Շնորհավոր ձեր օրը սիրելի մանուկներ

Շնորհավոր ձեր օրը սիրելի մանուկներ | Shnorhavor Dzer Ory Sireli Manukner

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս և հատկապես մանուկներին ու նրանց ծնողներին՝ Ծաղկազարդի անչափ գեղեցիկ և արևահամ տոնի կապակցությամբ: Այս օրը կրկնակի տոն է մեզ համար, սիրելինե՛ր, քանի որ այսօր հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, և Աստծո սուրբ կամքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշում ենք նաև երեխաների օրհնության օրը, քանի որ մանուկներն էին, որ Երուսաղեմի տաճարում օրհնություն էին աղաղակում Աստվածորդուն:

Յուրաքանչյուր մանկան ծնունդ մեծ ուրախություն և միևնույն ժամանակ մեծ խորհուրդ է ծնողի համար: Հին Իսրայելում երեխայի լույս աշխարհ գալը՝ օրհնություն, իսկ անպտղությունը պատիժ էր համարվում Աստծո կողմից, քանի որ յուրաքանչյուր նոր մարդու ծնունդով ծնվում էր նաև Աստծո խոստացյալ Մեսիայի աշխարհ գալու հույսը: Այսօր դա այլևս կատարված իրողություն է և մենք կարիք չունենք Տիրոջ Օծյալին սպասելու: Աստված Իր խոստումը կատարեց երկու հազարամյակ առաջ և այժմ մեր հերթն է մեր զավակների հետ միասին Աստվածորդուն ընդառաջ գնալու: Երկու հազար տարի առաջ Երուսաղեմի բնակիչները շտապում էին դիմավորել և մարմանական աչքերով տեսնել Տիրոջ անունով եկողին, քանի որ սպասում էին, որ Նա երկրի վրա պիտի վերահաստատի Դավթի թագավորությունը: Այսօր մենք էլ շտապում եկեղեցիներ՝ խորհրդանշորեն դիմավորելու մեր հաղթանակած Արքային և հարկ է, որ մեր զավակներին սովորեցնենք գլխավորը՝ մեր հոգու դարպասները բաց անել Փրկչի առջև, հոգևոր հայացքով տեսնել Նրան և Նրա հետ միասին սիրով անցնել խաչի դժվարին, բայց փրկչական ուղին:

Ուստի, այս խորհրդանշական տոնի կապակցությամբ պայծառ հոգևոր տեսողություն եմ մաղթում ամենքիս, որպեսզի կարողանանք նաև մեր հոգու աչքերով տեսնել Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ և խաչի ճանապարհը դեպի Գողգոթա, որտեղ պարտվեցին մեղքն ու մահը, և հարության հույսը շնորհվեց ամենքիս: Ուրեմն մենք էլ ոչ միայն շուրթերով օրհնաբանություններ երգենք Ամենակալ Տիրոջը, այլ առաջին հերթին մեր բարի վարքն ու ընթացքը թող օրհնաբանեն Երկնային Արքային: Մեր երեխաներին էլ սուրբ առաքյալների օրինակով սովորեցնենք վստահել և հետևել Կենդանի Աստծուն, Եկեղեցու սուրբ հայրերի օրինակով սովորեցնենք աղոթել մեր մերձավորների համար և միշտ պատրաստ լինել օգնության ձեռք մեկնել խնդրողին, սուրբ նահատակների օրինակը թող անմնացորդ նվիրում և անձնազոհություն սովորեցնի նրանց և վերջապես մեր անձնական օրինակը թող սովորեցնի անխոնջ պայքարել և երբեք չնահանջել փրկության ուղուց, որպեսզի նրանք էլ միանան աստվածաշնչյան մանուկներին և ցնծությամբ գոչեն. «Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով… Խաղաղությո՜ւն՝ երկնքում և փա՜ռք՝ բարձունքներում»: 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

25.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․