«Սիրելը միայն մտքում կամ խոսքով չի սահմանափակվում»

Աստծո՝ որպես իմաստուն Ճարտարապետի, կողմից արարված աշխարհում ոչինչ պառակտված չէ, այլ ամեն ինչի մեջ զարմանալի մի կապ կա: Եթե նայենք այն ամենին, ինչը հնարավոր է դիտել մարմնական աչքերով, երկրին՝ իր բազմազան արարածներով, լուսատուներով զարդարված երկնքին, ապա հնարավոր չէ չնկատել այն սերը և փոխադարձ կապը, որ գոյություն ունի արարչության մեջ: Իսկ արարչագործության պսակին՝ մարդուն, Աստված այնպես է արարել, որ մարդիկ փոխադարձ ծառայություններով օգնեն միմյանց և իրենց բարեկեցիկ կյանքը կառուցեն երկրի վրա: Մարդկային բնության, նրա հոգու և մարմնի ուժերի սահմանափակումից առաջ եկած կարիքները մարդկանց դրդում են փոխօգնության, սիրո և գթասրտության: Մարդն իր ծննդյան օրից մինչև մահ սիրո և հոգատարության կարիք ունի: Այս ամենի մեջ նկատելի է աստվածային իմաստությունը, որ մարդու ուժերի և հնարավորությունների սահմանափակումով փոխադարձ օգնության՝ ողորմածության առաքինության և սիրո հիմքն է դրել:

Մարդկային փոխօգնության, սիրո և գթասրտության արտահայտություններից մեկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում գործող սոցիալական ծրագրերն են: Հուլիսի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցով համայնքի Աբրահամյան ընտանիքի կողմից դրամական աջակցություն (310 ԱՄՆ դոլար) փոխանցեց երկու փոքրիկների համար, որոնք տառապում են քաղցկեղով: Չորսամյա Ռազմիկի ապաքինման համար փոխանցվեց 110 ԱՄՆ դոլար, իսկ երեքամյա Սյուզանի ապաքինման համար՝ 200 ԱՄՆ դոլար: Փոքրիկների ընտանիքներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և Աբրահամյան ընտանիքին՝ ուշադրության և աջակցության համար:

«Այն բոլոր շնորհներն ու կարողությունները, որ ողորմած Աստված ձրիաբար պարգևում է մարդուն, պիտի ուղղվեն ի սեր Աստծու և մերձավորի, որպեսզի օգուտ բերեն և Տերն արդարացնի մեզ: Յուրաքանչյուր անձ իր նյութական կարողությունների չափով կարող է օգնել հիվանդին կամ կարիքավորին, ձեռք մեկնել հաշմանդամին կամ սահմանափակ կարողություններով մերձավորին: Եթե յուրաքանչյուր ոք խելամտորեն գործածի իր շնորհները՝ լինի դա ֆիզիկական թե նյութական կարողություն, աղոթքի թե խոսքի շնորհ, դիրք թե ազդեցություն, ապա անպայման մեծ օգուտ կբերի նաև իրեն շրջապատող մարդկանց: Քրիստոս պատվիրում է սիրել, իսկ սիրելը միայն մտքում կամ խոսքով չի սահմանափակվում, այլ՝ սերը վկայող գործեր է ենթադրում»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

11.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․