26 Դեկտեմբեր, Եշ
Հայոց աշխարհը հարուստ է այնպիսի սրբավայրերով, որ կառուցվել են սրբերի շիրիմների և մասունքների վրա, և որոնց հիշատակության օրերը տոնախմբվում են տոնական Սուրբ Պատարագներով: Հնագույն սրբավայրերի շարքում է Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, որին կից սբ. Անանիայի մատուռ-դամբարանում է ամփոփված Քրիստոսի 72 աշակերտներից սբ. Անանիայի մասունքները, որոնք, ըստ ավանդության, Հայաստան են բերվել սրբի նահատակությունից շատ քիչ ժամանակ անց:
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սբ. Անանիայի հիշատակությունը տոնախմբեց հոկտեմբերի 15-ին, որ մեծ հանդիսավորությամբ նշվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախորդ օրվանից, քանի որ, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո: Հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ ժամը 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից սբ. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին ուխտավորները սբ. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով:
Իսկ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց սբ. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց սբ. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը, որին հաջորդեց տոնական Սուրբ Պատարագը, որ մատուցեց Տեր Խորեն քահանա Պերթիզլյանը:
Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը:
Եթե հայտնի մարդկանց դիմանկարները, կիսանդրիները, արձանները, հատկապես գերեզմանները կարող են մեծ տպավորություն թողնել նրանց հիշատակը մեծարողների վրա՝ նրանց մոտ արթնացնելով խանդավառ հիացմունք նրանց կյանքի և սխրանքի հանդեպ, ապա սրբերի շիրիմներն առավել մեծ տպավորություն են թողնում այն բոլոր հավատավորների վրա, ովքեր հարգում են նրանց սուրբ հիշատակը ուխտագնացությամբ, Սուրբ Պատարագով և բարի գործերով: Սրբերի աճյունները հավատավորի համար նրանց վարքագրության կենդանի հիշեցում են, որոնցից ոգևորվելով՝ հավատավորն ընդօրինակում է նրանց բարեպաշտ գործերը: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Սրբի գերեզմանի տեսքը, թափանցելով հոգին, զարմացնում և հուզում է մարդուն և այնպիսի վիճակի հասցնում, կարծես գերեզմանում գտնվողը մեզ հետ միասին աղոթում է, կանգնած է մեր առջև և տեսնում ենք նրան, և դա զգալով՝ մարդը հոգևոր մեծ նախանձախնդրությամբ է լցվում և հեռանում է այդտեղից՝ այլ մարդ դառնալով»։
Կարինե Սուգիկյան