26 Նոյեմբեր, Գշ
Քրիստոնյայի համար մեծագույն պարգև է ժամանակը, միաժամանակ նաև՝ պատասխանատվություն, քանի որ Տերն այն շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը ժամանակի մասին հետևյալ մտորումն է ունեցել. «Ինչն է ավելի գեղեցիկ, քան հույսով ճառագուն մեր աչքերը սևեռել գալիք 365 օրերի վրա, և յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրով այնպիսի արարք կամ արժեք դրոշմել մեր կյանքի այս նոր էջի վրա, որ երբ օրացույցը մաշվի, մեր կյանքն էլ նրա հետ չմաշվի…»:
Անցնող տարվա համար Տիրոջը փառաբանելու և Ամանորն ուրախ նշելու առիթն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությանը դեկտեմբերի 23-ին համախմբել «Ճանո» ռեստորանում: Ավանդույթի համաձայն, արդեն վեցերորդ տարին է, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը նշում է Ամանորը՝ իրեն բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով:
«Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալական խոսք հղեց Նավասարդ Սրբազանին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ նշելով, որ տարիներ շարունակ, Սրբազան Հոր օրհնությամբ և Տեր Հոր գլխավորությամբ, իրականություն են դառնում իրենց բոլոր ձեռնարկներն ու միջոցառումները. «Փառք ու գոհություն Աստծուն՝ անցնող տարվա համար: Թող Տերն Ամանորին նոր հույսի դռներ բացի յուրաքանչյուրիս ընտանիքի համար, բոլոր հուսահատվածներին հույս ու հավատք պարգևի, ամուր ու անսասան պահի հայ ընտանիքը և Իր Աջով պահապան լինի Հայոց երկրին ու Հայոց բանակին»:
Ամանորյա տոնախմբությանը մասնակցում էին նաև սիրիահայ երգիչներ, որ իրենց կատարումներով ոգևորել էին ներկաներին: Ողջ երեկոյի ընթացքում մեկը մյուսին հաջորդող ուրախ պարեղանակները, խաղերն ու անակնկալները տոնական տրամադրություն էին ստեղծել, որը լրացրին բոլորի կողմից սպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանք իրենց հերթին ևս մի շարք անակնկալներ էին պատրաստել մասնակիցների համար: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ջանքերի շնորհիվ օրն իրապես տոնական դարձավ սիրիահայ համայնքի տիկնանց համար:
Կարինե Սուգիկյան