Մի մարդ լսեց, որ աշխարհում ճշմարտություն կա ու գնաց այն որոնելու: Ճանապարհին նրան հանդիպեց սուտը:
- Ո՞ւր ես գնում,- հարցրեց սուտը:
- Գնում եմ ճշմարտություն որոնելու:
- Ի՜նչ լավ է,- ասաց սուտը,- ես էլ եմ ուզում այն տեսնել, որովհետև երբևէ չեմ հանդիպել: Միասին գնանք:
Հասան մի քաղաք ու հարցրեցին.
- Այստեղ ճշմարտություն կա՞:
- Կար, բայց քիչ առաջ հեռացավ:
Մարդն ու սուտը շարունակեցին իրենց ճանապարհն ու մի ուրիշ քաղաք հասան: Կրկին հարցրեցին.
- Ճշմարտությունն այստեղ եղե՞լ է:
- Եղել է, բայց այս պահին այստեղ չէ- պատասխանեցին,- երևի մոտակայքում կլինի: Իսկ այդ ո՞վ է քեզ հետ:
- Սուտն է,- պատասխանեց մարդը:
- Իսկ ո՞վ կարող է ստի հետ ճշմարտությունը գտնել,- զարմացան մարդիկ,- վռնդիր նրան:
- Իսկապես որ,- համաձայնվեց մարդը,- ինչպես շուտ չէի հասկացել:
Վռնդեց իրենից սուտն ու տեսավ, թե ինչպես է ճշմարտությունն իրեն ընդառաջ գալիս:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի