Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ

Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություներով: Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ:

Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր Հայրենիքի անվտանգությունը, մեր Հայրենիքի պաշտպանությունը մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է:

Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտքը՝ նա առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը և այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:

Հայրենյաց պաշտպան զինվորի կերպարը, մեր ժողովրդի ընտրագույն կերպարն է, հուրախություն մեզ այսօր մեր կողքին են հայրենիքի ու հայության արժանապատվությունը պահող քաջասիրտ զինվորները: Մեր զինվոր զավակները հերոս անցյալի զարմից են, հայոց փառահեղ պատմությունը կրողն ու ժառանգորդն են և առավել փառապանծ պատմության նորօրյա կերտողները:

Սիրելի՛ զինվորներ, շնորհակալություն ենք հայտն ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ:

Սիրելի՛ զինվորներ, ձեզ մաղթում ենք բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: Վստահ եղեք, որ ձեր, ձեզնից առաջ ծառայողների, անշուշտ նաև՝ մեր նահատակված զինվորականների վաստակն է լինելու այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն:

Մեր երախտիքն ենք բերում ձեզ, մեր սիրելի՛ զինվորներ, ձեր ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և զգացումը մշտանորոգ պահելու համար:

Հայոց ոստանի նվիրյա՛լ զինվորներ, թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակից՝ ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ:

 

Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

28.01.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․