26 Նոյեմբեր, Գշ
Մարկիանոս կայսեր երկրորդ տարում նա ուներ մի շատ նշանավոր զորավար, կորովի` պատերազմելիս և փորձված առավել ևս եղջերուների, այծյամների ու ավելի մանր չորքոտանիների որսի մեջ: Նրա անունը Եվստաթեոս էր, և կնոջ անունը` Մարիամե: Եվ նրանք ունեին երկու որդի, առաջինը վեց, երկրորդը` չորս տարեկան: Այրը ցանկալի էր բոլորին և հռչակված էր հարստությամբ` հոտերով և ծառաներով, ձիերով և ուղտերով, նրա սեղանին երեք հարյուր արծաթե սկուտեղ էր բերվում նրան սպասավորելու: Ինքը պաշտամունքով հեթանոս էր, հասնող բոլոր քաղցածներին և վիրավորներին, քանի որ մերկերին զգեստ էր հագցնում, քաղցածներին կերակրում, ատյանում դատապարտվածներին բազում անգամ փրկագնում, վերցնում իր հովանու տակ, քառասուն տարի ծառայածներին ազատություն էր տալիս պարգևներով հանդերձ և տեսնող էր բոլոր կարոտյալներին և նախախնամող: Սրան աստվածային այցելությունը չկամեցավ այս կյանքում թողնել ծառայական լծի տակ, այլ` պատահել Քրիստոսի ամենասուրբ մկրտության ազատությանը: Մի օր Եվստաթեոսը լեռը բարձրացավ` հովիտը դիտելու, որ կենդանիների որս գտնի: Իսկ Հիսուս Քրիստոս Ինքը` Աստծու Որդին, որ ծառայի կերպարանք առավ և Իրեն մարդ ցույց տվեց աստվածությունը ծածկելով սուրբ Կույսի մարմնի մեջ, այսպես և այժմ Տեր Հիսուսը իրեն եղջերու ցույց տվեց Եվստաթեոսին, որի եղջյուրները ամպերին էին հասնում, իսկ եղջյուրների միջև խաչի տեսքով լույս երևաց: Երբ երևաց Եվստաթեոսին` փախավ հովտի եզրը, անտառն անցավ և վազում էր` բարձր ապառաժներում վայր ու վեր անելով: Եվստաթեոսը տեսավ կենդանուն առավել գեղեցիկ, մանավանդ եղջյուրների տեսքի համար: Կամեցավ ցույց տալ պայծառագույն սինկղիտոսին, մտքով հետևում էր սաղարթախիտ անտառի մեջ, ասես առավել ընթացքից անհետանում էր Եվստաթեոսը գլխավոր որսորդների ու զորականների աչքից: Այլև ճշմարտության Հոգին հետը գնալով մյուսներին հեռու տարավ, որպեսզի առաջիկա լինելիքը Եվստաթեոսը առանձին դիտի: Երբ ծառաներից հեռացավ անգիտելի տեղ, բազում ժամեր կենդանին երևում էր ու թաքնվում: Այրը մոտենալով ուզում էր հարվածել եղջերուի կողին: Եվ հանկարծակի երևաց կենդանին ավելի հեռու, անընտել վայրում: Այնժամ ձայն տվեց Եվստաթեոսին ասելով. «Ո՛վ Եվստաթեոս, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար եկա և քեզնից հալածվում եմ: Երբեմն Սողոսը, ինչպես և դու, հալածում էր ինձ, բայց ես հալածված` հալածիչին բերի իմ ծոցը: Այդպես և դու այժմ, ո՛վ Եվստաթեոս»:
Եվստաթեոսը երկյուղով գետին ընկավ, իսկ փոքր ժամանակ անց ուշքի եկավ, կանգնեց տեսնելու, թե ով էր, որ խոսում էր. և ահա եղջերուի եղջյուրներից ձայն լսելի եղավ նրան և մի պահ եղավ, որ Եվսատաթեոսը տեսավ եղջյուրները պտղով լի, իսկ եղջյուրների մեջ` ճառագայթաձև, լուսաճաճանչ մարգարտե խաչ: Եվստաթեոսն ասաց. «Ի՞նչ է այս ձայնը, որ լսում եմ: Հայտնվիր ինձ` որ խոսում ես ինձ հետ»: Այնժամ Խաչը մարդու տեսք ընդունեց, և այդ դեմքը բարբառելով ասաց. «Իմացի՛ր Եվստաթեոս, Ես եմ Նա, որ աշխարհս մարդու համար ստեղծում էր, որ ջրերը ջրերից անջատում էր և այդ հաստատության պղպջակը մածուցանելով պնդացնում էր, որ Օվկիանոսի ջուրը լուսաշող օդով զորանում էր արեգակի և լուսնի նավարկությամբ, լուսնյակ գիշերի լրթության մեջ, և ջուրը սանձվում էր, որ ամեն օդային թռչուն կազմեց, նաև չորքոտանիներին ու սողուններին, լողացողներին ու բոլոր ջրայիններին կառավարելով անճանապարհ` հետ էր ձգում. երբ Ադամը չորս տարրերից շինված քարոզության գլուխ առնվեց. երբ կինը արտաքս ելավ ամուսնուց, հարություն էր խնդրում որդեգրության հանդերձյալ գալուստի համար. որովհետև Եվա` Գամիրքի լեզվով նշանակում է տանել: Ես եմ Աստված, որ մարմնացած մարդ եղա: Երբ Նոյը տապան էր կառուցում փայտը պնդելով ի հաշտություն աշխարհի, որ ցույց տար ապագայում փայտի վերացումը. երբ Աբրահամը որդուն մատուցեց Աստծուն և փոխարենը գառ տրվեց, Ես էի, երբ դեմքի գեղեցկությունը նկարվեց` անհաստատ ունեցվածք. երբ պարգևը մարդկանց դժոխքի հարևանությամբ` մահվան առաջնորդ, հեթանոսների կռապաշտության սուտը և հավատացյալների ճշմարտությունը: Այս բոլորի ճարտարապետը Ես եմ, իմացի՛ր, ո՛վ Եվստաթեոս: Լսիր և երկրորդ բանը, որովհետև մարդկանց վրա իրենց բնությունից տրված է չար ազդումն, այս վարքի ծփանքում քեզ վրա ևս կարգված է և չի անցնի. ահավասիկ բարձրացար հարստությամբ և մեծությամբ, բայց քեզ հարկ է խոնարհվել առավել մեծությունից. կարծես երկրի վրա ապրել ես քո կյանքը, և դարձյալ` քեզ հոգով բարձրանալ. և որ քեզ հետ խոսում է` Կատարյալը: Եվ որովհետև քո վարքը կազմված է քաղաքավարությամբ, ասա` ուզում ես խոնարհվել ա՞յժմ, թե դրանից հետո, որովհետև բոլոր գրվածները քեզ վրա կատարվելու են»: Նա դողով բռնված ասաց. «Աղաչում եմ, Քո բարերար նախախնամությանը, որ եթե սրանցից ոչինչ ինձ չպատահի, թող մինչև վաղը, որպեսզի պատմեմ քո աղախնին` իմ կնոջը, և ինչ որ ասի` կկատարենք: Աղաչում եմ Քեզ, սպասիր ինձ այստեղ և կպատմեմ Քեզ»: Տեսիլը երկրորդ անգամ ասում է. «Եթե վաղը գաս այստեղ` նախ լվացվիր քրիստոնյաների օրենքով` քահանայի կողմից, և դրանից հետո կտեսնես իմ երեսը այստեղ»: Երբ երեկո եղավ, իջավ սարից, սկսեց տեսիլը պատմել իր կնոջը: Եվ երբ վերջացրեց պատմելը, կինը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Խաչվածին ես տեսել, տեր իմ, որին քրիստոնյաները պաշտում են,– և առավել աղաղակելով ասաց,– Աստծու Որդի, ողորմիր ինձ և իմ երկու որդիներին»: Երբ իր ամուսինը հարցրեց` պատասխանեց ասելով. «Անցյալ գիշեր տեսա այդ երազը, որ պատմեցիր. Նա է Քրիստոսը. Իր կամքով այսպիսի ձևով երևաց քեզ, որովհետև առանց Նրա մկրտության ենք: Արի այս գիշեր գաղտնաբար մկրտվենք, որ առավոտյան գնաս ասես Նրան. «Տե՛ր իմ, որպեսզի գրվածը չանցնի, ավելի լավ է մեզ նվաստանալ այժմ, քանի մեր մեջ կա զորություն, և ոչ ծերության վախճանին, որովհետև մեզ ավելի լավ է ելնել հրից և ցողի հույս ունենալ, քան թե մտնել ցողի մեջ և ակնկալել բոց»:
Երբ գիշերվա առաջին պահն անցավ, վերցրին երկու տղաներին, գնացին քահանայի մոտ, մկրտվեցին հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Իսկ նա մկրտվելով Եվստաթեոս կոչվեց, իսկ նրա կինը կոչվեց Հավատուհի, տղաները` անդրանիկը կոչվեց Ագապիոս, իսկ կրտսերը` Հավատացյալ: Քահանան ասաց նրանց. «Աստված լինի ձեզ հետ և աճեցնի ձեզ արքայության մեջ,– քանի որ իմացավ, թե Տիրոջ ձեռքը նրանց վրա է:– Բայց երբ հասնեք փափկության դրախտը` հիշեցեք Հովհաննեսի հոգին»:
Երբ դա եղավ, Եվստաթեոսը հեծյալներ առավ, բարձրացավ սարը: Երբ մոտեցավ տեղին, ուր հայտնվելու էր տեսիլը` պատրվակով հեռացրեց իրենից [հեծյալներին]: Եվ տեսնում է նույնը, ինչպես առաջին անգամ, և ընկած երեսի վրա գոչում է ասելով. «Աղաչում եմ Քեզ, քանի որ Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծու Որդին: Արդ եկա, ինչպես խնդրեցի Քեզ` անապական Տիրոջդ, որ ա՛յժմ համբերենք առաջիկա տառապանքին, քան ծերության ժամանակ»: Եվ իր Տերը փոխվեց ավելի ընտանի փառքով և ասաց երանելի Եվստաթեոսին. «Երանի է ձեզ, որ Իմ անապականության լվացումը հագաք և հաղթեցիք ձեր հակառակորդին: Եվ այս երեք օրը ձեզ կլինի այդ ամենը. այսուհետև զգույշ եղեք` ձեր սրտից հայհոյության խոսք չելնի: Որովհետև երբ կաճեք` կրկին կգամ ձեզ մոտ և ձեզ կվերցնեմ»: Այս ասելով Տերը վերացավ երկինք:
Նախքան Եվստաթեոսի իջնելը մեռան նրա 70 ձիերը և սենեկապանները, և զինակիր երիտասարդները, ծառաներն ու աղախինները: Իսկ առավոտյան նրա բոլոր հոտերը սպառվեցին, իսկ մյուս օրը մինչդեռ նրանք բուրաստանի պարսպի մոտ զբոսնում էին` կործանվեց նրա բարձրաբերձ ապարանքը: Եվ միասին այնտեղ դիմեցին հափշտակողների բոլոր բազմությունները և հափշտակեցին Եվստաթեոսի ամբողջ ունեցվածքը, որպեսզի ոչինչ չմնա, բացի զգեստներից, որ հագած էին այդ ժամին: Նաև թագավորն էր ուղևորվել դեպի Պարսկաստան: Եվ ուրախացան մեծապես նրանք, որ նրա հետ էին, ասում էին` «Անհնարին է լինել մեր Եվստաթեոս զորավարի, նրա կնոջ և երկու որդու նման»: Իսկ նրա կինը վարանել էր երկմտությամբ, իր ամուսնուն ասաց. «Այսուհետև լսիր ինձ, Տեր իմ, արի վերցնենք մեր երկու տղաներին և փախչենք այս աշխարհից, քանի որ նախատինք եղանք մեր նախկին ծանոթներին: Եվ գիշերով մաղախի մեջ դնելով երկու տղաներին` գնացին Եգիպտոս, երկու օրվա ճանապարհ անցնելով մոտեցան ծովին և ջանում էին նավել: Նավավար գտան Շնագլուխների ազգից և նավարկելով գնացին:
Եվստաթեոսի կինը շատ գեղեցիկ էր դեմքով, իսկ տեսքով բարի: Երբ նրանք խորքը մտան, Շնագլուխը սիրահարվեց Եվստաթեոսի կնոջը և մտքում խորհում էր. «Երբ իջնեն այս նավից` վարձի փոխարեն այս կնոջը չեմ տա իր ամուսնուն, իսկ եթե ընդդիմանա` խորասույզ կանեմ»: Եվ երբ նրանք նավից ելնում էին, չկամեցավ կնոջը նրան տալ: Երբ Եվստաթեոսն սկսեց հակաճառել, Շնագլուխը ակնարկեց իր մերձավորներին` խորտակելու նրան: Եվ Եվստաթեոսը իմացավ իր համար պատրաստվող դավը` ակամա բաց թողեց կնոջը: Եվ առավ երկու տղաներին, դրեց մաղախի մեջ, և ուսին առավ, գնաց լալով ու հեծեծալով և ասում էր. «Վա՜յ ձեզ, տառապյալներիդ, որ ձեր մայրը մնաց այլազգիի ձեռքին և զայրացած ժամանակ Շնագլուխը կուտի նրան»:
Անցնելով երկար ճանապարհ` հասավ մի գետի, ջրի սաստկության պատճառով վախեցավ երկուսին միասին անցկացնել: Եվ կրտսեր մանկանը ուսին առնելով, մյուսին այստեղ թողեց, շտապեց դառնալ, որ վերցնի երկրորդին: Եվ երբ դարձավ և հասավ գետի մեջտեղը, այսկողմինին հափշտակեց առյուծը, իսկ մյուսին` գայլը: Եվստաթեոսը տեսնելով պոկում էր իր գլխի մազերը և մտածում իրեն գետը նետել:
Բայց նախախնամությամբ ջրից դուրս եկավ, այն ժամանակ առյուծը գետն անցնելով գնում էր` ողջ մանուկը բերանին: Ինչ–որ հովիվներ տեսնելով` հասան առյուծին և Աստծու կամքով մանկանը փրկեցին գազանից, իսկ մյուս` գայլի տարածին, արտվորները տեսան դաշտում, շներով հարձակվեցին գայլի վրա [և փրկեցին]: Ե՛ւ հովիվները, և՛ երկրագործները նույն գյուղից էին:
Իսկ երանելի Եվստաթեոսը գնում էր հեծեծալով, հեծեծումից մորմոքած ստեպ–ստեպ նստում էր և արտասուքներից մշուշված [աչքերով] օդը տեսնում էր խավարած, միշտ իր առաջ տեսնելով կնոջ և որդիների դեմքը և հիշելով նրանց` գոչում էր. «Վա՜յ ինձ, մի ժամանակ ծաղկած ծառ էի, իսկ այժմ թառամել եմ, որովհետև իմ գլխի պսակը ծովը գերեց, իսկ պտուղը գազանի կեր եղավ, դրախտը նվազեց, և տունկերը ցամաքեցին: Վա՜յ ինձ, որ հաստատունս անհաստատ դարձա. վա՜յ ինձ, վա՜յ ինձ, առանց զորքի զորավարիս, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, որ երբեմն թագավորել եմ, իսկ այժմ` անարգված, որ երբեմն զորքի իշխան էի, իսկ այժմ օտարական, որ երբեմն բյուրեր ունեի, այժմ մնացի չորսով, քառյակ լինելով` միայնակ գտնվեցի: Բայց դու, Տե՛ր իմ, ինձ անմիջապես արմատախիլ մի՛ անի հեծությանս, ապականվելուս համար. անմեղ հոգիս սուրբ կգա Քեզ մոտ, քանի որ հիշելով Հոբին` համբերում եմ հեծությանս, բայց Հոբը այսպիսի նեղություն չկրեց, որովհետև գիտեցավ, թե ուր թաղեց իր որովայնի պտուղը, ու թեպետ պտուղը կորցրեց, բայց կնոջ ոստերը տեսնելով մխիթարվում էր: Իսկ ես` տառապյալս, բոլորից արմատախիլ եղա և ջահից մի փոքր կայծ մնացի: Մրրկահողմը փչեց` ահա սպասում եմ պակասելուս: Բայց չզայրանաս, զորությունների Տեր, Քեզ հետ իմ շատ խոսելու համար, որովհետև վարանում եմ ցավով և ակամա գալիս եմ Քեզ ասելու անպատեհը. հասկացիր ինձ, Տեր իմ, որովհետև ինչ որ չունեի` ստացա, իսկ ինչ տվել էիր` կորցրի, այսուհետև ընդունայն տրտմելով մաշվում եմ: Տուր ինձ, Տեր, այսուհետև հանգիստ բոլոր նեղություններիցս, որ ակամա անտեղի բաներ չասեմ` ընդդիմանալով Քեզ և Քո հոտից դուրս մնալով գազանակուր լինեմ»:
Այս ասելիս հասավ մի գյուղ, որ կոչվում է Բատիսոն: Տեղի բնակիչներին խնդրեց և վարձվելով տասնհինգ տարի պահում էր նրանց պտուղներն ու տեղերը: Իսկ նրա որդիները մեծացան մի գյուղում` եղբայրներով իրար չիմանալով: Եվ Շնագլուխը նրա կնոջն առավ, հասավ իր աշխարհը: Եվ այնպիսի շնորհ եղավ կնոջ վրա, որ այլազգիին հնար չեղավ մոտենալու նրան:
Եվ օրեր անց այլ թագավոր նստեց և փնտրում էր զորավար Եվստաթեոսին ու չէր գտնում: Ուղարկեց բոլոր գյուղերն ու քաղաքները նրանց ասելով. «Ով բերի ինձ զորավար Եվստաթեոսին` նրան հասույթ կավելացնեմ տասնհինգ տարով: Եվ երկու հոգի` մեկի անունը Անտիոքոս, երկրորդինը` Ակակիոս, որոնք երբեմն նրա իշխանության տակ են եղել, հասան այն գյուղը, ուր Եվստաթիոսն էր: Հեռվից Եվստաթեոսը տեսավ նրանց, զբոսնելու պատրվակով մոտեցավ նրանց և ճանաչեց, հիշեց իր առաջին նեղությունը, սկսեց տրտմել, աղոթում և ասում էր. «Զորություննե՛րի Տեր, մեր հայրերի Աստված, գոնե գիտության օրը հրամայիր ինձ տեսնել լծակցիս և իմ դժբախտացած զավակներին, որոնք թշվառականիս պատճառով գազանակուր եղան: Տուր ինձ, Տե՛ր, Քո ողորմությունից, որ այժմ մոռանամ և հարության հանդերձյալ օրը տեսնեմ իմ անդամներին և իմ երանքից ելածներին»: Եվ երկնքից ձայն լսեց, որ ասում էր. «Քաջալերվի՛ր, Եվստաթեո՛ս, որովհետև մոտ ժամանակներս կտեսնես քո կնոջը և երկու որդիներին, իսկ հարության ժամանակ` պես–պես տանջանքով շատ դատապարտվածների օգնական կլինես, և քո անունը կմեծացնեմ մարդկային ցեղի մեջ»:
Նա նայում էր, դիտելով տեսիլը ժայռերի վրա: Իսկ նրա զորականները հեռվից եկան, և ճանաչեց նրանց, կանգնեց ճանապարհին` սպասելով նրանց: Նրանք եկան և ասացին նրան` Ուրախացիր: Իսկ նա ասաց` Խաղաղություն ձեզ: Նրանք ասացին նրան. «Գիտե՞ս Եվստաթեոս կոչված մեկին` իր կնոջ և երկու որդիների հետ. ասա մեզ, և քեզ պարգև կտանք»: Իսկ նա խռովքի մեջ չէր կարողանում պատասխանել, ապա ասաց. «Այստեղ այդպիսի մեկին չգիտեմ, բայց դուք եկեք մի փոքր հանգստացեք այն տանը, ուր ես պանդխտանում եմ, որովհետև ես ինքս օտար եմ, թերևս գտնեմ մի քիչ գինի և տամ ձեզ ըմպելու` տոթի պատճառով»: Եվ գնաց, ասաց իր տանտիրոջը. «Իմ ճանապարհի ծանոթներն են: Նրանց բեր փափուկ կերակուրներ, որովհետև նշանավոր մարդիկ են մեզ մոտ եկել: Եվ ամբողջը քեզ կհատուցեմ իմ վարձատրության ժամանակ»: Եվ հոժարաբար տանտերը նրանց ուրախության [սեղան բացեց]: Եվ երբ նստեցին, [տան տերը] նրանց գինի տվեց, իսկ Եվստաթեոսը եփած ջուր էր մատուցում, և երբ ելնում էր տեղից, լալիս էր, լվանում էր դեմքը` դարձյալ սպասարկում: Նա պատերազմում վիրավորված էր, նշան ուներ` սպի պարանոցին: Ու մինչդեռ սպասարկում էր, զորականներից մեկը` Անտիոքոսը, տեսավ նրա պարանոցը, վազեց լալով և համբուրեց Եվստաթեոսին: Ակակիոսը մտածում էր, թե` Ինչ է սա: Ինքը ևս իմացավ նշանը, իսկույն գրկեց և համբուրեց նախորդի պես: Երբ որ նույն ձևով մյուսները համբուրում և լալիս էին նրանց հետ, ամբողջ գյուղն այնտեղ գնալով ասում էր` Ի՞նչ է սա: Եվ մի փոքր խոնարհվելով հարցնում էին կնոջ և երկու որդիների մասին: Իսկ նա ասաց նրանց. «Եվստաթեոսին չգիտեմ, և ես ինքս չեմ, ինչո՞ւ եք ինձ չարչարում»: Նրանք ասացին` Դու ես մեր տերը: Եվ դարձան պատմեցին բնակիչներին նրա քաջության մասին: Իսկ նրանք լալով ասում էին. «Ինչպիսի այր է մեզ վարձկան դարձել»: Եվ եկել ծունր իջնելով աղաչում էին նրան: Զորականները մատուցեցին թագավորի հրամանը, իսկ երբ հարցրին կնոջ և որդիների մասին, ասաց, որ մեռել են:
Զինվորները վերցրին նրան և հանդերձներ հագցնելով ճանապարհ ընկան: Իսկ տեղացիները լալով ուղարկեցին նրանց, և ինքը աղաչելով արձակեց նրանց: Եվ երբ մոտեցան թագավորին` Եվստաթեոսին տեսավ թագավորը և ասաց. «Ինչպիսի ճանապարհ գնացիր, Եվստաթեոս, և ինչու մեզնից անհետացար»: Իսկ նա սկսեց հերթով պատմել, և բոլոր սինկղիտոսները լալով հետևում էին նրան: Որովհետև պատմեց, թե ինչպես կինը մնաց ծովում կամ ինչպես որդիները գազանակուր եղան, և ինչպես համբերեց բոլոր նեղություններին: Եվ մեծ աղմուկ եղավ և թագավորից մխիթարված` գոտին կապեց ինչպես առաջ` զորավար ժամանակ: Եվ տեսնելով, որ զորքը հավաքված չէ, հրամայեց նորերին հավաքել:
Երկու հոգի գնացին այն գյուղը, ուր Եվստաթեոսի որդիներն էին, և հանդիպեցին: Եվ զանազան դեմքով էին` իբրև արևի ճառագայթներ, խոսող և ամենևին անբիծ: Գյուղացիները տղաներին հանձնեցին իբրև օտարների և իբրև գին վերցրին երեսուն տաղանդ: Երբ նրանց վերցրին, տարան Եվստաթեոսի մոտ: Եվստաթեոսը զինվորներին իրեն զինակից դարձրեց, և իր սեղանի մասնակից և շատ սիրեց նրանց, որովհետև որդեծնության սովորությունը, հայրական կարոտ էր պահանջում: Եվ բոլոր զորականներին հավաքելով` սովորականի պես հրաժեշտ տվեց թագավորին, գնաց պատերազմ:
Եվ Իղիմացիների երկիրն անցնելով կոտորեց [նրանց]: Դանուբը անցան, խորացան Բարբարոսների երկրի մեջ, որպեսզի Քրիստոսի նախախնամությունը նրան տաներ այնտեղ, ուր բնակվում էր նրա կինը: Իսկ զորավարը իջևանել էր իր կնոջ խորանում: Մի օր` միջօրեին, եղբայրները շրջում էին պարտեզում, որը մոտ էր խորանին: Եվ նստած ծառի տակ պատմում էին իրենց մանկությունը: Իսկ նրանց մայրը պատուհանի մոտ նստած անցյալը հիշելով հեծեծում էր և ծածուկ լսում էր նրանց խոսակցությունը: Ավագ եղբայրը կրտսերին ասում էր. «Մանկությունից ոչ մի բան չեմ հիշում, միայն այն գիտեմ, որ հայրս զորական էր, իսկ մայրս խիստ գեղեցիկ է եղել: Իսկ իմ փոքր եղբայրը խարտյաշ մազեր ուներ: Մեր հայրը մեզ մախաղի մեջ դրեց, մայրիկը հետևից եկավ` մեզ և մայրիկի հետ նավ բարձրացավ: Իսկ [նավից] իջնելիս մայրս մեզ հետ չէր, չգիտեմ` արդյո՞ք ծովում մնաց, իսկ հայրս մեզ ուսին առած հեծեծալով գնում էր: Երբ հասանք մի գետի, մյուս տղային անցկացրեց, ինձ թողնելով այս ափին, և մինչև նրա դառնալը առյուծը հափշտակեց ինձ, որից ազատեցին ոչխարի հովիվները: Մեծացա այն գյուղում, որ դու գիտես: Բայց հորս և մյուս երեխայի մասին չգիտեմ, թե ինչ եղան»: Եվ իսկույն խոսեց նրա եղբայրը և լալով ասաց. «Քրիստոսի զորությամբ` քո եղբայրն եմ, որովհետև ինձ մեծացնողներն ասում էին, թե գայլից են փրկել ինձ»,– և գրկելով համբուրեց նրան: Մայրը լսեց նրանց, սիրտը շատ հուզվեց, որովհետև իմացավ, որ իր որդիներն են, և տեսնելով, թե երիտասարդներն ինչպես են իրար գրկած լալիս, կարոտած սրտով մինչև երեկո չէր կարողանում դադարեցնել լացը:
Իսկ առավոտյան ուժ հավաքելով գալիս է Եվստաթեոսի մոտ ասելով. «Աղաչում եմ քեզ, տե՛ր իմ, ես հռովմայեցի եմ, փրկիր ինձ այստեղից` տանելով իմ գավառը»: Այս ասելով նկատում է ամուսնու նշանը և ասում. «Աղաչում եմ քեզ, տե՛ր, մի՛ գարշիր քո աղախնուց, այլ պատմիր ինձ, քո նախորդ կյանքը. միգուցե դու ես, որ կորցրիր ինձ: Պատմիր ինձ քո Տեր Քրիստոսի զորությունը»: Եվ նա Բարբարոսների երկրում լսելով Քրիստոսի անունը մտածում էր, թե հռոմայեցիներից մեկը Քրիստոս է քարոզել, և փոքր ինչ փութալով սկսեց պատմել: Ու մինչ նա պատահածներից մի բան էր ասում, կինը պատմում էր հաջորդ դեպքերը: Եվ երբ այրն ասաց, թե ինչպես նավավարը հափշտակեց իր կնոջը, կինը որդիների պատմությունը գիտենալով` գազանների հափշտակությունը պատմեց: Եվստաթեոսը լսելով ասաց. «Երդվեցնում եմ քեզ Քրիստոսով, ինձ պատահածը որտեղի՛ց գիտես»: Եվ նա մոտեցավ, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Ես քո տառապյալ կինն եմ` Աստվածհավատուհին եմ: Մի՛ բարկացիր ինձ վրա, տե՛ր, ով քեզ լեռան վրա երևաց եղջերուի տեսքով` նրա շնորհիվ ես անմերձենալի եմ այլազգուց, որ հափշտակեց ինձ»: Իսկ նա լալով ասաց. «Ինձ նեղություն չէ. որովհետև օրհնյալ է Աստված, որ ամենուրեք ինձ հետ է»: Կինն ասաց. «Որդիների մասին իմացա՞ր, թե չէ»: Նա պատասխանեց. «Ասացի, որ գազանակուր եղան մանուկները, իսկ դու հարցնում ես` իմացար քո որդիների մասին»: Կինն ասաց. «Քո այս երկու գեղեցիկ զինակիրները մեր որդիներն են, և իրենք իսկ չգիտեին մինչև այժմ միմյանց եղբայր լինելը, որովհետև երեկ պարտեզում լսեցի, որ պատմում էին միմյանց»: Եվ կանչելով նրանց հարցրեց, թե ինչպես մեծացան: Իսկ նրանք հերթով հիշելով նրանց տեղեկացնում էին պատահածը: Եվ երկուսը ձեռք ձեռքի տված, միմյանց պարանոցի ընկած լալիս էին երկու ժամ, մինչև որ ամբողջ զորքը հավաքվեց և լացեց նրանց հետ` այս բանն իմանալով:
Առավոտյան մեծ տոն կատարեցին աղաղակելով առ Աստված և կոտորելով բոլոր այլազգիներին: Եվ մեծ հաղթությամբ դառնալով հասան Հռոմ: Նրա վերադառնալուց առաջ մեռավ իր սիրելի թագավորը և եղավ այլ թագավոր` Տրայանոս անունով, որ Քրիստոսին չէր ճանաչում և ոչ Եվստաթեոսին, և իմանալով, որ Քրիստոսին է հավատում, հրամայեց բերել Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու որդիներին` մտնելու հանդես. հրամայեց, որ նրանք առյուծների հետ մարտնչեն: Եվ առյուծը եկավ երկրպագեց նրանց և մարդկային ձայնով ասաց. «Աղաչում եմ ձեզ, որ արժանի եք Աստծու արքայության, մի՛ զարմացեք, որ ակամա հասել եմ ձեզ մոտ»,– այս ասելով ասպարեզից դուրս եկավ: Եվ Քրիստոսին հավատացողների բազմությունը հավաքվեց: Իսկ թագավորը հրամայեց պղնձե ցուլ սարքել և մեծ կրակով ջերմացնել, մինչև որ փայլակի նման շիկանա: Եվ այսպես նրանց գցեցին ցուլի մեջ, որ կյանքերն ավարտեն: Երբ մոտեցան ամենադժնի գործիքին, ծունր իջան, աղոթեցին ասելով. «Զորությունների Տե՛ր, անտեսանելի Աստված, մեզ երևացիր, ինչպեսև կամեցար: Լսի՛ր մեր պաղատանքը, և մեր աղոթքը կտարածվի, որ միաբանելով արժանի լինենք միասին հասնելու Քո Քրիստոսին, ինչպես անբիծ մանուկները վախճանվեցին հրով: Տե՛ր, մեր անունը հիշողներին առատություն տուր երկնքից ու երկրից, գետերն ու ծովերը առանց վտանգի անցնելու, ում զավակները վախճանվեն` իսկույն օգնության հասիր: Թեթևացրու ծանր մեղքերը նրանց, որ ճանապարհին հիշում են մեզ, ամեն ինչով բարեգործիր, մեզ հիշողների հիվանդներին շտապ բժշկիր և առողջություն տուր, այս եռացումը ցողի վերածիր, մեր հոգիները խաղաղությամբ ընդունիր, մեր մարմինները մի՛ բաժանիր, այլ միասին հանգեցրու»: Հրեշտակի միջոցով Տերն ասաց նրանց. «Ճշմարտապես դա կլինի ձեզ, և ավելի քան դա, քանի որ ուր ձեր հագուստի քղանցքներն են, այնտեղ կլինի և Իմ զորությունը»: Երբ նրանց փակեցին ցուլի մեջ` եռացումը եղավ ձյան նման, և խաղաղությամբ ավանդեցին իրենց հոգիները, իսկ տանջանարան գործիքը նրանց աղոթատուն եղավ:
Արդ, բարեհաղթ այս վկաների հիշատակը հոկտեմբերին ութ կաղանդից առաջ է, որ քաղոց ամիսն է և [նրանք] բարեխոս են մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներիս, որին փառք և զորություն, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.