Թովմաս առաքյալը Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է: Նա Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ հարության նկատմամբ՝ ասելով. «Մինչև իմ աչքերով չտեսնեմ Նրան և ձեռքս չմտցնեմ Նրա խոցված կողի մեջ, չեմ հավատա»: Երբ առաքյալները հավաքված էին վերնատանը, Հիսուսը, հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ և տես ձեռքերս, ձեռքդ բեր ու մխիր կողիս մեջ, և մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»: Սրան ի պատասխան՝ Թովմասը ծնրադրում և բացականչում է. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Հիսուս եզրակացնում է. «Դու տեսար և հավատացիր. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու» (Հովհաննես 20:24-29):
Սակայն, հակառակ իր այս թերահավատության, Թովմասը Ավետարանում մի տեղ ներկայացվում է իբրև Քրիստոսի համար մեռնելու պատրաստ քաջարի հետևորդ: Երբ Հիսուսը լսում է Իր բարեկամ Ղազարոսի մահվան լուրը, որոշում է գնալ և հարություն տալ նրան: Սակայն առաքյալները վարանումի են մատնվում, որովհետև հրեաները Երուսաղեմում ուզում էին քարկոծել Հիսուսին: Այդ ժամանակ Թովմասն ասում է. «Եկեք մենք էլ միասին գնանք վարդապետի հետ, ու եթե պետք լինի մեռնել, մեռնենք Նրա հետ» (Հովհաննես 11:16):
Ավանդությունը նշում է, որ Հոգեգալստից հետո Սուրբ Թովմաս առաքյալը քարոզում է Պարթևստանում, ապա հասնում է մինչև Հնդկաստան, ուր և նետահարվելով նահատակվում է: Ուստի համարվում է Հնդկաստանի առաքյալը: Առաքելական դարերից ի վեր Հնդկաստանում փոքր քրիստոնեական եկեղեցի է գոյություն ունեցել, և այնտեղ հավատում են, թե իրենց նախահայրերը դարձի են եկել Թովմաս առաքյալի քարոզությամբ: Առաքյալի գերեզմանն էլ գտնվում է Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքի մոտ: Հայ եկեղեցին Թովմաս առաքյալին հիշատակում է տարին երկիցս՝ տասներկու առաքյալների շարքում և Հակոբոս Ալփեան ու Շմավոն նախանձահույզ առաքյալների հետ:
Հակոբոս Ալփեան առաքյալի միայն անունն է հիշատակվում Ավետարանում, իսկ նրա մասին մանրամասներ չեն տրվում: Ըստ եկեղեցական ավանդության՝ Հակոբոս առաքյալը՝ Ալփեոսի որդին, եղբայրն է Մատթեոս ավետարանչի՝ նախկին մաքսավորի: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր քարոզչությունից առաջ ընտրեց առաքյալ լինելուն արժանի, պարզ և ազնիվ մարդկանց՝ թվով տասներկու հոգու, որոնց մեջ էր նաև Հակոբոսը: Նա դառնում է Քրիստոսի հետևորդը և աստվածային խոսքի քարոզիչը: Սուրբ Հոգին ստանալով՝ մեկնում է քարոզչության հեթանոսական երկրներ՝ ցույց տալով մոլորյալներին փրկության տանող ուղին: Հակոբոս առաքյալը քանդում է հեթանոսական տաճարները իրենց կուռքերի հետ միասին, բուժում է բազմաթիվ հիվանդների, այդ թվում՝ նաև դիվահարների: Հակոբոսը մարդկանց սրտերում սերմանում է Աստծո խոսքը, տնկում հավատ և աճեցնում բարեպաշտություն: Այդ պատճառով էլ նա ստանում է նոր անուն՝ «Աստվածային սերմ»: Բազմաթիվ երկրներ անցնելով՝ սերմանում է երկնային սերմը և հավաքում մարդկային փրկության բերքը:
Հակոբոսն Ավետարանը տարածել է Պաղեստինի հարավային ծովեզերքում, Եդեսիայում, Գազայում, Ելեվֆերոպոլում, որտեղից մեկնում է Եգիպտոս, և Օստրացինե քաղաքում խաչվելով՝ նահատակվում է: Կաթոլիկ եկեղեցին նրան նույնացնում է Հակոբոս Տեառնեղբոր հետ, ինչը չեն ընդունում արևելյան եկեղեցիները, որոնց թվում և Հայ եկեղեցին: Ըստ արևելյան եկեղեցիների՝ Հակոբոս Տեառնեղբայրը Հովսեփ աստվածահոր եղբոր՝ Կղեովպասի և Մարիամի որդին է և ոչ թե՝ Ալփեոսի: Հայ եկեղեցին Հակոբոս Ալփեան առաքյալին հիշատակում է տարին երկիցս՝ տասներկու առաքյալների շարքում և առանձին՝ Շմավոն նախանձահույզ և Թովմաս առաքյալների հետ:
Շմավոն առաքյալը կամ Սիմեոնը (հունարեն անվանաձևն է), Ավետարանում ծանոթ է «Կանանացի» մակդիրով, որ նշանակում է նախանձահույզ: Նա նույնպես մեկն է Տիրոջ տասներկու գլխավոր առաքյալներից: Նրա «Կանանացի» մակդիրի պատճառը նրա պատկանելիությունն է այդ ժամանակ Հրեաստանում գործող մի կուսակցության, որի նպատակն էր ամեն միջոցով հռոմեական օտար լծից ազատել իրենց հայրենիքը: Քրիստոսի համբարձումից տասը օր անց՝ Հոգեգալուստին, Շմավոնը մյուս առաքյալների հետ միասին ստանում է Սուրբ Հոգին, Ով իջավ նրանց վրա կրակե լեզուների տեսքով: Բոլոր առաքյալները մեկնում են տարբեր երկրներ Քրիստոսի Ավետարանը քարոզելու:
Շմավոնը քարոզել է Եգիպտոսում, ապա Պարսկաստանում, ուր և նահատակվել է: Ըստ այլ ավանդությունների՝ նա սկզբից քարոզել է Հրեաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իսպանիայում և քարոզելով հասել Բրիտանիա, ուր խաչվելով նահատակվել է այնտեղ: Հայտնի է, որ Շմավոնը Անդրեաս և Մատթեոս առաքյալների հետ միասին քարոզել է նաև Իբերական երկրում: Ավելի ուշ նա Անդրեաս առաքյալի հետ գնացել է Սվանեթի լեռը, ապա Օսեթիա և Աբխազիա, որտեղ և Սեվաստե (այժմ՝ Սուխումի) քաղաքի մոտ կանգ են առել: Սբ. Անդրեասը շարունակել է քարոզչությունը Կովկասում, իսկ Շմավոնը մնացել է այն քարայրում, որ գտնվում էր Պսիրցխի գետի կիրճում (այսօրվա Նոր Աթոսի տարածքում): Դա եղել է մոտավորապես 55թ-ին: Աբխազիայում Շմավոնը գործել է բազմաթիվ հրաշքներ, իր քարոզչության ուժի շնորհիվ շատերը դարձի են եկել: Այդ պատճառով էլ նա հեթանոսների կողմից բազմիցս է ենթարկվել հարձակումների: Շուտով, ինչպես և մյուս առաքյալները նա ընդունում է մարտիրոսական մահը: Աշակերտները նրա մարմինը ամփոփում են քարայրից ոչ շատ հեռու: Նրա գերեզմանին սկսում են այցելել բազմաթիվ հավատավորներ՝ խնդրելով նրա բարեխոսությունը իրենց հիվանդությունների համար: Ավանդության համաձայն՝ դեռ առաջին դարում Շմավոն առաքյալի քարայրի կողքին բխում է բուժիչ աղբյուր, որը կա առ այսօր: 4-րդ դարում առաքյալի թաղման վայրում կառուցում են տաճար: Իսկ 19-րդ դարում Տիբերիական լեռան մոտ կառուցվել է Նոր Աթոսի Սիմոն Կանանացու անունով վանքը: Շմավոն նախանձահույզ առաքյալին Հայ եկեղեցին հիշատակում է տարին երկիցս՝ տասներկու առաքյալների շարքում, նաև առանձին՝ Հակոբոս Ալփեան և Թովմաս առաքյալների հետ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը