Սիրեցե՛ք միմյանց

Մինչ այս խոսքերը հնչեցնելը, Տերն Իր առաքյալներին ասաց՝ մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ: Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13:34-35): Նոր և չհնացող պատվիրան, որի իրագործման կարևոր առաքելությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր ծառայասիրության ընթացքն է ապրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ գլխավորությամբ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, նախանձախնդիր ոգով իր մասնակցությունն է բերում այս կարևոր առաքելությանը:

Հունվարի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Վահան քհն. Առաքելյանը Յայնվելյան Գայանեին (54 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Տիկին Գայանեն իր երկու թոռնիկների՝ Գոհարի (12 տ.) և Ավետի (6 տ.) հետ բնակվում է Վերին Չարբախի, Արարատյան փողոցի 76/7  հասցեում: Տատիկն է խնամում թոռնիկներին. տիկին Գայանեի երկու դուստրերից մեկը մոտ երկու տարի առաջ, երեսունվեց տարեկան հասակում, հանկարծամահ է եղել (սրտամկանի ինֆարկտ): Մյուս դուստրն էլ իր ընտանիքն ունի: Տիկին Գայանեն ի վիճակի չէ աշխատելու, որպեսզի կարողանա հոգալ իրենց կարիքները, իսկ երեխաների հայրը հրաժարվել է նրանց խնամելու պարտականությունից: Գայանե Յանվելյանը՝ որպես բուժքույր, մասնակցել է Արցախյան հերոսամարտին, երկրորդ խմբի հաշմանդամ է և գլխի վիրահատություն է ունեցել: Կարիքավոր ընտանիքն ապրում է հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարներով:  

«Շնորհակալ եմ այն բոլոր հոգատար և բարի մարդկանցից, որ արձագանքեցին իմ ընտանիքի խնդիրներին և աջակից եղան մեզ»,- ասաց տիկին Գայանեն:

Ըստ եկեղեցու հայրերի՝ հարկ է նաև իմանալ, որ ողորմած է կոչվում ոչ միայն այն մարդը, որ մարմնավոր ողորմածության գործեր է անում, օրինակ՝ կերակրում է քաղցածին, ջուր է տալիս ծարավյալին, հոգատար է օտարականի հանդեպ, հագցնում է մերկին, այցելում է հիվանդներին և բանտարկյալներին, թաղում է մահացածին, այլ նաև նա, ով հոգևոր ողորմածության գործեր է անում, օրինակ՝ ապաշխարության է ուղղորդում մեղավորին, Աստծո մասին է պատմում նրան, ով անտեղյակ է Տիրոջ խոսքին, փորձում է ճիշտ խորհրդատու լինել, աղոթում է Աստծուն իր մերձավորների համար, մխիթարում է տրտմածին,  անտրտունջ համբերում է անհաջողություններին ու փորձություններին և ներում է իր եղբոր սխալները: Ողորմած է նաև նա, ով իր եղբորը սիրում է անկեղծ ու ճշմարիտ սիրով, և սիրով էլ խոնարհվում է եղբորն օգնելու և աջակցելու՝ համբերությամբ իր վրա վերցնելով նրա լուծը, ինչպես ասում է Սողոմոնը՝ գթասիրտ մարդը համբերատար կլինի (Առակներ 19:11):

 

 

Կարինե Սուգիկյան

 

 

18.01.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․