Սուրբ կույս Քրիստոնիայի* վկայաբանությունը, որ մարտիրոսվեց տյուրացիների քաղաքում

Տյուրացիների քաղաքում ապրում էին Ուրբանոս անունով մի զորավար և իր կինը` Անիկորան: Եվ բոլոր իշխանների ու մեծամեծների մեջ երևելի էին ու [սիրելի] թագավորներին: Եվ նրանք մի դուստր ունեին, որ մանկուց սիրել էր քրիստոնեությունը: Եվ սրբերի ձեռքով գաղտնի ընդունել էր լուսավոր ավազանի մկրտությունն ու Քրիստոնիա անունն ստացել, աշակերտել Քրիստոսի Ավետարանին և իրեն նվիրելով Աստծուն` [ուխտել] էր պահել կուսությունը: Եվ աղջիկն այն գեղեցիկ էր հույժ: Եվ երբ նա դարձավ տասներկու տարեկան, նրա հայր Ուրբանոսը դստեր համար մի բարձր աշտարակ կառուցեց, ուր տեղավորեց նաև տասներկու աղախիններին: Եվ այնտեղ կանգնեցրեց ոսկեձույլ աստվածներին, որ դուստը նրանց պաշտի, և կույսն անհասանելի լինի մարդկային աչքի համար: Սակայն սուրբ կույսն Աստծուն էր երկրպագում և արհամարհում էր կուռքերին: Եվ գիշեր ու ցերեկ աղաչում էր Աստծուն, որ իրեն փրկի այդ աշխարհից, որովհետև նրա սիրտը տագնապում էր հոր և մոր կռապաշտությունից:

Եվ [մի օր] աղախիններն ասացին. «Տիրուհի՛, ինչո՞ւ չես պաշտում քո հոր և մոր աստվածներին և ուրիշին ես Աստված խոստովանում, որին մենք չենք ճանաչում: Եթե քո հայրն իմանա` կորստյան կմատնի թե՛ քեզ, թե՛ մեզ»: Իսկ նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք մոլորվել սնոտիներով, որ ստեղծվել են մարդկանց ձեռքերով և մեզ ո՛չ օգուտ, ո՛չ վնաս չեն կարող պատճառել: Ես պաշտում եմ կենդանի Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և դրանցում եղած երևացող ու աներևույթ արարածներին: [Նրան], որ միշտ կենդանություն է շնորհում Իր ստեղծածներին: Եվ անմռունչ կուռքերին չեմ կարող աստվածներ կոչել ու թո՛ղ երբեք այդպես չլինի»: Եվ աղախիններն ամեն բան պատմեցին նրա հորը: Եվ մտնելով` հայրն ասաց նրան. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին… օտար Աստծո՞ւ ես երկրպագում, որին չենք պաշտում ո՛չ մենք, և ո՛չ մեր թագավորները»: Իսկ երանելին, առաջնորդվելով իմաստության շնորհներով, ասաց. «Մարգարեությունից սովորեցինք պաշտել անմահ Աստծուն, որ անմահություն է շնորհում մահկանացուներիս, արդարներին և սրբերին` հավիտենական կյանք Իր արքայության մեջ: Եվ ես, այս ամենին հավատալով, ցանկանում եմ սրբերի ժառանգորդը լինել և փախչել բարկությունից և հավիտենական տանջանքներից, որ պատրաստված են սատանայի, դևերի, ամբարիշտների և բոլոր մեղավոր մարդկանց համար, որ քեզ են նման և հեռու են ճշմարտությունից: Այս լսելով` հայրը բարկացավ և սկսեց սպառնալ չար պատիժներով, եթե չհրաժարվի այդ մտքերից: Սակայն քիչ անց բարկությունն անցավ, և կարծեց, թե իր մոլորեցնող խրատներով կարող է համոզել աղջկան:

Իսկ երբ իմացավ, որ հայրը գնացել է, երանելի աղջիկը ելավ և փշրեց բոլոր կուռքերը և ոսկին ու արծաթը բաժանեց աղքատներին և եղածի համար փառավորեց Աստծուն: Եվ գիշեր ու ցերեկ միշտ աղոթում էր, ամրանում պահքով և ձգտում բարի գործերի: Եվ հայրն իմացավ այս մասին և եկավ նրա մոտ ու հրամայեց, որ երանելիին սաստիկ ծեծեն և ոտքերն ու ձեռքերը երկաթե կապանքների մեջ դնելով` աշտարակից բանտ տանեն: Եվ խորհում էր աստվածների պաշտամունքը կատարել իր դստերը զոհելով: Եվ օրեր անց հրամայեց իր մոտ բերել նրան և ասաց. «Աստվածներին պաշտել չկամենալու համար [մահվան] ես դատապարտված: Բայց եթե զգաստանաս և պաշտես` կներենք քեզ և գթալով` ավելի շատ կպատվենք և կմեծարենք»: Երանելին պատասխանեց. «Չեմ պաշտի դևերին և նրանց բագինները, այլ կպաշտեմ կենդանի Աստծուն, որ ինձ զորացրեց այս ճգնության հանդեսում: Իսկ դու, Աստծո՛ւց օտարացածդ, որ չես ողորմում քո դստերը, որ քեզ քարոզեց ճշմարիտ Աստծուն, սակայն դու չլսեցիր, [Աստծու] վերահաս զայրույթից փրկվելու հույս չունենաս»: Եվ բարկանալով` նրա հայրը հրամայեց երկաթե ճանկերով քերել սրբին և գցել կայծկլտացող [ածուխների] վրա: Սակայն աղջիկը, Աստծուց զորություն ստանալով, սկսեց աղոթել և ասել. «Հա՛յր երկնավոր, ինձ ժուժկալություն շնորհի՛ր, որպեսզի դիմանամ տանջանքներին, որ կրում եմ Քեզ համար, ու բոլորն իմանան, որ Քեզ ապավինողներին և հուսացողներին փրկող Աստվածը Դու ես: Ինձ` նեղվածիս Սփոփո՛ղ, անօգնականիս Մխիթարո՛ղ և որբիս Հա՛յր, որ մանկուց ի վեր ինձ առաջնորդեցիր դեպի Քո ճշմարտությունը, որպեսզի ընթացքն իմ հաճելի լինի Քեզ, որովհետև ամեն բան Քո փառքով է կատարվում` այժմ և հավիտյան»: Եվ այս ասելով` զորություն ստացավ Սուրբ Հոգուց, և ինչ հարցնում էին` անմիջապես պատասխան էր տալիս:

Այս տեսնելով` նրա հայրը զարմացավ և ապշեց և հրամայեց նրան բանտ տանել: Եվ սուրբը Քրիստոսի շնորհներով ու վերին զորությամբ այնտեղ ամոքվեց: Եվ այն գիշեր Աստծու հրեշտակը հարվածեց նրա հորը, և ամբարիշտը սատկեց, որովհետև Աստծուն փառք չէր տալիս: Եվ նրան հաջորդեց քրիստոնյաների հալածիչ Դիոսը, ու նրան ծանուցեցին երանելի Քրիստոնիայի, նրա կրած չարչարանքների մասին, որոնց հայրն էր դատապարտել: Եվ Դիոսը հրամայեց իր մոտ բերել սրբին և ասաց. «Մեծամեծների՛ դուստր, որ հորդ կողմից չարչարանքներ կրեցիր աստվածների սիրո համար. այժմ ընդունի՛ր աստվածների պաշտամունքը, և բոլոր մեծություններով կփառավորեմ քեզ: Իսկ եթե համառես` դառն տանջանքների կենթարկեմ: Եթե քո հայրն աստվածների համար չխնայեց քեզ, ապա այժմ որքան շատ կսաստկանան չարչարանքներդ»:

Երանելի կույսը պատասխանեց. «Ո՛վ ամբարիշտ և անիրավ, Աստծուց օտարացել ես և այդ իսկ պատճառով ինձ խնդրում ես և պատիվ ու մեծություն խոստանում, իսկ հետո սպառնում ես չարաչար տանջանքներով, որ ինձ համոզես աստվածներին պաշտել: Չե՛մ ենթարկվի քո կորստաբեր հրամաններին, այլ կպահեմ հավատքն իմ, որ ընդունեցի իմ Տեր Հիսուս Քրիստոսից: Չե՛մ լքի Նրան, որին փառք են տալիս ամեն ժամ, [Նրան], որ փրկում է վտանգներից: Ես Քրիստոսին եմ ապավինել, որ ինձ կփրկի տանջանքներից, որոնցով սպառնում ես, իսկ դու կյանքովդ կվճարես ու կհետևես իմ հորը, որ Աստծուն փառք չտվեց: Դու ևս կկորչես նրա պես»: Եվ Դիոսը զինվորներին հրամայեց ծեծել սրբին: Եվ ըստ հրամանի սկսեցին տանջել նրան և ստիպում էին, թե` «Ընդունի՛ր աստվածների պաշտամունքն ու ազատվի՛ր»: Եվ սուրբն ասաց. «Ո՞ւր են աստվածները, ցույց տվե՛ք»: Այդ լսելով` կարծեցին, թե համոզվել է, և նրան վերցրեցին-տարան Ապոլոնի տաճարը: Դիոսը նույնպես գնաց:

Եվ երբ սուրբ կույսը Դիոսի և ամբողջ բազմության հետ տաճար մտավ, աչքերը երկինք հառեց ու ասաց. «Տե՛ր Աստված, նայի՛ր երկնքից` Քո սրբությունից, և տե՛ս անօրենների և ամբարիշտների մոլորությունը, որ Քո սուրբ անունը դևերի պատկերներին են տալիս: Եվ Դու լսո՞ւմ ես, Տե՛ր, և Դու լռո՞ւմ ես, անտեսո՞ւմ ես անաստվածների հայհոյությունը: Ամենակա՛լ Տեր, վերացրո՛ւ պատկերներն այս, մանրացրո՛ւ և ցիրուցա՛ն արա, ինչպես հողմն է քշում փոշին գետնի վրայով, որովհետև աստվածները, որ խաբում են մարդկանց ու չեն ստեղծել երկինքն ու երկիրը, պետք է կորչեն, քանի որ միայն Դու ես ամենակարող Աստված»: Եվ երբ սուրբն ավարտեց խոսքը, արձանն ընկավ ու փոշու պես մանր կտորների բաժանվեց, և սաստիկ քամին քշեց-տարավ: Եվ մունետիկը գոչեց. «Կախարդությամբ եղավ»:

Եվ կործանված արձանի համար թագավորների զայրույթից վախենալով` [Դիոսը] հրամայեց հրով այրել կույսին: Եվ երբ հնոցը պատրաստ էր, սրբին մեջը գցեցին: Եվ հնոցի մեջ նա ձեռքերը վեր պարզեց և սկսեց աղոթել. «Քրիստո՛ս, Աստծու Որդի, որ հնոցն իջար ու կրակից փրկեցիր երեք մանուկներին. ողորմի՛ր և Քո աղախնին, որ բոլորն իմանան, որ Դու ես Քո արարածներին փրկողը»: Եվ երբ ասաց` «Ամեն»,-երեք հազար մարդ Աստծուն հավատաց և սկսեցին փառավորել Նրա անունը այդ մեծ սքանչելիքի համար, որ կատարվեց սուրբ կույսի միջոցով, որովհետև հուրն անմիջապես մարեց` ոչ մի վնաս չհասցնելով: Եվ Դիոսը զարհուրեց, ու զայրույթով լցվեց նրա սիրտը: Եվ հրամայեց սրբին բանտ տանել և աչալուրջ հսկել, որովհետև չգիտեր, թե ինչ անի: Եվ զարհուրած Դիոսն այն գիշեր սատկեց, որովհետև փառք չտվեց Աստծուն: [Եվ եղավ այնպես], ինչպես կանխավ ասել էր սուրբ կույսը:

