Սուրբ Եփրեմ Ասորու խրատն ապաշխարության մասին

Մենք` մեղավորներս, ջանանք իմանալ, թե ի՞նչ է գթությունը: Ընչաքա՛ղց, ուսանի՛ր ինչպես բարեգութ լինել: Եղբայրնե՛ր, աշխարհում միմյանց կարեկից լինենք ճշմարիտ կարեկցությամբ, լի ամենայն մարդասիրությամբ, քանի դեռ նենգադավը այնքան ուժ չունի, որ առևանգի մեր հոգիները: Ինչը որ հայտնի է դարձել ինձ Սուրբ Հոգով, հարկ է որ ամենքն իմանան: Եթե ես անխոհեմ եմ և չեմ պահպանել իմ ուսանածը, թող մեկ ուրիշը ուսանելով պահպանի: Եթե խոսքը մեռած է ինձանում, ապա թող մեռած և անպտուղ չլինի ձեզանում: Չթաքցնե՛նք տաղանդն Արքայի, կյանքով լեցուն սերմե՛ր գնենք դրանով: Ուշք մի՛ դարձրու ինձ վրա, աշակե՛րտ, եթե շեղվում եմ ուղուց: Եվ եթե ինձ անկյալ ես տեսնում, իմ հետևից մի՛ քայլիր: Աչքիդ առջև ունեցի՛ր Աստծուն և Սուրբ Գիրքը, թող նրա՛նք լինեն քո սնունդը: Ինչպես որ ուսուցանում են նրանք, այդպես էլ ջանա պահպանել պատվիրանները, ինչպես որ սովորել ես, այնպես էլ արա՛: Սիրում եմ ուսմունքը, սակայն չսիրեցի ես պատիժը, վախենում եմ, քանզի միշտ քայլում եմ վատթար ճանապարհներով և լեցուն եմ անօրենությամբ: Ինքս ինձ բժշկելիս իմ վերքերը չեմ կապում, չեմ ջանում արմատախիլ անել մեջս աճած մոլախոտը, սակայն ապրում եմ այդ հույսով և սպասում եմ:

Մի՛ տրտմիր, աշակե՛րտ, քեզ հետ միասին պատիժ է կրում և քո ուսուցիչը: Ինչի՞դ է պետք, որդյա՛կս, անօգուտ տրտմությամբ տառապելը: Ինչո՞ւ լալ մի լացով, որից օգուտ չկա: Նենգադավը միշտ բորբոքում է քո միտքը, որպեսզի դու նրա ժառանգության մասնիկը դառնաս: Սատանան չարամտորեն ջանում է վշտացնել շատերին, որպեսզի առևանգի և հուսաբեկության միջոցով նրանց գեհենը նետի: Առևանգվա՞ծ է քո գանձը: Բայց քո առջև դեռևս բաց է հիասքանչ գանձը գնելու ուղին, դեռևս ժամանակ կա գանձը ժողովելու, միայն թե հույսդ մի՛ կորցրու, այլ աշխատի՛ր հավաքել այն: Թեպետ վիրավորել է քեզ նետը, սակայն լիովին մի՛ տապալվիր: Նույնիսկ մինչև մահ դիմացի՛ր, հարվածից մի՛ վախեցիր, քո սխրագործությունը ցույց տուր` անգամ հարվածի տակ լինելով, որպեսզի քո պսակը հյուսվի պայծառ և փառավոր կտորից: Եթե ավազակը քեզանից հագուստդ խլի, մի՛ ծուլացիր շարունակելու ճանապարհը: Մարտի ժամանակ պատահում է և՛ հարվածել, և՛ հարվածներ ստանալ: Եթե ցուրտը տարել է քո արտը, աճապարիր սերմ ցանել երկրորդ, երրորդ անգամ, համառորեն, անխոնջ, առանց հապաղելու. անկասկած ամպերը կգան, և երկինքն անձրև կպարգևի: Չարագործը քեզ ուղուց չի շեղել: Մի՛ վախեցիր բեռից, որ վերցրել ես վրադ, գնա՛ միշտ արքայական ճանապարհով: Այն նույն մարտում, որտեղ դու վիրավորվել ես, կարող ես հաղթանակել: Իսկ այն նույն վայրում, որտեղ նախկինում կողոպտվել է քո գանձը, կարող ես նորեն ժողովել այն: Այնտեղ, որտեղ արքա Աքաբը թափեց Նաբովթի արյունը, այնտեզ շները լիզեցին անառակ Աքաբի արյունը, ինչպես Սուրբ Գրքում է ասված: Աքաբը Նաբովթին քշեց նրա սեփական այգուց, իսկ քեզ մեղքն ուզում է հեռացնել Քրիստոսից: Աքաբը դարձավ սատանայի կերպարը, իսկ Հեզաբելը` անառակության պատկերը: Սատանան և անառակությունը տենչում են քո արյունը, ինչպես անօրեն Աքաբն էր տենչում Նաբովթի արյունը: Ինչպես նա խարդավանքով սպանեց արդարին, այնպես էլ ընդունեց Արդարի դատը, փութաց խարդավանքով կործանել անմեղին, որպեսզի շուտով նրա համար վրիժխնդիր լինի Աստված: Եվ այժմ մեզանում անտեսանելի պատերազմ է մղվում, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6:12): Սատանան մարդկանց դեմ մարտնչում է գաղտնի, դավադրաբար, իսկ Քրիստոս բացահայտ ձախողում է նրա բոլոր դավերը և մեզ ուժ է պարգևում ոտնատակ տալու նրան: Քո պատերազմը, եղբա՛յր, մի սովորական, ծիծաղի արժանի բան չէ, ընդհակառակը, բոլոր հրեշտակները և նրանց Տիրակալը նայում են քո այդ պատերազմին, որը վարում ես թշնամու դեմ: Այսպիսով, երբ դու հաղթես թշնամուդ, Աստված և հրեշտակները կծափահարեն քեզ, իսկ հրեշտակները բերկրելով կփառաբանեն Աստծուն, որ նենգադավին հաղթելու ուժ պարգևեց քեզ: Այդ պատճառով մարտն ավելի ու ավելի է կթեժանա, որպեսզի դու բարեհնար դառնաս, Աստված փառաբանվի և մարդիկ հետևեն քեզ:

Ուստի և, ինչպես վերն ասացինք, եթե նենգադավ թշնամու նետը խոցի քեզ, ամենևին մի՛ հուսահատվիր: Ընդհակառակը, քանի անգամ էլ որ հաղթվես, պարտված մի՛ մնա, այլ իսկույն ոտքի ե՛լ և մարտնչի՛ր թշնամու դեմ, քանզի Սխրագործության Հիմնադիրը միշտ պատրաստ է Իր աջը մեկնելու քեզ և ընկածդ տեղից բարձրացնելու: Հենց որ առաջինը Նրան երկարես քո աջը, այնժամ Նա էլ քեզ կմեկնի Իր աջը, որպեսզի քեզ ոտքի կանգնեցնի: Իսկ անպիտան թշնամու միակ ջանքն այն է, որ հենց ընկնես, քեզ անհուսության մեջ նետի: Այսպիսով, սիրասո՛ւն, մի՛ հավատա նրան, բայց եթե օրը յոթ անգամ էլ ընկնես, ջանա ոտքի ելնել և Աստծո գութը շարժել ապաշխարանքով: Քսակը դատարկելուց հետո ի՞նչ միտք ունի թաքցնել այն: Ո՞ր մի վաճառականը, երբ առևտուր չլինի, կժողովի մնացած ապրանքները և ծովը կնետի: Մի՛ լքիր քո զենքը, որքեզ Քրիստոսն է տվել, թիկունք մի՛ դարձրու թշնամուդ առաջ, որպեսզի չվիրավորես Տիրոջը:

Ներկայացնում եմ քեզ բացահայտ և պարզ ապացույց: Այս ունայն աշխարհի հակամարտիկը, եթե նույնիսկ թշնամին նրան խորը խոցի, մարտից՝ չի խուսափի ինքն իր մեջ հուսաբեկվելով, քանզի թեև առժամապես պարտված է, սակայն հետագայում գուցե ի՛նքը հաղթանակի:

Մի՛ հետաձգիր, բարեկա՛մ, օրըստօրե քո աղերսն Աստծուն, որպեսզի հանկարծ քեզ վրա չգա ահարկու Դատավորի դատաստանը, որ կոչում է քեզ վերադարձնելու այն ամենը, որ ձեռք էիր բերել նրա տաղանդներով, և որպեսզի դու գովասանքների փոխարեն ոտ ու ձեռքդ կապված, դատապարտված չնետվես անհուն խավարը: Քանի դեռ ժամանակ կա, ջանա՛ ծնկաչոք ընկնել Դատավորի առաջ, որպեսզի Նա ների քո բոլոր մեղքերը, և մենք բերկրենք քեզ հետ, եղբա՛յր, և Աստված փառաբանվի: Նրան արժանի է փառք և պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն:

05.03.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․