5 Հոկտեմբեր, Շբ
Քրիստոսի մեծ վկա սուրբ Անտիոքոսը բժիշկ էր, բարեպաշտ հավատով ի Քրիստոս, Սեբաստիա քաղաքից, շրջում էր բոլոր գավառներում և ձրի բուժում բոլոր հիվանդներին` ոչ միայն դեղով ու արմատներով, այլև մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ և վարձի փոխարեն, որ պիտի ստանար նրանցից, ում բուժում էր, պարգևում էր նրանց հավատի սուրբ ավազանի աստվածային լույսը, որ ի Քրիստոս, լուսավորելով` բոլորին դարձի էր բերում սնոտի կուռքերի մոլորությունից:
Եվ ելավ սրբի բարեգործության համբավը ամբողջ երկրով, լսելի եղավ մինչև իսկ թագավորներին: Այնժամ նրան բռնեց անօրեն դատավոր Ադրիանոսը և բազում, տեսակ-տեսակ տանջանքներով չարչարում էր երանելիին` դալար բրերով ու քերիչներով, սուրսայր եղեգնով: Հրկիզելով` այրեցին-խորովեցին սրբի մարմինն առհասարակ: Եվ կաթսայից, որ եռման էր, լցրին նրա վերքերի վրա ու նրան ստիպում էին հրաժարվել Քրիստոսից: Իսկ նա բազում վշտերից չէր կարող բանալ իր բերանը, այլ միայն սրտանց գոհանում և օրհնում էր Աստծուն: Երբ տեսան, որ արհամարհում է տանջանքը, նրան գցեցին վագրերի առաջ, և վայրի գազանները երանելիի հրաշալի դեմքից պատկառելով` չմոտեցան սրբին, հանդիմանելով դատավորի մոլորությունը, մինչև որ զարհուրած դատավորը օրեր անց նրան ներումն շնորհեց:
Իսկ սուրբը, զորացած Սուրբ Հոգուց, գիշերով մտավ կուռքերի տաճարը և բոլոր բագինները կործանելով խորտակեց: Եվ դա իմացան կուռքերի պաշտոնյա քուրմերը, երանելիին բռնեցին, տարան դատավորի ատյանը: Երկրորդ անգամ [դատավորը] հարցուփորձով չտանջեց, քանի որ գիտեր նրա համբերությունը և պնդությունը Քրիստոսի հավատքի նկատմամբ, հրամայեց գլխատել երանելիին: Եվ դահիճներն առան-տարան նրան սպանման տեղը, և սուրբն աղաղակեց դահիճներին` թույլ տալ իրեն, մինչև աղոթի իր Տեր Աստծուն: Եվ սուրբն իր ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք, արտասվալի, սկսեց աղոթել այսպես. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Աբրահամի Աստված, Իսահակի Աստված և Հակոբի, ամեն մխիթարության Աստված, խոնարհեցրու ականջներդ և լսիր աղաչանքը Քո ծառայի: Տե՛ր, տո՛ւր ինձ անվեհեր ավարտել ընթացքս, Տե՛ր, տո՛ւր ինձ վաստակներիս վարձը, որ փոքր-ինչ վաստակեցի իմ Տեր Հիսուս Քրիստոսի այգում, որը գնեց Իր արյունով: Տե՛ր, տո՛ւր ինձ իմ վարձքը, որ հատուցեցիր հետին մշակներին Քո առատ մարդասիրությամբ: Լսի՛ր, Տե՛ր, բոլորի աղոթքի խնդրանքը, որ իմ բարեխոսությամբ խնդրում են Քեզնից. հիվանդներին` բժշկություն, դևերին` հալածանք, կույրերին` տեսնել, կաղերին` գնալ, խուլերին` լսել, մեղք գործածներին` թողություն: Լսի՛ր, Տե՛ր, բոլորին, որ կաղաչեն Քեզ. եթե մեկը վտանգվում է ծովում, կամ գետում, ամեն տեղ, օգնիր և փրկիր բոլոր վտանգներից ու նեղություններից: Տե՛ր, տո՛ւր և օդի բարեխառնություն և հանդերին պտղաբերություն, փրկելով խորշակից ու եղյամածին սառնամանիքից: Տե՛ր, շնորհի՛ր մարդկանց առողջություն, արգասավորություն, նաև` անասուններին ու թռչուններին, որովհետև Քո ստեղծածն են, և Քոնն է փառքը հավիտյանս. ամեն»:
Միևնույն ժամին երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Քո բոլոր խնդրանքները կկատարվեն, և դու կգաս քո Տիրոջ ուրախությանը: Բաց են դռները երկնքի, և քեզ պատրաստված է փառքի պսակ, որ պատրաստեցիր քո նահատակությամբ»: Եվ այդ ձայնը ուրիշները չլսեցին, այլ միայն Կիրակոս դահճապետը և հավատաց Քրիստոսին ու նզովեց կուռքերին: Եվ այդտեղ հատվեցին երանելիների գլուխները. Անտիոքոս բժշկի և Կիրակոս դահճապետի: Եվ քրիստոնյաները վերցրին նրանց սուրբ մարմինները: Իսկ երբ հալածանքները դադարեցին` Սեբաստիա մեծ մայրաքաղաքում կառուցեցին սրբերի վայելուչ վկայարայն և կոչեցին սուրբ Անարծաթներ, որ կա մինչև այսօր: Եվ ի հիշատակ սրբերի` օգոստոսի 25-ին [կատարվում է նրանց տոնը], ի փառս ամենասուրբ Երրորդության, հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.