Շատ օրեր անց արքան [նոր] դատավոր ուղարկեց: Եվ նրան ծանուցեցին, որ երանելին բանտում է: Եվ հրամայեց սրբին ատյան բերել: Եվ սկսեց խոսել պես-պես խնդրանքներով, խոստանալով` փառք, մեծություն և այն ամենը, ինչ կա աշխարհում: Իսկ Աստծու սուրբը պատասխանեց և ասաց. «Ի՞նչպես կարող ես անանց կյանքը համեմատել [աշխարհի] փառքերի ու մեծության հետ: Այս կյանքը երազի պես է և ունայնություն ունայնությանց, ինչպես ասաց իմաստունը: Եվ զարմանում եմ, ի՞նչպես եք մոլորվել կուռքերի պաշտամունքով. հեթանոսների բոլոր կուռքերը ոչնչություն են և ոչինչ համարվեցին Աստծու դեմ: [Այն Աստծու], որ ստեղծեց երկինքն ու երկիրը: Դուք, որ խավարի մեջ եք և հեռու եք ճշմարտության լույսից, չեք պաշտում Աստծուն, և դեռ կամենում եք հրապուրել քրիստոնյաներին: Չենք խաբվի ձեր խոստումներով, կապրենք Աստուծով և կմահանանք Նրա անվան համար»: Եվ բարկացած դատավորն սկսեց սպառնալ. «[Ո՞վ ես դու] կամ ի՞նչ, որ քո կախարդությամբ հերքում ես բոլորին, որ քեզ հորդորում են պաշտել աստվածներին»: Սուրբը պատասխանեց. «Ես մարդ եմ և մարդկանցից ծնված: Քրիստոսին նվիրվեցի կուսությամբ և պաշտում եմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որովհետև ամենակալ Հայրը սիրեց ինձ, միածին Որդին առաջնորդեց դեպի արդարություն, իսկ Սուրբ Հոգին զորացրեց ժուժկալության մեջ: Եվ այժմ հետս է Սուրբ Հոգու շնորհը. Նրանով եմ ապրում, գործում և հաղթում ամենքին: Եվ ես չեմ խաբվի քո շողոքորթ խոսքերով և չեմ վախենա քո սպառնալիքներից, որովհետև շտապում եմ դուրս գալ այս մարմնից և Աստծու մոտ մտնել»: Եվ երբ Հուլիանոս դատավորը տեսավ նրա անփոփոխ կամքը, նրա համար [մահվան] վճիռ կայացրեց: Եվ երբ սուրբ կույսին տարան մարտիրոսության վայրը, նա ձեռքերը երկինք կարկառեց և սկսեց աղոթել Տիրոջն ու ասել. «Ճշմարտությա՛ն Հոգի, ի՛մ անձը նորոգող, մի՛ զրկիր ինձ Քո շնորհներից, այլ շարունակի՛ր ընթացքն իմ ըստ Քո կամքի` ճշմարիտ խոստովանությամբ: Արդ, այս ամենի փոխարեն, իբրև անուշահոտ պատարագ թո՛ղ հեղվի արյունն իմ ի հաճություն Քեզ, և այս աշխարհից արագ տեղափոխվեմ Քո մոտ` սրբերի օթևանները, որպեսզի բոլոր սրբերի հետ, կույսերի դասում կանգնած` մշտապես օրհնություն մատուցեմ Քեզ. ամեն»: Եվ երկնքից ձայն հնչեց, որ ասաց կույսին. «Անարատ և անբիծ կույս, որ ժուժկալությամբ և բարությամբ հաղթեցիր չար բռնավորների չարչարանքները: Արդ քեզ են սպասում անանց ուրախությունները, անսպառ բարիքներն ու անթառամ պսակը, որ պիտի վայելես հավիտյան»: Եվ բռնակալի հրամանով երկու տեգավոր զինվորներ խփեցին նրա սրտին, և այդպես վկայեց սուրբ կույս Քրիստոնիան: Եվ նրա ազգից մեկը, որ երանելիի շնորհիվ էր հավատացյալ դարձել, վերցրեց նրա սուրբ մարմինը և պատեց թանկագին հանդերձներով, օծեց անուշաբույր յուղերով ու խնկով, դրեց տապանի մեջ և վայելուչ վկայարան կառուցեց ու այնտեղ տեղավորեց նշխարները: Եվ սրբի հանգստարանում բազում բժշկություններ են լինում մինչ օրս:

Սուրբ կույս Քրիստոնիան մարտիրոսվեց Ադրիանոսի թագավորության ժամանակ` նավասարդ ամսին, ի փառս ամենասուրբ Երրորդության, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից. ամեն:

 

* Ըստ «Յայսմաւուրքի»` Քրիստինեա

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

24.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․