26 Նոյեմբեր, Գշ
Մարդկանց թշնամու չար սովորությունն է` ցորենի բարի սերմի հետ որոմ ցանել, ուստի եկեղեցու մանուկները պետք է արթուն լինեն, որպեսզի կարողանան զգուշությամբ պահել սուրբ եկեղեցին, որ ժանտ սերմը չխառնվի աստվածպաշտության սերմին, այլ բուսնեն ըստ Աստծու` աճելով բարեպաշտությամբ և բազմապատիկ հատուցեն Տիրոջը հոգևոր աշխատանքի պտուղը: Որովհետև ովքեր բարեպաշտությամբ և փութով ընթանան սրբերի հետ` կգտնեն ճշմարտությունը: Արդ, սա ասում եմ քո աստվածպաշտությանը, սիրելի՛ եղբայր, և գրով պատմում եմ իմ կրտսերությունը. թեպետև Իկոնիոն քաղաքում նշանված էր երանելի և բարեհաղթ մարտիրոս Հուղիտային, քեզ պատմեմ և բարվոք խոստովանությունը ի Քրիստոս, թե որտեղից էին, կամ ինչպես ընթացան այս կյանքում և ինչպես վկայեցին, քանի որ ոմանց, մանավանդ անհմուտ և վայրենաբարո աշխարհականների մեջ կան մարդիկ, որոնք վկայություն են բերում, որ հակառակ է ճշմարտությանը և հակադրվում է բարվոք գործածներին, և ասվածների մեջ կարգավորություն և ուղղություն չկա: Այսպիսի ստեղծաբանությունը դիտարկելով` նրանց մեջ չես գտնի ո՛չ ստուգություն և ո՛չ գիտություն: Քանի որ հայրերից արդար մեկը ոմանց մասին ասաց, թե ինքնակամ խոսքով է ասված, թե ինչպես ոմանց ուղիղ գործերը խափանել են իրենց բանսարկությամբ և շատախոսությամբ: Արդարև բազմապատիկ արժանի են հիշելու այսպիսի գրով նրանք, ովքեր խափանում են սրանց դատարկաբանությունը: Եվ կարծեմ, ո՛վ աստվածասեր, թե այսպիսի բարբաջանքները մանիքեցիներինն են, քանի որ սա հայտնի է օրինակներով և նույնիսկ առասպելական` հերձվածողների գրածներից: Ասում է, որ հեթանոսների գայթակղությունը և հիմարությունը Քրիստոսի խաչն են համարել:
Բայց ես շտապ շատ որոնելով ջանացի ըստ քո հրամանի գտնել նրանց վկայությունը, թերևս կարողանայի գտնել նրանց նահատակության ճշմարտապես ստույգ պատմությունը: Որի համար չծուլացա հարցնել շատ շատերին, ստուգել և քննել և տեղի բնակիչներին խնդրել, թե գիտե մեկը` ասի ճշմարտությունը նրանց վկայության վերաբերյալ: Իսկ այժմ ոմն Մարկիանոս քրիստոնյա և քրիստոսասեր հազարապետ, որ նվիրակապետ դպիրն է եղել Հուստիանոս թագավորի և նրանից ստացել զորավարության պատիվ, և Զենոնը` երևելի այր, որ նրա աթոռակիցն էր Սուրացոց երկրից, այսպես սրբի մասին հետաքրքրվելով, ինչպես որոշ ծերերից լսեցինք` տոհմակից էին նրանց, Լիկոնացոց գավառից:
***
Գեղեցիկ ծաղիկը և Քրիստոսի հաղթող վկան` Հուղիտան, [մի ժամանակ] անակնածելի վարքի տեր էր, և բարեպաշտությամբ փառավորում էր Քրիստոսին և Նրա հիշատակը կատարում մշտապես: Նրա մյուս տոհմակիցները ևս պատվով էին կատարում սա:
Եվ երանելի Հուղիտան ինքը թագավորական տոհմից էր: Եվ Դոմետիանոս դատավորի ժամանակ սկսեցին հալածանքի դառնաշունչ հողմերը շնչել քրիստոնյաների վրա և սասանել Քրիստոսի սուրբ եկեղեցիները: Սա եկավ Լիկոնացոց գավառը, այր գազանաբարո և սուրբ վկաների արյունը հեղելու մոլի կողմնակից: Այնուհետև սուրբ Հուղիտան երկու նաժիշտի և իր երեք տարեկան երեխայի` բարեհաղթ Կիրակոս վկայի հետ փախավ Իկոնիոն քաղաքից, որ Սուրացոց երկրի մայրաքաղաքն է, ուր Հուղիտան ամուսնացած էր: Արդ, թողնելով իր ամբողջ կայքը, շարժուն և անշարժ բազմապատիկ գույքը` նա փախչելով եկավ Սելևկիա, որ Սուրացոց ազգի գլխավոր քաղաքն է, և այնտեղ տեսավ քրիստոնյաների բազում խռովություններ: Քանի որ ոմն Աղեքսանդրոս, Դիոկղետիանոս ամբարիշտ թագավորից ստանալով դատավորական իշխանություն, արքունական հրամանով եկել էր Սելևկիա քաղաքը և կարգադրել ամենայն ջանասիրությամբ` խոշտանգելով ու տանջելով չարչարել նրանց, ովքեր զոհ չեն մատուցում սնոտի կուռքերին, որոնց աստված են անվանում: Եվ երանելի Հուղիտան, որ գրված է Աստվածային գրքում, մտածեց, թե` «բարկությանը տեղի տվեք» (Հռոմ. ԺԲ. 19), որպեսզի հանկարծակի չբռնվի: Այնտեղից ևս փախստական գնաց Տարսոն քաղաքը, որ Կիլիկեցիների առաջին նահանգի մայրաքաղաքն է: Եվ, ասես ինչ-որ հուզումից նրա վրա հասնելով, լիրբ և ժպիրհ Աղեքսանդր դատավորը, ըստ Դոմետիանոսի, բազմապատիկ չարությամբ առավել ևս չարացած բռնեց բարեհաղթ Հուղիտա վկային, որ գրկին ուներ իր որդուն, գեղեցիկ տղային` աստվածակոչ սուրբ վկա Կիրակոսին: Եվ անօրինության սպասավորները ըստ օրինակի գուշակման բռնեցին նրան, և նաժիշտները թողնելով նրան փախան, հեռվում կանգնած նայում էին, թե ինչ է լինելու: Եվ նրանց կանգնեցրին Աղեքսանդրի թագավորական բեմի առաջ, հարցրին անունը, բախտը և աշխարհը: Դատավորի առաջ համարձակ Քրիստոսի անունը հիշելով ասաց. «Քրիստոնյա եմ»: Եվ զայրացած դատավոր Աղեքսանդրը բազմաթիվ սպառնալիքներով սաստեց երանելի Հուղիտային: Բայց ըստ իր կամքի չկարողացավ գործել:
Ապա հրամայեց կապկպել և դալար արջառաջիլերով անխնա հարվածել և մանկանը հանել մոր գրկից: Եվ նա հորդաբուխ արտասուքով լալիս էր մոր համար: Երանելի մայրը` ճգնությամբ լի, դարձած նայում էր նրան: Այնժամ նրան տարան դատավորի մոտ և ամբարշտի հրամանի համաձայն դժնի, անողորմ հարվածներով [տանջում էին]: Իսկ նա ոչինչ չէր պատասխանում, միայն մեծ համարձակությամբ ասում էր. «Քրիստոնյա եմ»: Համարյա անշունչ` ընդունում էր չարչարանքները և նույն ձայնով առավել աղաղակում. «Քրիստոնյա եմ»: Եվ դատավորն իր գիրկը առավ մանկանը և սկսեց գգվել, դրեց իր ծնկին, ուզում էր համբուրել, և նա մորը նայելով ոստոստելով ավելի էր նեղում իշխանին և գլուխը նրանից մի կողմ էր դարձնում, իր ձեռքերով խփում էր նրան և եղունգներով` ինչպես ճիրաններով, ճանկում էր դատավորի երեսը և տատրակի ձագի նման մոր քաղցրաձայն ասածն էր կարծես ասում. «Քրիստոնյա եմ»,- քանի որ մանկական բնության սովորություն է այսպիսի ակնածությամբ հանդուգն խայտալ, մինչև որ դատավորը կատաղեց իբրև վայրենի գազան, քանի որ արժանի չէ մարդ անվանել նրանց, որոնք մարդկային գործերին օտար են: Բարկությամբ լցված, իբրև արյունարբու գազան բռնեց մանկան ոտքից. այն բարձրադիր բեմից սուրբ մանկանը զարկեց, և տախտակամածի անկյանը դիպավ գլուխը, և ճեղքեց ամենահաղթ մարտիրոսին այսպիսի խոստովանությամբ: Եվ այդպես ջարդվեց գլուխը, և արյան ցրվելուց լցվեց բեմը, ուր նստել էին: Եվ աստվածազգեց մանուկը Աստծու ձեռքը ավանդեց հոգին, քանի որ արդարների հոգիները Աստծու ձեռքին են:
Երբ այս տեսավ սուրբ Հուղիտան, խնդությամբ լցված ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստո՛ս, որ արժանի արիր իմ որդուն նահատակվելու և հասնելու անթառամ պսակի»: Երբ դատավորն այս լսեց, իր մեջ առավել ևս կատաղեց, հրամայեց նրան կախել և ուժգին քերել, և եռացող ձեթով լի կաթսայից վերցնել ու լցնել նրա վրա:
Եվ բռնավորի հրամանով մունետիկներն աղաղակում էին. «Դու քեզ խղճա և զոհ մատուցիր աստվածներին, որ քո որդու նման չմեռնես»: Իսկ Քրիստոսի սուրբ աղախինը մեծ համարձակությամբ ասաց. «Ես դևերին զոհ չեմ մատուցում, քանի որ պաշտում եմ Քրիստոսին` Աստծու միածին Որդուն, որ ստեղծեց ամեն ինչ, և` Տեր Աստված ամենակալ Հորը` և գնում եմ իմ տղայի` աստվածակերտ մանկան հետ, որ նրա հետ արժանի լինեմ արքայության»:
Երբ դատավորը տեսավ սուրբ վկայի համարձակությունը և անփոփոխելի խոստովանությունը ի Քրիստոս` նրա վրա վճիռ հատեց` սրով գլխատել նրան և նրա և որդու մարմինները գցել մահապարտների տեղը: Եվ դահիճները երանելի Հուղիտայի բերանը կապեցին սանձով և վերցրին տարան սովորական տեղը` կատարելու բռնավորի հրամանը: Իսկ սուրբը աղաչում էր դահիճներին, որ թողնեն մի փոքր աղոթել: Եվ դահիճները, անսալով նրա աղաչանքին, մի փոքր թույլ տվին նրան: Եվ նա ծունկի եկած ասաց այսպես. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստո՛ս, որ իմ որդուն կանչեցիր ինձնից առաջ նահատակվելու և արժանի արեցիր թողնելու այս ժամանակավոր և ընդունայն կյանքը և արժանացրիր հավիտենական կյանքի` Քո սրբերի հետ: Ինձ ևս, Քո աղախնին, արժանացրու Քո մեծ պարգևներին, որպեսզի մտնեմ իմաստուն կույսերի հաշվի ու թվի մեջ, հավիտենական անմահ հարսանիքի: Եվ իմ անձը կօրհնի ամեն ինչի արարիչ ամենակալ Հայր Աստծուն և ամենասուրբ Որդուդ և կենդանարար Հոգուդ` այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից»: Եվ դահիճը քաշեց սուրը, կտրեց երանելիի գլուխը քաղաքից դուրս: Եվ նրա պատվական մարմինը գցեցին այնտեղ, ուր բարեհաղթ Կիրակոս վկայի նշխարներն էին:
Եվ Քրիստոսի աղախին Հուղիտան և նրա մեծափառ որդի Կիրակոսը նահատակվեցին հրոտից ամսի [իննին, և հուլիսի]տասնհինգին: Մյուս օրը եկան նրա աղախինները, գիշերով վերցրին նրանց նշխարները, դրին մի անձավում, Տարսոն քաղաքի մերձակայքում, մինչև Կոստանդիանոս բարեպաշտ թագավորի ժամանակները: Եվ աղախինները մեռան առաջ, քան Քրիստոսի սուրբ վկաների հայտնությունը, և ճշմարտությունն ի լույս եկավ և Քրիստոսի եկեղեցիները համարձակորեն պայծառացան: Ապա հայտնվեցին սուրբ վկաների նշխարները` Սուրբ Հոգու շնորհներով ցույց տալով տեղը: Եվ բոլոր հավատացյալները փափագելի հոժարությամբ վերցրին վկաների սուրբ նշխարներից` իրենց բժշկության համար:
Արդ, այս ամենը գրեցի ճշմարտությամբ, նշանակեցի քո աստվածասեր անձին, որ ավանդես հավատարիմ մարդկանց, որ կազմավորվեն բոլոր ճշմարիտների մտքերը և չնայեն այն գրքի մանիքեական բարբաջանքներին, այլ` այս ճշմարտությանը հավանեն ի Քրիստոս: Մեր բարեպաշտ Հուստիանոս թագավորի և մեր սուրբ հայրապետ Զոսիմոսի ժամանակ բարեպաշտ մտքով և ճշմարտասեր նախանձախնդրությամբ հետաքրքրվեցին սուրբ Գեորգի և երանելի Կիրակոսի վկայաբանությամբ, որ մանիքեցիների մտացածին խոսքով էր ստեղծված: Այն համարելով ոչ ուղիղ, ոմն Թեոդորոս մեծ եպիսկոպոսի և երանելի այր Զենոնի` նվիրապետին Սուրացոց աշխարհից և ոմն Մարկիանոս քրիստոսասեր հազարապետի` թագավորի դպիրին ուղարկեցին: Նրանք եկան, հասան Լիկոնացոց գավառը. մեծ դժվարությամբ փնտրելով այն գավառում, ուր նրանք վկայեցին, թագավորական իշխանությամբ քննեցին և գտան այն մատյանը, ուր սկզբնապես գրվել են այս վկայաբանությունները, որ շարադրվել էին նրանց վկայության և չարչարանքի ականատես քրիստոսասերների ձեռքով, որ եղավ Դիոկղետիանոսի թագավորության և Աղեքսանդրի դատավորության ժամանակ, որ սրբության պահարանի մեջ դրված պահում էին Տարսոն քաղաքում, որը աստվածասեր թագավորը և բարեպաշտ հայրապետը բերելով աղոթեցին, գոհացան մարդասեր Աստծուց այս ճշմարիտ վկայաբանության գյուտի համար. վերջին ժամանակներս Աստծուց շնորհվեց նրանց առաջին վկայաբանությունը: Եվ մի կողմ գցելով մանիքեական սուտ ստեղծաբանությունը` այս ճշմարիտ վկայաբանությունը [արտա]գրեցին և առաքեցին բոլոր եկեղեցիներին` ի Քրիստոս Հիսուս Տեր մեր, որին փառք հավիտյանս. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.