Շուրջառը կամ նափորտը քահանայական աստիճանի գլխավոր հանդերձն է: Այն գունավոր և զարդարուն փիլոնաձև անթև վերարկու է, որ աչքի է ընկնում իր խորհրդավոր պայծառությամբ և գեղեցկությամբ՝ ի տարբերություն մյուս զգեստների: Շուրջառը քահանայի մեջքի (թիկունքի) վրա գցվելով կոճկվում է կրծքի մոտ` ճարմանդով: Ծածկում է նրա ամբողջ մարմինը՝ տարածվելով մինչև գետին՝ խորհրդանշելով քահանայի վրա ի վերուստ իջնող և պարուրող շնորհն ու զորությունը, որը պահպանում և աջակցում է նրան խորհրդակատարության ժամանակ: Այս զգեստը օգտագործվում է ոչ միայն Սբ. Պատարագի, այլ նաև սրբազան խորհուրդների, Ավետարան ընթերցելու, նախատոնակի, թափորների ժամանակ:
Շուրջառների ձևը հին իշխանական վերարկուի ձևից է վերցված: Հայ եկեղեցում շուրջառը կարվում է տարբեր կտորներից և գույներից: Ճոխությունը եկեղեցու կամ նվիրատուի հնարավորությունից է: Երկարությունը կրողի հասակի չափով է: Մեր եկեղեցին գույնի կանոն չունի, ուստի այն պատրաստվում է բոլոր գույներից: Շուրջառի համար կանոն է, որ թիկունքին ունենա երևացող մի խաչ:
Ամուսնացյալ քահանաների, կուսակրոն քահանաների և եպիսկոպոսների շուրջառները տարբերվում են իրենց գույներով, ճոխությամբ ու փայլով՝ ըստ յուրաքանչյուր հոգևորականի նվիրապետական աստիճանի և դիրքի:
Ժամարարի և՛ շուրջառը, և՛ փորուրարը, և՛ գոտին, և՛ բազպանը պետք է կարված լինեն նույն կտորից և գույնից, իսկ սաղավարտն ու վակասն էլ, որպես զույգ, նույնպես նույն կտորից և գույնից:
Շուրջառ կրում են և՛ քահանան, և՛ վարդապետը, և՛ եպիսկոպոսը, և՛ կաթողիկոսը:
Եկեղեցական մեկնաբանության համաձայն՝ շուրջառով զգեստավորումը խորհրդանշում է քահանայական իշխանության լրումը: Միևնույն ժամանակ այդ շուրջառը դառնում է այն հզոր վահանը, պատնեշը, որով պատարագիչ հոգևորականը պատսպարվում է ընդդեմ չարի ներգործությունների: Հետևաբար այդ շուրջառը, որ հոգևորականը առնում է իր ուսերին, ոչ միայն իրեն է հիշեցնում, որ պաստպարված է աստվածային զորությամբ և պետք է ապավինել այդ զորությանը, այլ միևնույն ժամանակ եկեղեցում ներկա հավատացյալներին է հորդորում, որ ապավինեն աստվածային այդ ներգործությանը, ողորմությանը և շնորհին, և դրա միջոցով իրենց միտքն ու հոգու հայացքը միշտ հառած պահեն Սուրբ Խորհրդին:
Շուրջառը զգեստ է արդարության, պահապան չարի ներգործության դեմ: Այն, որպես հոգևոր զրահ, նաև խորհրդանշում է Հիսուսի անկար քղամիդը և այն ծիրանին, որ չարչարանքի օրը գցեցին Նրա վրա: