«Ստնտուի» պատկերագրական տիպը

«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում ստնտուի կերպարն է. միայն թե ցածի աջ և ձախ կողմերում Հովհաննես Մկրտիչն է և Ստեփանոս Նախավկան:

«Ստնտուի» պատկերագրական տիպն ունի հին պատմություն: Սկզբնական շրջանում այն ավելի ժանրային բնույթ է կրել: Քրիստոնեական արվեստի վաղ հուշարձաններում այդ կերպարը հանդիպում է Բաուիտայի և Սակկարի VI դ. ղպտական որմնանկարներում, ապա IX-X դդ. մանրանկարներում, որտեղ դեռևս զգացվում են հելլենիստական արվեստի հետքերը: Հետագայում այս թեման աստիճանաբար ազատվում է ժանրային տպավորություններից՝ ձեռք բերելով խորհրդաբանական բնույթ, միաժամանակ նաև վեհության գծեր:

«Ստնտուի» պատկերագրական տիպի դասական օրինակներն առկա են IX-XI դդ. մի շարք հուշարձաններում՝ Պատմոս կղզու Պանտոկրատորի եկեղեցում և Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի XI-XII դդ. մանրանկարներում: Ավելի ուշ այն տարածում է ստանում հունական գավառներում և քրիստոնյա Արևելքի երկրներում: XIII դ. իտալացի նկարիչների համար «Ստնտուն» արդեն նախասիրված թեմա էր:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

13.12.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․