Սոուսով խորոված, կամ սուրբ մի՛ ձևացիր (Մաս առաջին)

Այս զրույցի պատճառը օրերս ստացած կարճ հաղորդագրությունը հանդիսացավ: Հիմա կբացեմ այն և մտքերս կկիսեմ ձեզ հետ:

Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի: Երջանիկ ու հանգիստ եղեք խնդիրների ու անհեթեթությունների այս աշխարհում: Չէ՞ որ, եթե նույնիսկ ճգնաժամն է չոքել դռանդ առջև, և դժվարություններն ամեն կողմից շրջապատել են քեզ, սիրտդ կարող է ուրախ մնալ: Կարող ես չհուսահատվել: Բավական է միայն երեխան ժպտա քեզ, քո՛ երեխան, և հոգիդ ուրախությամբ կլցվի, ունեցածդ ողջ ծանրությունը կանհետանա: Սիրածդ մարդը՝ կինդ, ամուսինդ, երեխաներդ, կգրկի քեզ և հոգիդ կրկին կերջանկանա: Կարող ես միլիոններ չունենալ, այլ սիրով, ջերմությամբ լի սիրտ, լավ գրքեր… Նույնիսկ այս դառը դարաշրջանում ապրի՛ր ներքին խաղաղության, բարության ու գեղեցկության զգացումով: Չէ՞ որ այնքա՜ն հրաշալի է մի լավ վեպ կամ գիտական աշխատանք կարդալ, հոգեհարազատ էլի ինչ-որ բան, ու դրա միջոցով մեկ այլ աշխարհ տեղափոխվել ու ասել. «Դե լավ, դժվար ժամանակներ են, բայց աշխարհում որքա՜ն սքանչելի բաներ կան»: Քրիստոս ի՞նչ ասաց: Նայե՛ք թռչուններին, ծաղիկներին, որքա՜ն չքնաղ են: Աշխարհում, որ տառապում է, աշխարհում, որտեղ երկրաշարժներ են լինում, սքանչելի ծաղիկներ են աճում: Եվ իրենց գեղեցկությունն ու բույրն են նվիրում մեզ: Ներքին հավասարակշռությունը պահպանելու, ուղիղ մեջքով կանգնելու և փորձանքներին կուլ չգնալու միջո՛ց գտիր: Չէ՞ որ ժամանակն անցնում է: Այդպես չէ՞:

Ձևացնե՞լ, թե՞ լինել

Այսպիսով, կարճ հաղորդագրությունը: Մեր համայնքում հաճախ գիշերային պատարագներ ենք մատուցում: Ինչո՞ւ: Երիտասարդ զույգերի և ոչ այնքան երիտասարդ մարդկանց համար, ովքեր ուզում են կիրակի առավոտյան հանգստանալ*, իսկ եկեղեցի գնալ շաբաթ երեկոյան: Պատարագն ավարտվում է կեսգիշերն անց, տասներկուսն անց կեսին, մեկին: Շատերն են գալիս, նրանց դուր է գալիս…

Եվ ահա, Պատարագից հետո մի խումբ երիտասարդներ են մոտենում ինձ ու ասում. «Հա՛յր, մենք ճաշից ոչինչ չենք կերել: Գնա՛նք մեզ հետ ուտելու, հրավիրում ենք»: Եվ չնայած ես էլ էի մի փոքր քաղցած, բայց տարբեր մտքեր հայտնվեցին գլխումս. «Ախր դու հոգևորական ես: Քո մասին ի՞նչ կասեն: Այդ ամենն աշխարհիկ է… քահանային վայել չէ»,- և հրաժարվեցի: Այնժամ նրանք ասացին. «Մի՛ անհանգստացեք, մենք մեքենայով ենք, ճանապարհին կկանգնենք և ուղղակի խորոված կվերցնենք Ձեզ համար»: «Խորովա՜ծ,- մտածեցի,- որքա՜ն եմ խորոված ուզում»,- բայց աշխատեցի ցույց տալ, որ դա ինձ ամենևին չի հուզում: Փորձեցի ճշմարտությունը գտնել ներսումս: Սիրտս ասում էր. «Ուզում եմ»: Բայց այն, ինչ «պետք է ցույց տայի» «ուզում եմ»-ը չէր, չէ՞ որ «ես պարտավոր եմ ապրել այնպես, ինչպես Վարք սրբոցն է սովորեցնում, սուրբ հայրերը, Վարք հարանցը՝ Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո, երբ մոտեցել ես Քրիստոսին, ապա արդեն այլևս ոչինչ չես ցանկանում»: Այդպես են ասում գրքերը, և նրանք, ովքեր գրել են այդ գրքերը, հավանաբար այդպես էլ ապրել են: Բայց ես այդպես չեմ ապրում: Ես այն վիճակում չեմ գտնվում, երբ՝ «իսկ այժմ, երբ հաղորդություն եմ ստացել, կգնամ տուն, ևս մի քանի ժամ կաղոթեմ ու կպառկեմ քնելու, և ուրիշ ոչինչ չեմ ուտի, կամ էլ՝ մի չորահաց»: Այո՛, ես ուտել էի ուզում, և դա այն ճշմարտությունն էր, որ կար իմ ներսում: Սակայն ձգտում էի ցույց չտալ: Նույն կերպ էլ փարիսեցիներն էին բարեպաշտ թվում, պահք էին պահում ինչպես հարկն է, արտաքնապես ամեն ինչ ճիշտ էր… Եվ այդ ամենով հանդերձ, նրանց դիմելիս, Քրիստոս ասում էր. «Դուք գերեզմանների պես եք, դրսից գեղեցիկ եք, իսկ ներսից լի եք ապականությամբ: Դուք ձեր ներսում կեղծավորության դիակն եք կրում, կեղծավոր «ես»-ը» (հմմտ. Մտթ. 23:27, 28): Քրիստոս մեղավորներին երբեք այնպես չմերկացրեց, ինչպես կեղծավորներին: Աստվածաբանորեն ամեն ինչ ճիշտ է՝ ես քահանայի կարգավիճակ ունեմ: Եվ այդ պահին Սուրբ լեռան մի վանականի հիշեցի, ով ասաց. «Քահանա՞ ես: Եվ ի՞նչ: Ի՞նչ ես ցույց տալիս աշխարհին: Այն, ինչ իրականո՞ւմ ես, թե՞ այն, ինչ չկա: Որպես սուրբ ճգնավոր ես ներկայանո՞ւմ, հայտնի մենակյաց, բացառիկ հոգևոր մարդ, այդպիսին չլինելով: Ձևացնո՞ւմ ես, թե՞ այն ես, ինչ կաս»:

Հայր Պաիսիոսի մոտ

Հիշում եմ, 1990թ.-ին հարցրեցի հայր Պաիսիոսին, թե զբաղվեմ արդյոք զրույցներով, թե ոչ, դպրոցականների առաջ վերամբարձ ու կարևոր խոսքեր ասեմ, թե պետք չէ: Նա շրջվեց ու հարցրեց. «Եթե հարևաններիցդ մեկը հարցնի, թե դպրոցը որտեղ է, գիտե՞ս ինչ պատասխանել նրան»: «Այո՛»: «Իսկ եթե հարցնեն, թե հացաբուլկեղենի խանութը որտեղ է»: «Գիտեմ»: «Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի, թե Ամերիկան որտեղ է, և զանազան մանրամասներ դրա մասին, գիտե՞ս ինչ ասել նրան»: «Ոչ, չգիտեմ»: «Ինչո՞ւ չգիտես»: «Որովհետև երբեք Ամերիկայում չեմ եղել»: «Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- շարունակեց հայր Պաիսիոսը,- Ամերիկայի մասին նրանց մի՛ պատմիր, որովհետև չգիտես: Խոսի՛ր այն մասին, ինչ գիտես, և այն մասին, ինչ ինքդ վերապրել ես: Հացաբուլկեղենի խանութի մասին խոսիր, դպրոցի»: Հացաբուլկեղենի խանութ ու դպրոց, սա այն է, ուր մենք ուղարկում ենք մարդկանց: Ես քեզ հացի խանութ եմ ուղարկում, դու հաց ես բերում և ուտում: Ես քեզ դպրոց եմ ուղարկում, դու այնտեղ գրագիտություն ես սովորում: Ես ուղեկցորդ եմ և ցույց եմ տալիս, թե ուր գնալ: Լավ է, եթե քահանան, աստվածաբանը, հոգևոր մարդը, ումից օգնություն են սպասում, պահում է այդ սահմանը («ես Աստված չեմ, ես չեմ կարող փրկել մարդկանց, ես ձեզնից մեկն եմ, ձեզ պես սովորական մարդ եմ»):

Քահանան նո՞ւյնպես մարդ է

Այն, ինչով մենք՝ քահանաներս տարբերվում ենք՝ Աստծո հետ ավելի սերտ կապակցության ձգտումն է, սակայն դա չի նշանակում, որ մենք հաջողել ենք դրանում: Ես նույնպես մարդ եմ: Ես էլ եմ ուտում, խմում, լվացվում, շրջակա միջավայրն աղտոտում՝ ինչպես բոլորը: Մի անգամ դպրոցում մի երեխա տեսավ, թե ինչպես եմ դասամիջոցին ուտում, իսկ ես զարմացած էի, թե ինչպես է մարդկանց գիտակցության մեջ բեկվում այն, ինչ ասում ենք նրանց: Ասես մենք՝ քահանաներս ուրիշ աշխարհում ենք ապրում: Եվ պետք չէ նկատի չառնել դա, ասել՝ բան չկա, թող այդպես էլ մտածեն: Մարդիկ իրենց երևակայության մեջ կարող են պատկերացնել, որ մենք գետնից բարձրացած ենք աղոթում, բայց դա ճիշտ չէ: Իսկ եթե ճշմարտությունը ցույց տալ նրանց, կհասկանան, որ մենք մի փոքր տարբերվում ենք իրենցից: Այսպես ուրեմն, դասամիջոցին կանգնել ու ինչ-որ բան էի ուտում: Հանկարծ մի երեխա է շրջվում դեպի ինձ ու զարմանում. «Վա՛յ»: «Ի՞նչ պատահեց»,- հարցնում եմ: «Դուք էլ եք ուտո՞ւմ, հա՛յր»: «Ուտում եմ, իսկ ինչո՞ւ չպետք է ուտեմ»,- ասում եմ: Տղանն ցնցված էր:

Իսկ ես կրկին Սուրբ լեռան այն վանականին հիշեցի. «Թող քեզ լսողները գոնե երբեմն առօրյա միջավայրում տեսնեն քեզ, տեսնեն քո իսկական պահվածքը»: Ոչ թե նրան, ով խորանից է խոսում՝ իրեն հրաշալի հոգևոր հովիվ ձևացնելով, ում ոտքերն արդեն գետնին էլ չեն դիպչում, այլ նրան, ով, օրինակ՝ ուխտագնացության ժամանակ հաշվում է մարդկանց ու հանկարծ տեսնում, որ մեկը բացակա է: Եվ հանկարծ «բարի հոգևոր հովիվը» սկսում է նյարդայնանալ. «Ախր ո՞ւր կորավ այդ կինը»: Իսկ հավատացյալներն իրենց մտքում ասում են. «Այսինքն՝ Տեր հայրն էլ է բարկանո՞ւմ»: Թող այդպես լինի, փոխարենը նրանք տեսնում են, որ դու էլ այնպիսին ես, ինչպես բոլորը:

Շուրջդ այնպիսի տպավորություն մի՛ ստեղծիր, որ դու բոլորովին այլ երևույթ ես: Դա ո՛չ համախմբման կբերի, ո՛չ բարի առաքելության, ո՛չ բարքերի հարազատության, ո՛չ Աստծո առաջ ազնվության, ոչ էլ մարդկանց առաջ անկեղծության: Եվ վերջապես, ո՛չ Աստված, ո՛չ մարդիկ բոլորովին այդ չեն ուզում քեզանից: Երբ որևէ կեղծ բան ես ցույց տալիս, ինչպես՝ ես, երբ ասում եմ. «Եթե նրանք ինձ տեսնեն այնպիսին, ինչպիսին եմ, ապա կհիասթափվեն»: Ո՛չ, չեն հիասթափվի, փորձի՛ր և կտեսնես: Նրանք կհասկանան, որ դու էլ ես ուտում, որ ահա, այն տանտիկնոջ պատրաստած տիրոպիտայից (հունական պանրով կարկանդակ) մի կտոր համտեսեցիր, իսկ հետո մի կտոր էլ խնդրեցիր, երրորդն էլ, չորրորդն էլ և կասեն. «Նշանակում է Տեր հայրն էլ է սիրում ուտել: Եվ նրան դուր է գալիս այն, ինչ մեզ»:

Պահքի թխվածք և ցնցոտիներով ծերեր

Մարդը երկնքից իջնում է երկիր և հասկանում, որ Աստված այնտեղ է: Որտե՞ղ: Ճշմարտության մեջ: Առօրյայում: Եվ հոգևորն, առաջին հերթին, այն է, որ դու անկեղծ ես, խոնարհ, բաց ես ուրիշների համար և չես թաքնվում (ինչպես ես եմ անում, հնարավոր է մեկ ուրիշը ևս), և ցույց չես տալիս, թե դու ինչքան լավն ես:

Ի վերջո, համաձայնեցի բոլորի հետ գնալ. «Տե՛ր Աստված, ավելի լավ է հետևեմ խորհրդին ու չտարբերվեմ այս երիտասարդներից և հետևեմ այն վանականի խոսքերին. «Մարդկանց մոտ այնպիսի՛ն եղիր, ինչպիսին ես, մի՛ ներկայացիր այն, ինչ չես, սրբություն մի՛ վաճառիր, որը չունես»: Հիշեցի աստավածաբանության կոնֆերանսները, որտեղ չնայած խոսում ենք ամենավեհի ու հոգևորի մասին, երբ սուրճի ընդմիջման ժամն է գալիս, և բոլորը դուրս են ելնում, մեր առջև հյուրասիրություն է՝ սուրճ, թխվածքաբլիթներ, զանազան հաճելի համեղ բաներ, և բոլորը՝ պահոց: Եվ քեզ ասում են. «Կերե՛ք, կերե՛ք, պահոց են, մի՛ անհանգստացեք»: Կոնֆետը բերանդ ես դնում և այն հալչում է: Այն նո՞ւյնպես պահոց է: «Ամեն ինչ պահոց է, կերեք, որքան ցանկանում եք»: Եվ պահոց հինգ կոնֆետ ես ուտում, վերադառնում ես կոնֆերանսի սրահն ու շարունակում ծերերի մասին խոսել, ովքեր միայն մեկ բամբակե բլուզ ունեին, այն էլ երկար տարիներ հագնելու պատճառով կուրծքը քրքրված… Տեսությունը մի բան է, պրակտիկան՝ մեկ այլ, ծերերը խոսում էին և անում այն, ինչ ասում էին:

Իսկ մենք խոսում ենք նրանց մասին, բայց բոլորովին ուրիշ ենք: Մենք վախենում ենք, նախանձում ուրիշներին և չենք հասկանում, որ այն, ինչով ապրում ենք՝ հենց հոգևորն է՝ խոհանոցում, ամուսնու, կնոջ, երեխաների հետ, աշխատավայրում, ավտոբուսի մեջ, գրասենյակում, ամպերում, որտեղ սավառնում ենք, որտեղ էլ, որ գտնվենք: Հոգևորը, նյութականը, աշխարհիկը, աստվածայինը՝ ամեն բան Աստծո պարգևն է՝ Նրա կողմից օրհնված: Նրա շնորհը, լույսը, բարությունն ու սերն ամենուր է սփռվում: Իսկ դու, երբ ամուսնանում ես, սկսում ես ճգնավորներին նախանձել ու ասել. «Ա՛հ, ես ինչո՞ւ վանական չդարձա: Է՛հ, հիմա ի՜նչ լավ է Սուրբ լեռան վրա»: Նախանձում ես նրան, ինչ ինքդ կարող ես զգալ և արդեն վերապրում ես: «Այո, բայց ես այնտեղ չեմ, և չեմ կարող տեսնել վանական զգեստները, սքեմը…»: Իսկ մի՞թե հոգևորը դրանում է կայանում, հարգելի՛ս: Դա արտաքին տեսքն է: Չե՞ս հիշում, թե Սուրբ Հովհան Սանդուղքն ինչ էր ասում. «Շատ հեշտ է արտաքնապես վանական դառնալ՝ փարաջան հագար, մազերդ ու մորուքդ երկարացրեցիր, և վերջ՝ վանական ես: Բայց ոչ թե փոքր, այլ մեծ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի ներքին մարդուդ վանական դարձնես»: Մեկն ամուսնանում է ու նախանձում վանականներին: Մյուսը վանական է դառնում, իսկ հայացքն ուղղում է աշխարհիկին և ասում. «Ախր ինչո՞ւ ընտանիք չկազմեցի և այժմ մենակ եմ»: Մենք չենք ուրախանում նրանով, ինչ անում ենք: Չենք հասկանում, որ Աստծո օրհնությունն ամեն ինչի միջով գալիս է:

Մենք կարող ենք մեր միայնության միջոցով հաղորդակից լինել Աստծուն: Մենք կարող ենք հոգևոր ու սուրբ կյանք վարել մեր ընտանիքի, աշխատանքի, մարդկանց հետ հանդիպումների միջոցով, և հասկանալ, որ ամեն ինչ Աստծո օրհնության մեջ մեկ է: Մենք մի նպատակ ունենք: Այն Ավետարանը, որ ես կարդում եմ, դու էլ ես կարդում:

* Հունաստանի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները վաղ առավոտյան են սկսվում (թարգմ.)

 

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

25.01.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․