Սիրիահայ համայնքը նշեց հին տոմարով Նոր տարին

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հունվարի 14-ին ԱՀԹ առաջնորդարանում նշեց հին տոմարով Նոր տարին և Սբ. Ծնունդը՝ իրենց բնորոշ սովորությամբ ու հյուրասիրությամբ:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ տոնախմբությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Սրբազան Հայրը Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ, շնորհավորելով սիրիահայերին, մաղթեց, որ յուրաքանչյուրը մանուկ Հիսուսից արժանանա խաղաղության և քաջության ավետիսների: «Քանի որ օրը համընկնել է Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրվա հետ, ուստի մեծ մարգարեի բարեխոսությամբ հայցենք Տիրոջից, որ խաղաղ երկինք պարգևի և Ամենակարողի զորակցությամբ հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Տիրոջ առաջնորդությամբ հասնենք դեպի խաղաղության նավահանգիստ»,- ասաց Սրբազան Հայրը:

«Ամանորը և Սբ. Ծնունդը մեծ տոնախմբությամբ ենք նշել Սիրիայում: Ամանորը, մեր սովորույթի համաձայն, ուղեկցվում էր խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Այսօր առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հոր օրհնությամբ և մեր համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աջակցությամբ ու գլխավորությամբ վերհիշում և նշում ենք մեր Ամանորը: Այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրն իր օջախ կտանի Ամանորի խորհրդանիշ՝ չիր ու չամիչը: Ունենք վիճակահանություն, ըստ որի թե՛ փոքրիկներից և թե՛ մեծերից կընտրվեն այս տարվա հաջողակները»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը:

«Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության կողմից կազմակերպված տոնախմբության մի մասն էր կազմում հյուրասիրության սեղանը, որ առատ էր իրենց հատուկ ամանորյա ավանդական ուտեստներով:

Ամանորյա տոնախմբությունը սկսված էր, և մինչ կժամաներ սիրիահայ փոքրիկների համար սպասելի հյուրը՝ Կաղանդ պապը, նրանց երգերով, պարերով և խաղերով ուրախացնում էր «Բեբի» ծաղրածուն:

Փոքրիկների ուրախությունը կրկնապատկեց Կաղանդ պապը: Ուրախությունը երկողմանի էր. Կաղանդ պապն էլ ուրախացել էր իր թոռնիկների ասմունքով, երգ ու պարով:

Կաղանդ պապը 40 սիրիահայ երեխաների հանձնեց ԱՀԹ-ի կողմից պատրաստված ամանորյա նվերներ:

11-ամյա Աննա Մարիայի համար սիրելի և սպասելի տոն է Ամանորը: Իսկ տոնին թե՛ Սիրիայում և թե՛ Հայաստանում նա նախապատրաստվում է նախ օգնելով մայրիկին, ապա անհամբերությամբ սպասում է իր սիրելի Կաղանդ պապին:

Ամանորյա տոնախմբությանը մասնակցում էին նաև սիրիահայ երգիչներ, որ իրենց կատարումներով ոգևորել էին թե՛ փոքրիկներին և թե՛ մեծերին:

 

Կարինե Սուգիկյան

14.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․