Սուրբ Հովհան Ոսկեբերանի ճառն ապաշխարության մասին

Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ո՛չ մեղավորը հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես: Մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում և երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ:

«Սակայն հնարավո՞ր է փրկություն գտնել` ապաշխարելով», - հարցնում ես դու: Միանգամայն հնարավոր է: Սակայն ես ողջ կյանքս անցկացրել եմ մեղքերի մեջ, և եթե ապաշխարեմ` արդյոք կփրկվե՞մ: Անկասկած: Ինչո՞վ կարելի է դա ապացուցել: Տիրոջ ողորմածությամբ:

Հույսդ միայն ապաշխարության վրա մի դիր: Մի՞թե քո ապաշխարությունը կարող է քեզ մաքրել մեղքերից: Եթե միայն ապաշխարությամբ լիներ, իրոք վախենալու պատճառ կունենայիր, բայց քանի որ ապաշխարությանը միանում է Աստծո ողորմածությունը, ապա հուսա, որովհետև այն գերազանցում է քո չարությանը:

Բազմողորմ է Աստված, այնքան ողորմած, որ չխնայեց անգամ Միածինին, որպեսզի քավի անշնորհակալ ծառաների մեղքերը: Այնպես որ, մի ասա` այնքան մեծ մեղքեր եմ գործել, ինչպե՞ս կարող եմ փրկվել: Դու չես կարող, քո Տերը կարող է և այնպես կսրբի մեղքերդ, որ անգամ հետք էլ չի մնա:

Մարմնի հետ այդպես չի կարող պատահել. որքան էլ ջանք թափի բժիշկը, վերքին որքան էլ բալասան դնի, միայն վերքը կփակվի, սակայն սպին կմնա և արտաքին այլանդակությունը կցուցանի նախկին վերքը: Բժիշկը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է վերացնել նաև սպին, սակայն չի զորում, որովհետև դրան հակառակում է և՛ բնության թուլությունը, և՛ արհեստի անզորությունը, և՛ դեղերի չնչինությունը:

Երբ Աստված սրբում է մեղքերը, ապա սպի չի թողնում և թույլ չի տալիս, որ որևէ հետք մնա, և առողջության հետ միասին պարգևում է նաև բարետեսություն, պատժից ազատագրելու հետ միասին տալիս է և արդարացում և մեղսավորին հավասարեցնում է անմեղին: Թեկուզև մարդը հազարավոր վերքեր ունենա, բայց երբ ապաշխարում է և ինչ-որ բարի գործ կատարում, Աստված այնպես է հարթեցնում դրանք, որ ո՛չ սպի է մնում, ո՛չ հետք, ո՛չ էլ մեղքի որևէ նշույլ:

Այսպիսով, ինչը մարմնի համար խոց է և բալասան, ապա նույն են մեղքն ու ապաշխարությունը հոգու համար: Անչափ ուշադիր եղիր խոսքերիս հանդեպ. խոց և բալասան, մեղք և ապաշխարություն: Խոցը մեղք է, ապաշխարումը` բալասան: Խոցը շարավն է, բալասանը ի վիճակի է մաքրել շարավը: Արդյոք, բալասանի մե՞ջ է շարավը, խոցի մե՞ջ է բուժիչ զորությունը: Արդյոք, դրանք չունե՞ն սեփական հատկություններ: Կարո՞ղ է առաջինը փոխանցվել երկրորդին կամ երկրորդը` առաջինին: Ոչ մի դեպքում:

Հիմա անցնենք հոգու մեղքերին: Մեղքը միացած է ամոթի հետ, ապաշխարությունը հյուսված է արիությանը: Ուրեմն, սատանան, իմանալով, որ մեղքը միանում է ամոթին, որ կարող է հեշտությամբ վանել մեղսագործին, իսկ ապաշխարանքը միանում է արիությանը, որը կարող է գրավել ապաշխարողին, աղավաղում է բնական կարգը և ամոթը տալիս է ապաշխարանքին, իսկ արիությունը` մեղքին: Մեղքի մեջ եղող մարդուն թույլ չի տալիս ամոթ զգալ, որովհետև գիտի, որ եթե մեղավորը ամոթ զգա, ապա կփախչի մեղքից, իսկ ապաշխարանքը հարկադրում է նրան ամաչել, իմանալով, որ ամաչողը չի ապաշխարում:

Նա, ով կատարած մեղքերի համար զղջում է, թեպետև զղջումը ցույց չի տալիս` ըստ կատարած մեղքի չափի, այնուամենայնիվ, հատուցում է ստանում անգամ այդքան ապաշխարության համար:

Այսպիսով, նրանց, ում դեռևս արատը չի հաղթել, հորդորում եմ չհնազանդվել, որովհետև ավելի դյուրին է հեռու մնալ ապականության մեջ ընկնելուց, քան ընկնելուց հետո` ազատվել, իսկ նրանց, ովքեր արդեն գերության մեջ են և խորտակված, լիակատար փրկության հույս եմ հորդորում, եթե նրանք փութեռանդ են առ ապաշխարանքը:

Ե՛վ բարին, և՛ չարը ինչքան տևական են մնում մեզ հետ, այնքան զորանում են: Ինչպես ծառը, որ նոր-նոր է տնկվել, հեշտությամբ է հողից պոկվում, իսկ երկար ժամանակ արմատներ ձգածին անհնար է դուրս քաշել: Եվ շինությունը, որ նոր է հիմնարկվել, հեշտությամբ է փլուզվում, եթե ցնցում ենք, իսկ եթե լավ է ամրացված, ապա փլուզել ցանկացողներից մեծ ջանքեր է պահանջում: Եվ գազաններին չափազանց դժվար է փախցնել այն վայրերից, որտեղ երկար ժամանակ նրանց համար հաճելի է եղել:

Եվ ինչպես տենդը սկզբում առանձնապես ուժգին չէ դրանով բռնվածների համար, իսկ երբ ուժեղանում է, և ջերմությունը բարձրանում, հիվանդին ստիպում է անտանելի ծարավ զգալ, և թեկուզ որևէ մեկը նրան անվերջ ջուր տա, միևնույն է, նա ոչ թե կիջեցնի ջերմը, այլ առավել ևս կբորբոքի այն, ճիշտ այդպես է լինում կրքի դեպքում. Եթե ամենասկզբում, երբ այն ներխուժում է մեր հոգու մեջ, մենք չենք խոչընդոտում և նրա առջև չենք կողպում դռները, ապա ներս մտնելով` թողնողին այսուհետ պատճառում է անբուժելի ցավ:

Ինչպես հույլ և անհոգ բնությամբ մարդը ոչ մի մեծ բան չի անում և իր անհոգության պատճառով Աստծո հետ չի հաշտվում, այդպես էլ, ընդհակառակը` աշխույժ հոգով և բորբոք ձգտումով ապաշխարողը կարող է կարճ ակնթարթում մաքրվել երկար տարիների ընթացքում գործած մեղքերից: Եվ ահա թե ինչպես: Մի՞թե երեք անգամ չուրացավ Պետրոսը, իսկ երրորդ անգամ` նույնիսկ երդում տալուց հետո: Չվախեցա՞վ հասարակ ծառայի խոսքերից: Եվ` ի՞նչ: Արդյոք, շա՞տ ժամանակ պահանջվեց ապաշխարելու համար: Ամենևին` ոչ: Ընդհակառակը, միևնույն գիշերվա ընթացքում և՛ ընկավ, և՛ բարձրացավ:

Այդպիսի ծանրագույն անկումից հետո (ուրացումից ավելի մեծ մեղք չկա), ապաշխարումը նրան վերադարձրեց նախկին փառքը, և վստահվեց ողջ աշխարհի եկեղեցու ղեկավարումը, և, որ ավելի կարևոր է` մեզ ցուցանեց, որ առաքյալներից բոլորից շատ ինքն էր սիրում Տիրոջը:

Իսկ ի՞նչ կարելի է ասել նինվեցիների մասին: Սրանց մոտ գալիս է մարգարեն, հայտարարում, ասես թե, թագավորական ուղերձ-դատավճիռը, որ պատիժ է սահմանում, և բացականչում է. «Եվս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի» (Հովնան 3:4):

Լսում են քաղաքի բնակիչները և ոչ անհավատություն են ցուցաբերում, ոչ արհամարհանք, այլ իսկույն բոլորը՝ տղամարդիկ, կանայք, երեխաները, սկսում են պահեցողություն հայտարարել, նույնիսկ համրերը մասնակցում են հանրային այդ սխրանքին. ամենուր` քուրձ ու խորդ, ամենուր` հող ու մոխիր, ամենուր` լաց ու կական: Նույնիսկ ինքը` թագավորը ելավ իր գահից, հանեց պատմուճանը, քուրձը անկողին սարքեց և նստեց մոխրի վրա: Աչքիդ առաջ բացվում էր տարօրինակ և անսովոր տեսարան. ծիրանին զիջում էր ցնցոտիներին:

Իրոք, ինչ ի վիճակի չէր անել ծիրանին, անում էր ցնցոտին, ինչ չէր կարող անել թագը, անում էր մոխիրը:

Ուրեմն, խորհենք, թե մեղքերի ինչ բեռ ունի յուրաքանչյուրս, և մարդասիրության հավասարազոր գործեր կատարենք, կամ ավելի լավ է շատ ավելին անենք, որպեսզի ոչ միայն սրբվեն մեր մեղքերը, այլև որպեսզի մեր ողորմությունները ճշմարիտ համարվեն:

Եթե բարի գործերը այդքան բազմաքանակ չլինեն, որպեսզի նրանց միջոցով հանվեն մեղադրանքները, և որոշակի մնացորդը ճշմարիտ համարվի, ապա ոչ ոք մեզ պատժից չի ազատի: Երբ որևէ մեկին բարկացնելով` դու և՛ ընկերներիդ, և՛ հարևաններիդ, և՛ դռնապաններին խնդրում ես, փող ես ծախսում, օրեր ես կորցնում գնալ-գալու և պաղատանքների վրա, որպեսզի ներում ստանաս, և թեպետ քեզնից վիրավորվածը ո՛չ մեկ, ո՛չ երկու, այլ հազար անգամ քեզ մերժում է, դու ամենևին չես ընկճվում, այլ, ընդհակառակը` ավելի համառ ես դառնում և բազմապատկում խնդրանքներդ, իսկ երբ Աստված է բարկանում, մենք ծուլանում ենք, տրվում անհոգության և հաճույքների:

Այդպես վարվելով` մենք երբևէ կարո՞ղ ենք ակնկալել Նրա ողորմածությունը: Դրանով, արդյոք, ավելի շատ չե՞նք բարկացնելու: Չէ՞ որ մեղքի մասին տրտմության բացակայությունը ավելի ուժգին է առաջացնում Աստծո դժգոհությունն ու բարկությունը, քան բուն մեղանչումը: Մի ասա` ես շատ մեղքեր եմ գործել և չեմ կարող ինձ վրա բարկացած Աստծուն դիմել: Եթե այրին անեծք թափեց դատավորի գլխին, որը ո՛չ Աստծուց երկյուղ ուներ, ո՛չ էլ մարդկանցից էր ամաչում, ապա առավել ևս ջանադիր էր խնդրանքներով բարի Դատավորի ողորմածությունը շարժել:

Հետևաբար, թեկուզև դու ընկեր չես եղել, թեկուզև դու պահանջում ես իրավունքով քեզ չպատկանողը, թեկուզև դու ծախսել ու մսխել ես հայրական ժառանգությունը և երկար ժամանակ հեռու ես եղել հայրական աչքից, թեկուզև վերադարձել ես քեզ վրա զայրացած և դժգոհող (Աստծու) մոտ` լոկ ցանկացիր վերադառնալ և դու ամեն ինչ կստանաս և իսկույն կմարես զայրույթն ու նախատինքները:

Եղբայրնե՛ր, Աստծո նպատակների հիմքում դրված է մեղավորներին ինչքան հնարավոր է հանդուրժելը: Նա ողորմած է երկու փրկիչ նպատակներով. ապաշխարանքի շնորհիվ նախապատրաստել մեղավորների փրկությունը և նրանց սերունդների համար պատրաստել բարեգործություն, որոնք պետք է հաջողության հասնեն առաքինության մեջ:

Աստված, նորից կրկնում եմ, համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի և՛ մեղավորը ապաշխարի, և՛ չփակի նրա սերունդների փրկության ճանապարհը: Չնայած մեղսագործը չի ապաշխարում, Աստված հաճախ խնայում է արմատը, որպեսզի պահպանի պտուղը, հաճախ նաև սպասելով, որ մեղավորն ինքը ապաշխարի:

Իսկ թե ինչպես` լսիր: Թարան` Աբրահամի հայրը, կուռքերի երկրպագուն և շինարարը, սակայն, պատիժ չստացավ իր անօրենության համար և արդարացիորեն, քանի որ որտեղի՞ց կաճեր հավատի այդպիսի պտուղ, եթե Աստված կտրեր արմատը:

Ո՞վ է Եսավից ավելի վատը: Կա՞ ավելի անօրեն ու անամոթ: Նա՞ չէր այն պոռնիկն ու պիղծը, ինչպես ասում է Պողոսը (Եբր. 12, 16): Մայրասպան և հայրասպան չէ՞ր: Եղբայրասպան չէ՞ր, ծայրահեղ դեպքում` մտքում: Նա չէ՞ր, որին Աստված այդպես ատում էր և սուրբ Գրքի վկայությամբ. «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Հռոմ. 9:13):

Եթե նա և՛ պոռնիկ էր, և՛ եղբայրասպան, և՛ պիղծ, և՛ Աստծուց ատված, ապա ինչու՞ չի հեռանում (աշխարհից), ինչու՞ չի վտարվում և ինչու՞ անմիջապես արժանի պատիժ չի ստանում: Ինչու՞: Հարկ է ճշմարիտ պատասխան գտնել: Եթե Աստված կործաներ նրան, ապա աշխարհը կզրկվեր ճշմարտության մեծագույն պտղից, իսկ թե որից` ասեմ: Եսավը ծնեց Ռագուելին, Ռագուելը ծնեց Զարեհին, Զարեհը ծնեց Հովբաբին:

Տեսնու՞մ ես, թե ինչպիսի վախճան կունենար համբերության ծաղիկը, եթե Աստված նախօրոք պատժեր արմատը: Այսպիսով, ով մեղքի մեջ է հայտնվում, թող չհուսահատվի, նա, ով հայտնվել է առաքինության մեջ, թող չհանգստանա: Թող որ հատկապես վերջինն այդքան հույսը չդնի իր վրա, որովհետև հաճախ պոռնկուհին կարող է կանխել նրան, իսկ առաջինը թող չհուսահատվի, որովհետև նա կարող է գերազանցել ավելի կատարյալներին:

Երբ արդեն բորբոքուն սեր ենք տածում առ Աստված, Նա այլևս չի հիշում նախկինում եղածը: Չէ՞ որ Աստված մարդ չէ: Եթե մենք զղջում ենք, Նա չի նախատում անցյալի համար և չի ասում` դու ինչու՞ էիր հեռացել Ինձնից: Ընդհակառակը` Նա մեզ սիրով է ընդունում, երբ դառնում ենք դեպի Նա, եթե, իհարկե, դառնում ենք, ինչպես հարկն է: Կա՞ Մանասեից ավելի վատը: Մյուս կողմից` ով՞ է ավելի երանելի, քան Սողոմոնը: Այնուամենայնիվ, առաջինն ստացավ Աստծո ողորմածությունը, իսկ վերջինը, տրվելով քնի, ընկավ: Այդ պատճառով և Եսավը թողություն չստացավ, քանի որ չապաշխարեց, ինչպես հարկն է. նրա արցունքները զղջման արցունքներ չէին, այլ զայրույթի և վիրավորանքի: Զղջաց նաև Հուդան, բայց ոչ այնպես, ինչպես կարգն է, որովհետև կախվեց:

Եթե ուզում ես իմանալ, թե ինչ բան է իսկական ապաշխարանքը, օրինակ առ Պետրոսի ապաշխարանքը ուրացումից հետո: Քանի որ նա, հավանաբար, իր մասին բարձր կարծիք ուներ, թե ինքը բոլորից շատ է սիրում Հիսուսին, ապա հեռանալով` դառնորեն լաց եղավ, բացի այդ, դրանից հետո իրեն ենթարկեց բազմաթիվ վտանգների: Զղջաց նաև երանելի Դավիթը` ասելով. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ և իմ արտասուքով անկողինս թրջեցի» (Սաղմ. 6:7) և վաղուց կատարված մեղքերը այդքան տարիներ անց, այդքան սերունդներ հետո ողբում է այնպես, ասես, հենց նոր գործված լինեն:

Զղջացողը պետք է ո՛չ զայրանա և ո՛չ էլ բարկանա, այլ այնպես ցնցվի, ինչպես մեղավորը, որպես արիությունը կորցրած մեկը, ինչպես դատապարտվածը, որը պետք է փրկություն գտնի միայն ողորմածության շնորհիվ, որպես մի մարդ, որ անշնորհակալ է գտնվել բարերարի հանդեպ, որպես մերժված և արժանի անհամար պատիժների:

Ուրեմն, թող որ ոչ կյանքը բեմում անցկացրածը հուսահատվի, ոչ էլ եկեղեցում ծառայածը հույսն իր վրա դնի, քանի որ վերջինիս մասին Աստված ասում է. «Ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի» (Ա Կորնթ. 10:12), իսկ երկրորդի մասին` «Նա, որ գլորվում է, մի՞թե չի ելնում» (Երեմ. 8:4):

Մեկը պետք է պահպանի այն, ինչ ունի, երկրորդը դառնա այն, ինչ ինքը չէ, մեկը պետք է պահպանի առողջությունը, մյուսը ազատվի տկարությունից, որովհետև դրանից տառապում է: Մեկին, հետևաբար, Նա ասում է. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ» (Հովհ. 5:14), իսկ մյուսին` «Կամենու՞մ ես առողջ լինել, վե՛ր կաց, վերցրու քո մահիճը և գնա՛» (Հովհ. 5:6, 8):

Եվ եթե դու երեսունութ տարի հիվանդություն ունես, ինչպես այն անդամալույծը, ապա ոչ ոք չի խոչընդոտի, եթե դու ցանկանում ես առողջանալ, միայն կամեցիր վեր կենալ, միայն թե բռնիր այն ճանապարհը, որ բերում է այստեղ, և շուտով հաջողության կհասնես, լոկ մի ծածկիր դուռը և մի փակիր մուտքը: Ներկա ժամանակը կարճ է, մեծ նեղություն չէ, սակայն եթե անգամ այն մեծ լիներ, ապա այդ դեպքում նույնպես հարկ չկար ընկճվելու: Եթե դու քրտինք չթափես այդ գեղեցկագույն աշխատանքով, ինչպիսին ապաշխարությունն է, ապա գալիք աշխարհում կունենաս այլ որակի ավելի ծանր փորձություններ և տառապալից աշխատանք:

Եթե և՛ այստեղ, և՛ այնտեղ աշխատանք է, ապա ինչու՞ չենք ընտրում այն, որ բերում է առատ բերք և մեծ պարգև: Եթե Աստված մեզ բարեգործություն է անում, երբ արժանի չենք դրան, և ողորմած է մեղանչածների նկատմամբ, ապա ինչերի՜ կհասնենք, ի՜նչ հաճույքներ կունենանք, եթե հեռու մնանք անօրենություններից և բռնենք առաքինության ուղին: Նրանց, ովքեր խելք ունեն, հրապուրում են ավելի շատ պատվիրանների կատարման բարեբերությունը, քան պատիժները:

Աստված մեզ արժանացրել է այնպիսի բարերարության, որ դրանից հետո, երբ մենք երախտապարտ կլինենք, Նրան շնորհակալություն կհայտնենք նախկինում տրված բարիքների համար և ցույց կտանք, որ դեպի լավն ենք փոխվել, այդ դեպքում էլ նույնպիսի առատաձեռնության մեզ կարժանացնի:

Եթե մեր առջև մեղանչած ծառաներին ներում ենք և վերադարձնում իրենց տեղերը, երբ խոստանում են ուղղվել, իսկ հաճախ նույնիսկ ավելի ենք վստահում, ապա առավել ևս այդպես մեզ հետ կվարվի Աստված, եթե մեր մեղքերին համապատասխան ապաշխարենք:

Եվ դա երևում է երանելի Դավթի հետ կատարված օրինակից: Նա սայթաքեց և ընկավ, մեղանչեց շնությամբ և սպանությամբ, բայց քանի որ անկումից հետո չմնաց պառկած, այլ ոտքի կանգնեց և Աստծո օգնությամբ զինվեց թշնամու դեմ, և այնպիսի խիզախությամբ հաղթեց, որ մահվամբ անգամ դարձավ իր սերունդների հովանավորը:

Այսպես, Սողոմոնին, որ մեծ անօրենություններ կատարեց և արժանացավ հազարավոր մահերի, Աստված ասում է, որ հանուն Դավթի պահպանում է նրա թագավորությունը. «Ես կխլեմ թագավորությունը քո ձեռքից և այն կտամ քո ծառային: Բայց հանուն քո հայր Դավթի, քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդու՛դ ձեռքից կխլեմ թագավորությունը» (Գ Թագ. 11:11-12):

Եվ Եզեկիային, որ հայտնվում է ծայրահեղ վտանգի մեջ, թեկուզև առաքինի էր, նույնպես օգնություն է խոստանում հանուն երանելու. «Այս քաղաքը պիտի հովանավորեմ, որպեսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառա Դավթի համար» (Դ Թագ. 19:34):

Ինչպես նրանց նկատմամբ, ովքեր ցուցաբերում են հոգու ազնվություն, Աստված Իրեն հատուկ բարերարությամբ փոխում է դատավճիռները, ընդունում է զղջացողներին և ազատում սպառնացող պատիժներից, այդպես էլ հակառակը` երբ Նա խոստանում է նվիրել կա՛մ որևէ բարիք, կա՛մ ժամանակ ապաշխարելու համար, բայց տեսնում է, որ խոստում ստացածը անարժան է դառնում, նույն կերպ փոխում է խոստումը: Այնքան հանցավոր բան չէ մեղք գործելը, որքան մեղքի մեջ մնալը: Չէ՞ որ հենց այդ պատճառով է Աստված մեզ նախապես բարերարություն անում և մեղանչածներին վերստին ներման արժանացնում և պատիժը անմիջապես ի կատար չի ածում, որպեսզի բոլոր միջոցներով` և՛ բարերարությամբ, և՛ համբերատարությամբ, մեզ մղի ապաշխարության, հաճախ նաև պատիժներով, որոնցով պատժում է ոմանց, որպեսզի մյուսներին ապաշխարության օրինակ տա, որպեսզի վախից խելքի գան և խուսափեն մեղանչելուց:

Դու շա՞տ ես մեղանչել: Վերջապես կանգ առ, բռնիր հակառակ ճանապարհը, երախտապարտ եղիր Աստծուն, որ Նա չարտաքսեց քեզ (ողջերից) մեղք կատարելու պահին, և մի ցանկացիր, որ քեզ նորից չարիք կատարելու ժամանակ տրվի: Մի ասա` դեռ ժամանակ կլինի, որպեսզի դարձի գամ: Շատերը կորստյան մատնվեցին հենց այն պահին, երբ տրվեցին շահամոլության և դատապարտվեցին տաժանքի: Երկյուղ ունեցիր, որպեսզի և դու չենթարկվես դատապարտման` առանց արդարացման հույսի:

Բայց շատերին, ասում ես, Աստված ժամանակ տվեց մինչև խոր ծերություն: Ի՞նչ ես ուզում ասել, քեզ էլ տա՞: Հնարավոր է և տա` ասում ես դու: Ի՞նչ են նշանակում «հնարավոր է», «երբեմն», «հաճախ» բառերը: Մտածիր, որ խոսքը հոգուդ մասին է, պատկերացրու նաև հակառակը, կշռադատիր և ասա` իսկ եթե չտա՞:

Իսկ եթե հանկարծ տա` ասում ես դու: Ենթադրենք, թե Աստված կարող է և տալ, սակայն անմիջական դարձը և՛ անվտանգ է, և՛ օգտակար ուշ արվածից: Իրոք, եթե արդեն սկսել ես այն, ապա բոլոր դեպքերում քեզ համար օգտակար է և կարևոր չէ` տարկետում կունենա՞ս, թե՞ չես ունենա: Եթե դու անընդհատ հետաձգում ես, գուցե հենց այդ պատճառով չես ստանում: Գնալով պատերազմ` դու չես ասում. «Պետք չէ հոգևոր կտակ գրել, հնարավոր է վերադառնամ», պատրաստվելով ամուսնանալ` չես ասում. «Կնության վերցնեմ աղքատի, շատերը, չնայած դրան, ակնկալածից ավելի հարստացան», սկսելով տուն կառուցել, դու չես ասում. «Տունս կառուցեմ խարխուլ հիմքի վրա, շատ տներ այդպես էլ կանգուն են մնում»:

Իսկ երբ խոսքը վերաբերում է հոգուն, դու փորձում ես հաստատվել խարխուլ հիմքի՞, «հնարավոր է», «երբեմն», «հաճախ» բառերի վրա՞ և քեզ հանձնում ես անհայտի՞ն: «Ոչ թե անհայտին, - ասում ես դու, - այլ Աստծո ողորմածությանը, որովհետև Աստված ողորմած է»:

Ես էլ գիտեմ, որ այդպես է, սակայն այդ ողորմածը արտաքսեց (ողջերից) և՛ նրանց, որոնց մասին ես ասացի: Ուզու՞մ ես իմանալ, թե մեր Տերը ինչ բարի՞ է: Գալիս է Նրա մոտ մաքսավորը` լի անհամար արատներով և միայն ասում է` «Աստված ների՛ր ինձ» (Ղուկ. 18:13) և հեռանում է արդարացված: Եվ մարգարեի միջոցով էլ է Աստված ասում. «Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան» (Եսայի, 57:17,18):

Ի՞նչը կարող է համեմատվել այսպիսի մարդասիրության հետ: Միայն այն պատճառով, որ նա տրտմում է, Նա ներում է մեղքերը: Իսկ մենք նույնիսկ դա չենք անում և այդ պատճառով հատկապես բարկացնում ենք Նրան: Նա ամենաողորմածը լինելով, երբ չի տեսնում անգամ դա, արդարացիորեն բարկանում է և մեզ ենթարկում մեծագույն պատիժների, որովհետև դա ցույց է տալիս մեր ծայրահեղ անփութությունը: Ո՞վ է երբևէ վշտացել մեղքերի համար: Ո՞վ է տրտնջացել: Ո՞վ է կուրծք ծեծել: Ես չգիտեմ որևէ մեկին:

Մարդիկ անվերջորեն ողբում են մեռած ծառաների, ունեցվածքի կորստի և, ամեն օր կործանելով սեփական հոգին, այդ մասին ամենևին չեն մտածում: Ինչպե՞ս կարող ես Աստծո գութը շարժել, երբ անգամ չգիտես, որ մեղք ես գործել: Ճիշտ է, ասում ես դու, որ մեղավոր ես: Բայց դա դու ասում ես լոկ լեզվով, ասա և սրտով, և խոսքի հետ ախ քաշիր, որպեսզի մշտապես լավ տրամադրության մեջ լինես: Չէ՞ որ եթե մենք մշտապես տրտմեինք մեղքերի համար, եթե զղջայինք գործած մեղքերի համար, ապա ուրիշ ոչ մի բան մեզ չէր վշտացնի, որովհետև այդ վիշտը ի դերև է անում ցանկացած տրտմություն: Ինչպես թռչնին, որ ցանցն է ընկնում, թևերից օգուտ չկա, և նա միանգամայն անտեղի է թափահարում, ճիշտ այդպես դու էլ ոչ մի օգուտ չունես խելքից, եթե գերի ես դարձել սեփական չար կրքերիդ:

Եթե իրական կյանքում մենք չենք կամենում մեկնումեկի առաջ խայտառակ լինել, ապա ի՞նչ կարող ենք անել այն աշխարհում բյուրավորների առաջ: Ապաշխարանք է համարվում ոչ այն, որ հրաժարվում ենք նախկին չարություններից, այլև հարկ է նաև բարի գործեր կատարել. «Խուսափի՛ր չարից, - ասում է, - և բարությու՛ն արա» (Սաղմ. 36:27):

Ապաքինվելու համար բավական չէ միայն նետը հանել, այլ պահանջվում է նաև դեղ դնել վերքին: Պատահում է, որ մեկը ապաշխարանքից հետո բազմաթիվ բարի գործեր է կատարում, մինչդեռ վերստին հայտնվում է մեղքի մեջ, որ համազոր է այդ բարի գործերին, և դա բավական է, որ նրան մղի հուսահատության, կարծես թե բոլոր արածները կորսված են, և նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այդ միտքը հարկավոր է մի կողմ դնել և մտածել այն մասին, որ եթե մենք հասցնում ենք բարի գործերի չափավոր պաշար ստեղծել, որոնք համազոր են հետո կատարած մեղքերին, ապա ոչ մի բան չի կարող անխուսափ դարձնել մեր ամբողջական կործանումը:

Իսկ հիմա (բարի գործերը) կարծես թե ամուր զրահի պես թույլ չեն տալիս սուր, մահացու նետին իր գործն անել, և անգամ ճեղքված լինելով դրանով, մարմինը պաշտպանում են մեծ վտանգից...

Այսպիսով, դժբախտությունն այն չէ, որ մարտնչելով վիրավորվում ենք, այլ այն, որ պարտությունից հետո հուսահատվում և հոգ չենք տանում վերքի մասին:

Ոչ մի առևտրական, ենթարկվելով նավաբեկության և կորցնելով ողջ ունեցվածքը, չի թողնում ծովագնացությունը, այլ կրկին ճամփորդում է ծովերով և լայնատարած անհուններով և վերստին ձեռք բերում նախկին հարստությունը: Բազմաթիվ պարտություններից հետո էլ լինում են ըմբիշներ, որոնք հաղթանակում են, և զինվորներ, որոնք բազում անգամներ փախուստ տալով մարտադաշտից, վերջ ի վերջո, հերոսանում են և հաղթում թշնամիներին: Քրիստոսին ուրացողներից շատերը չարչարանքների երկյուղից կրկին մարտի են բռնվում և հեռանում` մարտիրոսության պսակով զարդարված: Բայց եթե նրանցից յուրաքանչյուրը առաջին իսկ զարկից հետո հուսահատվեր, ապա չէին ստանա հետագա բարիքները:

Եվ թող որ մենք բոլորս նմանվենք նրանց, ողորմածությամբ և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Որին փառք և զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն:

15.02.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․