Սուրբ Բարսեղ արքեպիսկոպոսի քարոզը Սեբաստիայի քառասուն սուրբ վկաների մասին

Սուրբ Բարսեղ արքեպիսկոպոսի քարոզը Սեբաստիայի քառասուն սուրբ վկաների մասին | Surb Barsegh Arqepiskoposi Qarozy Sebastiayi Qarasun Surb Vkaneri Masin

Ինչպե՞ս կարող է մարտիրոսների հիշատակը տոնելը երբևէ բավական լինել մարտիրոսասեր մարդու համար, քանի որ, իսկապես, ամենքի կողմից զանազան պատիվների են արժանի Տիրոջը նվիրվածությամբ սպասավորած Նրա ծառաները: Եվ հայտնի է, որ քաջ ու արի վկաներին պատվելը՝ վերջիններիս ապրած դժնդակ ժամանակների նման մի ժամանակամիջոցում, հենց այդ վկաների հետ նմանության է բերում: Քանի որ երանելի է նա, ով ստուգապես կտոնախմբի վկաների հիշատակը, որովհետև այդկերպ ինքն էլ կդառնա վկա՝ իր կամքի հոժարությամբ, առանց հալածանքների, առանց հրի և տանջանքի մատնվելու՝ սուրբ վկաների վարձքին արժանանալով:

Մեզ, սակայն, սքանչանալու տեղիք են տալիս ոչ թե մեկ, ո՛չ երկու և ո՛չ էլ մեկ տասնյակի սահմաններում եղող վկաներ, այլ քառասո՛ւն սրբեր, որոնք, իբրև մեկ հոգի՝ տարբեր մարմիններում, իբրև մեկ շունչ՝ միավորված հավատքի մեկ միաբանությամբ, տոկալով չարի դեմ ունեցած համբերությամբ՝ հանուն ճշմարտության պայքարեցին ընդդեմ այդ չարի:

Ամենքը նման էին իրար՝ օժտված միևնույն կամքով ու ճգնելու միևնույն պատրաստականությամբ, ինչի շնորհիվ էլ փառքի միապատիվ պսակների արժանացան: Իսկ ո՞վ է, որ կարող է հասնել նրանց պատվին: Անգամ քառասուն լեզուները բավական չէին լինի այս սրբերի առաքինությունները օրհնաբանելու համար: Եթե միայն մեկը իր սքանչելի վկայությամբ կարող էր «հաղթել» մեր խոսքի զորությանը, ապա էլ ի՞նչ կարելի է ասել սրբերի այդչափ բազմության, զորականների այդ գնդի ու պատերազմամարտիկների այդ ժողովի մասին, քանի որ ինչպես մեր խոսքի տկարության նկատմամբ են հաղթող, այդպես էլ հաղթող են պատերազմներում այն աստիճան, որ աննկարագրելի է նրանց գովասանքը:

Իսկ մենք, սրբերի հիշատակը վկայակոչելով, նրանց կողմից մեզ ավանդված օգուտն ենք կամենում արժևորել ու ամբարել՝ ցույց տալով ամենքիդ այս սուրբ մարդկանց քաջությունը և այն, ասես գրի առնված հիշատակարանի տեսքով, դնել ձեր առջև: Քանի որ պատերազմների զորեղության մասին ինչպես պատմիչները, այդպես էլ նաև նկարիչներն են հաղորդում. ոմանք խոսքով են զարդարում պատերազմի նկարագրության հիշատակությունը, ոմանք՝ տախտակների վրա գծագրությամբ՝ այդ երկու եղանակով էլ նպատակ ունենալով շատերի մեջ քաջություն արթնացնել:

Եվ այն պատմությունը, որը խոսքի միջոցով փոխանցվելով, լսելիքների միջոցով էլ ընկալելի է դառնում, այդ միևնույն պատմությունը լռությամբ է փոխանցվում պատկերների գծագրության ձևով: Այս նույն կերպ էլ մենք ենք կամենում ի տես այստեղ հավաքվածներիդ ու ներկա գտնվողներիդ հիշատակել սրբերի առաքինությունը՝ նրանց կատարած սխրագործությունները դեմ հանդիման դնելով ձեր առջև, որպեսզի դուք էլ ոգեշնչվեք ու գործեք այդ սուրբ մանուկների օրինակով և նրանց պես էլ մարտնչող լինեք հանուն հավերժության:   

Մարտիրոսների սխրանքը գովաբանելու իմաստը հենց այն է, որ մյուսներին ոգեշնչի առաքինություններով զորանալու գործում: Սրբերը, սակայն, գովասանքի չեն արժանանում աշխարհային օրենքներին ծառայելու համար, քանի որ եթե նրանց համար ողջ աշխարհն իսկ խաչված է, ապա ինչպե՞ս կարող են նրանք այդ աշխարհի օրենքները կատարելով գովասանքի արժանանալ:

Նաև, սրբերը նույն գավառից չէին, այլ յուրաքանչյուրը տարբեր տեղ էր ծնվել: Ուրեմն ի՞նչ՝ «անքաղաքացի՞» անվանենք նրանց, թե՞ կոչենք «աշխարհաքաղաքացի», քանի որ ինչպես, օրինակ, յուրաքանչյուրը իր հավաքած բերքից մի մաս, իբրև հարկ, բերում-ժողովում է մեկ տեղում, և ամենքն են վայելում այդ բերքից, այդ նույն կերպ էլ երանելիներից յուրաքանչյուրն, առհասարակ, ամենքին է «պատկանում» և նրանք ամեն մի գավառի «քաղաքացիության իրավունքն» ունեն:  

Եվ եթե փորձենք էլ աշխարհում նրանց բնակավայրը սահմանել, ապա հարկ է և վայելուչ՝ նրանց համար, որպեսզի մեր միտքը մտապահել կարողանա, որ այս վկաների քաղաքը Աստծու քաղաքն է (հմմտ. Եբր. 12։22), որի ճարտարապետն ու կառուցողը Ինքը՝ Աստված է, և այդ քաղաքն էլ Վերին Երուսաղեմն է, որ ազատ է և մայրն է (հմմտ. Գաղ. 4։26) Պողոսի ու նրա նմանների:

Մարդիկ իրարից զանազանվում են իրենց աշխարհային ազգակցությամբ, մինչդեռ հոգևոր կապերով միացած՝ ամենքն էլ մեկ ազգակցության են պատկանում, քանի որ բոլոր այդպիսի մարդկանց հայրը Աստված է, ուստի և ամենքը իրար եղբայր են և ոչ թե սա՝ մեկից, նա՝ մյուսից ծնված, այլ բոլորն էլ Հոգու որդեգրությամբ և սիրո միաբանության շնորհիվ հարազատ են միմյանց:

Այս վկաները սրբերի մի ամբողջական դաս են, որ իրենց խմբով միացան այն սրբերի դասերին, որոնք հավիտյան փառավորում են Տիրոջը: Նրանք, սակայն, ոչ թե մեկ առ մեկ անդամագրվեցին երկնային զորքերին, այլ հենց իրենց խմբով «տեղափոխվեցին» երկինք: Իսկ մարմնական ի՞նչ «տարազ» էին հագել սրբերի դասը համալրած այս վկաները:

Նրանք մարմնի հասունության շեմն անցած, չափահաս պատանիներ էին, որոնք աչքի էին ընկնում իրենց ուժով առավել, քան իրենց հետ զինվորական ծառայություն իրականացնող մնացած բոլորը: Ուստի և սրբերը իրենց պատերազմական հմտության ու հոգու քաջության շնորհիվ մեծ պատիվ ունեին թագավորների առաջ և ամենքի աչքին էլ անվանի էին թվում իրենց առաքինությունների շնորհիվ:

Սակայն քանի որ անաստված տիրակալները՝ իշխանության գալով, ամբարիշտ գտնվեցին քրիստոնեական քարոզության նկատմամբ և արգելեցին խոստովանել Քրիստոսին՝ սպառնալով վտանգաբեր, զանազանատեսակ տանջանքներով, որոնք, անիրավ դատավորների անզուսպ բարկության արգասիքներն ու հնարանքները լինելով, իրենց ողջ ուժգնությամբ թափվում էին քրիստոնյաների վրա, և քանի որ հավատացյալների դեմ թշնամացողներն ու նրանց տանջողները «անաչառ» էին իրենց գործի մեջ, այդ իսկ պատճառով էլ այս անօրեն չարչաչանքներին ենթակա գտնվեցին նաև քառասուն սուրբ վկաները:

Հուրը բորբոքված էր, սուրը՝ սրված, խաչը կանգնեցված էր, խորխորատը, անիվն ու փշալի գավազանը՝ պատրաստված: Ոմանք փախչում էին, ոմանք չէին դիմանում, ոմանք սարսռում էին, ոմանք, անգամ առանց փորձության մեջ մտնելու, արդեն իսկ սպառնալիքները լսելով՝ սարսափում էին: Ուրիշները չարիքների մերձավորությունը զգալով էին մտափոխվում, ոմանք չարչարանքների «ճգնարանը» մտնելով, սակայն մինչև իրենց վախճանի վրա հասնելը ցավերին դիմագրավել չկարողանալով՝ հետ էին կանգնում իրենց ընթացքից՝ նմանվելով ծովի միջով նավարկող այն հուսահատ անձանց, որոնք փոթորկի մատնվելով և համբերություն չդրսևորելով՝ իրենց ահաբեկված շարժումներով նավի խորտակման պատճառ են դառնում:

Իսկ ահա նրանք՝ Քրիստոսի անհաղթ ու քաջ զորականները, բոլորից հետո մեջտեղ եկան և, մինչդեռ իշխանը թագավորի հրամանն էր ցույց տալիս սրբերին ու նրանցից ուրացություն էր պահանջում, վկաները աներկյուղ բարբառով, համարձակությամբ և քաջությամբ, իրենց տեսածներից բնավ չսարսռելով ու սպառնալիքներից էլ չվախենալով՝ խոստովանեցին իրենց քրիստոնյա լինելը: Օ՜, երանելի էին այն շուրթերը, որոնք այդ նվիրական բարբառն արձակեցին: Եվ նույնիսկ օդը, այդ խոսքն իր միջով «անցկանելով», սրբվեց, հրեշտակներն այն լսելով՝ ուրախացան, մատնիչը, իր դևերով հանդերձ, խոցվեց վերքերով, իսկ Տերը երկնքում գրի առավ սրբերի անունները:

Եվ ինչպես որ նշեցի, նրանցից յուրաքանչյուրը՝ մեջտեղ գալով, ասաց՝ «քրիստոնյա՛ եմ»: Ու ինչպես որ, օրինակ, նրանք, ովքեր գազանամարտի մասնակցելով և իրենց համար նախատեսված փորձությունները հաղթահարելով, ասում են իրենց անուններն ու դադարում են մարտնչելուց, այդ նույն կերպ էլ, ահավասիկ, այս սուրբ վկաները ծննդյան պահից իսկ մարդկանց Փրկչի կողմից իրենց շնորհված անունները բարբառեցին:

Այսկերպ էին վարվում ամենքը՝ ըստ կարգի մեկը մյուսին հաջորդելով, ուստի և ամենքն էլ մեկ անվանակոչությամբ հանդես եկան, քանի որ ոչ թե այս կամ այն անունն էին տալիս, այլ ամենքն էլ «քրիստոնյա» էին կոչում իրենք իրենց: Իսկ ի՞նչ կարող էր անել այդժամ իշխանը: Քանի որ վերջինս չար էր, պես-պես եղանակներ էր գործադրում նրանց ուրանալ պարտադրելու համար. մերթ խոստումներով էր ցանկանում գայթակղեցնել, մերթ ջանում էր սպառնալիքներով խոտորեցնել նրանց ընթացքը:

Երբ կամենում էր սրբերի ուղին խաբկանքի միջոցով շեղել՝ փորձում էր նրանց բարեպաշտության զորեղությունը և ասում. «Ձեր երիտասարդությունը զուր տեղը մի՛ մատնեք կործանման և տարաժամ մահով մի՛ փոխանակեք ցանկալի կյանքը: Չէ՞ որ վայել չէ ձեզ, պատերազմում քաջություններ գործողներիդ, չարագործներին հատուկ մահով մեռնել»: Եվ այս ասելով էլ՝ ի՞նչ էր խոստանում նրանց իշխանը. թագավորական պարգևներ ու պատիվների շնորհում:

Շատ այլ բազմահնար կերպերով այս իշխանը փորձում էր, իբրև զորավար, «կառավարել» սրբերին: Իսկ երբ Քրիստոսի սուրբ զորականները չէին տրվում իշխանի այս խաբկանքներին, վերջինս իր հնարամտության մյուս ծայրով էր փորձում ուրացության դրդել վկաներին՝ սպառնալով անբժշկելի վերքերով, սաստիկ տանջանքներով ու մահվամբ:

Ահա այսպիսի քայլերի էր դիմում իշխանը, իսկ ի՞նչ էին պատասխանում մարտիրոսները: «Ինչո՞ւ ես գայթակղեցնում մեզ, ո՛վ աստվածամարտ,- ասում էին նրանք,- և ստիպում հեռանալ կենդանի Աստծուց ու ծառայել պիղծ դևերին՝ քո առաջարկած «բարիքներին» կուլ գնալով: Այդչափ ի՞նչ բարիք ես տալիս, որչափ որ կամենում ես վերցնել: Մենք ատում ենք քո պարգևները, որոնք վնաս կրելու առիթ են միայն և չենք ուզում ընդունել այն պատիվները, որոնք մայրն են անարգանքի:

Քո տվածներից ի՞նչն է, որ միայն այստեղ՝ երկրի վրա չէ, որ մնայուն է, կամ քո խոստացածներից այդ ո՞ր փառքն է, որ ենթակա չէ «ծաղկաթափ» լինելու: Դու մեզ մտերմացնում ես արքայի հետ, սակայն օտարացնում ես ճշմարի՛տ Արքայից: Ինչո՞ւ ես այս աշխարհի չնչին ու նվազ «բարիքները» խոսքով մեր առաջ սփռում, չգիտե՞ս, որ մեզ համար ողջ աշխարհը արհամարհելի է: Մեր փափագած ցանկալի հույսից առավել արժեքավոր չեն քո թվարկածները:

Տեսնո՞ւմ ես, թե որքա՜ն գեղեցիկ ու մեծ է երկինքը: Իսկ ինչպիսի՞ն է արդյոք երկիրը՝ իր մեջ զետեղված «հրաշալիքներով» հանդերձ, որոնցից որևէ մեկը չի կարող բաղդատվել արդարների երանության հետ, քանի որ երկրային, տեսանելի ամեն բան անցնելու է, իսկ մերը մշտապես լինելու է: Մենք մեկ պարգևի ենք ցանկանում արժանանալ՝ արդարության պսակին: Մեկ փառքի ենք փափագում՝ Երկնքի արքայությանը: Պատվասեր ենք, սակայն վերի՛ն պատիվների հանդեպ:

Մենք գեհենի տանջանքներից է, որ վախենում ենք: Սոսկալի է դժոխքի հուրը և ձեր սպառնալիքները ոչինչ են այդ հրի համեմատությամբ, բայց և գեհենի այդ կրակը «ամաչել» գիտի նրանցից, ովքեր արհամարհում են կուռքերին: Մինչդեռ ձեր հասցրած հարվածները մենք գեթ մանուկների ձեռքով արձակված նետեր ենք համարում, քանի որ դուք մեր մարմինն եք տանջում, որը, եթե մենք մի փոքր համբերենք, պայծառությամբ կպսակվի։

Իսկ ահա եթե մեկը չդիմանա ու հրաժարվի համբերել տանջանքներին, չարչարանքներից «կազատվի» բռնավոր դատավորների կողմից, որոնք, սակայն, այդպիսիններից մարմնական ծառայություն ընդունելով չեն բավականանում, այլ նաև նրանց հոգուն են կամենում տիրանալ: Մինչդեռ մենք մեր Աստծուն ընտրելու փոխարեն ձեզ չենք ընտրի, և ինչքան էլ դուք մեր այդ քայլը իբրև ձեր դեմ թշնամանք դիտարկեք, բարկանաք ու սարսափելի տանջանքերի մատնեք մեզ, միևնույն է, մենք չենք տրտնջա հանուն մեր բարեպաշտության մեզ վրա հասած ահավոր չարչարանքների պատճառով։

Այլ դուք իմացե՛ք, որ ձեր դիմաց թուլասիրտ, կենսապաշտ ու հեշտասեր մարդիկ չեն կանգնած, այլ՝ Աստծու սիրուն նվիրված անձինք: Ուստի և մենք պատրաստ ենք և՛ պրկվել անիվի վրա, և՛ գելարանի մատնվել, և՛ այրվել, և՛ հանձն առնել մեզ համար պատրաստված յուրաքանչյուր տանջանք»:

Երբ որ այն ամբարտավան ու բարբարոս իշխանը լսեց սրբերի այս խոսքերը, չկարողացավ հանդուրժել քաջ այրերի համարձակությունը և, զայրույթով լցված, հնարներ էր մոգոնում՝ երկարաձիգ տանջանքներ բանեցնելու և, ի վերջո, վկաներին մահվան մատնելու համար: Վերջապես, նա մի հնար գտավ ու մի այսպիսի բռնություն որոշեց կիրառել. քանի որ այդ ժամանակ գավառում ցուրտ էր և սառնամանիք էր տիրում ու եղանակը ձմեռային էր, չարաբարո իշխանը, դեռ հատուկ մի այնպիսի գիշեր ընտրելով էլ, որը առավել քան ցրտաշունչ էր՝ նաև այդ օրը հյուսիսից փչող քամու պատճառով, հրամայեց մերկացնել բոլորին գիշերվա ա՛յն ժամին, երբ արդեն մոտենում էր առավոտը, ու այդկերպ, սրբերին ցրտահարության դատապարտելով, մահվան արժանացնել:

Թերևս դուք, որ ձեր իսկ փորձով գիտեք, թե որքան անտանելի է ձմեռվա սառնամանիքը, կարող եք պատկերացնել սրբերի վիճակը, մինչդեռ նրանք, ովքեր այդ փորձառությունը չունեն, դժվար թե կարողանան պատկերացնել, թե որքա՜ն սարսափելի տանջանք է այդ: Քանի որ մարմինը, ցրտին ու սառնությանը առերեսվելով, նախ ամբողջովին կապտում է արյան նոսրանալու պատճառով, ապա ուռչում է ու «եռում», որը ուղեկցվում է ատամների կափկափմամբ, ջլերի պրկմամբ և ողջ մարմնի սառցակալելով:

Այդժամ կսկծալի վերքերն ու անպատմելի ցավերն են պատում մարդուն՝ վշտագին դարձնելով ցրտահարվածների վիճակը: Իսկ այնուհետ էլ սառցակալած մարդու վերջույթները ասես ոչնչանում են՝ կարծես հրից այրվելով: Իսկ երբ մարմնի ջերմությունը, վերջույթներից զատ, նաև մյուս անդամներից է «հեռանում», այդժամ ջերմությունից զուրկ մարմնի վրա են հասնում հյուծող ցավերը, որոնք, ի վերջո, հանգեցնում են մահվան:

Սրբերի պարագայում առավել ևս խստաշունչ էր պատուհասը, քանի որ մարտիրոսների ճգնության «գիշերակացը» լինելու էր իրենց բնակության քաղաքը եզերող սառցե լճի մեջ: Մինչև իսկ լճափը, որը ձիավարության համար էր օգտագործվում, ձմեռվա ցրտի ու լճի ջրերի՝ ափերից դուրս գալու պատճառով սառել էր ու սառցակալած մի հարթ ճանապարհ էր դարձել, որով քաղաքի բնակիչները հետիոտն շրջում էին: Մինչև անգամ մշտահոս գետերն էին սառցակալել ու դադարել՝ հոսելուց, իսկ ջրի կակղությունն էլ քարերի կարծրության էր վերափոխվել: Այս ամենին էլ հավելվում էր հյուսիսից փչող սառնաշունչ քամին՝ արագացնելով ամեն շնչավոր էակի մահը:

Սակայն տե՛ս, թե սրբերն ինչպիսի՜ համարձակությամբ ու քաջությամբ ընդունեցին իշխանի հրամանը և նրանցից յուրաքանչյուրը խնդությամբ իր վրայից դեն նետեց մինչև իսկ վերջին զգեստն ու, սառնամանիքին հանձնվելով՝ դեպի մահը ընթացավ, իսկ ամբարիշտները, ինչպես դիակողոպուտ կանեին, հափշտակեցին սրբերի պատմուճանը: Մինչդեռ քաջահաղթ մարտիրոսները այս խոսքերն էին բարբառում. «Մենք ո՛չ թե հանդերձներից ենք մերկանում, այլ՝ հին մարդուց, որը ապականված է խաբեպատիր ցանկություններով (հմմտ. Եփս. 4։22): Գոհանում ենք Քեզանից, Տե՜ր, քանի որ հնարավորություն ընձեռեցիր այս հանդերձներից մերկանալով՝ մեղքերի՛ց «մերկանալու»»:

Եվ քանի որ օձի պատճառով զգեստ հագանք (հմմտ. Ծննդ. 3։21), Քրիստոսի պատճառով էլ մարկանում ենք դրախտում Ադամի հանցանքով մեր «հագած» այդ հանդերձից, որպեսզի վերագտնենք օձի պատրանքով մեր կորցրած դրախտը: «Ի՞նչ պիտի մենք փոխհատուցենք Տիրոջը» (հմմտ. Սղմ․ 115։12): Չէ՞ որ մերկացավ նաև մեր Տերը: Ի՞նչ մեծ բան է ծառայի համար իր Տիրոջ չարչարանքը կրելը: Մանավանդ որ այնժամ հենց մենք իսկ՝ զիվորներս էինք Տիրոջը մերկացնողը (հմմտ. Մտթ. 27։28) և հենց իսկ զինվորներն էին, որ հանդգնություն ունեցան, Տիրոջը մերկացնելով, իրար մեջ բաժանելու Նրա զգեստները (հմմտ. Մտթ. 27։35): Զինվորների մասին գրի առնված այդ ամբաստանությունը մենք մեր անձերով ջնջենք:

Թեև կսկծալի է ձմեռը, սակայն քաղցր է դրախտը, ցավագին է սառնամանիքը, սակայն փափագելի է հանգիստը: Այնտեղ մենք պիտի խմբվենք մի վայրում՝ հայրապետի գոգում, ու նա գգվանքով պիտի փարվի մեզ: Ուստի և այս մի գիշերը եկեք փոխանակենք բովանդակ հավիտենության հետ: Թո՛ղ այժմ ցավեն մեր ոտքերը, բայց և այնուհետ հանապազ պարեն հրեշտակների հետ: Թո՛ղ այժմ քարանան մեր ձեռքերը, որպեսզի հետո համարձակություն ունենան դեպի Տերը կարկառվելու:

Մեզ զինվորակիցներից քանի՜-քանի՜սը ընկան պատերազմում՝ հավատարիմ մնալով մահկանացու թագավորին: Իսկ մենք հանուն ճշմարիտ Թագավորին հավատարմության մեր այս կյանքը չե՞նք զոհի: Բազում չարագործներ մահվան դատապարտվեցին՝ անիրավության մեջ բռնվելու պատճառով: Իսկ մենք հանուն արդարության չե՞նք համբերի մահվանը: Չխոտորվենք, ո՛վ զինվորակիցներ, և մեր թիկունքը մատնիչի ձեռքը չհանձնենք: Չխնայենք մեր մարմինները, և եթե անհրաժեշտ է ամեն կերպ մեռնել, մեռնենք, որպեսզի ապրենք:

Թո՛ղ մեր մարմինները Քո առաջ պատարագ լինեն, Տե՛ր (հմմտ. Հռոմ. 12։1), և թո՛ղ մենք ընդունելի լինենք, ինչպես խոյերի ու զվարակների ողջակիզումը: Սքանչելի է այս պատարագը և նոր է ողջակեզը, ոչ թե հրով, այլ ցրտով ու սառնամանիքով ողջակիզված»:

Այս աղոթական խոսքերը միմյանց հաղորդելով՝ իբրև պատերազմի առաջամարտիկներ, սրբերը անցկացրին այդ գիշերը՝ քաջալերելով յուրաքանչյուրն իր կողքինին, և այդկերպ ամենքն էլ բերկրում էին հույսով ու ծաղրում էին իրենց դեմ մարտչնողներին: Եվ ամենքի աղոթքը մեկն էր. «Քառասունս մտադրվել ենք Տիրոջն ընծայել մեր անձերը, թո՛ղ որ քառասունս էլ պսակվենք Տիրոջով: Ոչ ոք թող չպակասի՛ մեզանից, գեթ որևէ մեկն անգամ»:

Պատվական էր այն, որ Մովսեսը քառասուն օր պահք պահեց (հմմտ. Ելք 34։28), որից հետո միայն աստվածային օրինադրությունը մուտք գործեց աշխարհ: Քառասուն օր պահք պահելով էր, որ ի կատար ածվեց Տիրոջն ուղղված՝ Եղիայի խնդրանքն ու տեսիլքը:

Ուստի և սրբերի աղոթքն այդպիսին էր: Սակայն նրանց քառասուն հոգանոց խմբից մեկը, տատանվելով ու չհամբերելով փորձությանը, լքեց մարտիրոսների շարքերը՝ անպատում սգի մատնելով սրբերին: Բայց Տերը թույլ չտվեց, որ Իր վկաների աղոթքն անկատար մնա: Հավատացյալ վկաներին հսկում էին ուրիշ պահապան զինվորներ, որոնցից մեկն էլ, որ պատշաճ կրթություն ստացած մի անձ էր, հետագայում համալրեց մեկ հոգով պակասած սրբերի շարքերը:

Սրբերի չարչարանքները վերահսկող այդ պահապան զինվորները հանձնարարություն ունեին տանջանքներին չդիմացող ու մտափոխված զինվորականներին առաջնորդել մոտակայքում գտնվող բաղնիքը, որը սրբերին խոստացված «պարգևն» էր, եթե վերջիններս պատրաստ լինեին ուրանալ Քրիստոսին:

Ահա այսպիսին էր մարտիրոսների ճգնության վայրը. սառցակալած լճի կողքին տաք բաղնիք էր պատրաստված՝ որպես գայթակղություն ճգնավոր-վկաների համար: Այս հանգամանքը առավել ևս է ընդգծում քառասուն սուրբ մանուկների համբերության առաքինությունը, քանի որ համբերողը նա չէ, ով չի գտնում իրեն անհրաժեշտը և այդ պատճառով է համբերում, այլ նա, ով, աչքի առաջ ունենալով վայելքը, չի խոտորվում իր ուղուց ու քաջաբար համբերում է:

Ինչ վերաբերում է սուրբ վկաների ճգնությունը հսկող զինվորներից այն մեկին, որը պիտի փոխարիներ ուրացողին, ապա այս պահապան-զինվորը, մինչ մյուս սրբերը ճգնում էին, սկսում է խորհել տեղի ունեցող իրադարձությունների մասին և հանկարծ տեսնում է, թե ինչպես երկնքից մի զորություն է իջնում ու մի Թագավոր մեծամեծ պարգևներ է հանձնում բոլոր այն զորականներին՝ բացի մեկից, որին առանց պարգևի է թողնում՝ անարժան համարելով երկնային պատվին:

Եվ այդ նույն ժամին դավաճանը զրկվում է նաև իր երկրային պատիվներից: Ու ինչպիսի՜ ողորմելի վիճակում է հայտնվում արդարների շարքերը լքած այդ զորականը: Նա գերեվարվում է թշնամու կողմից, Քրիստոսի ոչխարը գազանների ձեռքն է մատնվում և ողբալի կացության մեջ ընկնում, քանի որ սխալմամբ մերժեց երկնային կյանքը ու այդ պատճառով նաև երկրայինը չվայելեց, այլ այն նույն պահին, երբ տաք բաղնիք մտավ, այդ նույն պահին իսկ ջերմությունից նրա մարմինը մեռավ: Այդպիսով կենսապաշտը անօրենին վայել վախճանի արժանացավ:

Իսկ ահա այն պահապան զինվորը, երբ տեսավ քառասուն զորականներից մեկի խոտորվելն ու դեպի բաղնիք ընթանալը, ի՛նքը զբաղեցրեց ուրացածի տեղը և, իր մարմնի վրայից դեն նետելով զգեստները, միացավ մերկ զորականների խմբին՝ սրբերի հետ այն նույն խոսքը բարբառելով, թե՝ «քրիստոնյա՛ եմ»:

Իր այդ քայլով այս զինվորը հանկարծակի հիացմունքով լցրեց մյուս սրբերի սրտերը և լրացրեց մարտիրոսների թիվը ու իր գալստյամբ մխիթարություն եղավ հեռացած այն զինվորի պատճառած տրտմության համար: Սա նման էր այն իրողությանը, որ պատերազմամարտիկների շարքերը վահանակից մեկի մահվան դեպքում իսկույն լրացվում էր մեկ ուրիշի՝ այդ շարքերը համալրելու շնորհիվ, որպեսզի մարտնչողների պաշտպանական դիրքերը չթուլանային: Այսպիսի մի քայլ կատարեց նաև այս զինվորականը: Տեսավ երկնային սքանչելիքներն ու ճանաչեց ճշմարտությունը, ապավինեց Տիրոջն ու համալրեց վկաների շարքերը:

Քրիստոսի աշակերտների դեպքում էլ այս նույնը տեղի ունեցավ, երբ Հուդան հեռացավ, նրա փոխարեն աշակերտների թիվը լրացրեց Մատաթիան: Նույնկերպ գործեց այս զինվորը՝ նմանվելով նաև Պողոսին, որը երեկ հալածում էր քրիստոնյաներին, իսկ այսօր՝ ավետարանում: Այդպես էլ այս զորականը ի վերուստ ընդունեց իր կոչումը և ոչ թե մարդկանցից կամ մարդկանց միջոցով կանչվեց: Այլ նա հավատաց մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, մկրտվեց՝ ոչ թե, սակայն, որևէ ուրիշ մեկի, այլ իր իսկ հավատքի կողմից և ոչ թե ջրով, այլ՝ իր իսկ արյամբ:

Եվ այսպես սրբերը չարչարանքների ենթարկվեցին մինչ առավոտ ու քանի որ դեռ շնչում էին, հրի մատնվեցին, իսկ հրից հանված նրանց նշխարներն էլ գետը նետվեցին, որպեսզի բոլոր արարածները հաղորդակից լինեին երանելիների ճգնությանը: Նրանք ճգնեցին հողի վրա, համբերեցին սառը օդին, մատնվեցին հրի և ջրի մեջ ընկղմվեցին: Նրանց իսկ է պատշաճում այն խոսքը, թե՝ «մենք անցանք հրի և ջրի միջով, բայց մեզ խաղաղությամբ դուրս հանեցիր» (Սղմ. 65։12):

Նրանք են, որ մեր այս աշխարհում կանգնեցվեցին իբրև աշտարակներ՝ մեզ պաշտպանելով հակառակորդների հարձակումներից: Նրանք ոչ թե մեկ վայրում միայն հանգրվանեցին, այլ սփռվեցին բազում վայրերով, հյուրնկալվեցին շատերին ու զարդարեցին բազմաթիվ գավառներ: Եվ սքանչելին այն է, որ նրանք կարիքավորներին օգնության են հասնում ոչ թե յուրաքաչյուրն առանձնապես, այլ ամենքը միահամուռ կերպով են շտապում ձեռք մեկնել կարոտյալներին: Տե՛ս, թե որքա՜ն սքանչելի է այս:

Նրանց թիվը ո՛չ սակավանում, և ո՛չ էլ ավելանում է: Եթե այս սրբերից որևէ մեկին փորձես էլ տարանջատել մյուսներից, միևնույն է, նրանք իրենց խմբից չեն զանազանվում և եթե մի տեղում հավաքես երանելիներին, ապա կտեսնես, որ նրանք իրենց թիվը չեն փոփոխել, այլ նույն քառասուն հոգին են մնացել: Այդպիսով վկաները նմանվում են հրի բնությանը, քանի որ հուրը, վառվելով՝ ջերմություն է փոխանցում իր շուրջբոլորը գտնվողներին, սակայն ինքը ևս չի դադարում այդ ջերմության կրողը լինելուց: Այս քառասուն սուրբ մանուկները միաժամանակ և՛ միասին են, և՛ բոլորը՝ յուրաքանչյուրի հետ:

Թեև նրանց սխրանքը դժվար իրագործելի էր, սակայն և անսպառ են նրանց ամբարած շնորհները: Այս սրբերը մշտապես պատրաստակամ են օգնելու քրիստոնյաներին: Նրանք վկաների ժողովախումբ են, հաղթական զորագունդ, փառաբանողների դաս: Իսկ դու ինչե՜ր ասես որ կանեիր՝ գտնելու համար այնպիսի մեկին, որը քեզ համար թախանձանքով կբարեխոսեր Տիրոջ առաջ: Աահավասիկ այժմ քո առաջ են քառասուն աղոթողներ, որոնք միաբան օրհնություններ են վերառաքում:   

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Տիրոջ անունով, այնտե՛ղ է Տերը» (հմմտ. Մտթ. 18։20): Այդ դեպքում այնտեղ, ուր քառասունն են մեկտեղված, ո՞վ կարող է տարակուսել, թե Աստված ներկա պիտի գտնվի այդ վայրում: Նա, ով նեղված է, քառասունին է ապավինում, բերկրանք ապրողը նույնպես նրանց ոտքերն է ընկնում: Այն առաջինը՝ դժնդակ կացությունից դուրս գալու, իսկ այս վերջինը՝ իր ունեցած պիտանի բարիքները պահպանելու խնդրանքով:

Նրանց բարեխոսությանն է, որ դիմում է բարեպաշտ կինը՝ իր զավակի համար աղոթելով, իր ճանապարհորդ ամուսնու վերադարձը խնդրելով և հիվանդացածների համար էլ փրկություն հայցելով: Ձեր խնդրանքը ևս սրբերի բարեխոսության միջոցո՛վ վերառաքեք: Երիտասարդ պատանիները թո՛ղ այս սուրբերին նմանվեն, հայրերը թո՛ղ աղոթեն, որպեսզի այս երանելի վկաների նման զավակների հայր լինեն:

Մայրերը թո՛ղ ուսանեն բարեգութ մայր լինելու հետևյալ ճանապարհով ընթանալ. այս սուրբ մարտիրոսներից մեկի մայրը, տեսնելով մյուս սրբերին՝ ցրտից վախճանված, իսկ իր որդուն՝ հոգու կորովի ու չարչարանքներին դիմագրավելու կարողության պատճառով դեռևս կենդանի վիճակում, ինչն էլ դեռ վառ էր պահում դահիճների ակնկալիքը, թե գուցե Տիրոջ սուրբ վկան կմտափոխվի, հենց այդ սուրբ զորականի մայրն իր որդուն իր իսկ ձեռքերով գրկեց ու դրեց այն սայլակի վրա, որի վրա դրված լինելով՝ մյուս սրբերը կրակի մեջ նետվելու էին տարվում:

Ահավասիկ, արժանավորապես վկայի մայր էր նա, քանի որ փոքրոգության արտասուք չհեղեց և նվաստ կամ այդ պահին ոչ արժանի որևէ խոսք չբարբառեց, այլ գեթ ասաց. «Գնա՛, ո՜վ որդյակ իմ, քո հասակակիցների ու խորանակիցների հետ բարի ճանապարհով և հետ մի՛ մնա քո դասից, որպեսզի մյուսներից ավելի ուշ չտեսնես Տիրոջը»:

Արդարև, բարի արմատից բարի ճյուղավորում… Սուրբ մանկան քաջարի մայրը այսկերպ ցույց տվեց, որ կաթից առավել իր մանկանը բարեպաշտությամբ է սնել: Ուստի և զարմանալի չէր, որ այդկերպ սնված զավակն այսկերպ էլ ճանապարհվեց իր բարեպաշտ մոր կողմից:

Իսկ ահա մատնիչը սաստիկ ամոթով մնաց, քանի որ երանելի վկաների դեմ արարչության բոլոր տարրերի՝ հողի, օդի, հրի ու ջրի զորությամբ մարտնչելով՝ ամբողջովին պարտության մատնվեց քաջ այրերի առաքինություններին առերեսվելով, ա՛յն առաքինություններին, որոնց շնորհիվ սրբերը հաղթհարեցին գիշերային դժնդակ ցուրտը, որը ձմեռվա այդ ժամանակահատվածում դառնաշունչ կերպարանք էր առել՝ պատելով մարտիրոսների մերկ մարմինները:

Ո՜վ սուրբ դաս, ո՜վ նվիրական ժողովականներ, ո՜վ անքակտելի զինակցություն, ո՜վ դուք՝ մարդկային ցեղի նույնակամ պահապաններ, հոգիների բարի ուղեկիցներ, աղերսանքները վերառաքող գործակիցներ, զորավոր հրեշտակներ, տիեզերքի աստղեր, Եկեղեցու ծաղիկներ: Երկիրն անկարող եղավ ձեզ բովանդակելու, ուստի և ձեզ Երկինքն իր գիրկն առավ ու ձեզ համար բացվեցին դրախտի դռները:

Դուք արժանի այրեր եղաք հրեշտակների գնդին, հայրապետներին, մարգարեներին, արդարներին: Դուք, ձեր երիտասարդության ծաղիկ հասակում գտնվելով, արհամարհեցիք կյանքն ու ձեր ծնողներից և զավակներից առավել՝ Տիրո՛ջը սիրեցիք: Ձեր կյանքի երիտասարդության տարիներին իսկ դուք արհամարհեցիք այդ ժամանակավոր կյանքը և ձեր ողջ մարմնով փառաբանեցիք Աստծուն՝ «տեսարժան օրինակ դառնալով աշխարհի, հրեշտակների և մարդկանց համար» (հմմտ. Ա Կորնթ. 4։9):

Այս երանելի քառասուն սուրբ վկաները իրենց սխրանքի զորությամբ ոտքի կանգնեցրին գլորյալներին, բժշկեցին կոտրվածներին, կրկնապատկեցին մարդկանց՝ բարեպաշտության հասնելու փափագը: Բոլոր այս սուրբ մարտիրոսները միահամուռ կերպով բարեպաշտության հաղթության նշանը վեր խոյացրին՝ միևնույն հույսով և փառքի պսակներով զարդարվելով մեր Տեր Քրիստոս Հիսուսի կողմից, որին փա՜ռք և իշխանությո՜ւն միշտ և հավիտյանս: Ամեն:

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս Էջմիածին, 2008թ,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

29.04.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․