Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Այսօր՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: Հընթացս Ս. Պատարագի հայր սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում ի լուր աշխարհի տրվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հավարտ Ս. Պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության լուրը փոխանցելու:

Ստանալով Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները արդեն երկրորդ անգամ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա խաչի տեսքով կանգնելով՝ նրանք Սուրբ Հարության Ավետիսը տվեցին: Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների երիտ. թևերի, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ոստիկանական ակադեմիայի սաներ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

04.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․