Սուրբ Ափրասի վկայաբանությունը

Մի քաղաքում, որի անունը Օգոստեա էր, իշխանը հրամայեց բռնել քրիստոնյաներին, բերել, որպեսզի զոհեն պիղծ դևերին: Եվ սպասավորները ելան, հրապարակից բռնեցին մի պոռնիկ կնոջ և տարան իշխանի մոտ: Իշխանը տեսնելով այն կնոջը` նախ կամեցավ ողոքական խոսքերով համոզել, որ զոհ մատուցի: Իսկ կինը չէր հնազանդվում հրամանին և համարձակ ասաց. «Ես քրիստոնյա եմ»: Դատավորը տեսնում է, որ արհամարհում է թագավորի հրամանը, ասում է նրան. «Քո անունն ի՞նչ է»: Եվ նա ասում է. «Քրիստոնյա եմ, և անունս` Ափրաս»: Դատավորն ասում է. «Ի՞նչ բախտի ես»: Ափրասը պատասխանում է. «Չար բախտի եմ, իմ պիղծ գործերի պատճառով, սակայն ազատ եմ»: Դատավորը հարցնում է. «Ի՞նչպիսին է վարքդ»: Ափրասն ասում է. «Սատանայական խաբեությամբ առաջ պոռնիկ էի, իսկ այժմ Քրիստոսի շնորհներով, որ ծագել են վրաս, զգաստացել եմ»: Դատավորն ասում է. «Արդ, քանի որ զգաստացար, մտիր, զոհ մատուցիր բարերար աստվածներին` ըստ թագավորի հրամանի»: Ափրասն ասում է. «Չկա ավելի աղտեղի բան, քան ձեր աստվածները: Որովհետև, երբ ամոթալի գործ էի անում` նայում էի նրանց պղծությանը, թե ինչպես կամակից էին աղտեղի գործերի: Հեռացա նրանցից և գնացի իմ պարկեշտ ուսուցիչ Քրիստոսի մոտ, որ պոկում է մեղքի արմատները, և մաքրում դրանից, ասելով. «Ով տեսնի կին` ցանկանալով նրան, նա արդեն շնացավ իր սրտի մեջ» (Մատթ. Ե. 28):

Դատավորն ասում է. «Մտի՛ր, զոհ մատուցիր աստվածներին, որ հայհոյությանդ համար քեզ չարաչար չտանջենք և քո երիտասարդական գեղեցկությունը ապականելով այս քաղցր կյանքից չզրկենք»: Ափրասն ասում է. «Հավատում եմ Քրիստոսին, որ բազում մարդասիրությամբ նայեց ինձ և իմ մարմնին համբերություն կտա քո տանջանքների դեմ, որ բարի գործեր մթերեմ, որովհետև պիղծ գործերով դառնացրել եմ Աստծուն, տրտմեցրել երկնային հրեշտակներին: Արդ, հրամայի՛ր տանջել մարմինս հանուն Քրիստոսի, որպեսզի հաշտեցնեմ Աստծուն և ուրախացնեմ հրեշտակների դասին: Որովհետև Տիրոջից լսեցի` «Ասում եմ ձեզ, թե ուրախություն կլինի Աստծու և Նրա հրեշտակների առջև ապաշխարող մեղավորի համար» (Ղուկ. ԺԵ. 7):

Այս լսելով` դատավորն ասում է. «Դրա երեսը ապտակներով սաստիկ ծեծեցեք և ասացեք` չընդդիմանա թագավորի հրամաններին»: Եվ նրան լավ ծեծեցին, իսկ ամբողջ ժողովուրդը լալիս էր ու արտասվելով ասում. «Անիրավ ես դատում և օրենքից դուրս, ապականում ես մեր քաղաքի վայելչությունը»: Եվ դատավորը զարմացած հարցնում է. «Ինչո՞ւ եք հակառակ թագավորի հրամաններին»: Ամբոխն աղաղակելով ասում է. «Աղաչում ենք քեզ, մի՛ ապականիր դրա գեղեցկությունը»:

Դատավորն ասում է. «Տեսնո՞ւմ ես, Ափրաս, ինչպես է ամբողջ քաղաքը լալիս քեզ համար. անչափ սիրում են քեզ»: Ափրասն ասում է. «Իմ բազում պղծությունների ժամանակ սատանայի արբանյակները, որ ինձ գործակից էին, ուրախանում էին, իսկ հրեշտակները տրտմում էին իմ պիղծ գործերից: Այժմ նրանք լալիս են, իսկ հրեշտակները երկնքում ցնծում են Աստծու նկատմամբ հավատիս և բարի գործերիս համար: Հիմա ինչ որ ուզում ես անել` արա իսկույն, որովհետև ես քրիստոնյա եմ, և գրված է` «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն ստեղծել` կկորչեն» (Երեմ. Ժ. 11): Դատավորն ասում է. «Ա՛յ անամոթ, մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, եթե ոչ` երդվում եմ թագավորի հաղթությամբ ու բախտով և բոլոր արարածներով, մարմանդ կրակով կվատնեմ քեզ` ի ցույց բոլոր քրիստոնյաների»: Ափրասն ասում է. «Երդվեցնում եմ քեզ քո թագավորով, հրամայիր այրել իմ մարմինը, որովհետև այն շաղախել եմ պոռնկությամբ և աղտեղել մեղքով, ինչպես բազում ժամանակներով հնացած և ժանգոտած երկաթը հրի միջոցով կնորոգվի ու կփայլե, նույն կերպ և ինձ այրել հրամայիր, որպեսզի մարմինս անբիծ և անարատ պատարագ լինի Քրիստոսին»: Դատավորն ասում է. «Ահա պնդում ես չարաչար մեռնելդ և կամեցար, որ քո գեղեցկությունը հրով խաթարվի»: Ափրասն ասում է. «Այո՛, պնդում եմ, հավատացի Քրիստոսին, միայն թե գեղեցկությունս ողջակիզվի Քրիստոսի համար»:

Եվ դատավորը զարմացավ խոստովանության հաստատությամբ և թե ինչպես արհամարհեց թագավորին ու նրա հրամանները, և իսկույն հրաման տվեց` կապել նրա ոտքերն ու ձեռքերը, քարշ տալ քաղաքից դուրս, մինչև գետեզրը և այնտեղ այրել նրան կենդանվույն, կամաց-կամաց, դալար փայտով: Եվ դահիճներն ստացան այդ հրամանը, իսկույն կատարեցին: Եվ այդպես Քրիստոսի սուրբ աղախինը վկայեց ճշմարիտ խոստովանությամբ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որին փառք և զորություն հավիտյանս. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.

01.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․