«Զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը»,- ասել է Մուրացանը:
Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը նախ և առաջ նպատակաուղղված են հայ ընտանիքի զորացմանն ու ամրացմանը: Նոյեմբերի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հերթական անգամ աջակցեց Ոսկանյան բազմազավակ ընտանիքին՝ հանձնելով դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ութ անչափահաս զավակներով հարուստ ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մաշտոց փողոցի 13 հասցեում: Բազմանդամ ընտանիքն ապրում է երկու սենյականոց բնակարանում, որտեղ մահճակալների թիվը չի համապատասխանում ընտանիքի անդամների թվին:
«Ամուսինս, երկրորդ խմբի հաշմանդամ լինելով, ի վիճակի չէ աշխատելու, ապրում ենք ամուսնուս հասանելիք թոշակի և ընտանեկան նպաստի գումարներով, որոնք չեն բավարարում անգամ մեր նվազագույն կարիքները հոգալու համար: Վեց ամիս առաջ, մեր ութերորդ զավակի ծննդյան առիթով, պետությունը մեզ գումար տրամադրեց, որի միջոցով մեր բնակարանը մասամբ վերանորոգեցինք, քանի որ առնետները տուն էին մտնում: Շնորհակալ եմ աջակից Վարդանյան ընտանիքին, որ օգնության ձեռք մեկնեց մեզ»,- ասաց ընտանիքի մայրը՝ Ոսկանյան Սիրանուշը (31 տ.):
Ոսկանյան ընտանիքում տիրում է սիրո և զոհաբերության մթնոլորտ. տիկին Սիրանուշն ասաց, որ իր զբաղվածության պատճառով շատ անգամ երեխաներն իրենք են միմյանց օգնում դասերը սովորելիս, մեծերը փոքրիկներին են հետևում, մինչ քնելը նրանց համար հեքիաթ են կարդում, ավագ դուստրը օգնում է իրեն խոհանցում: Իսկ մեկ ամիս առաջ, երբ տիկին Սիրանուշը վիրահատվել էր և երկու շաբաթով գտնվում էր հիվանդանոցում, երեխաները տատիկի հետ միասին օգնել են միմյանց և չեն բացակայել դասերից:
«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի, կոչված է զորացնելու այն մեծ հոգևոր ընտանիքը՝ համայնքը, որ ձևավորվում է բազմաթիվ ընտանիքներից: Մեծ ընտանիքի զորեղ լինելը պայմանավորված է Աստծո և միմյանց հանդեպ ունեցած ճշմարիտ սիրով: «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34, 35),- ասում է Տերը: Եվ Քրիստոս է, որ միավորում է մեզ այդ սիրո մեջ՝ մեր հոգևոր հայացքներն ուղղելով դեպի մեզ Սիրող Հայրը: Երկնավոր Հոր կամքը կատարելով է, որ եղբայրակից ենք դառնում Քրիստոսին ու ժառանգակից՝ Աստծո Արքայության»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան