21 Դեկտեմբեր, Շբ
Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սբ. Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև՝ զինվորների բարեխոս:
Հայտնի բժիշկ Պանդալեոնն ապրել է 3-4-րդ դարերում ժամանակակից Թուրքիայի տարածքում: Նա շատ համբերատար էր, բարի, բուժում էր հիվանդներին, անտուններին, աղքատներին և բանտարկյալներին՝ իր բժշկության դիմաց ոչինչ չակնկալելով:
Ինչո՞ւմն էր նրա գաղտնիքը, ինչպե՞ս էր կարողանում բուժել կույրերին, բորոտներին, կաղերին: Նրա վկայաբանությունից մեզ հայտնի է, թե ինչպես մի մահացած երեխայի կենդանացրեց: Ինչպե՞ս կարող էր սովորական մի մահկանացու նման բժշկություններ կատարել: Նրա գաղտնիքը պարզ է. նա հավատաց Հիսուս Քրիստոսին՝ հոգու և մարմնի միակ Բժշկին: Երբ վերադարձավ քրիստոնեության գիրկը, ֆիզիկական բժշկության արվեստը թողնելով, հոգևոր բժշկության կոչում զգաց իր մեջ: Պանդալեոնն սկսեց բազմաթիվ բժշկություններ կատարել աղոթքով և Հիսուսի անունով: Իր գործունեությամբ երեք տեսակ չարիքների առաջն առավ՝ աղքատության, հիվանդության և մեղքի. քանի որ թե՛ հիվանդներին էր բժշկում Քրիստոսի անունով, թե՛ չքավորներին էր օգնության հասնում և թե՛ հոգիներին դարձի բերում:
Պանդալեոն կամ Պանդելեմիոն բժիշկն ապրել է Փոքր-Ասիական Նիկոմեդիա (այժմ Իզմիտ) քաղաքում, եղել հեթանոս ազնվական հոր և քրիստոնյա մոր զավակ: Նրա մայրը՝ Եվվուլան, ուզում էր իր որդուն քրիստոնեական ոգով կրթել, բայց մահանում է, երբ ապագա մարտիրոսը դեռ երիտասարդ էր: Չնայած դեռ չմահացած՝ կարողանում է նրա մատաղ սրտի մեջ քրիստոնեական սերմը ցանել: Մոր մահից հետո մանուկը մեծանում է հեթանոսության մեջ: Հայրը պատանի Պանդելեմիոնին կրթության է տալիս Եփրոսինոս հայտնի բժշկի մոտ: Ստանում է բարձր ուսում և նվիրվում բժշկությանը: Շուտով խելացի, շնորհալի և գեղեցկադեմ Պանդալեոնին նկատում է Մաքսիմիանոս կայսրը, ով ցանկություն է հայտնում նրան վերցնել իր մոտ՝ որպես պալատական բժիշկ: Սակայն Աստծո նախախնամությամբ Պանդալեոնին նկատում է նաև մեկ այլ անձնավորություն՝ Երմողայոս քահանան, ով իր երկու ընկերների հետ փրկվել էր 303թ. Նիկոմեդիայի եկեղեցում 20 000 քրիստոնյաների հրկիզումից: Նա իր ընկերների հետ բնակվում էր թաքստարանում, որի կողքով հաճախ անցնում էր Պանդալեոնը: Երմողայոսը նրան հիացումով էր դիտում՝ նկատելով նրա մեջ բացառիկ լրջություն: Ծերունի Երմողայոսն իր զրույցներով Պանդալեոնի մեջ սերմանում է Քրիստոսի հանդեպ սերը, ծլեցնում և աճեցնում նրա մեջ բարեպաշտ մոր նետած սերմերը ու նրան համոզում քրիստոնեական կրոնի ճշմարտացիությունը:
Իր նոր հավատքի մեջ նա ավելի է ամրանում մի հրաշքով: Մի օր Պանդալեոնը փողոցում ընկած մեռած մի մանուկ է տեսնում, որը մահացել էր օձի խայթոցից և օձն էլ նրա մոտ էր: Մանկանը տեսնելով՝ ասում է. «Ո՛վ մեռյալ մանուկ, ոտքի՛ ելիր հանուն Հիսուս Քրիստոսի. իսկ դո՛ւ, չար գազան, պատիժը ստացիր քո չարիքի, որ գործեցիր այս մանկան հանդեպ»: Նույն վայրկյանին մանուկը հարություն է առնում, իսկ օձը՝ սատկում: Այս հրաշքը առավել ամրապնդում է նրա հավատը Փրկչի հանդեպ և Պանդալեոնը մկրտվում է Երմողայոսի ձեռքով:
Ուրախ սրտով ու համարձակ դավանում է. «Հիսուս Քրիստոս ի՛մ Աստվածն է: Հավատում եմ»: Պանդալեոնը դարձի է բերում նաև իր հեթանոս հորը, երբ նրա ներկայությամբ Տիրոջ անունով և խաչի նշանով բացում է մի կույրի աչքերը: Հայրը նույնպես մկրտվում է և փշրում իր տանը եղած կուռքերը: Հոր մահից հետո Պանդալեոնը նրա ամբողջ հարստությունը ծախսում է աղքատների համար, Քրիստոսի անունով բժշկություններ կատարում և շատերին դարձի բերում:
Նրա համբավը տարածվում է և որոշ բժիշկներ նախանձից նրան ամբաստանում են Մաքսիմիանոս կայսեր առաջ:
Հակառակ այն իրողության, որ կայսեր ներկայությամբ անբուժելի հաշմանդամին աղոթքով կատարյալ բժշկություն է պարգևում, սակայն կայսրը չի բուժվում իր հոգեկան հաշմանդամությունից, ընդհակառակը՝ Պանդալեոնին ենթարկում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է Աստծո ծառան:
Նրան ստիպում են թողնել քրիստոնեությունը և դառնալ դեպի հեթանոսություն: Նրան սպառնում են, խոշտանգում, խոստանում են բոլոր հարստությունները երկրի: Բայց նրա դեմքը լուսավոր էր, և անփոփոխ նրա՝ «Հավատում եմ»:
Սակայն այս ամենը, ինչպես նաև հաջորդաբար ենթարկված բոլոր տանջանքներից անվնաս ազատվելը վերագրվում է կախարդության:
Երբ իմանում են, որ նրան դարձի բերողը Երմողայոսն է, ատյան են հանում նաև վերջինիս՝ իր երկու ընկերների հետ և չարչարանքների մատնելուց հետո՝ գլխատում: Այնուհետև գլխատվում է նաև Պանդալեոնը: Սուրբը, սիրով և աղոթանվեր երկյուղածությամբ, պարզում է իր պարանոցը դահճի սրի տակ: Վկայաբանություններում ասվում է, թե նրա կտրված պարանոցից ոչ թե արյուն է բխում, այլ կաթ: Իր մահվանից առաջ աղոթելով՝ նա Տիրոջից թողություն է խնդրում իրեն չարչարողների համար: Արդեն իսկ 4-րդ դարում նրա անունով եկեղեցիներ են կառուցվում Հայոց Սեբաստիա քաղաքում և Կ.Պոլսում, իսկ նրա նշխարները տարածվում են բազմաթիվ վայրերում: Նրան տրվել է նաև Պանդելեմիոն անունը, որ նշանակում է «ամենողորմած»՝ իր կատարած անթիվ բարիքների համար, որոնցից վերջինն էր իրեն չարչարողների համար թողություն խնդրելը:
Սբ. Պանդալեոնի վարքը գրել են նրա երեք ընկերները, ովքեր մինչև նրա նահատակությունը հետևել են նրան:
Բոլոր ժամանակներում էլ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է, որ որևիցե մեկը օգնի, սատար կանգնի և բժշկի, ոչ միայն իր մարմինը, այլ նաև՝ հոգին: Ինչպես ամեն մարդ հիվանդության դեպքում դիմում է բժշկի, այնպես էլ ամեն հավատավոր դիմում է նաև Սբ. Պանդալեոնի բարեխոսությանը:
Արդյոք օգնո՞ւմ է նա այսօր: Արդյոք լսո՞ւմ է մեզ այդ երիտասարդ բժիշկը: Անկասկած, այո՛: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ Սբ. Պանդալեոնը չի դադարում օգնել այն մարդկանց, ովքեր հավատով դիմում են նրա բարեխոսությանը, և որոնց համար նա բարեխոսում է հոգու և մարմնի միակ Բժշկի՝ Հիսուս Քրիստոսի մոտ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը