21 Նոյեմբեր, Եշ, Հինանց պահքի Դ օր
Քրիստոս, վերջնականապես հաստատելով յուր արքայությունը, նորա տարածումն ևս հանձնեց յուր առաքյալներին, որոնք, սակայն, պետք է յուրյանց գործունեությունն այն ժամանակ սկսեին, երբ Ս. Հոգին իջներ յուրյանց հոգու մեջ: Աստուծո արքայության տարածումը պետք է լիներ` եկեղեցի հաստատելով, որով և մարդիկ վերածնվեին ու Քրիստոսի փրկության մեջ մտնեին: Հետևաբար եկեղեցու գործունեությամբ մի իրական կյանք պետք է սկսվեր ըստ ամենայնի հաստատ ու որոշ, գիտակցական և աստվածահաճո: Իսկ այդպիսի մի կյանքը չէր կարող լոկ պատահական ընթացք ունենալ և կամ անհատական կամքից ու սահմանափակ մտքից կախված լինել. եթե այդպես լիներ, եկեղեցին կսկսեր խարխափել, աջ ու ձախ շեղվել և ուրեմն մի մասնավոր դպրոց կդառնար կամ մարդկային մի հաստատություն` անորոշ և մշտափոփոխ: Այդպիսի մի հաստատությունը չէր կարող Աստուծո հայտնության ավանդարանը լինել և ամենայն ժամանակ մարդկության փրկություն բերել: Այդպիսի մի հաստատությունը կախված կլիներ մարդկությունից և ոչ թե մարդկությունն` յուրյանից, կախված կլիներ պատմությունից և ոչ թե պատմությունը կենթարկեր յուր ազդեցության, մինչդեռ Քրիստոսի եկեղեցով պետք է մի նոր իրական կյանք սկսվեր ու տաներ ամեն կերպ հաստատ ու որոշ ընթացքով դեպի փրկություն, գիտակցական և աստվածահաճո կարգով: Եվ ինչպես որ Քրիստոս, գալով, միանգամից վերջ դրավ անցյալին ու նոր ժամանակ հաստատեց պատմության մեջ, նոր արարած դարձրեց աշխարհի էությունը, նոր գլուխ եղավ յուր համար հասունացած արարածների վրա, այնպես էլ նորա եկեղեցին պետք է ընդհատեր անցյալի կրոնական հաստատության ընթացքը, նոր ժամանակի նոր պատմության վերջնական զարգացման սկզբնավորումն ամփոփեր և դեպի կատարումն առաջնորդեր: Այս մի նոր արարչագործություն էր, մի հոգևոր արարչագործություն, որ պետք է յուր մեջ ունենար հոգևոր զորության լիակատար լրումն ամբողջ ապագայի զարգացման համար, որպեսզի այլևս ոչ մի արգելք ու խանգարմունք չկարողանան նորա առաջ խոչ ու խութ լինել, թո՛ղ թե շեղել կամ հետ մղել:
Այդ հոգևոր զորության լրումն, որ իջավ Քրիստոսի եկեղեցու հիմնադրության վրա, ոչ թե մի լոկ բարոյական զորություն էր և ոչ էլ լոկ ներքին զգացողության բորբոքումն, այլ` աննման ու ապահով իրողություն: Այդ Սուրբ Հոգին է, որ իրապես իջավ և վերջնականապես ապահովեց յուր եկեղեցին հավիտենական ընթացքի համար: Այդ, ըստ մարգարեության, արտակարգ էր և աստվածային հրաշք, որ երբ առաքյալք ժողովված էին վերնատան, հանկարծ իջավ նոցա վրա Ս. Հոգին և նոցա լեզուները խոսեցրեց (Գործք, Բ 3. Հովել, Դ 28): Առաքյալներն սքանչացած` կտրվեցան յուրյանց առաջվա հոգևոր վիճակից և մի նոր հոգևոր վիճակի մեջ մտան, հոգևոր զորություններով օժտված ու վառված վիճակի մեջ, որի բնական ուժգին արտահայտությունն էր այդ լեզվախոսությունը (Ա Կոր., ԺԴ 2-4): Այդ վիճակում առաքյալք յուրյանց բոլոր գոյությամբ ենթարկված էին Ս. Հոգուն և չէին կարողանում իսկույն հասու լինել ինքյանց: Այդ մի զորավոր վերածնություն էր, որով Աստուծո հայտնության գիտակցությունն և իմաստությունը կերպավորվեց ու հաստատվեց նոցա մեջ. նոցա հոգու կրոնական ուժերը զորացան և իսկույն մտան ավետարանչական ու մարգարեական գործունեության մեջ Քրիստոսի անունը քարոզելու համար: Նոցա խոսքի մեջ այնուհետև տիրապետում էր կատարյալ ողջամտություն ու ճշմարիտ գիտակցություն Աստուծո հայտնության փառաց տակ` յուրյանց բոլոր կյանքի ու հիմնադրած գործի մեջ: (Ա Տիմ., Ա 13. Տիտ., Բ 2):
Ս. Հոգու այդ հրաշալի հեղման, որով պայմանավորվեց այդ նոր ժամանակի ամբողջ շրջանը մինչև կատարածը, ենթարկվեցան ոչ միայն առաքյալներն, այլև ուրիշները նաև հետո,[1] սակայն ամեն դեպքում Ս. Հոգին իջնում է` ըստ յուր անհասանելի նպատակին և ընդունողի կարևորության և ընդունակության: Ուստիև Ս. Հոգու լրիվ հեղումն եղավ առաքյալների մեջ, որոնք յուրյանց եռամյա աշակերտությամբ բարեհարմար գործարան էին դարձել աստվածային այդ սքանչելի տնօրինության համար և բարեհաջող ախոյաններ ճշմարտության: Ըստ որում և Քրիստոս դոցա խոստացավ Ս. Հոգու առաջնորդության, ուսուցման ու հիշեցման հրաշալի օգնականությունը: Հետևաբար առաքյալներն մի այլ առանձնահատուկ կապ ունեին Ս. Հոգու հետ, մի այլ կախումով էր պայմանավորված նոցա բոլոր գործունեությունն և այդ կապն ու կախումը թե՛ լիակատար կախումն էր Ս. Հոգուց և թե՛ լիակատար ազատություն: Լիակատար կախումն Ս. Հոգուց հիշում է և Քրիստոս` ասելով. «Զի ոչ եթէ դուք իցէք, որ խօսիցիքն, այլ Հոգին Հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ» (Մատթ., Ժ 20): Ուրեմն աստվածային ճշմարտությունը հաստատ էր նոցա մեջ, և նոքա այդ ճշմարտությունն էին քարոզելու առանց սխալանքի և առանց մարդկային մտքերի ստվերականության, այլ ուղիղ և անշեղ: Սակայն այդպիսի կախման մեջ նոքա չեն կորցնում յուրյանց անձնավորությունն, յուրյանց հոգևոր առանձնահատկություններն ու բնավորությունն, որոնցով նոցանից յուրաքանչյուրն առանձնահատուկ կերպով փայլեց առաքելական սքանչելի գործունեության մեջ իբրև ճշմարիտ նահատակ: Այլև Ս. Հոգին լուսավորեց նոցա մտքերը, զարգացրեց նոցա ուժերը, սփռեց նոցա հոգևոր բոլոր հարստություններն յուրյանց առանձնահատկությանց մեջ իսկ և պայծառացրեց նոցա ազատությունը, միանգամայն և տալով աստվածային այն հայտնությունն և օգնականությունն, որ անհրաժեշտ և կարևոր էր լինում նոցա գործունեության ընթացքում: Նայելով, թե եկեղեցու հիմնադրության, ծավալման, աճման, ծաղկման ու զարգացման որքան էր օգտակար աստվածային հայտնությունն, այնքան էլ տալիս էր Ս. Հոգին (Ա Կոր., ԺԲ 7): Նոցա առաքելական գործունեության մեջ Ս. Հոգին շարունակ տալիս էր յուր հայտնությունն ու վճիռը թե՛ ճշմարտության վարդապետության և թե՛ նույնիսկ եկեղեցու կազմակերպության համար (Գործք, ԺԵ 10), թեև մյուս կողմից նոցա մտքերը, լուսավորվելով ու պայծառանալով, տալիս էին ճիշտ դատողությամբ նույն վճիռը: Այս է պատճառը, որ առաքյալները հիշում են թե՛ Ս. Հոգու վճիռն ու թե՛ յուրյանց դատողությունը միաժամանակ, ասելով` զորօրինակ «Հաճոյ թուեցաւ Հոգւոյն Սրբոյ եւ մեզ» (Գործք, ԺԵ 28. Զ 5. ԺԵ 22, 25):
Այսպես յուրաքանչյուր առաքյալ, ունենալով յուր մեջ Ս. Հոգու անմիջական օգնականությունը, կարողանում էր հիմնադիր լինել Քրիստոսի եկեղեցուն և Ավետարանի լույսը տարածել` անկախ մյուս առաքյալներից ու միաժամանակ միաբան ու միաձայն նոցա հետ: Ամենքն էլ միաբան էին, զի մի Ս. Հոգին էր խոսում նոցանով աստվածային հայտնության վկայությունը. ամենքի մեջ գործում էր մի Ս. Հոգի, թեև յուրաքանչյուրի շնորհը տարբեր էր. ամենքն էլ տարբեր եղանակով էին քարոզում, սակայն ճշմարտությունը մեկ էր. տարբեր մարդկանց տարբեր գործունեությունը միանում էր մեկ Ս. Հոգով, մեկ Բանով ու մեկ ճշմարտությամբ: Եվ երբ Ս. Հոգին տալիս էր յուր հայտնությունն յուրաքանչյուր առաքյալի, տալիս էր ճշմարտության գիտակցությունը նոցանից ամեն մեկին, յուրաքանչյուրն էլ արտահայտելով առաքելական գիտակցությամբ աստվածային ճշմարտությունն ու վճիռը` ոչ թե մի ինքնուրույն վարդապետություն էր տալիս, այլ բոլորի վարդապետությունը միասին ու միահամուռ միությամբ կազմում է Ս. Հոգու աստվածային ճշմարտության լիակատար հայտնությունը: Այդ լիակատար հայտնությամբ էր կառավարում եկեղեցին, ճանաչում յուր հաղորդակցությունն Աստուծո հետ և յուր վերաբերմունքը դեպի ինքն ու աշխարհը[2]: Նոցա վրա է հաստատվում եկեղեցին և նոցա միասնական վարդապետությամբ պետք է կառավարվի միշտ, և որպեսզի առաքելական եկեղեցու կառավարությունը ապահովված լիներ առաքյալների մահից հետո, Ս. Հոգին տալիս է յուր հայտնությունն ու ճշմարտության գիտակցությունն յուր եկեղեցու այն անձնվեր գործիչներին, պաշտոնյաներին ու վարդապետներին, որոնք, ամեն աշխատություն ու նեղություն հանձն առնելով, աստվածային նախանձախնդրությամբ ճգնում են յուրյանց եկեղեցու հառաջադիմության համար, յուրյանց ընթացքը հաստատում են առաքելական հիման վրա և հույսը խարսխում են Ս. Հոգու ամրության վրա: Ուստիև ինչպես որ Քրիստոսի առաքելոց մեջ արտափայլեց Ս. Հոգու շնորհն յուր բոլոր լրությամբ, այնպես էլ ճյուղավորվեց ընտիր անձանց մեջ, մանավանդ առաքելոց հետևող ժամանակներում: Պողոս առաքյալը հիշում է Ս. Հոգու այն շնորհներն, որոնք, իջնելով մարդու բնական ձիրքի վրա, ներկայանում են աստիճանաբար բնականից մինչև գերբնականը, հառաջ են մղում և զորացնում սրբանվեր գործիչներին եկեղեցու հառաջադիմության համար (Եղիշե, 320): Ս. Հոգու շնորհաց իննյակ պարգևներն, որոնցով նա պարգևատրում է յուր տնօրինությանց համար կարևոր անձանց (անդ. 316), հիշում են Ա Կորնթ., ԺԲ 4-11, 28 և ըստ տեսակին բաժանվում են երեք կարգի` ըստ հոգու երեք կարողությանց` մտքի, կամքի ու զգացողության: Այդոնք են.
Ա. Վարդապետական, այն է` ա. իմաստություն. բ. ճանաչողություն և գ. ընտրություն հոգվոց.
Բ. Ավետարանչական` ա. Հավատքի լրություն, բ. բժշկություն և գ. հրաշագործություն.
և Գ. Հոգեկրական` ա. Մարգարեություն, բ. լեզվախոսություն և գ. թարգմանություն[3]:
Վարդապետական այն շնորհների մեջ, որոնք օժտում են մտավոր լուսավորության շրջանն, առաջին տեղը բռնում է իմաստությունը: Իմաստությունն է այն աստվածատուր ձիրքն, որով մենք կարողանում ենք ուղիղ միջոցներ գործադրել կյանքի ճշմարիտ նպատակներին հասնելու համար: Բայց իմաստության կատարելության համար անհրաժեշտ է և ճանաչողություն, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ կարողություն` ճանաչելու և իմանալու աստվածային իմաստությունն ու խորհուրդները: Այստեղ էլ կարևոր է և երրորդ շնորհն` ընտրություն հոգվոց, և այդ է Աստուծո ուղարկած ճշմարիտ մագարեների ու կեղծ մարգարեների, նույնպես և Աստուծո հայտնության ու ճշմարտության և մարդկային հնարաբանության ու կեղծիքի տարբերելու կարողությունն, որ մանավանդ շատ անհրաժեշտ էր առաջին դարերում: Վարդապետական այս մեծ շնորհներն առանձնապես զինավառում են այն անձանց, որոնք կոչված են ժողովուրդ դաստիարակելու, բարձրացնելու և ղեկավարելու համար:
Ավետարանչական շնորհաց առաջինը հավատքի լրությունն է, որ աստվածային գործունեության և առաքինական հանդիսի մեջ մարդուն առանձին ամրություն է տալիս: Այդ շնորհով լրապես օժտված էին առաքյալներն, որոնց մեջ մեծամեծ գործունեությամբ փայլեց Պողոս առաքյալն, ուստիև ասում է. «Յամենայնի կարող եմ այնու, որ զօրացոյցն զիս» (Փիլ., Դ 3): Սակայն այդպիսի գործունեության մեջ հարկավոր է և ներքին կարողությանց արտաքին արտահայտություն ևս, որ և երևում է հիվանդների և ախտաժետների բժշկության, այլև դևեր հանելու, մեռյալ կենդանացնելու և այլ սույնպիսի մարմնավոր կամ հոգևոր հրաշագործությանց մեջ: Այս ամենը ծառայում է փրկագործական տնօրինության իրագործման, ըստ որում` Հին Ուխտի մեջ այդ շնորհները հանդես են գալիս մարգարեական նախապատրաստության, իսկ Նորում` առաքելական գործունեության մեջ: Բայց Աստված ամենայն ժամանակ հանդես է բերում նման անձինք` ըստ եկեղեցու կարևորության, որոնք հայտնի են դառնում յուրյանց անվեհեր, հոգեբուժ, մխիթարիչ և ցրվյալ ուղղությանց հանգուցող բնավորությամբ: Դոքա յուրյանց ժամանակում նույն ավետարանչական դերն են կատարում, ինչ որ նախկին ավետարանիչք` յուրյանց ժամանակում` ունենալով հավատքի լրության և հոգևոր հրաշագործության շնորհ:
Հոգեկրական շնորհաց մեջ մարգարեությունն երևան է եկել Հին Ուխտում ավետյաց կանխասացության մեջ, իսկ Նորում հոգեկիր անձինք բացատրում էին աստվածային հայտնության խորհուրդները Ս. Հոգու հատուկ ներգործությամբ, բայցև մտքի ծայրահեղ լուսավորությամբ (Ա Կոր., Բ 13. ԺԴ 32. Շարակ., 517): Մի առանձին շնորհ էր և առաքելոց ժամանակ լեզվախոսությունը, որով օժտեց նոցա Ս. Հոգին անծանոթ լեզվի հոգևոր հարստությամբ` թե՛ խոսելու, թե՛ Աստուծուն աղոթելու և փառաբանելու մեծահրաշ փրկագործության համար (Գործք, Բ 4, 7, 11. Ա Կոր., ԺԴ 15-17): Ըստ այսմ` ինչպես որ Բաբելոնի լեզվամոռացությունը ցրեց բոլորին, այս լեզվախոսությունը պետք է ժողովեր հավատացյալներին ի մի Քրիստոս (Շարակ., 389): Եվ որովհետև լեզվախոս առաքյալը խոսում էր ու քարոզում ոչ բոլոր լեզուներով (Ա Կոր., Դ 18), ուստի կար մի երրորդ շնորհ ևս, այն է` թարգմանություն, որով թարգմանիչը թարգմանում էր նորա ասածները ժողովրդին: Բայց եկեղեցին ամեն ժամանակի համեմատ ևս ունի հոգեկիր գործիչներ, առավել ևս պատմական կարևոր շրջաններում, երբ նա առանձին զորացման կարիք է ունենում: Այդպիսի ժամանակներում երևում են անձինք, որոնք մարգարեական աչքով հասկանում են ժամանակի խորհուրդն ու պահանջները ըստ անցյալին և ապագային, աստվածային ազդու ձայնով ու լեզվով միացնում են սրտերը մի ճանապարհի վրա և ճշմարտության ծածկյալ խորհուրդը ներշնչում ամենքի մեջ լուսավոր պայծառությամբ: «Թէպէտ եւ մարգարէութիւն ոչ է ի ժամանակիս, այլ իմաստութիւնն Աստուծոյ տայ ճանաչել...», - ասում է Ս. Ներսես Շնորհալին (Ընդհ., 157):
Այս հրաշալի շնորհները բաշխվում են թե՛ եկեղեցու պաշտոնյաների ու գործիչների և թե՛ առհասարակ հավատացյալ անդամների մեջ զանազան աստիճաններով`[4] ըստ պետքին և ըստ յուրաքանչյուրի կարողության, ընդունակության և անձնվիրության, որքան և ինչպես հաճո է Աստուծուն յուր եկեղեցու կանոնավոր հառաջադիմության և զորացման համար[5]: Ուրեմն Ս. Հոգու շնորհաբաշխությունը լինում է ընդհանուր և հատուկ. ընդհանրապես Ս. Հոգին աստվածային փրկագործության համար օժտում է յուր շնորհներով յուրաքանչյուր հավատացողի դեպի փրկություն` օգնելով և առաջնորդելով նորան. իսկ հատկապես, նույն այդ փրկագործական նպատակի համար բարեզարդում է յուր եկեղեցու պաշտոնյաներին ու գործիչներին շնորհագործությունն, որպեսզի այդ շնորհագործությունը միջոց դառնա հավատացելոց փրկագործության ու եկեղեցու հառաջադիմության: Հետևաբար այդ եռակի շնորհները ծավալվում են` Ս. Հոգու շնորհաբաշխության յուրաքանչյուր միջնորդի և փրկությունն յուրացնողի մեջ` ըստ Եկեղեցու զարգացման ու հառաջադիմության աստվածային նպատակին արդյունավորելով ու պտղաբերելով (Հաճախ., Ե 263-265, 345):
Ս. Հոգու շնորհաբաշխության ավանդարանն է Եկեղեցին, ավանդման կարգն են Ս. խորհուրդներն, իսկ միջոցներն են պաշտոնյայի օրհնությունն ու ս. մյուռոնը:
[1] Գործք, ԺԹ 6. Ը 17. Ժ 45. «Որպէս որդի զգեցաւ զմարդկութիւն, նոյնպէս եւ մարդկութիւնս զգեցաւ զՀոգին Սուրբ, զի ի ձեռն Հոգւոյն Սրբոյ զգեցեալ իցեմք զորդեգրութիւն եւ զհայրութիւն»: Եղիշե, 317:
[2] «Ի Պենտէկոստէին ի Սիոն եւ ի վերնատանն ի շնչմանէ ի շառաչմանէ տրոհեալ լեզուք առաքելոցն` զկոչումն ազգաց ի ձեռն նոցա նշանակէր լեզուօքն հրեղինօք: Եւ ճշմարտապէս ի Սիոնէ ընկալան զխաղաղութիւն եւ ի բազմաստուած վրդովմանցն զտիեզերս խաղաղացուցին, եւ ընդ արարածս զԱրարիչն Հայր հաշտեցուցին, զհիմնաւորութիւն եկեղեցւոյ ի նոյն Սիոն սկզբնաւորեցին: - Իսկ դուստր Սիոնի` ծնունդ եւ պտուղ այսպիսի շնորհաց, որ է եկեղեցի. վասն զի առաքելական վարդապետութիւն ի Սիոն առ սկիզբն: Սա է մայր Սիոն...»: Մամբրե Վերծ., 68:
[3] Տե՛ս Մարկ., ԺԶ 17. Գործք, Բ 4. Ժ 46. ԺԹ 6. Հռովմ., ԺԲ 6-8. Ա Կոր., ԺԴ 22-32. Հաճախ., Ե 44-109, 263-290, 365:
Այլապես է դասավորում Մամբրե Վերծանողը. «Իմաստութիւն հոգեւոր եւ սէր աստուածային եւ հաւատք ճշմարիտք, եւ անսուտ մարգարէութիւն` չորեքեան եղբարք հարազատք են: Քանզի մի է շարժողն նոցա` Աստուած» (18):
[4] «Եթէ հուրս այս ի թանձրութիւն մտեալ երկաթոյն ի ներքուստ եւ արտաքոյ զամենայն իբրեւ հրոյ գոյն գործէ, եւ որ ցուրտ յառաջն էր, այն եռանդուն լինի. եւ որ թուխ յառաջն էր, այն, կարմրագոյն եղեալ, շողս արձակէ: Արդ եթէ անմարմին է հուր եւ, ի մարմին երկաթոյ մտեալ, այնպէս անսպառ ներգործէ, զի՞ զարմանաս, եթէ Հոգին Սուրբ, ի ներքին մարմինս մտեալ, մարդկան այնչափ շնորհօք լի առնէ»: Կոչ. Ընծ., 330:
[5] «Սրբեա զամանդ, զի բազմագոյն շնորհս ընդունիլ մարթասցես: Զի թողութիւն մեղաց առհասարակ շնորհի ամենեցուն, իսկ հաւասարութիւն Հոգւոյն Սրբոյ` ըստ չափոյ ընտրութեան բաշխի իւրաքանչիւր հաւատոց: Եթէ սակաւ վաստակիս, սակաւ ինչ ընդունիս. եւ եթէ բազում գործես, բազում վարձս ընկալցիս յանձին քում»: Կոչումն Ընծայության, էջ 13, 303-319:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից