Սկսիր քեզնից

Մի անգամ թագավորը որոշեց իր տերության հեռավոր շրջաններն այցելել, որտեղ նախկինում չէր եղել: Երբ սարսափելի հոգնած վերադարձավ երկարատև ու դժվարին ճամփորդությունից, ապա նրա ոտքերն այնքան էին ցավում, որ քայլել նույնիսկ չէր կարողանում: Դա առաջին անգամ էր, որ նա այդքան երկար քայլել էր քարքարոտ ճանապարհներով: Բայց քանի որ երկրի ղեկավարն էր, ապա չպետք է տառապեր մյուսների պես, ուստի մտածեց. «Պետք է հրամայեմ, որ բոլոր քարքարոտ ճանապարհները կովի կաշվով պատեն: Մշակելուց հետո այդ կաշին այնքան փափուկ և հաճելի է դառնում: Եվ հաջորդ ուղևորությունս ավելի հաճելի կլինի և ոտքերս էլ չեն ցավի»:

Արքան հավաքեց իր խորհրդականներին և հայտնեց իր որոշման մասին: Սրահում լռություն տիրեց, յուրաքանչյուրը մտքում հաշվում էր, թե ինչ հսկայական ծախսեր կարժենա դա արքունական գանձարանին, քանի որ հազարավոր կովերի կաշիներ անհրաժեշտ կլինեն:

Վերջապես նրանցից ամենահամարձակն ասաց. «Արքա՛, ինչո՞ւ այդքան հսկայական գումարներ ծախսել, եթե կարելի է այդ կաշվից ծածկոց կարել ոտքերի համար, այլ ոչ թե ճանապարհների»:

Արքան շատ զարմացավ այդ համարձակ առաջարկությունից, բայց մի փոքր մտածելով՝ ընդունեց իր խորհրդականի իրավացիությունը, և շուտով մի զույգ հրաշալի երկարաճիտ կոշիկներ կարեցին արքայի համար:

 

Կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար ավելի լավ է սկսել ինքդ քեզ ու սիրտդ փոխելուց, այլ ոչ թե շրջապատող աշխարհը:



Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

21.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․