նրա վերին մասը զարդարվում է առանձին կտորով՝ ուսանոցով, որն ամուր կարվում է շապիկին: Այն շապիկի վերին մասում ծածկում է թիկունքը և ուսերը, իսկ առջևից՝ կուրծքը:
Խաչանիշ ուսանոցով շապիկներ հագնում են դպիրներն ու սարկավագները, իսկ պատարագիչ հոգևորականները՝ առանց ուսանոցի: Պատարագիչ քահանայի շապիկն ամբողջովին միայն սպիտակ է լինում, իբրև խորհրդանիշ սրբության և անապականության, այն լուսեղեն պատմուճանի, որ կրում էր Ադամը դրախտում: Շապիկը խորհրդանշում է եկեղեցական աստիճանավորների դասակցումը երկնային նվիրապետության աստիճանավորներին, այսինքն՝ հրեշտակներին: Քահանայական սպիտակ շապիկը միաժամանակ թելադրանք է եկեղեցում հավատացյալներին ձգտելու այդ փրկության պատմուճանով զգեստավորվելու: Այն նաև խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անկար պատմուճանը, որը Քրիստոսի խաչելության ժամանակ չպատռվեց հռոմեացի զինվորների կողմից, այլ վիճակ գցեցին և ամբողջական պատմուճանը վերցրեց նա, ում վիճակը ելավ:
Սուրբ Պատարագի զգեստավորման արարողության ժամանակ շապիկը հագնելիս քահանան ասում է. «Տե՛ր, հագցրու ինձ փրկության հանդերձը և ուրախության պատմուճանը և շրջապատիր փրկության զգեստով», որը խորհրդանշում է Աստծուն շրջապատած շնորհները, որոնք պատարագչին պիտի պահպանեն չար խորհուրդներից և դիվական փորձություններից: