Աստված սեր է, և աստվածային սերն առկա է ողջ տիեզերքում: Մարդն իր ուժերով չի կարող ճանաչել այն: Սիրառատ Աստված սիրո պարգևը բաշխում է քաջարի սրտերին, ովքեր անվեհերությամբ նետվում են հանուն հավատի ու հայրենիքի և ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու: Ողորմած Տերը, տեսնելով մարդու անգամ փոքր քայլերն ու մտադրությունները, զորացնում է նրան փրկության ճանապարհին և մխիթարում Իր անսահման սիրով։ Սիրո բոլոր դրսևորումների առաջնային աղբյուրն աստվածային սերն է: Ճշմարիտ սեր ունեցողը չի հպարտանում, չի նախանձում, չի գոռոզանում, միայն ինքն իր մասին չի մտածում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-7): Երբ մարդ ջանում է ձեռք բերել այդպիսի սեր, ապա ճիշտ ժամանակին Տիրոջ կողմից օրհնվում է սիրո պարգևով:
Օգոստոսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Լիլիթ Վանեսյանին (44 տ.), փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Լուսինեի ամուսինը՝ Գարիկ Վանեսյանը, ծառայել է Որոտանի զորամասում՝ որպես ՎՔՆ ծառայության պետ: Մասնակցելով արցախյան վերջին պատերազմին՝ հոկտեմբերի 2-ին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից և շարունակելով մարտը՝ զոհվել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի առավոտյան՝ Մեխակավանում: Նրա մարմինը գտնվել է պատերազմից մոտ վեց ամիս անց՝ ԴՆԹ հետազոտության արդյունքում: Լուսինեն իր չորս զավակների հետ բնակվում է իր ծնողների տանը, որ գտնվում է Գորիս քաղաքում՝ Ավանգարդ 5, 4/11 հասցեում: Բազմազավակ ընտանիքի ավագ որդին այժմ զինվորական ծառայության մեջ է:
Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Կարինե Սուգիկյան