Մարդկության լավագույն գյուտերից է կամուրջը, այն միշտ միավորում է: Աստծո կողմից արարված աշխարհում աստվածնմանության ձգտող մարդիկ միավորվում են սիրո և բարեգործության կամուրջներով: Մեծ սիրով կամրջված սիրո կամուրջներն իրենց անցորդներին պարգևում են սեր, ուրախություն և խաղաղություն: Յուրաքանչյուր սիրո կամուրջ իր կառուցողների և անցորդների համար միջոց է հասնելու և անցնելու Քրիստոսով կամրջված այն միակ Կամրջով՝ Ս. Խաչով, որ դեպի Երկինք է առաջնորդում:
Իսկ այս սիրո կամուրջը ձգվեց ԱՄՆ-ից Հայաստան: Այն կամրջվեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լոս Անջելոսի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյաց Մայր եկեղեցու և Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքների համագործակցության շնորհիվ: Սրբոց Ղևոնդյաց Մայր Եկեղեցու համայնքի անդամ Փառքուհի Աբուլյանը և տիկնանց միության մյուս անդամները, տեղեկանալով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրագործվող սոցիալական ծրագրերի մասին, փորձեցին իրենց մասնակցությունը բերել ծրագրին: Տիկնանց միությունը Հայոց ազգային բանակի մեր զինվորների համար մեծ սիրով պատրաստել էր ձմեռային ձեռագործ գլխարկներ: Նոյեմբերի 30-ին զինվորների համար պատրաստված նրանց նվերներն արդեն Հայաստանում էին՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի միջոցով դրանք փոխանցեց սահմանին ծառայող մեր զինվորներին:
Ի փառս Աստծո՝ կամրջվեց հերթական սիրո կամուրջը, որը սեր և ջերմություն էր փոխանցելու Հայոց սահմանները պաշտպանող մեր քաջարի զինվորներին:
Կարինե Սուգիկյան