Շնորհավոր մեր մեծ ընտանիքի լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր դասը և արև երեխաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում են եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը: «Փա՜ռք Բարձրյալին, Ում նախախնամությամբ արդեն մի քանի տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը բարեկամացել է Կարեն Վարդանյանի հետ: Գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ պարգևել է ազգանվեր ու եկեղեցանվեր Ձեզ պես զավակ, որ երկար տարիներ ապրելով հայրենիքից հեռու՝ միշտ մնացել եք հարազատ զավակն ազգի ու Մայր եկեղեցու: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ, սիրելի՛ Կարեն, մաղթում քաջառողջ կյանքի երկար տարիներ և աղոթում Ամենակալին, որպեսզի Իր անսպառ օրհնությանն ու ողորմությանն արժանացնի Ձեզ և Ձեր ընտանիքին»,- իր շնորհավորական խոսքում ասաց Տեր Գրիգորը:

Քսան տարի է, որ Կարեն Վարդանյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Մինչ ԱՄՆ մեկնելը էջմիածնաբնակ մեր հայրենակիցը երեք տարի անդամակցել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին երիտասարդաց միության Էջմիածնի մասնաճյուղին, ապա ուսանել Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հոգևոր ծառայության իր ուղին շարունակելով հայրենիքից հեռու՝ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ և այժմ ծառայում է Լոս Անջելեսի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարում: Տիրոջ կենսատու խոսքերը նրա սրտում դեռ մանկուց արմատավորվելով և սիրո ու հոգատարություն ներքո աճելով՝ պտղաբերել ու պտղաբերում են ի փառս Աստծու: Հայրենիքից հեռու, բայց հանուն հայրենիքի ու մայր եկեղեցու է ապրում ու գործում մեր հայրենակիցը: 2016 թ.-ից առ այսօր, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, Կարեն Վարդանյանի աջակցությամբ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող շուրջ 270 կարիքավոր ընտանիքի տրվել է դրամական աջակցություն, սննդի ու քաղցրավենիքի փաթեթներ, անկողնու և հիգիենայի պարագաներ: Աջակցություն է ցուցաբերվել նաև զոհված ազատամարտիկների ու զինվորների, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և սիրիահայ ընտանիքների: Նա իր մասնակցությունն է ունեցել նաև ապրիլյան պատերազմին Հայոց բանակին աջակցելու հայրենանվեր գործում: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից «Հայ միասնության խաչ»-ի Արվեստաց դպրոց հաճախող 46 հաշմանդամ և 400 անապահով ընտանիքի երեխաներ մասնակցել են ամանորյա և երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումների: Կարեն Վարդանյանը «Արև-երեխաներ» ՀԿ-ի մշտական աջակիցներից է, որ կազմակերպության հիմնադրման օրից դարձել է արև երեխաների լավագույն բարեկամը:

Մարդը չի արարվել միայն իր համար, այլ արարվել է բարին արարելու, սիրո, հավատարմության, ճշմարտության, ողորմության, քաջության, հայրենիքի և եկեղեցու բազմատեսակ կարիքների ծառայության համար: Մեր հայրենակից Կարեն Վարդանյանի հայրենանվեր և եկեղեցանվեր ծառայության ուղին շատ լայն է. նա մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգության և բարեզարդության համար կազմակերպված համազգային հանգանակությանը, աջակցել է ուսանողների, որոնք դժվարացել են իրենց ուսման վարձերը վճարել, աշխատատեղեր է ապահովել գործազուրկ հայրենակիցների համար: Անցյալ տարի նրա աջակցությամբ «Իմ ուղին» ուսումնա-վերականգնողական մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի երկրորդ մասնաշենքի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի դասասենյակն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի մարզադահլիճը համալրվեցին բարձրակարգ սպորտային մարզասարքերով: Համավարակի այս օրերին նա շտապել է իր աջակցությունը բերելու հայրենիքին՝ տրամադրելով պրոֆեսիոնալ բժշկական արտահագուստ, հակամանրէային ախտահանիչներ, հեռավար ջերմաչափեր: Նրա միջնորդությամբ և աջակցությամբ Էջմիածնի հիվանդանոցի սարքավորումները համալրվել են ռենտգեն հետազոտության ապարատով:

Ամեն անգամ աստվածաշնչյան «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք Առ. 20:35) պատգամը կյանքի կոչելը երջանկություն է պարգևում Կարեն Վարդանյանին, քանի որ նա երջանկության աղբյուրը սիրո և ողորմածության առաքինությունների մեջ է բացահայտել: «Ես ամենուր զգում եմ Աստծու ներկայությունը: Առանց Աստծու ոչինչ անել չեմ կարող, ինչ ստեղծել եմ և ինչ ունեմ, Նրա շնորհիվ է: Կյանքիս ուղիղ կեսն ապրում եմ ԱՄՆ-ում, սակայն ինձ երբեք սփյուռքահայ չեմ համարել: Հայրենիքից հեռու ապրելն ինձ սովորեցրեց առավել նվիրվել հայրենիքին, անշահախնդիր ու առանց սեփական շահի սիրել հայրենիքը»,- ասում է Կարեն Վարդանյանն ու նույն ոգով դաստիարակում իր երկու որդիներին: Նրա համար կարևոր է, որ իր զավակները գիտելիքներ ամբարեն, որպեսզի դրանք միջոց դառնան՝ բարին գործելու:

Հանուն հայրենիքի և հայ եկեղեցու շենացման ու զորացման համար արված յուրաքանչյուր աստվածահաճո գործ մի քայլ է, որ իր հետքն է թողնում մեր պատմության մեջ: «Եթե մեր ժողովրդի մեջ չգտնվի հոսանքն ի վեր թիավարելու կամքով ամրացած անձերի անշահախնդիր և ինքնանվեր կորիզը, մեր Հայ կյանքը կգնա ու կխառնվի աշխարհի կյանքի ծովի մեջ, ուր գետերի ջրերը այլևս չեն զանազանվի…»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

 

Կարինե Սուգիկյան

18.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․