Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոն

Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոն | Surb Grigor Lusavorchi Nshkharneri Gyuti Ton

Իրաւունք Աստուծոյ ի վերայ սրբոց իւրոց և այցելութիւն ի վերայ ընտրելոց նորա։

Աստծո արդարությունը Իր սրբերի վրա է, և Նրա ձեռքն անպակաս է Իր ընտրյալների վրայից (Իմաստություն Սողոմոնի 4։15)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է։ Կյանքում ծնունդը, վերածնունդը, գտնվելն ու փրկվելը, հարությունը ուրախություն ու ցնծություն են պարգևում մարդկանց և վերածվում տոնի։ Այդպիսի տոներից են, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը, Աստվածամոր տուփի գյուտը։ Միգուցե դա հարուցի շատ մարդկանց զարմանքը, բայց դրանք հիշեցնում են Աստծուն կատարելապես նվիրված սրբերին, նրանց կյանքը, որոնք օրինակ են հանդիսանում մեզ՝ դեռևս զինվորյալ քրիստոնյաներիս համար։ Ամեն տարի, ամեն անգամ մենք թերթում ենք նրանց վարքագրության էջերը, որոնք բորբոքում են մեր հավատքի կրակը։ Դրանք մեզ ուժ են տալիս չտխրելու, չնահանջելու, տառապանքի մեջ չհուսահատվելու, մեզ հետ ճանապարհակից չեղողների բազմությունից չվհատվելու, երկմտանքների ու կասկածանքների մեջ չընկնելու, հետ չքաշվելու Երկնային Արքայություն տանող ճանապարհից, որովհետև չարը ևս իր զորությունն ունի, որովհետև մեղքն իր քաղցրությունն ունի, որ կարող են մարդուն իրենց ետևից տանել, Աստծուց հեռացնել ու մոլորեցնել այնպես, ինչպես դա եղավ Սողոմոն Իմաստունի հետ։  

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեր հավատքի հայրն է, մեր Աբրահամը, որովհետև նա կանգնած է մեր հավատքի ակունքներում։ Բոլոր ժամանակների ճշմարտության մեր ուսուցիչն է, Եգիպտոսից դուրս բերող և անապատում առաջնորդող Մովսեսն է, փրկության տապան կառուցող Նոյը, Ավետյաց երկիր ուղեկցող Հեսուն։ Նրա շնորհիվ եղան հայոց դարձը քրիստոնեության, հայոց մեծերի մկրտությունը, Քրիստոսի վարդապետության ուսուցումը, ահա թե ինչու նրա նշխարների գտնվելը հայ եկեղեցու տոնացույցում իր տեղն ունի։ Խոր Վիրապից ճառագող լույսով նա մշտապես լուսավորում է իր ժողովրդի զավակներին։

Տրդատ թագավորի հետ միասին նա կործանեց հեթանոսական տաճարները և կառուցեց քրիստոնեական եկեղեցիներ, ուսուցանեց հավատալ միմիայն Ճշմարիտ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը։ Նա խավարի, չարի, սատանայի մեղքի դեմ անխոնջ պայքարող մարտիկի օրինակ է մեզ համար, որ չընկրկեց, չնահանջեց ոչ մի բանի առաջ, այլ ինքնավստահ հայտարարեց, որ ինքը երկրպագում է ու հավատարիմ է միմիայն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ 

Նա հայոց մեջ տարածեց փրկության ավետարանը, և փրկություն է կամենում յուրաքանչյուրիս ու ամենքիս։ Խավարը նրան չսարսափեցրեց, վիրապում միայնակ ու օձերի ու կարիճների հետ գտնվելը նրան չհուսահատեցրեց, թագավորի իշխանությունը նրան չստիպեց ուրանալ իր Աստծուն, արքունիքի առջև միայնակ խոստովանեց իր դավանանքը և չերկրպագեց կուռքերին։ Նա աներեր էր իր հավատքի մեջ, հավատում էր, որ Քրիստոսի լույսը ցրում է խավարը, իսպառ ոչնչացնում չարի թագավորությունը։ Անապատում Քրիստոս երեք անգամ փորձվեց սատանայից, սակայն չհաղթվեց, այլ սատանան անզոր հեռացավ։ Նույնիսկ երբ չարը մարդկանց սրտերում բույն դրեց, և նրանք խաչեցին Տիրոջը, չարը կրկին չհաղթեց, այլ հաղթեց Քրիստոս, հաղթեց հարությունը։ Այդպես էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Աստծու զորությամբ հայոց աշխարհից հալածեց դևերին, վերացրեց կռապաշտությունը և հաստատեց առաքյալների բերած քրիստոնեական լույսը։

Սուրբ Պողոս առաքյալը ասում է եկեղեցու երեցներին. «Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քարշ տալու համար։ Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշեցե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի յուրաքանչյուրիդ մեկ առ մեկ արտասուքներով խրատեցի։ Եվ արդ, ձեզ հանձնում եմ Աստծուն և Նրա շնորհի խոսքին, Նրան, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ» (Գործք 20։28-32)։ Այսօր էլ, երբ մեր ժողովուրդը տուրք է տալիս տարբեր ձևերով ներկայացող անհավատությանը, սնոտիապաշտությանը, հեթանոսությանը, կռապաշտությանը, Աստվածմերժությանը կամ աղանդավորությանը, կարիք ունենք մեր հայրերի անաղարտ հավատքին վերադառնալու։ Ցանկանում ենք, որ Սուրբ Հայրապետի բարեխոսությամբ կործանվեն մեր հոգու հեթանոսական տաճարները, ամրացվեն մեր առաքելահիմն հավատքի խարխուլ հիմքերը, մեր հոգիներում ու սրտերում կառուցվի ու վերաշինվի քրիստոնեական եկեղեցին, վառվի Աստծու պատվիրանների լույսը, հանգած կամ մարող կրակը բոցավառվի, և կարիք ունենք, որ մեր խորհուրդները մաքրվեն աղբից, ու մեղքերը թոթափենք մեր վրայից։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անձը մեր ժողովրդի համար Աստծու սիրո և գթասրտության դրսևորումն է, որովհետև նա մեզ փրկության ճանապարհ ցույց տվողն է։ Հետևաբար՝ խնդրենք նրա բարեխոսությունը այս ծանր ու դժվարին օրերին մեր փարոսը վերագտնելու համար, կյանքի ծովի ալեկոծություններից տատանվող հայոց նավը փրկելու համար, առ Աստված կրկին դառնալու, մեղքերից հրաժարվելու համար, նոր ու զանազան խաբեպատիր ուսմունքների տուրք չտալու համար, միմյանց սիրելու և ազգովի վերազարթոնք ապրելու համար։ Խնդրենք սրբի բարեխոսությունը, որ անհավատության և հավատքի ուղիներում տատանվողները առ Աստված հավատքի մեջ հաստատվեն։ Խնդրենք, որ անհավատության, հեթանոսության, սնոտիապաշտության խավարը չկլանի մեզ, որ մեր եկեղեցիները չդառնան տեսարժան վայրեր, այլ մեր հավատքի ժողովատեղիները մնան, որտեղ մենք կշարունակենք ուխտավորաբար այցելել, աղոթել, մասնակցել սուրբ և անմահ պատարագներին և հաղորդվել։ Խնդրենք, որպեսզի աղոթքը չդադարի հնչել մեր շուրթերին։ Խնդրենք, որ չարի զանազան մարմնավորումները մեզ չմոլորեցնեն, մենք մնանք քրիստոնյա ազգ և ամեն ինչից առավել նախընտրենք Աստծու պատվիրանների կատարումը։ Խնդրենք, որ Աստծու կամքը կատարվի, և մեր աչքերը տեսնեն մեր երկրի ու ժողովրդի փրկությունը։

Աղոթենք Աստծուն, որ երբեք մեր ժողովրդի մեջ չիրականանա այս խոսքը. «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը» (Հովհաննես 3։19), որպեսզի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով հայոց աշխարհում տարածված քրիստոնեական ճշմարիտ լույսը տեղի չտա սատանայական խավարին և շարունակի մնալ մեր հոգիների փրկարար փարոսը։  

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

19.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․