Սուրբ Կալիոպիայի վկայաբանությունը

Թեոկղիան իմաստուն վարքով մի կին էր, ազատ տոհմից, իր ամուսնու հետ ապրել էր բազում տարիներ և որդի չէր ծնել: Երբ ամուսնու մահը մոտ էր` հղացավ և որդի ծնեց և նրա անունը դրեց Կալիոպիա: Եվ մեռավ նրա ամուսինը, նրան թողեց մեծ հարստություն, և մանուկը Պամփյուլիա գավառում սովորեց ամբողջ իմաստությունը: Եվ այն ժամանակ բազմացավ կռապաշտությունը` կուռքերին զոհ մատուցելը, երկրպագելը: Դատավորին լուր հասավ, թե պատանյակը քրիստոնյա է: Իսկ նրա երանելի մայր Թեոկղիան ոսկի և արծաթ, հանդերձներ ու ծառաներ տվեց նավաստիներին և աղաչեց, որ վերցնեն, փախցնեն այն դատավորից: Եվ նավեցին Լիկիյի Պոմփե քաղաքը: Եվ նա ազատվեց Մաքսիմիանոս դատավորից, որովհետև մաքսավորության կարգն էր պատանյակի և տարեկան կուռքերի: Եվ երբ երանելի պատանյակը տեսավ, ինքնիրեն խորհեց և պահք պահել քարոզեց իր ծառաներին: Եվ եկան նրա մոտ հարցնելու և ասելու. «Այժմ մեր տարեկան տոներն են, ե՛կ և մեզ հետ ուրախ եղիր»: Եվ ասաց նրանց. «Ինչպե՞ս կարող եմ ձեզ հետ ընկերանալ, երբ դուք ուտում եք զոհած ու պիղծ կերակուրներ, իսկ ես քառասնորդացն եմ պահում»:

Այս հասավ դատավորի ականջին, և հրամայեց նրան բերել իր առջև: Մաքսիմիանոս դատավորն ասաց. «Կալիոպիա՛, ամբողջ երկիրս քո մասին է խոսում. ասում են` ինքը մոլորված է և շատերին մոլորեցնում է»: Կալիոպիան պատասխանեց. «Մոլորյալը դուք եք, որ խավարի առաջնորդ եք, որովհետև Աստված ձեզ լքել է, և երկրպագում եք քարեղեններին»: Մաքսիմիանոսն ասաց. «Քո մանկական հասակը հիմարացնում է քեզ և քո վրա թշնամանք է բերում,- և դարձավ հարցրեց նրան,- ո՞ր ազգից ես»: Կալիոպիան ասաց. «Պամփյուլացոց ազգից եմ, մեծ խորհուրդների առաջնորդ եմ ես»: Մաքսիմիանոսն ասաց. «Ասա՛ ինձ` հայր և մայր ունե՞ս»: Կալիոպիան ասաց. «Մայր ունեմ, իսկ իմ հայրը շատ տարիներ առաջ մահացել է»: Մաքսիմիանոսն ասաց. «Երդվում եմ իմ աստվածներով, եթե ինձ լսես և պաշտես իմ աստվածներին, ես միամոր դուստր ունեմ, նրան քեզ կտամ կնության»: Կալիոպիան ասաց. «Ո՛վ անօրեն, ուզում ես ինձ դրանով խաբել, քո պիղծ դստերը կնության առնեմ, և [դրանով] ինձ կհասնի հոգալ մարմնի բոլոր պահանջները և տալ քո դստեր փոխարեն: Իմ մայրն ավելին ունի, քան դու. հարյուր աղջիկ, որ սպասարկում են նրան: Այս իմացիր, որ այս հողս, որ ստեղծեց Քրիստոս իր պատկերով, հավատում եմ Աստծուն, որ այսպես, առանց արատի կարող է պահել ինձ, ինչպես ստեղծեց»: Մաքսիմիանոս դատավորն ասաց. «Արդ, այս խոսքով ևս ինձ գրգռում ես, որ արագորեն վախճանվես»:

Եվ հրամայեց ձեռքերը հետևը կապել ու չարչարել: Կալիոպիան ասաց. «Քրիստո՛ս, գոհանում եմ Քեզնից, որովհետև Քո անվան համար անարգվեցի»: Մաքսիմիանոսն ասաց. «Լսի՛ր ինձ, և կտեսնես քո գավառը և քո մորը, և մի՛ հրաժարվիր քո ստացվածքից»: Կալիոպիան ասաց. «Հրաժարված չեմ իմ գավառից, բայց երկիրն իր ամեն ինչով Տիրոջն է: Իսկ մորս մասին, որ ասում ես, թե կտեսնեմ, ահա տերունական ձայնը. «Ով պատվի իր հորն ու մորը ավելի, քան Ինձ, արժանի չէ Ինձ» (Մատթ. Ժ. 37): Իսկ իշխանության մասին ասում է. «Լավ է չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան մի փոքր ժամանակ վայելել մեղքերի մեջ» (Եբր. ԺԱ. 25):

Դատավորն ասաց. «Կայծակներ ցանեցեք անիվի տակ և շրջեցրեք դրա վրա»: Այնժամ պատանյակը վիրավորված ասաց. «Քրիստո՛ս, թող շուտ գա Քո ողորմությունը ինձ»: Եվ անմիջապես նրա մոտ իջավ Աստծու հրեշտակը և ցրեց կայծակները, երբ ուզում էին պտտել անիվը` չկարողացան: Այնժամ դատավորը հրամայեց նրան այդտեղից արձակել և տանել բանտ:

Եվ նրա մայրն իմացավ և շտապ մուրհակներ կազմեց իր ունեցվածքը օտարելու, իր մոտ կանչեց հիսուն հոգու, իր ոսկին, արծաթը և պատվական հանդերձները բաշխեց աղքատներին, ագարակները` եկեղեցուն, և ինքը միայնակ գնաց Կիլիկեցոց երկիրը` իր երանելի որդու մոտ: Եվ երբ տեսավ նրան` ընկավ ոտքերը և երկրպագեց նրան: Իսկ երանելին ուրիշների հետ կապված էր բանտում և չկարողացավ ելնել ու ողջունել իր մորը, այլ միայն այս ասաց. «Բարով եկար, Քրիստոսի ճշմարիտ վկա»: Եվ մոր հետ հիսուն այրն էին: Եվ երանելին սկսեց աղոթել, և բացվեցին բանտի դռները, և բոլոր կապվածները այն գիշեր ելան բանտից: Եվ մեծ ահ ընկավ բանտապանների վրա: Բանտում մնացին միայն Կալիոպիան ու նրա մայրը: Եվ մեծ ահ ընկավ քաղաքի վրա: Ձայն եկավ և ասաց նրանց. «Դուք Աստծու որդիներն եք, Քրիստոսի նահատակներ. այսօր այս քաղաքը մաքրեցիք կռապաշտությունից, որ թողիք աշխարհս և ձեր ամբողջ ունեցվածքը, և հանուն Քրիստոսի չարչարվում եք»:

Եվ Մաքսիմիանոսն այս լսեց, հրամայեց նրան խաչել. հինգշաբթի օրը նրան խաչ հանեցին: Իսկ նրա մայրը, իմանալով, որ խաչում են նրան, դահիճին երկու դահեկան տվեց, աղաչեց, որ խաչի գլխիվայր և ո՛չ Քրիստոսի նման: Եվ ուրբաթ օրը ավանդեց հոգին: Երկնքից ձայն եղավ և ասաց. «Ինձ մոտ եկե՛ք, Քրիստոսի քաղաքացիներ և արքայության ժառանգորդներ: Քո աթոռը պատրաստված է, որ նստես Աստծու աջ կողմը»: Եվ մեծ երկրաշարժ եղավ, և դատավորը մեծ երկյուղով վախեցավ, որովհետև խավարեց արեգակը և մոտ մեկ ժամ խավար եղավ երկրի վրա, ապա լուսավորվեց:

Եվ Կալիոպիայի երանելի մայրը առավ սուրբ նշխարները, խաչի գամերով հանդերձ, և որդու պարանոցին փաթաթվեց, և այդպես երանելի մայրը ավանդեց հոգին: Եվ եկան եղբայրները, վերցրին սուրբ նշխարները և թաղեցին մի անձավում և օրհնեցին Աստծուն` փառավորելով Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս. ամեն:

 

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

15.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․