25 Նոյեմբեր, Բշ
Բողոքականներն ասում են, որ մարդն արդարանում է հավատքով և փրկվում Աստծո շնորհով ու ոչ թե իր գործերով: Բողոքականության հիմնադիր Մարտին Լյութերն ուսուցանում էր, որ մարդկային կամքն ազատ չէ, այլ սկզբնապես հակված է դեպի չարը, դրա համար էլ մարդու գործերը չար են, և հետևաբար, մարդը փրկության կարժանանա իր հավատքի և ոչ թե իր գործերի շնորհիվ, իսկ հավատքը գալիս է ոչ թե ազատ կամքից, այլ տրվում է աստվածային շնորհով: Դարեր ի վեր այս հարցի վերաբերյալ վիճաբանություններ են եղել կաթոլիկների և բողոքականների միջև: Քննելով տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13)` կաթոլիկներն ու բողոքականները բանավեճի մեջ մտան միմյանց հետ առակում հիշվող յուղի վերաբերյալ մեկնաբանությունների առնչությամբ: Կաթոլիկներն ասում էին, որ յուղի իմաստի տակ պետք է առավելաբար հասկանանք գործերը, իսկ բողոքականներն ասում էին, որ յուղի ակնարկով պետք է հասկանալ հավատքը: Սակայն այս առնչությամբ հատկապես բողոքականների աստվածաբանությունը միակողմանի է, և բողոքական ուսուցումների մեջ առանց տարբերակման մի տեղում են կուտակված տարբեր իրողությունների շուրջ ասված առաքյալի մտքերը: Պետք է իմանալ, որ Պողոս առաքյալի հիմնած եկեղեցիներում շատ արագ տարածվեցին նաև հուդայաքրիստոնյաներ` հրեությունից քրիստոնեության դարձած մարդիկ, ովքեր քրիստոնեական կյանքում կարևոր էին համարում նաև Մովսես մարգարեի կողմից ավանդված հինկտակարանյան օրենքի պահպանությունը: Եվ նրանց դեմ հանդես գալով` Պողոս առաքյալն ուսուցանում էր, որ մովսիսական օրենքի գործերը կարևոր չեն փրկության համար, այլ կարևորը հավատքն է, որ արդարացնում է: Այսինքն` հավատքով արդարանալու և շնորհով փրկվելու առնչությամբ գործերի անկարևորության մասին խոսելով` առաքյալը նկատի ունի այն գործերը, որոնք պահանջվում են ըստ մովսիսական օրենքի: Սակայն առաքյալը խոսում է նաև այլ գործերի և դրանց անհրաժեշտության մասին, որոնք հավատքի գործեր են: Հետևաբար, Պողոս առաքյալի թղթերում խոսվում է երկու տեսակի գործերի մասին` օրենքի գործերի և հավատքի գործերի: Քրիստոնյային պետք չէ պահել Հին Կտակարանի ժամանակներում հրեաներին Մովսեսի կողմից ավանդված օրենքը: Սակայն հավատքի գործերը կարևոր են քրիստոնեական կյանքում և փրկության համար: Այսպիսով, առաքյալը խոսում է քրիստոնեական հավատքի անհրաժեշտության և մովսիսական օրենքի գործերի անկարևորության մասին (Հռ. 3.20, 28; 4.4-5; 9.31-32, Գաղ. 2.16, 3.2, 11): Գաղատացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալն ասում է. «Ես Աստուծո շնորհը չեմ անարգում, քանի որ եթե արդարությունը օրենքից է, ապա Քրիստոս իզուր մեռավ» (2:21): Առաքյալը նրանց դեմ է հանդես գալիս, ովքեր վերադառնում են օրենքի գործերի կատարմանը, քանզի եթե մարդու արդարացումն օրենքի գործերի կատարման մեջ է, ապա հանգում ենք մի անհեթեթ եզրակացության. նշանակում է` արդարացնում է ոչ թե Քրիստոս, այլ մովսիսական օրենքը, և Քրիստոս իզուր մեռավ: Հավատով արդարանալու այս ելույթն ուղղված էր Պետրոս առաքյալի դեմ, ով մինչև հրեաների գալը, հեթանոսների հետ էր ուտում, բայց երբ հրեաները եկան, նա մի կողմ քաշվեց` վախենալով թլփատության կողմնակիցներից: Պողոսը մեղադրեց Պետրոսին կեղծավորության մեջ` նշելով, որ քրիստոնեական կյանքում այլևս պետք չեն մովսիսական օրենքի գործերը (2.11-14):
Ի տարբերություն օրենքի գործերի` հավատքի գործերի վերաբերյալ առաքյալը նշում է, որ դրանք մեծ կարևորություն ունեն (Հռ. 2.16, Բ Թե-սաղ. 1.11), և հորդորում է գործեր կատարելու (Հռ. 16.19, Ա Կորնթ. 15.58, Գաղ. 6.9, Փիլիպ. 1.6, Ա Թեսաղ. 5.15, Բ Թեսաղ. 3.11, Բ Տիմ. 3.17, Տիտ. 3.8): Որպեսզի հավատացյալները սխալ և միակողմանի չհասկանան Պողոս առաքյալի ուսուցումը, Հակոբոս առաքյալը շեշտում է, որ միայն հավատքը առանց հավատքի գործերի դատարկ և մեռած հավատք է (Հակ. 2.14, 17-20, 26), և սովորեցնում է, որ հավատքով արդարանալը պետք է հասկանալ մովսիսական օրենքի գործերի մերժումով, սակայն հավատքի գործերի իրականացումով: Հավատքի գործերով արդարանալը Հակոբոս առաքյալը ցույց է տալիս Աբրահամ նահապետի օրինակով, որով առավել հասկանալի է դառնում, որ Հռոմեացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը, նույն օրինակով խոսելով հավատքով արդարացման մասին, հավատքը նկատի ուներ հավատքի գործերի հետ միասին` մերժելով հինկտակարանյան օրենքի գործերի կարևորությունը (22-23, Հռ. 4.1-3): «Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով» (Հակ. 2.24):
Պողոս առաքյալը խոսում է Քրիստոսի փրկագործությամբ, աստվածային շնորհով մարդու` չարի և մեղքի իշխանությունից փրկվելու մասին, ինչն արդյունք էր մարդկանց հանդեպ Աստծո սիրո և ողորմության, որպեսզի արժանանանք հավիտենական կյանքի (Եփ. 2.5, 8-10; Բ Տիմ. 1.9; Տիտ. 2.11, 3.4-7): Սուրբ Գրիգոր Տաթևացին իր աշխատություններից մեկում ասում է, որ Աստված մեզ ձրի է տալիս Երկնքի Արքայությունը, որովհետև մեր առաքինի գործերը չափազանց փոքր են այն ուրախության և երջանկության համեմատ, որ Աստված տալու է Երկնքում: Սակայն վերջնական փրկության, Դատաստանի օրը արդարանալու և հավիտենական կյանքին արժանանալու համար քննվելու են նաև յուրաքանչյուրի գործերը (Ա Կորնթ. 3.12-15, Ա Տիմ. 5.24-25), և վախճանն ու դատաստանը, ինչպես ասում են առաքյալները, լինելու են ըստ գործերի (Բ Կորնթ. 11.15, Հայտնութ. 20.13), քանզի բարի գործերով է բարի հիմք դրվում հանդերձյալում` ճշմարիտ կյանքը ձեռք բերելու համար (Ա Տիմ. 6.18-19): Առաքյալը հորդորում է ահով և դողով աշխատել փրկության համար (Փիլիպ. 2.12), քանզի Աստված «հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք` նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատև համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ և անմահություն» (Հռ. 2.6-7):
Հավատքը հիմքն է, իսկ գործերը` կառույցը, հիմնված այդ հիմքի վրա: Հավատքը դեպի երկինք տանող անտեսանելի պարան է, իսկ գործերը` պարանով բարձրանալու համար անհրաժեշտ ձեռքերի շարժումը: Հավատքը և գործերը երկու թևեր են: Ինչպես արծիվն է թռչում երկու թևերով, այդպես էլ մարդը երկինք է թռչում այս երկու խորհրդանշական թևերով` հավատքով և գործերով:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից