Սուրբ Դեմետրիոսի վկայաբանությունը

Արդ, այն չար ժամանակ, երբ Թեսաղոնիկե քաղաքի աստվածամարտ Մաքսիմիանոս թագավորը բազում և պես–պես կտտանքներով [տանջում էր] բարեպաշտության սպասավորներին, որովհետև նա շատ ընկղմված էր կռապաշտության խորքերում, միշտ հետապնդում էր նրանց, որ աստվածապաշտության կրոնի հետևորդ էին, մատնում էր բանտի ու տանջանքի: Իսկ քրիստոնյաները, որ կային քաղաքում, ոմանք հետևելով իմաստուն Պողոսին, տեղի էին տալիս ժամանակի բարկությանը, թաքցնում իրենց [համոզմունքները] որոշ ժամանակով, իսկ ուրիշները քաջաբար բազմամբոխ քաղաքի մեջ հայտնապես խոստովանում էին: Սրանցից մեկը, որի անունն էր Դեմետրիոս, առաքինի ու քաջ այր, բնավ չվախեցավ մահից, [որ դրված է բնությամբ,] և անտեսելով թագավորի ահագին սպառնալիքները` բացահայտորեն խոստովանում էր իր քրիստոնյա լինելը և փրկչական անունը, որ ուներ իր հոգում` բազում համարձակությամբ պատեհ և անպատեհ ժամանակ ըստ առաքելական խրատին ավանդում էր բոլոր իրեն մոտեցողներին: Այս երանելին լինելով քաջատեղյակ աստվածային Գրքին, նրա պարունակած կենդանարար խորհուրդներին, բոլորի առջև քարոզում էր, նաև ուսուցանում էր, թե առաջին մարդը ճշմարտությունից մոլորվելով անհնազանդություն արեց, ուստի մահկանացու եղանք, և կռապաշտությունը մտավ աշխարհս: Դրա համար ամենիմաստ Բանն Աստված` անճառաբար ծնված Աստված Հորից, մարմին հագած աշխարհ եկավ և Ինքը աշխարհին Լույս ծագեց, կանգնեցրեց ընկածին և բարձրացրեց գլորվածին, գտավ կորսվածին և սրբեց մեղքի բոլոր կեղտերից: Միայն ա՛յս չբարեգործեց, այլև իր խոսքը բոլոր ընդունողներին սովորեցրեց սրբության արդարություն, հեզություն և հնազանդություն, սեր և խաղաղություն, արհամարհելով ժամանակավորը, և` հանդերձյալ կյանքի հույսով ընդունել մշտնջենական և անժամանակ կյանքի առհավատչյան: Եվ այսպիսի խոսքերով երանելին մխիթարում էր բոլոր նրանց, որ մոտենում էին իրեն: Նրա համբավը տարածվել էր բազում վայրերում, և շատերը այնուհետև գալիս էին նրա մոտ:

Այնժամ թագավորի նշանակած մարդիկ շրջում էին քրիստոնյաներին փնտրելու: Բռնեցին երանելի Դեմետրիոսին, տարան աստվածամարտ Մաքսիմիանոսի առջև` իբրև մեծ որս բռնած: Իսկ թագավորը այն ժամին նստել էր քաղաքի ասպարեզում դիտելու մենամարտիկներին, որոնք մարտնչելու էին ամբողջ ժողովրդի առաջ: Այնտեղ տախտակամած էր կազմած և քարակոփ տեղ էր պատրաստված նրանց համար, որ գալիս էին նստելու: Այնտեղ կար Լեոս անունով մի մարդ` հաղթանդամ և հսկայազոր, որ մենամարտելիս զարհուրանքով դողացնում էր բոլորին, այլև բիրտ և սպանող մարդու համբավ ուներ, շատ սիրելի էր Մաքսիմիլիանոսի աչքին, առաջնակարգ պատերազմող էր համարվում, որովհետև այն աշխարհում նրան նման չկար: Երբ թագավորը մոտեցավ ասպարեզին` դահիճները նրա առաջ բերին Դեմետրիոսին: Իսկ նա հարցրեց, թե քրիստոնյա է, հրամայեց նրան տանել բաղնիքի կամարի մոտ, ուր կրակ էին վառել, որովհետև բաղնիքն ատյանի մոտ էր: Հրամայեց Լեոսին բերել իր մոտ, հայտարարեց հրապարակավ, թե ով կամենա մենամարտել նրա հետ, բազում պարգևներ կստանա: Այնժամ ատյանի մեջ հայտնվեց մի մանուկ, որի անունը Նեստորիոս էր, քրիստոնյա, որև նախապես գնացել էր երանելի Դեմետրիոսի մոտ, որպեսզի աղոթք անի իր համար: Օրհնելով նրան` [Դեմետրիոսը] մարգարեացավ` «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով կհաղթես Լեոսին և կմարտիրոսանաս»: Սա հանեց իր հանդերձները և իրեն ամփոփելով մի պատմուճանով, վազելով գնաց հանդեսի տափարակը Մաքսիմիանոսի հանդիման, կանչեց Լեոսին մենամարտելու իր հետ: Թագավորը տեսավ նրա մանկական հասակը, զարմացավ, իր մոտ կանչեց Նեստորիոսին և այսպես ասաց նրան. «Գիտեմ, որդյա՛կ, որ շատ ստանալու համար կամ քո աղքատության պատճառով այդպես ցանկանում ես կյանքից զրկվել զորավոր և հաղթանդամ Լեոսի ձեռքով: Այժմ ես ափսոսում եմ քո մանկական հասակի վայելչությունը, զարդարված ամենայն գեղեցկությամբ, քեզ տալիս եմ բազում գանձ, միայն թե զերծ մնա հսկայազոր և հաղթող այրի հետ մարտնչելուց, գնա՛, խնդա և ուրախ եղիր քո գեղեցկությամբ»:

Այնժամ Նեստորիոս մանուկը չխաբվեց թագավորի խոստումից և նրա խրատը չընդունեց և չզարհուրեց Լեոսի գովքից, այլ միայն վստահ Դեմետրիոսի մարգարեությանը և ուժ առնելով Քրիստոսի զորությունից` այսպես պատասխանեց թագավորին. «Ես, ո՛վ թագավոր, ունեցվածքի և կամ այս անցավոր կյանքի համար չեմ եկել այստեղ, այլ որպեսզի ինձ ավելի ընտիր ցույց տամ քան Լեոսը և հասնեմ լավագույն կյանքին»: Երբ այս լսեցին թագավորը և նրա շուրջը եղած բոլոր մեծամեծները զայրույթով լցվեցին, Նեստորիոսի ասածները հպարտություն էին համարում և գրգռում էին Լեոսին մենամարտել նրա հետ և կարեվեր խոցել, որպեսզի [Նեստորիոսը] իսկույն մահանա: Այնժամ դիմակայեցին միմյանց. մանուկ Նեստորիոսը հոգով զորացած` թափ տվեց, տապալեց Լեոսին, որ իսկույն մահացավ: Թագավորն այդ տեսնելով շատ բարկացավ, մանավանդ երբ տեղեկացավ նաև, որ Նեստորիոսը քրիստոնյա է, և փոխանակ խոստումներին, որ նախապես մունետիկների միջոցով Լեոսի հետ մենամարտողներին պարգևել էր խոստանում` հրամայեց իբրև քրիստոնյայի գլխատել մանկանը:

Երբ այս բաները այսպես եղան` թագավորը հույժ տրտմեց, քանի որ երկուսի մահը ցավ էր իրեն, ու ելնելով աթոռից տխուր դեմքով կամեցավ արքունիք գնալ: Այն ժամանակ, որոշ բանսարկուներ չարախոսեցին նրա մոտ, թե Դեմետրիոսն է եղել պատճառն այս ամենի: Իսկ նա, վայրի գազանի նման զայրագնած, այնտեղ, ատյանում հրամայեց գեղարդով հարվածել [Դեմետրիոսին]: Եվ այսպես մահացավ սուրբը բարի խոստովանությամբ ի Քրիստոս, որ հոկտեմբեր ամսի քսանվեցն էր: Իսկ նրա սուրբ մարմինը աստվածամարտ Մաքսիմիանոսը հրամայեց դուրս գցել` գազանների և թռչունների կեր: Այնժամ երկյուղած վկայասեր մի քանի եղբայրներ գիշերով եկան, գողացան նրան և տարան–թաղեցին քաղաքի մի տան մեջ, որոշ ժամանակ մնալու, մինչև Տերն այցելի և հայտնաբերի սրբերի նշխարները:

Կարճ ժամանակ անց սկսեցին մեծամեծ նշաններ և զորություններ լինել նրանց, ովքեր սուրբ վկային օգնության էին կանչում: Այսպես հռչակվեցին բժշկությունները, որ կատարվեցին սրբի անունով: Այն ժամանակ ոմն Ղևոնդիոս` այր աստվածասեր, որ Լյուրիկեցոց աշխարհից էր, եկել էր Թեսաղոնիկե քաղաքը իբրև եպարքոս: Եվ առավ այն տունը, որտեղ սրբի նշխարներն էին` նեղ ու անձուկ: Քանդելով այն` սրբեց և ընդարձակեց տեղը և կառուցեց մեծապայծառ տաճար հանուն սրբի, ուր մեծամեծ բժշկություններ էին կատարվում ի փառս և ի գովություն ամենասուրբ Երրորդության և համագոյ բնության` Հոր և Որդու և Սուրբ Հոգու այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Պատմություն սքանչելիքների, որ եղան սուրբ Դեմետրիոսի միջոցով. թե ինչպես գտնվեցին նրա նշխարները բազում ժամանակ անց, Հունաց Հուստիանոս և Մավրիկիոս թագավորների ժամանակ

Եկեք, ո՛վ սիրելիներ, թե կուզեք շատ բան զանց առնելով պատմենք սքանչելիքը, որ եղավ աստվածազգյաց Դեմետրիոս վկայի միջոցով, որպեսզի քչով ձեր միտքը ուղղելով շատերը իմանաք, որ կատարում է իր սրբերի միջոցով անճառելի բաներ Քրիստոսի ամենազոր ուժը: Արդ, քանի որ ամեն ժամանակ երբ նահատակվում էին սրբերը, հաստատված կային վկայասեր քրիստոնյաներ, որ առնում–ամփոփում էին նրանց մարմինները ծածուկ տեղերում, որ նրանց չմոտենային հեթանոսների պիղծ ու գարշելի ճենճերն ու զոհերը, այդ պատճառով ինչ–որ տեղեր հայտնապես երևում են նրանց գերեզմանները և այլ տեղեր` ոչ, թեպետ որոշ աստվածասերներից գեղեցկապես կազմված` երևում են նրանց վկայության տաճարները: Այսպես և Թեսաղոնիկե քաղաքում, թեպետ բազում վկաներ թաղված կան, ու նրանց վկայարանները հայտնի են, այդ թվում և մեծ, ականավոր սքանչելիքներով երանելի Դեմետրիոսինը, բայց նրանցից ոչ բոլորի տեղերն ու գերեզմաններն են երևում: Այլ` միայն սուրբ կույս Մարինոսինը: Իսկ Մավրիկիոս թագավորը բարեպաշտ և աստվածասեր կամքով որոնեց բազում սրբերի, որ Թեսաղոնիկե քաղաքում էին զոհվել, առավել ևս երանելի Դեմետրիոսին, նրա սքանչելիքների առավել համբավի համար, նամակ գրեց երանելի Եվսեբիոսին, որ այն ժամանակ Թեսաղոնիկե քաղաքի եպիսկոպոսության աթոռին էր, որպեսզի իրեն առաքի սուրբ Դեմետրիոսի նշխարներից մի մաս:

Այնժամ Եվսեբիոսը պատասխան գրեց թագավորին այսպես. «Մենք ևս գիտենք, ո՛վ թագավոր, որ քո խնդիրքը ճշմարիտ հավատքի մասին է, որ ունես Քրիստոսի սուրբ վկաների նկատմամբ: Բայց քո բարեպաշտությանը ինչպես պատմենք թեսաղոնիկեցիների հավատքի, եղած սքանչելիքների մասին, և այդպիսի խնդրի կապակցությամբ, քանի որ այս քաղաքը չունի այդպիսի հավատ, եթե զգալի բաներով է ուզում պաշտել Աստծուն և պատվել Նրա սրբերին, Դրան հակառակ իմանալի աչքով հաստատված են ի սերն Աստծու, և Նրա սրբերի հավատն ընդունելով Տիրոջ սրբերի վկայություններից` թե հոգի է Աստված, Նրա երկրպագուները պարտավոր են հոգով և ճշմարտությամբ երկրպագել: Դրա համար այս քաղաքում թաղված են սրբերի մարմինները` մարդկանց բոլորովին անհայտ, որև ձեր աստվածասեր Հուստիանոսը, որ ձեր բարեպաշտ նախանձախնդրությամբ էր լցված, այդպես փորձելով գտավ, որովհետև նա վկայասեր կամքով նամակ գրեց նրան, որ մեզնից առաջ այս քաղաքի եպիսկոպոսն էր: Այդպես և քո բարեպաշտությունը` մեզ, ինչ–որ մաս հայցելով փառավորյալ վկա Դեմետրիոսի նշխարներից: Եվ ցանկանալով կատարել թագավորի սիրո աստվածահաճո տենչանքը, մտնելով սրբի վկայարանը փորեցին եկեղեցու հատակը, ուր կարծում էին դրված կլինի սուրբ վկայի նշխարքը: Երկյուղած քահանաներին այս գործը հրամայել էր եպիսկոպոսը, հաստատապես գիտենալով նրանց արժանավորությունը: Իսկ երբ խորը փորեցին, սաղմոսներով և օրհնությամբ, վառած մոմերով և անուշահոտ խունկերով` ուզում էին դարձյալ փորել: Այնժամ հանկարծակի հուր ելավ ներքևից, լցրեց ամբողջ փորված փոսը, նրանց շրջապատեց, [բայց] չէր այրում նրանց: Լսեցին ձայն, որ ասում էր. «Այսուհետև դադարեցեք փորձել Քրիստոսի զորությունը, որ միացած է սրբերի ոսկորներին»: Իսկ նրանք ահուդողով լցված առան փորված հողից, ուղարկեցին թագավորին` նամակով տեղեկացրին նրան եղած սքանչելիքը: Սրանք, ո՛վ թագավոր, քո բարեպաշտոն հայր Հուստիանոսի ժամանակ եղան, և մենք նույն կերպ առաքեցինք քո աստվածասիրությանը նույն օրհնության հողից, որ դրված է այս եկեղեցու մեջ, ի բժշկություն ախտաժետների: Եվ դու այն ընդունելով առավել կլցվես մեծ ուրախությամբ, առանց երկմտության, ասես ունենալով քեզ մոտ ամբողջ վկային, ինչպես վայել է քո հավատքին, այլև փորձով կճանաչես սքանչելիքները և մեզ ձեր աստվածասեր թագավորության անհնազանդ չես համարի: Քրիստոսին փառք, հավիտյանս. ամեն»:

Մարիանոս եպարքոսի մասին, թե ինչպես Դեմետրիոս վկայի սքանչելիքով բուժվեց անդամալուծությունից

Պատմեմ այլ սքանչելիք, որ եղավ սուրբ վկա Դեմետրիոսի միջոցով: Ազատ տոհմից մի այր, ազնվական և շատ հարուստ, որի անունն էր Մարիանոս, առաջինների կարգն էր դասված և` սենեկապետ թագավորի պալատում: Սա թագավորից հրաման ստացավ վարելու լյուրիկեցիների իշխանության եպարքոսությունը և երբ հասավ Թեսաղոնիկե աստվածապահ քաղաքը, բարեպաշտ և արդար կամքով ուղղեց իշխանության ղեկը, և ամբողջ ժողովուրդը ոչ քիչ գոհություն էր հայտնում թագավորին: Այնժամ նախանձեց նրան բանսարկուն, որ սովոր է միշտ նախանձել բարի մարդկանց և վարկաբեկել նրան, որ բարձր դիրք էր ստացել, նրա դեմ ցանեց իր չարության որոմը` որովայնամոլությունը և հեշտասիրությունը, ամեն չարիքի արմատ արծաթասիրությունն ու ագահությունը և սրանից նախախնամողական տեսչությամբ նա Աստծու պատվիրաններից շեղվելու պատճառով վարակվեց անդամալուծության անտանելի ախտով, այնպես որ հնար չկար առողջություն գտնել մեկից, որ ըստ մարդկային գիտության հմուտ լինի բժշկության: Մինչ այս հիվանդությունն էր ստացել բազում տարիներ կասկածելով մարդկային բժշկությանը, մի օր վերջապես մտածում է Քրիստոսի սքանչելագործ վկա սուրբ Դեմետրիոսի մասին ու մինչդեռ այս մտքին էր, նիրհեց, և հանկարծ նրան երևաց սուրբ վկան բարեկամի կերպարանքով, հարցրեց, թե ինչու այդքան ժամանակ բռնված է այդ հիվանդությամբ: Իսկ նա պատասխանեց, հեծեծալով ասաց այսպես. «Տե՛ր իմ, չեմ կարող պատմել տանջանքները, որ կրում են իմ մարմնի անդամները: Որովհետև երբ տաքության եմ մոտենում` մարմնիս սառն է թվում, իսկ սառնությանը` կարծում եմ, թե տաք է: Իսկ թիկունքս, արմունկներս և ձեռքերս լոկ կախված են առանց զորության: Երբ ուզում եմ շարժվել, չեմ տարուբերվում` ինչպես ուզում եմ, կամ ինչպես պետք է ինձ, չեն ենթարկվում իմ կամքին: Նույն բանն է լինում և փափուկ տեղերիս, ծնկներիս, սրունքներիս, որովհետև թվում է` պարզապես անդամներ են, ուժից բոլորովին զրկված: Եվ դու ինչ կարող ես ինձ ասել, ո՛վ սիրելի բարեկամ, որ այդքան գթությամբ հարցնում ես, և կամ ինչ թելադրություն կանես իմ վշտագնած անձին»:

Սուրբ Դեմետրիոսը պատասխանեց նրան ասելով. «Լսի՛ր ինձ եղբայր, ասեմ` ինչ պետք է, ինչպես կարող ես հասնել թողության և մարմնիդ բժշկության: Նախ խորհուրդ եմ տալիս` բարեմիտ եղիր և անտրտունջ և գոհացողությամբ ընդունիր մարմնիդ ցավերը և անհուսությամբ մի՛ ընկղմվիր հոգու տրտմության խորքերը և հիշիր, որ ամեն ինչ նախախնամությամբ է կատարվում մարդկանց վրա` բոլորի հրաշագործող Աստծուց, ըստ այդմ և օգուտը: Որովհետև թեպետ [մարդ] ըստ արժանիքների ինչ–որ բան կրում է, բայց դա Աստծու մարդասիրությունը մեղքի թողություն կհամարի, քանի որ այստեղ մեղքին վերքեր տալով` հանդերձյալ դատաստանին մարդասիրություն կգտնի ըստ Նավում մարգարեի, թե` «Աստված կրկին վրեժ չի առնում» (Նաւում. Ա. 2): Միայն թե, գոհությամբ ցավերը հօգուտ իրեն շահի, և ոչ տրտմությամբ ու տրտունջով կրկնակի տանջանք ստանա: Եթե արդար է` ով ցավեր է ստանում, բազում զգուշությամբ կգոհանա արդարությունը պահելու համար, այստեղ կստանա, իսկ հանդերձյալ կյանքում մեծապայծառ մաքրվելով, ինչպես ոսկին հրի մեջ կպսակվի փառքով` երանելի Հոբի նման»: Իսկ վտանգված եպարքոսը այն տեսիլքի մեջ սկսեց հարցնել նրան և ասաց. «Ո՞վ ես դու, տեր, և որտե՞ղ է քո բնակության վայրը, որ այդքան գեղեցիկ մխիթարություն ես մատուցում ինձ»: Սուրբն ասաց. «Իմ բնակության վայրը թագավորական քաղաքն է, այնտեղ գալով կգտնես ինձ և կիմանաս իմ անունը»: Եվ Մարիանոսը արթնանալով տեսիլը պատմեց իր մերձավորներին: Ու դարձյալ սկսեց ողբալ իր թշվառությունը, որովհետև սրբից լսեց` «Իմ քաղաքը թագավորական քաղաքն է»,– կարծեց, թե Կոստանդնուպոլսի մասին է և ասաց. «Վա՜յ ինձ, թշվառականիս, ինչքան ուրախությամբ սփոփեց ինձ տեսիլը և ինչ տրտմության մեջ եմ, և տարակույսը պատեց ինձ, որովհետև ես այստեղ` Թեսաղոնիկե քաղաքում, ընկած եմ անդամալույծ, քեզ ինչպես կարող եմ գտնել Կոստանդնուպոլսում, ո՛վ տեր իմ և մերձավոր բարեկամ»:

Այնժամ մեկը նրանցից, որ նրա մոտ էին, ազդվելով Աստծու շնորհով ասաց տարակուսած Մարիանոսին. «Մի՛ վհատիր, տեր իմ եպարքոս, ես կառնեմ քեզ, կտանեմ քո բարեկամի մոտ, և ի՛նչպես չիմացար, որ նա ինքը Քրիստոսի գովելի վկա Դեմետրիոսն է, որ ոչ թե երկրային թագավորական քաղաքում է բնակվում, այլ վերին Երուսաղեմում, որ անմահ Թագավորի քաղաքն է: Նա այժմ մեր քաղաքում է գտնվում, որովհետև այստեղ նահատակվեց, այլև երկնավոր քաղաքում` անմահ Թագավորի առջև լինելուց չի նվազում: Ովքեր խաչակից եղան իրենց Տիրոջը` լինում են նաև հաղորդակից փառքին. աննյութ հոգով միացած են և նախախնամությամբ իրենց հոտերից հեռու չեն, քանի որ Քրիստոս կենդանի է նրանց ոսկորների մեջ: Արդ, արի՛ քեզ տանեմ սրբի տաճարը, և այնտեղ կվայելես սրբի շնորհները և կգտնես քո անդամների առողջությունը»: Այս ասաց շնորհալի երիտասարդը, բարձրացրին նրան մահճով և տարան դրին եկեղեցու հատակին, որ գեղեցկապես կառուցված է սրբի անունով: Հիվանդը նկատեց ու տեսավ տաճարում երանելիի պատկերը, աչքերը հառեց նրա վրա, քանի որ բնավ չէր կարող գլուխը բարձրացնել, սկսեց աղոթել այսպես. «Ո՛վ սուրբ և ամենասուրբ ճգնազգյաց նահատակ և Քրիստոսի հարազատ ծառա, դու շատերին անուշահոտ պատարագ ես մատուցել Աստծուն և ամենքի հետ ինքդ քեզ բոլորանվեր ընծայեցիր Նրան: Դու քո անձը դրիր փոխանակ Նրա, որ բոլորի համար տվեց Իր անձը: Դու բազում չարչարվածների համար խոցվեցիր, փոխանակ Նրա, որ ամբողջ աշխարհի փրկության համար Իր կողը տվեց գեղարդին: Դու շատերին քո կենդանության ժամանակ պարկեշտության բերիր, և առավել` երբ ճշմարիտ կենդանությունդ ստացար Քրիստոսից: Եվ մենք, թեպետ և սքանչելիքով չենք նկատում քո փառքը, և կրթում ես քո այս գավառը քո սքանչելիքներով և բժշկությանդ հոգևոր ցողով շատերին մթերում ես աստվածային շտեմարանում: Աղաչում եմ քեզ, Քրիստոսի կենդանի վկա, ինձ` տառապյալիս վրա հեղիր քո բժշկության շնորհները, ամրացրու քայքայված անդամներս: Ահավասիկ անդամալույծս դրված եմ քո ավազանի մոտ, սպասելով քեզ` փառավորված հրեշտակիդ ողորմության շարժվելուն, որ իջնի բժշկության կենարար ջուրդ ինձ վրա: Դու ևս ինձ ասա, ինչպես և քո Տեր Հիսուս Քրիստոսը` բազմամյա անդամալույծին. «Ե՛լ, առ քո մահիճը և գնա՛» (Մատթ. Թ. 6, Մարկ. Բ. 9, Ղուկ. Ե. 24, Հովհ. Ե. 8, 11): Որ թեպետև երեսունութ տարեկան չկամ, բայց երեսուն անգամ երեսունութ մեղքով ընկած եմ այստեղ: Արդ, դու որ նման եղար քո Վարդապետի հեզությանը` նմանակից եղիր և նրա գթությանը: Եվ քաջ գիտեմ, որ կարող ես օգնել ինձ, որովհետև դու այդ կարողությունն ստացար Քրիստոսից` քո ճշմարիտ հավատի համար: Նա իբրև Աստված ասաց. «Ե՛լ, առ քո մահիճը և գնա՛»: Դու ևս ասա` իբրև Նրա հարազատ ծառա. բազմամյա անդամալույծը նույնպես հավատաց և փութով շտապեց հրեաների ազգին տեղեկացնելու նրա աստվածային զորության մասին, ես ևս հավատում և քարոզում եմ ամբողջ աշխարհին զորությունը Նրա, որ արժանավորապես պսակեց քեզ: Ելնում եմ և ես ոչ միայն մահիճս վերցնելով, այլև պատարագներ ու նվերներ կբերեմ քո սուրբ վկայարանը, և այսպես քո միջոցով, ո՛վ մարդասեր վկա, կփառավորվի իմ մեջ ամենասուրբ Երրորդությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Այս ասելով Մարիանոսը հոգնությունից նիրհեց: Եվ ահա նրան երևաց Քրիստոսի փառավորյալ վկա Դեմետրիոսը առաջին տեսիլքի նման և ասաց նրան. «Բարությամբ լսեցիր ինձ և եկար այստեղ, տեր եպարքոս, և ես իսկույն Աստուծով կկատարեմ ինչ որ քեզ խոստացա: Բայց և քեզ կավանդեմ իմ Տիրոջ այս պատվիրանը. ահա ողջացար, դարձյալ չմեղանչես, որ նորից քեզ չար բան չպատահի: Որովհետև հիվանդոտ մարդկանց սովորությունն է, երբ դժվարին վիճակում են, խոստանում են հեռու մնալ մեղքերից, իսկ հեշտության մեջ թուլանում են բարությունից, ըստ այն խոսքի` «Երբ սպանում էր նրանց, խնդրում էին, դառնում էին առավոտից դիմում Աստված» (Սաղմ. ՀԷ. 34): Ու դարձյալ` «Հակոբը կերավ և հագեցավ, հարվածեց սիրելիին, գիրացավ, հաստացավ, լայնացավ, թողեց իր Տեր Արարիչ Աստծուն և հրաժարվեց իր փրկիչ Աստծուց» (Բ. Օր. ԼԲ. 15): Արդ եթե ստուգապես հաստատվես ճշմարտության մեջ` Քրիստոսի ողորմությունը իմ բարեխոսությամբ կբուժի քեզ»: Մարիանոսը պատասխանեց ասելով. «Հավատում եմ, տեր, որ չեմ անցնի քո պատվիրաններից, միայն թե քեզնով ողորմի, և ստանամ իմ անդամների բժշկությունը»:

Եվ սուրբ վկան մեկնեց իր ձեռքը, շոշափեց նրա բոլոր քայքայված անդամները և ասաց. «Քրիստոս Աստվածը` հոգիների և մարմինների ճշմարիտ բժիշկը կբուժի քեզ և քո ախտահար անդամները, Նա, որ բարձրացնում է ընկածներին և կանգնեցնում գլորվածներին» (Սաղմ. ՃԽԴ. 14):

Մարիանոսն այն տեսիլից արթնացավ, կանգնեց իր բոլոր ողջացած անդամներով, ինչպես առաջ էր, քանի չէր հիվանդացել, և սկսեց փառավորել Աստծուն և գոհանալ սուրբ վկայից, որի միջոցով բժշկություն գտավ և արտասվելով ասաց այսպես. «Օ՜, որքան խնդություն էր քո քաղցր բարբառը իմ հոգուն, վկա՛ Քրիստոսի, մինչև [հիմա] դեռ հնչում է իմ լսելիքին և ցնծությամբ պարարում իմ բոլոր ոսկորները»:

Արդ, այսպիսի սքանչելիք եղավ, Մարիանոսն այնուհետև սկսեց կրթել ինքնիրեն առաքինության բոլոր հրահանգներով և ժուժկալությամբ ու համբերությամբ, ավելի քան թե մարմնականով զարդարում էր իր իշխանությունը: Իսկ նախանձոտ բանսարկուն, երբ տեսավ նրան այդպես առաքինությամբ պայծառացած, այնուհետև սկսեց նրա դեմ սերմանել իր չար հնարքները, որ նա վար ընկնի առաքինությունից: Ու երբ ամեն ինչով պարտվեց չարությունը, օձը չկարողացավ ազդել նրան իր զանազան հնարքներով և ուզում էր սերմանել իր չար սերմերը: Որովհետև [Մարիանոսը] խիստ ամրացել էր հավատով և իր մեջ ուներ բարեպաշտության ամրացած սերմը:

Տե՛ս, թե ինչ էր անում այն ժամանակ չարանախանձը, որ չկարողացավ խորամանկությամբ հաղթել, շրջվեց մյուս կողմը և ուզեց նրան չարչարել` ինչպես երանելի Հոբին, [նա], որ անգամ խոզերի վրա իշխանություն չունի առանց Աստծու թողտվության: Իսկ քանի որ Աստված կամեցավ նրան առավել պայծառացնել և ամոթի մատնել նրա չարախոսին, թույլ տվեց չարչարել նրա մարմինը և ոչ տիրանալ հոգուն, և նրա մարմինը չարաչար կեղեքվեց, մինչև որ գրեթե բոլոր անդամները անջատվեցին միմյանցից, որպեսզի ուրիշները նրա բերանը կերակուր տան, որովհետև այրը բոլորի աչքին պատվական էր: Բազում անգամ քաղաքից և գավառից բժիշկներ եկան այնտեղ, բայց չկարողացան ոչնչով օգնել նրան, ու երբ ամեն ինչից հուսահատվում էին, նա առավել ևս գոհությամբ կրում էր չարչարանքները:

Այնժամ նրա ծառաներից մեկը, բանսարկուից թելադրված, ինչպես ավելի առաջ Հոբի կինը, մոտեցավ այն մարդու ականջին, սկսեց մեղմությամբ նրան թելադրել այսպես. «Պետք է դու,– ասում է,– ո՛վ տեր իմ, լսես մեզ և փրկելով մեզ բոլորիս, ստանաս քո մարմնի առողջությունը: Ահա այստեղ կա մի մարդ, որ գիտե բժշկության հմայությունները, գրված եբրայական լեզվով մագաղաթի վրա հրեշտակների անունները, նաև արեգակները և այլ բազմախուռն անուններ, որ ոչ մեկին հայտնի չեն: Եվ մագաղաթը, որի մեջ այս ամենն է, վերարկուի գրպանում է, գրված լինելով դրսից և ներսից, և ասում է` «Ով որ հագնի սա, կբուժվի բոլոր ախտերից»: Արդ, դու վերցրու այն, հագիր և ազատիր շատերին և մեզ քեզ հասած վերքերի տրտմությունից. քո պատճառով ասես դժոխքի խորքերը թաղված լինենք»: Պատասխանեց համբերատար այրը և ասաց. «Օ՜, մոլեգնած թելադրիչ, որ այդքան հանդգնելով մեզ սովորեցնում ես ապստամբել Աստծու դեմ և մարմինս առողջացնելու համար դյութերի, կախարդների ու դևերի մոտ ես [քաշում], փութալով սպանելու հոգիս: Այդպես չէ, ավելի լավ է ես մեռնեմ այսպես, քան թե հեռանամ ճշմարիտ Աստծուց»: Այսպիսով նա իրենից վանեց անզգամ խոսող մարդկանցից մեկին: Ապա մի փոքր մեղմացավ բազում չարչարանքը, և նա նիրհեց: Եվ ահա նրան երևաց Քրիստոսի սուրբ վկա Դեմետրիոսը առաջին տեսիլքի օրինակով, նրան հարցրեց կարեկցաբար, թե ինչպես է: Իսկ նա խիստ հեծեծալով ասաց նրան. «Այդպես, ինչպես տեսնում ես, տեր»: Եվ սուրբ վկան խանդաղատանքով ասաց. «Մի՛ երկնչիր, սիրելի՛ս, քեզ կբուժի Տեր Հիսուս Քրիստոսը, իմ Աստվածը»:

Մարիանոսը զարթնեց քնից, ելավ, կանգնեց իր ոտքերի վրա, ահով ու խնդությամբ լցված ազատվեց հիվանդության հանդերձից և առավ, նորը հագավ և մեջքին գոտի կապեց և ոտքերին` կոշիկ, ելավ–գնաց սրբի վկայարանը: Գալով այն տեղը, ուր ծածկված էին սրբի նշխարները, ընկավ արծաթապատ տուփի վրա, որ հորինված էր տապանաձև, վկայի պատկերի առաջ, և սկսեց արտասուքով գոհանալ առաջին մաղթանքների նման: Եվ աղոթքի վերջում հայցեց Աստծու շնորհը` սրբի բարեխոսությամբ, որպեսզի անարատությամբ պահպանվի նրա առաքինությունը, բանսարկուի բոլոր հնարանքներից: Եվ գնաց իր տունը, իր ամբողջ ունեցվածքը տվեց աղքատներին, իսկ թանկագին հագուստները և ոսկու ու արծաթի բազում գանձերը տարավ ի սպաս սրբի տաճարի պաշտամունքի: Այսպես սատանան ամոթի մատնվեց, իսկ Աստված փառավորվում էր Դեմետրիոսի միջոցով, Մարինոսի համար: Որովհետև Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Պատմություն [այն մասին], թե ինչպես սքանչելագործ վկա Դեմետրիոսի շնորհիվ Թեսաղոնիկե քաղաքը փրկվեց բարբարոսների պաշարումից և սովի վտանգից

Պատմեմ և այլ սքանչելիք, որ Աստված կատարեց ճգնազգյաց վկա Դեմետրիոսի միջոցով, ավելի հրաշափառ, քան առաջինը, որ ծածկել իսկ պետք չէ, որպեսզի զլացող չլինենք նախախնամող փրկագործությունները Աստծու, որ բոլոր դարերում անում է մարդկանց իր սրբերի միջոցով և սա` ոչ միայն մարմիններին, այլև հոգիներին, որովհետև մենք որտեղից ենք գտնելու մեղքերի թողություն, որով համարձակությամբ կարողանանք կանգնել Քրիստոսի ահավոր բեմի առաջ, եթե ոչ նրանց սուրբ աղոթքներով, որ այստեղ միայն կարող ենք շահել:

Հունաց կայսր Մավրիկիոսի ժամանակ արաբացոց իշխանը իր շուրջը հավաքեց բոլոր բարբարոս ազգերին` պատերազմելու Հունաց թագավորի դեմ: Նախ դիմեց Թրակացոց և Յուրիկացոց աշխարհը` ավարի առնելու նրանց, և եկավ–հասավ աստվածապահ Թեսաղոնիկե քաղաքը, որ բոլորից ավելի բարգավաճած էր բազմահարմար փարթամությամբ: Բարբարոսն իր մտքում այսպես էր մտածում. «Կառնեմ [քաղաքը] և այնուհետև ձեռք կգցեմ Հունաց թագավորին»:

Արդ, երբ եկավ, հասավ անհուն բազմությամբ, որին թիվ չկար, հանկարծակի հարձակվեց քաղաքի վրա [նա], որին ոմանք երկրորդ Սենեքերիմ էին անվանում, այն որ եկել էր Հրեաստանի վրա, որովհետև գետերը և աղբյուրները ցամաքեցնում էին և բույսերը ամբողջովին սպառում: Սա եղավ կիրակի օրը, առավոտյան ժամին, սեպտեմբեր ամսի քսաներկուսին: Իսկ երբ գիշերով գաղտնի շրջապատելով պաշարեցին քաղաքը և սողալով, մեղմագնաց քայլերով մոտեցան պարսպին, յուրաքանչյուրը ուսին սանդուղք բարձած, և քանի որ պահապաններ չկային մինչև այգաբաց, և երբ բազում քաջամարտիկներ նրանցից ելան, սուսերները մերկացնելով կամենում էին հարձակվել քաղաքի վրա, այնժամ հանկարծակի սուրբ վկա Դեմետրիոսը նրանց ընդառաջ ելավ զինվորի կերպարանքով, գեղարդով հարվածեց նրանցից մեկին խորապես խոցելով գցեց պարսպից այնկողմ: Ուրիշներն, այն տեսնելով, նրա տեսքից զարհուրած ներքև հոսելով, դուրս էին ընկնում: Նախ սա հրաշագործվեց սուրբ մարտիրոսի ձեռքով: Իսկ մյուս օրը, երբ բարբարոսներն իմացան, որ քաղաքում զորք չկա` պարսպի արևելյան կողմից մինչև արևմտյան դուռը, որ ցամաքային մասն էր, ծովից մինչև ծովը ասպարներով փակեցին, լցրին պարսպի արտաքին խանդակները, մինչ գրեթե անհուն բազմությունը իրար վրա կուտակված ներս էր հոսում, որպեսզի քաղաքի մեջ բոլորը անհույս լինեին, և բոլորը արտասուք էին թափում ջրի վտակների պես: Իսկ Քրիստոսի սուրբ վկան զինվելով բարբարոսների դեմ` չէր թողնում նրանց ներս մտնել: Այսպիսի նախախնամական գործը տեսնում էին միայն հավատացյալներից արժանավոր ոմանք: Քաղաքը այսպիսի պաշարման մեջ մնաց սեպտեմբեր ամսի քսաներկուսից մինչև հուլիս ամիսը, ու քանի որ, ինչպես վերևում ասացինք, հանկարծակի եկան և պաշարեցին ամբողջ քաղաքը թուզի հասունացման ժամանակ, և բարբարոսների զորքը ցրվեց բոլոր գավառներում, և սպառեցին ամբողջ ցորենը, գինին, բոլոր մրգերը: Պաշարման մեջ լինելով այնքան ժամանակ շատերը, որ ներսում էին, սովից մեռան:

Արդ, մինչդեռ այսպիսի վտանգի մեջ էին, Աստված կամեցավ բոլորին ցույց տալ, որ միայն իր բարերարությամբ (սուրբ վկայի բարեխոսությամբ) այդ քաղաքը փրկություն գտավ, ապա թե ոչ, բոլորը կորչելու էին: Որովհետև քաղաքում պատվական տոհմից մի այր` հույժ երկյուղած Տիրոջից և զարդարված ամեն բարի գործերով, մի օր, երբ ննջում էր իր տանը, տեսնում է մի սքանչելի տեսիլք: Իբր թե երկու լուսազգեստ այրեր եկան–մտան սրբի վկայարանը, ասես Աստծու պատգամավորը լինեին, և սրբին ասացին այսպես. «Մեզ ուղարկեց Տեր Հիսուս Քրիստոսը, որ թողնես այս քաղաքը և գաս նրա մոտ, որովհետև սա հանձնելու է բարբարոսների ձեռքը»: Իսկ նա երկար ժամանակ տխուր դեմքով ներքև նայելով չէր պատասխանում նրանց: Դրանից հետո ասաց. «Ո՛չ այդպես, տերեր իմ և ծառայակիցներ, չեմ գնա այստեղից և չեմ թողնի իմ հայրենի բնակությունը, որովհետև այստեղ եմ նահատակվել, այստեղ կհովվեմ իմ հոտը: Բայց այսպես ասացեք իմ Փրկչին և Աստծուն. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես կորցնում այսքան ժողովրդին, որ գնեցիր Քո պատվական արյունով. այո՛, Տեր, մի՛ կատարիր ըստ այս մարդկանց մեղքերի, այլ ըստ Քո բազում ողորմության, որովհետև Քո ցասումը ոչ թե կորուստ է փնտրում, այլ դարձ և ապաշխարություն: Ու թեպետ խրատում ես, Տեր, քաղցրությամբ և ոչ բարկությամբ»: Երբ այս ասաց մարդասեր վկան, պատգամավոր այրերը հրաժեշտ տվին նրան և գնացին այնտեղ, որտեղից եկել էին:

Իսկ երկյուղած այրը քնից արթնացավ, իսկույն բարձրացավ պարսպի վրա, շրջում, քաջալերում էր մարդկանց. «Մի՛ երկնչեք,– ասում էր,– եղբայրներ, որովհետև Քրիստոսի սուրբ վկա Դեմետրիոսը մեզ հետ է, և նա կխոնարհեցնի բազմագութ Աստծուն ողորմության` չկորցնել այս քաղաքը` մեր անօրինությունների պատճառով, միայն [պետք է] խոստովանել և ապաշխարել մեր հանցանքները, և Աստծու քաղցրությամբ [սուրբը] իսկույն կհասնի մեզ մոտ»: Որ և կատարվեց իսկ, երբ վերջացավ սրբի աղոթքը. բարբարոսները չվեցին–գնացին իրենց աշխարհը, իսկ քաղաքն ու ամբողջ գավառը դարձյալ առաջվա ազնվականությամբ պայծառացան:

Արդ, որ [սա] այսպես եղավ, կասեմ և Քրիստոսի մյուս ողորմությունը, որ եղավ սրբի տեսչությամբ: Վերևում ասացինք, որ գավառի բոլոր գյուղերն ու ագարակները բարբարոսներն ավերել էին, և քաղաքի պաշարման համբավը տարածվել էր ամբողջ աշխարհում: Եվ այդ պատճառով այնտեղ [այլ վայրերից] չէին գալիս հացի և այլ կերակուրների վաճառական նավեր նախկին սովորության համաձայն: Այնժամ քաղաքն ու գավառն սկսեցին նեղվել սովից: Եվ ահա բազում նավեր, ելնելով Իտալացոց աշխարհից, նավում էին Բյուզանդիոն, դարձյալ իրենց հետ ունենալով մեծաքանակ ցորեն: Այնժամ նրանց երևաց սուրբ Դեմետրիոսը Քիովն կղզու սահմանին և ասում է նավերի նավապետին, որի անունն էր Ստեփանոս, նաև նրա ընկերոջը. «Ո՞ւր եք նավում դուք, եղբայրնե՛ր»: Եվ նրանք ասում էին` «Բյուզանդիոն»: Ասում է նրանց. «Ո՛չ այդպես, այլ իմ ետևից եկեք Թեսաղոնիկե և այնտեղ բազում շահ կստանաք»: Նավապետն ասում է. «Մենք լսել ենք, թե այն քաղաքը ավերել են բարբարոսները, ինչո՞ւ գնանք այնտեղ»:

Տեսիլը պատասխանեց և ասաց. «Ես Քրիստոսի վկա Դեմետրիոսն եմ, որ այնտեղ նահատակվեցի, և այն քաղաքի պետն եմ, մի՛ երկնչիք, եկեք իմ հետևից, որովհետև Աստծուց եմ առաքվել ձեզ մոտ»: Եվ վկան առագաստը ուղղեց հաջողակ հողմով, հաջողությամբ արագ հասան Թեսաղոնիկե: Սրանից բացի բազում այլ նավեր կային այնտեղ, և ամբողջ քաղաքն ու ամբողջ գավառը հացով լցված` փառավորում էին Աստծուն, որ այսպես հրաշագործեց նրանց համար իր վկա Դեմետրիոսի միջոցով:

Արդ այս հիշատակարանը հարմարեցրինք, եղբայրներ, սրբի վկայաբանությանը, որպեսզի բոլոր հավատացյալները ընթերցելով այս` հոժարամտությամբ կատարեն սրբի հիշատակը: Որովհետև նրանց միջոցով կարող ենք գտնել Աստծու ողորմությունը այս աշխարհում և հանդերձյալում, նաև` մեղքերի թողություն, փրկություն պատուհասներից, որ ամենուրեք գալիս են մեզ, միայն նրանց սուրբ աղոթքով: Որովհետև ամեն ինչով Աստծու հեզությունն ու մարդասիրությունը կրեցին իրենց մեջ, քանի դեռ այստեղ էին, և երբ գնացին այնտեղ: Այլև այստեղ խաչակցելով Քրիստոսին և այնտեղ թագավորելով Նրա հետ բազում համարձակությամբ` ամեն ինչ–որ կհայցեն մեզ համար` ընդունեն նրանից: Ուստի և մենք բազում փութով կկատարենք նրանց հիշատակները, որպեսզի նրանց փառքին արժանի լինենք և նրանց հետ հարազվարճ բերկրանքով փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

06.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․