4 Նոյեմբեր, Բշ
Ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսն իր թագավորության տարիներին հրաման տվեց և ասաց. «Բոլոր նրանց, որ պաշտում են Աստծուն, ժողովեցե՛ք Նիկոմիդիա քաղաքում»: Եվ ում գտան` բոլորին տարան քաղաքը: Եվ երբ Մաքսիմիանոսը տեսավ նրանց, ասաց. «Սրա՞նք են մոլորյալները»: Պատասխանեցին. «Այո՛, սրանք են»: Եվ Մաքսիմիանոսն իր կորստին էր ձգտում, իսկ նրանք` հավիտենական կյանքին:
Եվ այնտեղ մի սինկղիտոս կար, որի անունը Եվստորգեոս էր: Նա բնակվում էր Նիկոմիդիա քաղաքում: Եվ մի գեղապատշաճ որդի ուներ, որի անունը Պանդալեոն էր, որ և միամորիկ էր: Սա սովորել էր դպրոցում, իսկ այնուհետև հայրը նրան հանձնել էր բժշկին, որ ուսուցանի: Եվ այն ուսուցչի անունը Սոփրենես էր: Նա թագավորի բժիշկն էր և քաղաքի ուսուցանողը: Եվ ուր գնում էր` Պանդալեոնը նրա հետ էր:
Եվ թագավորն ասաց Սոփրենեսին. «Ո՞վ է այս պատանին»: Սոփրենեսը պատասխանեց և ասաց. «Որդին է մի սինկղիտոսի, որի անունը Եվստորգեոս է, իսկ [տղայի] մոր անունն է Եվբուլա: Եվ տվել են ինձ, որ բժշկություն ուսուցանեմ»: Եվ բոլոր նախարարներն ասացին. «Թագավորին վայել պատանի է»: Եվ թագավորն ասաց ուսուցչին. «Ուշադի՛ր եղիր և փութով ուսուցանի՛ր, որովհետև նա ինձ պետք է»:
Եվ քաղաքում, ուր ապրում էր Պանդալեոնը, իր երկու աշակերտների հետ Երմողիոս անունով մի երեց էր թաքնվում: Եվ Երմողիոս վայելուչ քահանան մշտապես տեսնում էր Պանդալեոնին, որովհետև ծերունին Սուրբ Հոգով իմացել էր, որ պատանին պատվական անոթ է լինելու, ըստ երանելի Պողոսի, որ ասում է. «Թո՛ղ չլինի մեկը, որ արհամարհի քո մանուկ հասակը» (Ա. Տիմոթ. Դ. 12): Եվ մի օր քահանան գաղտնաբար կանչեց պատանուն և ասաց. «Կգաս այսինչ ժամին»,-քանի որ, [ինչպես ասացինք], թաքնվում էր: Եվ երբ [պատանին] եկավ, [ծերունին] ողջունեց և ասաց. «Ի՜նչպես ես, որդյա՛կ, որ լի ես բարությամբ»: Պանդալեոնն ասաց. «Դո՛ւ ողջ լինես, պատվական քահանա»: Եվ [երեցը], ձեռքից բռնելով, մոտեցրեց իրեն և ասաց. «Որդյա՛կ, ո՞վ ես, ի՞նչ ես անում»: Պանդալեոնը պատասխանեց. «Ես մի սինկղիտոսի որդի եմ, որի անունը Եվստորգեոս է: Եվ մայրս Եվբուլան էր, որ արդեն մեկ տարի է, ինչ վախճանվել է»: Եվ երեցը հարցրեց նրան. «[Ինչո՞վ ես զբաղվում], ի՞նչ ես սովորում»: Պանդալեոնը պատասխանեց. «Քանի դեռ ողջ էր մայրս, նրա մոտ էի, սակայն հայրս չէր ուզում, այլ կամենում էր ինձ զինվորական դարձնել: Իսկ ես ուզում էի մորս մոտ մնալ: Բայց նրա մահվանից հետո հայրս ինչ ուզում` անում է»: Երեցն ասաց. «Ի՞նչ ես սովորում»: Պանդալեոնն ասաց. «Սովորածս այս է` «Ասկղեպիոս և Գաղինե».- ահա ամբողջ գիտությունը: Այսպես ասաց ուսուցիչս. «Երբ սա սովորես, կարող ես բոլորին բժշկել»: Եվ երեցն ասաց նրան. «Որդյա՛կ, ոչինչ է Ասկղեպիոսը և ոչինչ են աստվածները, որոնց պաշտում է Մաքսիմիանոսը: Լսի՛ր ինձ, որդյա՛կ, և հավատա՛ Քրիստոսին, և Նրա շնորհիվ կբժշկես բոլոր հիվանդներին: Քրիստոս մեռյալներին հարություն տվեց, կույրերին` տեսողություն, առողջացրեց հիվանդներին, հալածեց դևերին և ջուրը գինի դարձրեց»: Իսկ Պանդալեոնը, ինչպես երկիրն է ընդունում բարի սերմը և երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ պտուղ տալիս, նույն կերպ և նա էր ընդունում ծերունու խոսքերը` ի փրկություն ոչ միայն իր անձի, այլև շատերի: Պանդալեոնն ասաց. «Տե՛ր, գեթ մի հնար լիներ իմ ուսուցչին հասու դարձնել ասածներիդ: Դրանք լսել եմ նաև իմ երանելի մորից, որովհետև [մշտապես] աղոթում էր Քրիստոսին, որին քարոզում ես»: Երանելի երեցն ասաց. «Հավատա՛ Նրան, որդյա՛կ, և քեզ ամեն բան կտրվի երկնքից: Ընդունի՛ր հավատն ի Քրիստոս և մկրտվիր երկնային լույսի մեջ»:
Եվ մշտապես Պանդալեոնն շտապում էր երեցի մոտ և ավելի ամրապնդում հավատը: Եվ տուն գնալիս, նախ ծերունու մոտ էր գնում և նոր միայն տուն: Եվ այսպես լի էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով: Մի օր, ուսուցչին հրաժեշտ տալով, տուն էր վերադառնում, և ճանապարհին մի երեխա տեսավ, որին կծել էր օձը: Եվ օձը [դեռ] այնտեղ էր, իսկ մանուկը մահացել էր: Եվ երբ տեսավ, երկյուղեց և կամենում էր անցնել-գնալ, սակայն մտքում ասաց. «Ապա… փորձեմ Երմողիոսի ասածները և տեսնեմ` ճի՞շտ են, թե` ոչ»: Եվ աչքերը երկինք բարձրացնելով ասաց. «Տե՛ր Հիսուս, եթե արժանի եմ, և կամենում ես, որ Քո ծառան լինեմ, թո՛ղ Քո անունը դիպչի այս մանկանը»: Եվ մանուկն անմիջապես հարություն առավ, իսկ օձը երկու կես եղավ: Այնժամ Պանդալեոնը լցվեց շնորհներով և ասաց. «Օրհնում եմ [Քեզ], Տե՛ր Հիսուս Քրիստոս, որ ինձ արժանացրեցիր միանալու Քո ծառաներին»: Եվ դրանից հետո գնաց երեցի մոտ և նրա ոտքերն ընկնելով` ասաց. «Աղաչում եմ քեզ, Քրիստոսի՛ ծառա, մկրտի՛ր ինձ, որովհետև այսօրվանից ես ևս հավատում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ Աստված չկա, որի շնորհիվ մեռյալները հարություն են առնում»: Եվ Պանդալեոնը պատմեց կատարվածը, թե ինչպես Տիրոջ անունով մանուկը հարություն առավ, և կամ ինչպես օձը երկու կես եղավ: Եվ ծերունին ասաց. «Արի՛, որդյա՛կ, ցո՛ւյց տուր ինձ սատկած օձը»: Եվ սուրբ Պանդալեոնը տարավ, ցույց տվեց:
Եվ երբ երեցը տեսավ, աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Փառավորում եմ Քեզ, Աստվա՛ծ, որ անպատմելի են Քո շնորհները»: Եվ միասին գնացին այնտեղ, ուր թաքնվում էր երեցը, և մկրտեց սուրբ Պանդալեոնին և այնտեղ պահեց յոթ օր: Իսկ ութերորդ օրը սուրբը գնաց իր տուն: Հայրը տեսավ նրան և ասաց. «Որդյա՛կ, այսքան օրեր ո՞ւր էիր. հոգիս դուրս եկավ…»: Պանդալեոնը պատասխանեց. «Արքունիքում մի հիվանդ մարդ կար, որ արքայի սիրելին էր: Այսքան օրեր նրա մոտ մնացի, մինչև որ առողջացրեցի»:
Իսկ հաջորդ օրը գնաց իր ուսուցչի մոտ: Եվ երբ ուսուցիչը նրան տեսավ, հարցրեց. «Ասա՛ ինձ, Պանդալեո՛ն, այսքան օրեր ո՞ւր էիր»: Եվ Պանդալեոնը պատասխանեց. «Հայրս կամեցել էր ագարակ գնել և ինձ ուղարկել էր մուրհակներն ստանալու: Եվ մինչև ընդունեցի ագարակն ու [դրա դիմաց] մարգարիտը [տվեցի]` ուշացա»: Այս ասաց իր [բացակայության] և մկրտության [օրերի] վերաբերյալ, և երբ ուսուցիչը լսեց, այլևս հարցեր չտվեց:
Եվ Պանդալեոնը լցվեց Քրիստոսի շնորհներով և իր մեջ կրում էր կենաց գանձը: Եվ [մշտապես] մտածում էր հոր մասին, թե ինչպես մկրտի նրան, ուստի հանապազ նրա հետ խոսում էր Քրիստոսի զորությունների մասին: Եվ [մի օր] հարցրեց հորը. «Հա՛յր, ինչո՞ւ աստվածները ո՛չ նստում են, և ո՛չ քայլում»: Եվ հայրը պատասխանեց նրան. «Դժվար բան ես հարցնում, որդյա՛կ, և չեմ կարող պատասխանել»: Եվ սուրբ Պանդալեոնն սկսեց փառավորել Աստծուն, որ մի խոսքով կարողանա համոզել հորը: Եվ այն պահից, ինչ հարցրեց հորը, հայրն իր աստվածների վերաբերյալ երկմտանքի մեջ ընկավ: Եվ Պանդալեոնը կամեցավ փշրել տանը եղած կուռքերն ու ասաց. «Մի՛ տրտմիր, հայ՛ր, այլ համաձայնի՛ր ընդունել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքը»: Եվ երբ նա այս էր ասում, նրանց մուտքի մոտ մի կույր բերեցին, բախեցին դուռն ու ասացին. «Ո՞րտեղ է Պանդալեոնը` բժիշկը»: Եվ երբ Պանդալեոնը լսեց, դուրս եկավ, բռնեց նրա ձեռքից և ներս տարավ: Եվ ասաց կույրին. «Ի՞նչ ես ուզում»: Կույրն ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, խղճա՛ ինձ և տեսնելու կարողություն տո՛ւր խավարում փակվածիս, որովհետև բազում բժիշկներ փորձեցին բուժել, սակայն չնչին շողը, որ [նախկինում] տեսնում էի, դրանից ևս զրկեցին և մսխեցին ամբողջ ունեցվածքս»: Պանդալեոնն ասաց նրան. «Ամբողջ ունեցվածքդ բժիշկները վերցրեցին. իսկ ինձ ի՞նչ ես կամենում տալ, եթե վերականգնեմ տեսողությունդ»: Կույրը պատասխանեց. «Ինչ մնացել է նրանցից հետո, այն կտամ քեզ»: Պանդալեոնն ասաց. «Այս լույսը քեզ Քրիստոսն է տալիս` ձրի, ուստի դու գնա՛, աղքատներին տո՛ւր այն, ինչ խոստացար ինձ»: Իսկ Պանդալեոնի հայրն ասաց. «Հեռացի՛ր այդ մարդուց, որովհետև քեզնից ճարտար բժիշկներ են [փորձել] բուժել»: Պանդալեոնը պատասխանեց. «Իմ ուսուցիչն ավելի ճարտար է, քան բոլոր մյուս բժիշկները»: Եվ Պանդալեոնը բռնեց կույրի աջ ձեռքից և ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով լուսավորում եմ այս խավարածին և փառավորում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը»: Եվ մինչ աղոթում էր, բացվեցին կույրի աչքերն, ու սկսեց տեսնել: Եվ նույն պահին Պանդալեոնի հայրը, կույրի հետ մեկտեղ, սկսեց հավատալ [Աստծուն]:
Եվ Պանդալեոնը գնաց, երեցին պատմեց ողջ եղելությունը, և Երմողիոսն ուրախացավ Պանդալեոնի հետ և գնաց նրանց տուն, որ տեսնի նրա հորն ու կույրին: Եվ այնտեղ մնաց բազում օրեր և մկրտեց Պանդալեոնի հորն ու [նախկին] կույրին և նրանց լուսավորեց երկնավոր լույսով: Իսկ Եվստորգեոսը ջախջախեց իր տան կուռքերն ու խորխորատը նետեց: Եվ այս տեսնելով` Պանդալեոնը փառք տվեց բարձրյալ Աստծուն:
Քիչ ժամանակ անց մահացավ Պանդալեոնի հայրը, և տղան բաց թողեց ծառաներին` ունեցվածքի մի մասը տալով նրանց, իսկ մյուս մասը բաժանեց աղքատներին: Եվ ինքը հիվանդների և կարիքավորների մոտ էր գնում և մխիթարում խոսքով ու գործով, առողջացնում Քրիստոսով: Եվ շատ բժիշկներ, նրան նախանձելով, համախմբվեցին, բռնեցին [նախկին] կույրին, որին բուժել էր Պանդալեոնը, և ասացին իրար. «Արդյո՞ք սա այն կույրը չէ, որին մենք չկարողացանք բուժել: Եվ ո՞վ բժշկեց սրան»: Եվ հարցրեցին նրան. «Ո՞վ բժշկեց քեզ»: Եվ նա պատասխանեց. «Պանդալեոնը` Եվստորգեոսի որդին. նա բուժեց ինձ»: Եվ բժիշկները հարցրեցին Պանդալեոնի ուսուցիչ Սոփրենեսին. «Արդյո՞ք քո աշակերտը չէ…»: Սոփրենեսն ասաց. «Այո՛»: Բժիշկներն ասացին. «Ո՜հ աստվածներ. մեծ շնորհք է քեզ տրված»:
[Եվ բժիշկները] գնացին Մաքսիմիանոսի մոտ, չարախոսեցին Պանդալեոնին և ասացին. «Հրամայել էիր բժշկություն սովորեցնել այն պատանուն, իսկ նա, ահավասիկ, շրջում և բժշկում է մեր աստվածների թշնամիներին»: Եվ ավելացրեցին. «Հրամայի՛ր կանչել կույրին, որին առողջացրել է»: Երբ բերեցին [նախկին] կույրին, [թագավորը] հարցրեց նրան. «Ի՞նչ եղանակով քեզ բժշկեց Պանդալեոնը»: Եվ մարդն ասաց. «Ձեռքը դրեց աչքերիս և ասաց. «Մեր Աստված Հիսուս Քրիստոսի անվամբ` առողջացի՛ր»: Եվ նույն պահին առողջացա»: Թագավորն հարցրեց. «Ի՞նչ ես ասում… ի՞մ աստվածներն առողջացրին քեզ, թե՞ հեթանոսների Քրիստոսը»: Իսկ ապաքինվածը պատասխանեց. «Թագավո՛ր, այս գիտեմ միայն, որ բժիշկները երկար և շատ փորձեցին [բուժել], և ծախսեցին ողջ ունեցվածքս, սակայն ոչնչով չօգնեցին, այլև մի թեթև որ տեսնում էի` դրան ևս վնասեցին: Իսկ Քրիստոս այդ տղայի միջոցով լույս շնորհեց ինձ»: Թագավորն ասաց. «Գնա՛ և այլևս մի՛ հիշիր Քրիստոսին, որովհետև իմ աստվածները քեզ տեսողություն տվեցին»: Իսկ առողջացածն ասաց. «Իմ Քրիստոսն ինձ լուսավորեց Իր ծառա Պանդալեոնի միջոցով: Իսկ քո աստվածները, որ չեն տեսնում, ի՜նչպես կարող են որևէ մեկին լույս շնորհել»: Թագավորն ասաց. «Ո՜հ աստվածներ… բժիշկները ճիշտ ասացին սրանց մասին»: Եվ նույն պահին հրամայեց նրան տանել և գլխատել: Իսկ Պանդալեոնը սպասավորներին տվեց ինչքն ու նրա մարմինը վերցնելով` տարավ, թաղեց հոր մոտ:
Այնուհետև թագավորը հրամայեց իր մոտ կանչել Պանդալեոնին: Եվ երբ [տղան] գնում էր, սկսեց սաղմոսել և ասել. «Ո՜վ իմ օրհնության Աստված, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը, նենգավորի բերանը, բացվեց ինձ վրա, իմ մասին խոսեցին նենգավոր լեզուները» (Սաղմ. ՃԸ.1-2),-նաև ինչ որ սրանից հետո է:
Եվ մարմնով կանգնեց թագավորի առջև, իսկ [հոգով] երկինք էր նայում: Թագավորն ասաց նրան. «Ասա՛ ինձ, Պանդալեո՛ն, ճշմարի՞տ է` ինչ լսեցի քո մասին: Մի՞թե չէի պատվիրել քո ուսուցչին` քո վայելչությանը համապատասխան ուսուցանել»: Պանդալեոնն ասաց. «Ումի՞ց լսեցիր իմ մասին»: Թագավորն ասաց. «Ումից որ լսեցի` չհավատացի, որովհետև մեծ աղմուկը սուտ է դուրս գալիս»: Պանդալեոնը Սուրբ Հոգով լցվեց և ասաց. «Այսպես է գրված. «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն արարել` կկորչեն» (Երեմ. Ժ. 11): Թագավորն ասաց. «Նա, որին պաշտում են քրիստոնյաները, կարո՞ղ է երկինքն ու երկիրը պահել»: Պանդալեոնն ասաց. «Քրիստոս ստեղծեց ու պահում է ամենը,- ապա շարունակեց,- հրամայի՛ր` մի անդամալույծ բերեն»: [Թագավորը] հրամայեց բերել և [դառնալով] Պանդալեոնին` ասաց. «Լա՜վ ասացիր»,-և հրամայեց կանչել իր բոլոր սուտ քահանաներին: Եվ [սուտ քահանաներն] սկսեցին աղոթել իրենց աստվածներին. մեկը` Ասկղեպիոսին, մյուսը` Դիոսին, երրորդը` Արտեմիսին… Եվ ո՛չ բառ լսվեց, ո՛չ ձայն: Պանդալեոնը եկավ և սկսեց աղոթել Աստծուն, և Աստված լսեց նրա աղոթքները: [Պանդալեոնը] բռնեց անդամալույծի ձեռքից և ասաց. «Հիսուս Քրիստոսի անվամբ` ե՛լ»: Եվ անմիջապես անդամալույծը ելավ, հավատաց Աստծուն և գնաց իր տունը: Եվ այդ պահին շատերը հավատացին մեր Տեր Աստծուն: Երբ թագավորն այս տեսավ, բարկացավ բժիշկների և սուտ քահանաների վրա, իսկ նրանք միաբան ասացին թագավորին. «Մի՛ հավատա դրան, որովհետև քո աստվածները ողջացրեցին անդամալույծին»: Եվ նրանց խոսքով թագավորն ասաց Պանդալեոնին. «Համաձայնի՛ր և զո՛հ մատուցիր իմ աստվածներին: Ահա, տեսնում ես, հրաշքներ են գործում, և ովքեր չեն հավատում նրանց` մահանում են»: Պանդալեոնն ասաց. «Դրանցից մեռնողը ապրում է Քրիստոսով, և ես պատրաստ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար բոլոր տանջանքներին»: Մաքսիմիանոսն ասաց. «Պանդալեո՛ն, ասա ինձ, չե՞ս հետևում իմ խոսքին, [չե՞ս ենթարկվում]»: Պանդալեոնն ասաց. «Մի՛ խաբիր, թագավո՛ր, ես Աստծուն հավատացել եմ, որ արժանի լինեմ հավիտենից պսակին»:
Եվ տեսնելով, որ [Պանդալեոնը] հաստատուն է իր հավատքի մեջ, թագավորը հրամայեց կախել նրան և քերել և եռացրած խեցիներ դնել թևերի տակ և այդպես կապել: Իսկ երանելին աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, թո՛ղ Քո ողորմությունը շուտ գա»: Եվ Քրիստոս երևաց նրան Երմողիոս քահանայի տեսքով և ասաց. «Մի՛ երկնչիր, Ի՛մ սիրելի, որովհետև Ես քեզ հետ եմ ամենայն ժամ»: Եվ երանելին անմիջապես քաջալերվեց, և կապանքները քանդվեցին, հուրը մարեց, իսկ դահիճները հոգնեցին: Եվ երբ թագավորը տեսավ, ամաչեց: Հրամայեց բերել նրան և հարցրեց. «Ի՞նչպես ես [ողջ] մնում, Պանդալեո՛ն»: Պանդալեոնն ասաց. «Ինձ փրկողը Քրիստոսն է, որ հուրը հանգցրեց և քեզ ամոթով թողեց»: Մաքսիմիանոս թագավորն ասաց. «Ավելի ծանր տանջանքներ կպատճառեմ քեզ»: Պանդալեոնն ասաց. «Ինչքան մեծ լինի տանջանքդ, այնքան ավելի մեծ կլինի Քրիստոսի տված զորությունը»: Երբ թագավորն այս լսեց, հրամայեց մի մեծ կաթսա բերել և մեջը կապար լցնելով` եռացնել: Եվ երանելիին մեջը գցեցին և այսպես կտտանքի էին ենթարկում: Իսկ սուրբը կաթսայի միջից ասում էր. «Լսի՛ր, Աստված, իմ աղոթքները և մի՛ անտեսի՛ր. թշնամու երկյուղից փրկի՛ր ինձ» (Սաղմ. ԿԳ. 2-3): Եվ երբ աղոթում էր, Քրիստոս երևաց նրան և բռնեց նրա ձեռքից: Եվ կաթսայի մեջ նրա հետ էր: Եվ դրանից հետո հուրը մարեց, և կապարը սառեց: Եվ սուրբն սկսեց սաղմոսել. «Ես ձայնեցի Աստծուն, և Տերն ինձ լսեց. երեկոյան, առավոտյան և կեսօրին պատմեցի և խոսեցի, և կլսի ձայնն իմ» (Սաղմ. ԾԴ. 17-18): Եվ այնտեղ եղածները խիստ զարմացան:
Այնժամ թագավորն ասաց նրանց. «Սրանից ավելի ի՞նչ եք կամենում. սառեցրեց կապարն ու հուրը հանգցրեց: Այժմ ի՞նչ տանջանքի ենթարկենք»: Եվ թագավորին ասացին. «Ծովի խորքերը նետի՛ր դրան. մի՞թե ծովը ևս չի ընդունի»: Եվ դահիճները կապեցին նրան և տարան, որ նետեն: Իսկ թագավորը գնում էր նրա ետևից, որ տեսնի: Եվ Պանդալեոնին Քրիստոս երևաց Երմողիոս երեցի տեսքով և սաստեց ծովը: Եվ ծովը հանդարտվեց և սրբին վերևում էր պահում: Եվ Հիսուս սրբի հետ շրջում էր ծովի ալիքների վրա: Եվ երանելին սկսեց փառավորել Աստծուն և ասել. «Ամբողջ սրտով կգոհանամ Քեզնից, Տե՛ր, և կպատմեմ Քո բոլոր սքանչելիքները, կուրախանամ և կցնծամ Քեզնով: Սաղմոս կասեմ բարձրյալ Տիրոջ անվանը: Երբ թշնամիներս ետ շրջվեցին, կորան Քո կերպարանքից» (Սաղմ. Թ. 2-4),- և եկավ, ցամաք բարձրացավ: Թագավորն ասաց նրան. «Պանդալեո՛ն, քո կախարդությամբ նաև ծովը սանձեցիր»: Պանդալեոնը պատասխանեց. «Ոչ ես, այլ Քրիստոս, որին դու չես տեսնում»: Երբ այս լսեց, հրամայեց հավաքել բոլոր գազաններին: Եվ Պանդալեոնն ասաց նրան. «Մեր Տերն այսպես է ասում. «Կքայլեք իժերի և քարբերի վրայով» (Սաղմ. Ղ. 13): Նա, որ կապարը սառեցրեց կաթսայի մեջ և հանդարտեցրեց ծովը, նաև վայրենի գազաններին կընտելացնի»:
Եմ մեկը եկավ ու ասաց. «Պատրաստել եմ բոլոր գազաններին»: Եվ [թագավորը] հրամայեց Պանդալեոնին նետել [գազանների մոտ]: Եվ ամբողջ քաղաքը հավաքվեց` տեսնելու սրբի առաքինությունը: Եվ Հիսուս երևաց նրան և ասաց. «Սիրելիդ՛ Իմ Պանդալեոն, քաջալերվի՛ր, որովհետև Ես քեզ հետ եմ»: Եվ նրա վրա արձակեցին բոլոր գազաններին և սողուններին: Եվ առյուծներն ու ընձառյուծները հավաքվեցին նրա շուրջը և լիզում էին սրբի ոտքերը, իսկ սողուններն սկսեցին դահիճներին կոտորել: Եվ մեր Տերը թույլ չտվեց, որ մերձենան սրբին: Եվ ամեն ոք սկսեց օրհնել Աստծուն:
Եվ այնտեղ եղած բազմությունն սկսեց աղաղակել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը… Արձակի՛ր դրան, անիրավ մի՛ եղիր»: Եվ [թագավորը] հրամայեց աղաղակող մարդկանց` երկու հազար հոգու, կոտորել: Նրանցից ոմանց գազանների մոտ նետեցին, և [գազանները] չմոտեցան նրանց: Եվ սուրբ Պանդալեոնն սկսեց փառավորել Աստծուն և ասաց. «Ամենայն հոգիներ, օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. ՃԾ. 6): Եվ սպանվածների դիակների [մի մասը] թաղեցին քրիստոնյաները, որ մնացել էին, իսկ [դիակների] կեսն ընկած էր մնացել, սակայն նրանց չէին մոտենում թռչունները, որովհետև նրանք ևս Քրիստոսի անվան համար մեռան: Եվ երբ թագավորը տեսավ, որ [գիշակերները] չեն մոտենում նրանց, հրամայեց խոր փոսի մեջ լցնել: Եվ տեսնողներից շատերը հաստատվեցին Քրիստոսի հավատքի մեջ:
Եվ թագավորն ասաց իր խորհրդականներին. «Ի՞նչ անենք այս պատանուն. մերոնցից շատերը նրա ուսմունքին հետևեցին»: Եվ պատասխանեցին նրան. «Մի մեծ անիվ պատրաստենք և մի բարձր տեղ հանենք և նրան անիվի վրա կապելով` ներքև գլորենք. այսպես ցիր ու ցան կանենք նրա մարմինը»: Եվ թագավորը հրամայեց պատրաստել անիվը, և բարձր տեղ հանեցին ու [պատանուն] կապեցին վրան: Իսկ Քրիստոսի ճշմարիտ ծառան սկսեց գոհանալ և ասել. «Խոնարհի՛ր, Տե՛ր, ունկդ և լսի՛ր ինձ, որովհետև տնանկ և սնանկ եմ. հոգին իմ սուրբ պահպանի՛ր: Ի՛մ Աստված, փրկի՛ր Քո ծառային, որ հույսը Քեզ վրա է դրել» (Սաղմ. ՁԵ. 1-3): Երբ սաղմոսն ավարտեց, վերցրեցին և կապեցին անիվի վրա: Սակայն կապերն անմիջապես քանդվեցին, և սուրբը չարչարանք չկրեց, որովհետև Տերը բռնել էր նրա ձեռքից: Եվ անիվը դատարկ գլորվեց, և [հեթանոսներից] հինգ հարյուր հոգի սպանեց, և քաղաքում սարսափ տարածվեց: Թագավորը վախից կանչեց Պանդալեոնին և ասաց. «Մինչև ե՞րբ ես համառելու… ոմանց քո կողմը գրավեցիր ողջացնելով, իսկ ոմանց` մահվամբ»: Իսկ երանելին ասաց. «Ամոթի մեջ մնա՛, սատանայի՛ որդի: Լավ է ասել մարգարեն ձեր մասին. «[Իրենց] չարագործությունները [իրենց] գլխին կգան, իրենց գագաթներին կիջնեն իրենց անօրինությունները»: (Սաղմ. Է. 17): Մաքսիմիանոսն ասաց. «Այս մեր մասին ասվածը ո՞վ քեզ սովորեցրեց»: Պանդալեոնն ասաց. «Իմ տեր Երմողիոս երեցը»: Թագավորն ասաց. «Մենք կարո՞ղ ենք տեսնել նրան, որ ես նույնպես սովորեմ»: Սակայն այս ասում էր նենգամտորեն, որովհետև կամենում էր գտնելու դեպքում սպանել: Պանդալեոնն ասաց. «Հրամայի՛ր արձակել ինձ, և ես կբերեմ նրան»: Եվ գնաց ու ասաց երեցին. «Ահա կանչում է քեզ թագավորը»: Եվ նա պատասխանեց. «Բարի եկար, որդյա՛կ, որովհետև ես այս գիշեր տեսա Տեր Հիսուս Քրիստոսին, և ասաց ինձ. «Հասել է քո ժամը»:
Եկան, կանգնեցին շեմին: Նվիրակապետը ներս մտավ և ասաց. «Ահա եկել են Պանդալեոնն ու երեցը»: Թագավորն ասաց. «Նե՛րս բերեք»,- և դառնալով երեցին` հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եվ նա ասաց. «Անունս Երմողիոս է, կոչումս` քրիստոնյա»: Թագավորն ասաց. «Հետդ ուրիշներն էլ կա՞ն»: Եվ նա պատասխանեց. «Այո՛, երկու եղբայր»: Թագավորը հարցրեց. «Նրանց անուններն ի՞նչ են»: Իսկ երեցն ասաց. «Մեկինը Երմիպոս [է], մյուսինը` Երմոկրատես»: Թագավորն ասաց. «Նրանք ևս քրիստոնյա՞ են»: Երեցը պատասխանեց. «Այո՛»: Թագավորը հրամայեց. «Կանչեցե՛ք նաև նրանց»:
Եվ երանելիներին դիմելով` ասաց. «Դուք հրապուրում եք Պանդալեոնին և ետ եք դարձնում իմ աստվածներից»: Սրբերն ասացին նրան. «Մենք չենք… Աստված է փառավորում Իր երկյուղածներին»: Թագավորն ասաց. «Գնացե՛ք, զոհեցե՛ք և ինձ սիրելի կլինեք»: Նրան պատասխանեցին և ասացին. «Մենք աղաչում ենք մեր Աստծուն, որ Իրեն սիրելի լինենք»: Եվ չորս սրբերն աղոթեցին Աստծուն, և նրանց երևաց Հիսուս Քրիստոսը, և տեղն, ուր աղոթում էին, շարժվեց»: Թագավորն ասաց. «Ահա, տեսե՛ք, որ իմ աստվածները երկիրը շարժեցին»: Պանդալեոնը պատասխանեց. «Լա՜վ ասացիր, թե երկիրը շարժեցին. իսկ իրենք ինչո՞ւ կործանվեցին»: Եվ եկավ [պալատականներից] մեկն ու ասաց թագավորին. «Աստվածներն ընկան և փշրվեցին»: Այս լսելով` թագավորն ասաց. «Իմ արևով եմ երդվում, որ եթե դրանց չվերացնեմ, ուրիշ խառնակություններ ևս կանեն»:
Եվ հրամայեց Պանդալեոնին մի խոր գուբի մեջ գցել, իսկ մյուսներին` գլխատել: Եվ եկան քրիստոնյաներն ու նրանց սուրբ մարմինները վերցնելով` թաղեցին:
Եվ սրբերին սպանելուց հետո [թագավորը] կանչեց Պանդալեոնին և ասաց. «Մի՛ կարծիր, թե որևէ կերպ կարող ես փրկվել իմ ձեռքից. միայն զոհելով ողջ կմնաս»: Իսկ Պանդալեոնն ասաց. «Արժան չէ պատասխանել քո այդ խոսքերին»: Թագավորն ասաց. «Նայի՛ր քո ընկերներին. ինձ լսեցին և այժմ բարգավաճում են»: Պանդալեոնն ասաց. «Կանչի՛ր նրանց այստեղ, որ տեսնեմ նրանց»: Թագավորը պատասխանեց. «Նրանց գործով այլ քաղաք եմ ուղարկել»: Պանդալեոնն ասաց. «Լավ ասացիր, անամո՛թ շուն. կամենում էիր ստել, սակայն ճիշտը խոսեցիր, որովհետև նրանք երկնավոր քաղաքում են և այնտեղ շրջում են Քրիստոսի հետ»: Թագավորը բարկացավ և հրամայեց գլխատել սրբին ու նրա մարմինն այրել:
Եվ սուրբը գնում էր ու ասում. «Մանկուցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, բայց չհաղթեցին ինձ: Մեղավորները հարվածեցին թիկունքիս, երկար ժամանակ գործեցին իրենց անօրինությունները: Տերն արդար է, մեղավորների պարանոցը Նա կխորտակի» (Սաղմ. ՃԻԸ. 1-4): Եվ տանողները վերցրեցին նրան, հանեցին քաղաքից դեպի արևմտյան կողմը: Եվ մեկ մղոն [անցնելով]` հասան մի տեղ, ուր Տերը կամեցավ, որ արդարը մարտիրոսվի: Եվ նրան մի ձիթենուց կապեցին, և դահիճը, սուրն առնելով, հարվածեց: Եվ սուրը փափուկ եղավ որպես մոմ և չվնասեց սրբին: Երբ դահիճները տեսան այս, սկսեցին ասել իրար. «Եկե՛ք նրա ոտքերն ընկնենք և աղաչենք, որ աղոթի մեզ համար»: Եվ նրա ոտքերն ընկնելով` ասացին. «Աղաչում ենք քեզ, Աստծո՛ւ ծառա, աղոթի՛ր մեզ համար, որ մեղքերի թողություն ստանանք և հավատանք քո Աստծուն»: Այնժամ սուրբ Պանդալեոնն աչքերը երկինք հառելով ասաց. «Ի՛մ Տեր Աստված, ամենակալ Աստված, կատարի՛ր իմ ցանկությունը և թողությո՛ւն շնորհիր այս մարդկանց»: Եվ երկնքից ձայն լսվեց, որ ասաց նրան. «Ի՛մ ծառա Պանդալեոն, ահա կատարվեց ցանկությունը քո: Եվ երկնքի հավիտենական դռները բացվեցին քեզ համար: Եվ հրեշտակների զորքերն սպասելով ցանկանում են տեսնել քո երեսը: Այսուհետ դու Պանդալեոն չես կոչվի, այլ Ամենողորմ, որովհետև շատերին դու ողորմեցիր և ապավեն եղար նեղության մեջ: Եվ [այսուհետ] պիղծ դևերը կհալածվեն քո ոսկորների նշխարներով, իսկ ովքեր քեզ ապավինեն, քո բարեխոսությամբ կկատարվեն նրանց խնդրածները»:
Այս լսելով` Պանդալեոնը դիմեց շրջապատողներին և ասաց. «Սպանեցե՛ք ինձ»: Եվ չկամեցան սպանել: Պանդալեոնն ասաց նրանց. «Թագավորի հրամանը չկատարելու դեպքում հետս մաս չեք ունենա երկնքի արքայության մեջ»: Եվ երբ լսեցին, համբուրեցին նրա ողջ մարմինը, իսկ հետո սպանեցին: Եվ նրա մարմինը ձյան պես սպիտակ եղավ: Եվ նիկոմիդացիները հավաքվել էին երանելիի նահատակությունը տեսնելու, և այն օրը շատերը հավատացին Տիրոջը: Երբ թագավորն այդ տեսավ, հրամայեց այրել նրա մարմինը: Եվ արեցին, որպես հրամայվեց: Իսկ սուրբ Պանդալեոնի նշխարները Նիկոմիդիա քաղաքի քրիստոնյաները վերցրեցին և թաղեցին քաղաքից դուրս` արևմտյան կողմում, ուր սուրբը վկայել էր բարի խոստովանությամբ, նավասարդ ամսի հինգերորդ օրը1` մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան և ամենասուրբ Երրորդության հավիտենական փառքի համար:
1 Ըստ «Յայսմաւուրքի»` «յուլիսի ԻԷ, հրոտից ԻԱ»:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.