23 Նոյեմբեր, Շբ
Իմ ու հարևանիս միջև թշնամանք առաջացավ փշի պես՝ չէինք կարողանում միմյանց աչքերին նայել: Ձմեռային մի երեկո փոքր որդիս բարձրաձայն Նոր Կտակարանն էր կարդում ինձ համար և երբ կարդաց Փրկչի այն խոսքերը, թե՝ բարություն արեք ձեզ ատողներին (Մտթ. 5:44), բղավեցի. «Բավակա՛ն է»: Ողջ գիշեր չկարողացա քնել, անդադար մտածում էի, թե ինչպես կատարեմ Աստծո այդ պատվիրանը: Եվ մի անգամ հարևան տնից եկող բարձր լացի ձայն լսեցի: Հարցուփորձ անելով իմացա, որ հարկադիր կատարողները հարևանիս բոլոր անասուններին տարել են՝ պարտքերի դիմաց վաճառելու: Կայծակի նման մի միտք ծագեց գլխումս՝ ահա՛, Աստված քեզ հնարավորություն է տվել հարևանիդ բարություն անելու: Ես վազելով դատարան գնացի ու վճարեցի այն մարդու պարտքը, որին աշխարհում ամենաշատն էի ատում, և նրա անասուններին հետ վերադարձրի: Երբ նա իմացավ այդ մասին, երկար քայլում էր իր տան շուրջը՝ մտքերի մեջ խորասուզված: Երբ մթնեց, նա ձայն տվեց ինձ: Մոտեցա ցանկապատին ու ասացի. «Ինչո՞ւ ես կանչում»: Նա սկսեց սաստիկ հեծկլտալ ի պատասխան և ի զորու չլինելով բառ անգամ արտասանել՝ միայն լալիս ու լալիս էր: Այն օրվանից մենք հարազատ եղբայրներից էլ ավելի սիրով ենք ապրում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի