12 Հոկտեմբեր, Շբ
Սբ. Գևորգի տոնն ընդունված և սիրելի տոն է հայերիս մեջ: Չնայած եկեղեցական տոնացույցը Սբ. Գևորգի տոնը հաստատուն նշում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող շաբաթ օրը, և այն նախորդում է Վարագա Սբ. Խաչի տոնին, որն իր հերթին նշվում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող կիրակի օրը, ժողովուրդը, այնուամենայնիվ, Սբ. Գևորգի ուխտագնացությունն անում է հոկտեմբերի վերջին, երբ դաշտային երկրագործական աշխատանքները հիմնականում ավարտված էին լինում: Սբ. Գևորգի տոնին նախորդող պահքն էլ կոչվում է Սբ. Գևորգի պահք:
Սրբերին նվիրված տոները հայերի մեջ ուղեկցվում էին մատաղներով, ուխտագնացություններով: Տոները մեծ մասամբ անց էր կացվում ուխտավայրերում, որոնք կրում էին նշվող սրբի անունը: Այդ օրերը վերածվում էր ժողովրդական տոնախմբության: Այս առումով բացառություն չի կազմել նաև Սբ. Գևորգի տոնը: Նրա անվան ուխտատեղիներ կային Սիսիանում, Վասպուրականում, Ղզլարում, Բիթլիսում և այլուր: Սրբի տոնը նշվում էր հատկապես Վանում, Քանաքեռում, Շիրակում, Նոր Նախիջևանում և այլն: Ներկայումս, այդ օրը ժողովուրդը մեծ խմբերով այցելում է Նորագավթի և Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցիները:
Բնիկ քանաքեռցի Գրիգոր Ավագյանը Մուղնու Սբ. Գևորգ ուխտի գնալը հետևյալ կերպ է պատմում. «Աշնանը, այգիների բերքը հավաքելուց հետո, պատրաստություն էին տեսնում հոկտեմբերի վերջին կիրակի օրը Մուղնի ուխտ գնալու համար: Տղամարդիկ, հատկապես՝ երիտասարդությունը, իրենց ձիերի շնորհքը ցույց տալու համար մեկ ամիս առաջ աշխատանքից հոգնած ձիերին բաց էին թողնում այգիներում հանգստանալու և գիրանալու համար, չէ որ Մուղնի ուխտ գնալը միայն ուխտ գնալ չէր, դրա հետ միասին նաև՝ մրցույթ ու տոնախմբություն էր: Ջահել տղաները քյահլան ձիերը նստած, գեղեցիկ հագուստով, աղջիկներն ու հարսները գլխները շինած, աչքերը դեղ դրած, խաս ու ղումաշ հագած, զարդ ու զարդարանքով: Կանայք, նախօրոք խաշած հավերով, բուղլամա դրած գառներով, եփած ձկներով, հացերի մեջ փաթաթած, հաց, գաթա, հալվա բոլորը կապոց արած, դրած սայլերին: Շաբաթ օրն աղոթարանին գյուղի ահել ու ջահել ոտքի վրա էին: Տեսնողը կկարծեր, թե գյուղը տեղահան է լինում:
Ամենքն ունեին իրենց փափագը, որի ամուսինը կամ որդին էր գտնվում օտարության մեջ, որը երեխա չէր ունենում, որը՝ հիվանդի, իսկ ջահելներն էլ՝ սիրո տեր լինելու համար:
Ուխտի ճանապարհը երկար էր ու բազմամարդ: Անծանոթ մարդիկ ծանոթանում ու բարեկամանում էին միմյանց… Շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ այստեղ էին ծանոթանում միմյանց ու սիրո խոստումներ տալիս:
«Երոկոյան և ցերեկային ժամերգություններից հետո, երբ արդեն օրհնվել էին մատաղացուները, վառում էին օջախները, սեղան բացում կանաչների վրա, ու սկսում էր քեֆը» (Հրանուշ Խառատյան-Առաքելյան, «Հայ ժողովրդկան տոները», Երևան, 2005թ.):
Սբ. Գևորգի տոնի ուխտագնացությունը ցանկալի և սպասված տոն էր Վանում: Սբ. Գևորգի հնգօրյա պասից հետո շաբաթ օրվա կեսօրից սկսվում էր ուխտագնացության պատրաստությունը: Ուխտագնացությանը մասնակցում էին փոքրից մեծ: Սբ. Գևորգի ուխտագնացության երթը սկսվում էր երեկոյան, որը հիմնականում լինում էր հետիոտն, բացառությամբ՝ ձի ունեցողների: Ուխտագնացների հետ լինում էին մի քանի թեթևաշարժ սայլակներ, որոնց վրա բարձվում էին ուխտավորների ուտելիքի պաշար կապոցները: Սբ. Գևորգի ուխտագնացությունը տևում էր երեք օր: Այդ նույն շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները պատրաստվում էին ճանապարհ ընկնելու, տանը սկսվում էր հարիսա դնելու գործողությունը: Հարիսա դնում էին բոլորն անխտիր: Ամենասակավանդամ ընտանիքը պետք է դներ երկու հավով հարիսա, իսկ բազմանդամների տներում այդ օրը մորթվում էր ութից տասը հավ:
Ըստ ավանդության՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո քառասուն օր Վաղարշապատում քարոզում է և այդ ընթացքում նրա մեջ ցանկություն է առաջանում աղքատներին ճաշ տալ: Հազարավոր գյուղացիներին նա հազարավոր ոչխարներ ու մեծ քանակությամբ յուղ է բերել տալիս, միսն ու կորկոտը լցնել է տալիս խոշոր կաթսաների մեջ և հաստաբազուկ կտրիճ երիտասարդներին ասում, որ հարեն. «հարէք զսա», որից և այդ կերակուրի անունը մնացել է «հարիսա»:
Սբ. Գևորգին վերագրվում էր ապավինող, պաշտպանող էություն: Մոքսում նրա անունով մի ուխտատեղի կար, որը հասարակ մի մատուռ էր, ուր ամփոփված էր Սբ. Գևորգի մասունքը: Ոչ միայն հայերը, այլև քրդերը հաճախ էին այդտեղ ուխտի գալիս: Բացի այդ, փախուստի, երկյուղի ժամանակ ամեն տեսակ իրեր բերում դնում էին այնտեղ իբրև «ամանաթ», ավանդ և ոչ ոք չէր համարձակվում դրանք վերցնել:
Սբ. Գևորգի տոնը ընդունված է նաև այլ ժողովուրդների մեջ (վրացիներ, ռուսներ, հույներ և այլն), սակայն ամենուրեք այն ազգայնացվել է, իսկ սուրբն էլ դարձել է տվյալ ազգի ներկայացուցիչը: Այս առումով հայերը ևս բացառություն չեն կազմում, որոնք նրան վերագրում են նաև ռազմական, զինվորական հատկանիշներ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը